«Էրեխեքին կվերցնեմ, քեզ հոգեբուժարան կպառկացնեմ, նենց դոզա կսրսկեն, որ էլ դուրս չես գա»․ 28-ամյա կինը պատմում է ընտանեկան բռնության մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.04.2024 | 20:3028-ամյա Ամալյան (անունն ու տարիքը փոխված են) 6 տարի է՝ ամուսնացած է։ 2 մանկահասակ երեխաների մայր է։ Պատմում է՝ ընտանիքում վեճերն ու բռնության դեպքերն այս տարիներին սովորական են եղել՝ հոգեբանական բռնությունից մինչև ֆիզիկական։
«Սկզբի մի տարին նորմալ է եղել: Հետո հաճախ սկսեցինք վիճել։ Հիմնականում կենցաղային են եղել ու ֆինանսական։ Նաև ֆիզիկական բռնության դեպքեր են եղել։ Մի անգամ խմած էր, նենց էր խփել, ամբողջ մարմինս, աչքս, լրիվ կապտուկ էր։ Այդ մասին ոչ ոք չգիտի, չեմ դիմել ոստիկանություն։ Խմած էր, ասում էր՝ քեզ կսպանեմ»,- պատմում է նա Factor.am-ի հետ զրույցում։
Ամուսինը ճնշում է գործադրել, որ Ամալյան դուրս գա աշխատանքից և այլ աշխատանքի անցնի։
«Այնտեղ օգնում էին ինձ, որ ես իր մանիպուլյացիաների տակ չմնամ, մասնագետ էին տրամադրել, որ ինձ օգնի։ Ամուսինս իմացել էր դրա մասին ու վախեցել էր, որ ինչ-որ մեկը կա, կարող է ինձ օգնել, ճնշում էր ինձ, որ դուրս գամ աշխատանքից ու այլ աշխատանքի անցնեմ։ Չի ստիպել դուրս գամ, բայց ճնշել է։ Հետո, երբ ես այնտեղ էի աշխատում, իմ գումարով իմ ուզած բանն առնում էի։ Բացի այդ, ամուսինս ինձ անընդհատ նվաստացնում էր, ասում էր՝ դու զզվանք ես, ոչ մի բան ես, էրեխեքին ձեռքիցդ կվերցնեմ, քեզ հոգեբուժարանում կպառկացնեմ, նենց դոզա կսրսկեն, որ էլ դուրս չես գա»,- պատմում է կինը։
Վերջին վեճը եղել է շուրջ 2 շաբաթ առաջ։ Ամալյան ցանկացել է հետ վերադառնալ նախկին աշխատանքին, ինչը դուր չի եկել ամուսնուն։
«Այդ օրը դեղ տվեց խմեմ, ես դրեցի լեզվիս տակ, գնացի բաղնիք, որ ջուր խմեմ վրայից։ Իրեն թվացել է, թե դեղը թքել եմ, բայց խմել էի։ Հարայ-հրոցով վեճ սկսեց, ասում էր՝ չես գնալու քո հին գործին, եթե հետ գնաս էլի էդտեղ, կոգևորվես, ինձնից կբաժանվես։ Վիճեցինք, բանալին վերցրեց, նստի մեքենան, գնա։ Ես չթողեցի, որովհետև խմած էր։ Հետո սկեսուրս զանգել էր մորս, մայրս եկավ։ Ես ահավոր նյարդային վիճակում էի, ինձ բրդում էին, մեղադրում էին, ես ուզեցի դուրս գամ բակ, ամուսինս չթողեց, իրեն թվաց՝ ուզում եմ փախնեմ, գնամ, և բռունցքով խփեց դեմքիս, արյուն եղավ դեմքս, հետո կապտել էր»,- պատմում է Ամալյան։
Ամուսնու հարվածից հետո նա որոշել է դուրս գալ տնից ու իր հետ տանել երեխաներին, բայց թե՛ ամուսինը, թե՛ մայրը թույլ չեն տվել։
«Ասում էին՝ քեզ որտեղի՞ց տուն, ո՞ւր ես տանելու էրեխեքին։ Ամուսինս շանտաժ էր անում՝ էրեխեքիդ կվերցնեմ, չեմ տալու։ Մայրս էլ էր նույն հարցերը տալիս, ասում էր՝ էդ քյոռփա էրեխեքին ո՞ւր ես տանում, ասում էր՝ դու ապրելու տեղ չունես, ու խփում էր ինձ։ Մաման բրդելով ինձ հանեց դուրս ու նստեցրեց տաքսի»։
Ամալյան նշում է՝ թեև մայրը ներկա է եղել ամուսնու կողմից իրեն հարվածելուն, բայց այդ մասին լռում է։
«Բոլորին ասում է, որ ես եմ ինձ վնասել, որ ես հոգեկան հիվանդ եմ, բայց մինչ այս պահը ես որևէ դիագնոզ չունեմ։ Եղել է, որ ինձ տարել են բժշկի մոտ, ստիպել դեղեր խմեմ, բայց դիագնոզ չկա, հիվանդության անուն չկա։ Ուղղակի ասում են, որ հիվանդ եմ, դրա համար եմ ամուսնուս հետ կռվում։ Ինչպե՞ս կարող եմ ես ինձ այնպես վնասել, որ հարվածի տեղում կապտուկ առաջանա։ Ես այդքան ուժ ունե՞մ։ Կամ ինչո՞ւ պետք է ես ինձ վնասեմ։ Բացի այդ, մորս խոսքերը իրար չեն բռնում․ մեկ ասում է՝ հասցրել ես, որ խփել է, մի քիչ անցնում է, ասում է՝ քեզ ոչ ոք մատով չի կպել»։
Ամալյան տեղափոխվել է մոր տուն, սակայն պնդում է՝ իր հանդեպ բռնությունը չի դադարել։ Նախ՝ տան դուռն են կողպել, որ չկարողանա դուրս գալ, հետո, տեսնելով, որ հեռախոսով խոսում է ընկերուհու հետ, հեռախոսն են վերցրել ձեռքից։
Օրեր անց, երբ մոր հետ եկեղեցի են գնացել, կարողացել է փախչել․
«Խոսեցի եկեղեցու քահանայի հետ, պատմեցի եղածը։ Մի փոքր խաղաղվեցի։ Մորս ասացի, որ ես գնում եմ, չհավատաց, իմ գնալուց հետո եկեղեցու բակում երկար փնտրել է։ Քանի որ հեռախոս չկար մոտս, եկեղեցում մի ծանոթ աղջկա տեսա, հեռախոս խնդրեցի, որ զանգեմ ընկերուհուս։ Հետո ոտքով գնացի իր տուն, վազել եմ ողջ ճանապարհը։ Մոտս փող կար, բայց չէի ուզում ծախսել, մտածում էի՝ ոտքով գնամ, դա մի ավելի կարևոր բանի համար պետք կգա»:
Ամալյան մի քանի օր մնացել է ընկերուհու տանը, այնուհետև դիմել Factor TV-ին՝ խնդրի մասին բարձրաձայնելու, նաև իրազեկվելու՝ ինչպես կարող է օգնություն ստանալ։ Հորդորեցինք նախ դիմել ոստիկանություն և հաղորդում ներկայացնել բռնության դեպքի մասին։
«Ոստիկանությունում ինձ շատ լավ ընդունեցին, լսեցին, մարդկային վերաբերմունք ցույց տվեցին, կազմեցին թղթերը, անաչառ էին, կասկածով չէին վերաբերվում ասածներիս, առաջարկեցին կանանց ապաստարանում տեղավորել, ես էլ համաձայնեցի, սոցաշխատողի հետ գնացի կանանց ապաստարան»։
Հենց նույն օրը ոստիկանությունը տեղեկացրել է կանանց ապաստարանի սոցաշխատողին, որ հարազատները պնդում են, որ Ամալյան հոգեկան խնդիրներ ունի և պետք է բուժզննություն անցնի։
«Սոցաշխատողի հետ որոշեցինք ընտանիքիս զանգել, մայրս սկզբում շատ ջերմ պատասխանեց, հետո սոցաշխատողին ասաց, որ ինքս եմ ինձ վնասել։ Ասում էին՝ ես հիվանդ եմ ու պիտի բուժում ստանամ։ Դրանից հետո հանդիպեցինք, ես իրենց հետ վերադարձա տուն։ Հաջորդ օրն ինձ տարան բժշկի՝ «Արթմեդ»-ի սթրես կենտրոն, սոցաշխատողի հետ միասին, մինչ այդ եղբայրս էր խոսել բժշկի հետ։ Բժիշկն ասաց, որ ես սթրեսի մեջ եմ, բայց վերջնական դիագնոզ ստանալու համար պետք է 14 օր պառկեմ հիվանդանոցում։ Եղբորս ճնշման տակ եմ համաձայնվել։ Նա, քույրս ասում էին, որ եթե հիվանդանոց չպառկեմ, չբուժվեմ, երեխաներիս այլևս չեմ տեսնի, մայրս կվատանա, մի բան կպատահի, և ինձ չեն ների։ Եղբայրս գրեց դիմումը հիվանդանոցում բուժում ստանալու, ես ստորագրեցի։ Ավելի ուշ հասկացա, որ իրենք ուզում են ինձ, իբր թե, բուժել, հետ ուղարկել ամուսնուս մոտ»։
Ամալյան հիվանդանոց է ընդունվել դեպրեսիվ համախտանիշ ախտորոշմամբ։ Թեև բժիշկը սոցաշխատողի ներկայությամբ ասել է, որ բուժման կարիք տեսնում է, բայց իր համաձայնությամբ դա պետք է լինի, այնուամենայնիվ, ընտանիքն աղջկան համոզել է, որ դա պարտադիր է, և այլ ելք չունի, եթե ուզում է կրկին տեսնել երեխաներին։
Ի՞նչ է դեպրեսիվ համախտանիշը և արդյո՞ք այս դեպքում հիվանդանոցային բուժումը պարտադիր է։ Factor TV-ն այս մասին խոսել է հոգեբույժ, փորձագետ Մհեր Ուստյանի հետ։
Ամալյան հիվանդանոցում մնալով՝ զգացել է, որ վիճակը գնալով վատանում է, պարբերաբար տեղեկացրել է բժշկին, որ իր կամքին հակառակ է այնտեղ մնում, չի ուզում մնալ։
«Էդ դեղերից ես օրեցօր ավելի վատանում էի, անընդհատ քնում էի, թուլանում էի, գլուխս պտտվում էր։ Մայրս ամբողջ ընթացքում մոտս էր, հսկում էր ինձ, նույնիսկ հեռախոսազանգերս։ Ինձ ընտանիքս համոզում էր, որ հիվանդ եմ, ինձ պետք է մնալ էստեղ։ Ու ոչ մեկը էլի չէր ասում՝ ինչ հիվանդ եմ կամ ինչու են որոշել, որ հիվանդ եմ։ Սկեսուրս միշտ բողոքել է, որ տան գործերը չեմ անում, մայրս էլ սկեսուրիս ու ամուսնուս էր հավատում։ Ասում են՝ տան գործերը չես անում, կռվում ես ամուսնուդ հետ, կպչուն մտքեր ունես, հիվանդ ես»։
Նշենք, որ Factor TV-ն այցելել է Ամալյային հիվանդանոցում՝ ներկայանալով որպես նրա ընկերուհի։ Մայրը նախ հանգիստ ընդունեց մեզ, հետո փորձում էր հետևել, լսել՝ ի՞նչ ենք խոսում աղջկա հետ։ Երբ Ամալյան փորձեց միջամտել՝ խնդրելով մեզ մենալ թողել, մայրը սկսեց գոռալ, զանգահարեց տղային, տեղեկացրեց, որ աղջկա մոտ այցելու կա։ Ամալյայի վրա գոռում էր ու հարցնում՝ ինչո՞ւ ես այս աղջկան կանչել։
Ամալյան պատմում է, որ բժշկին բազմիցս ասել է, որ չի ուզում սթրես կենտրոնում մնալ, բայց բժիշկը թույլ չի տվել դուրս գալ։
«Ասում էր՝ չես կարող գնալ, քեզ բուժում է պետք, համոզում էր, հետո սպառնում՝ դռները բաց են, կարող ես գնալ, ես էլ հենց գնալուդ պահին համապատասխան եզրակացություն կգրեմ, կուղարկեմ Կանանց աջակցության կենտրոն, հոգաբարձուների խորհուրդ։ Այստեղ ակնարկ կար, որ երեխաներիցս կզրկվեմ՝ այն նույն սպառնալիքը, որը ստանում էի իմ ընտանիքից ու ամուսնուց։ Վախենում էի դուրս գալ, վախենում էի՝ մի էնպիսի բան գրի ընտանիքիս պատմածների վրա հիմնվելով, որ երեխաներիս իրոք էլ չտեսնեմ»։
Նշենք, որ Ամալյան ձայնագրել է իր և «Արթմեդ»-ի սթրես կենտրոնի հոգեբույժ Գայանե Սմբատյանի խոսակցությունը։ Ներկայացնում ենք ձայնագրությունից հատված՝ սղագրությամբ․
Բժիշկ – Մենք հո Ձեզ չե՞նք կանչել, Դո՛ւք եք եկել, մենք գնահատել ենք։
Ամալյա – Այո՛, իմ ծնողի ու իմ եղբոր ուղղորդմամբ, ու իրենք ինձ շանտաժ են անում։ Ասում են՝ եթե դու այդտեղից դուրս եկար, ես քույր չունեմ։
Բժիշկ – Շանտաժն անում են վատ իմաստով, իրենք անում են, որ դու բուժվես։
Ամալյա – Դե քույր չունի, ուրեմն հենց հիմա դիմում կգրեմ, դուրս կգամ, ինչի՞ մասին է խոսքը։
Բժիշկ – Արի չքննարկենք, հա, էդ հարցը։ Էս շաբաթն անցնի, եթե նորմալ կանցնեն բուժումներդ, դու գոհ կլինես քո վիճակից, մենք դուրս կգրենք։ Առաջինը դու գոհ պիտի լինես։ Լավ, էլ չենք քննարկում, ավելորդ լարվում ես։
Ամալյա– Այս շրջանում ես իրավունք ունե՞մ իմ կամքով դուրս գալու։
Բժիշկ – Չէ, իրավունք չունես։
Ամալյա – Իմ թղթով էլ իրավունք չունե՞մ։
Բժիշկ – Չէ, չի թույլատրվում։ Ազատ են մեր պայմանները, բայց չի թույլատրվում քեզ, որ դու գնաս։ Մենք չենք ուզում քեզ վնասել։ Որ դուրս գաս, կարողա մի պատահար լինի, պատասխանատուն ես եմ։ Կարողա դուրս գաս, ոտդ ոլորվի, հետո ես ի՞նչ պիտի բացատրեմ։
****
Ամալյա – Ես ի՞նչ խելքով եկա էստեղ։
Բժիշկ – Դա ճիշտ քայլ ա եղել, որ արել ես, դրանից հետո արդեն․․․
Ամալյա – Հաստատ ես ելքը կգտնեմ։
Բժիշկ – Դե, դու կարաս գտնես, բայց էդ ելքերը քո համար լավը լինեն։ Ես էլ գրելու եմ համապատասխան եզրակացություն ու ուղարկեմ Կանանց աջակցության կենտրոն։
Ամալյա – Այսինքն՝ հիմա էլ դո՞ւք եք ինձ բան անում (սպառնում- խմբ)։
Բժիշկ – Չէ՛, բան չեմ անում։ Բա ի՞նչ ա նշանակում, ես քեզ բացատրում եմ, ասում ես՝ ես ելքեր կգտնեմ, դե գնա, ելքեր գտիր։ Ո՞րն ա էդ ելքերդ, դռները բաց ա, գնա, ինչ ուզում ես արա, գնա, հաջորդ պահին դուրս կգրեմ ու կգրեմ՝ ինչի համար ես գնացել։ Տենց չի լինում։
Ամալյան Factor TV-ի հետ զրույցում նշում է` ընտանիքի անդամներն իրեն պարբերաբար վախեցրել են, որ կզրկվի երեխաներից, որովհետև «հիվանդ է», ու բժշկի խոսքերում ինքը ևս սպառնալիք էր տեսնում։
«Ասում էր՝ համապատասխան եզրակացություն կգրի, հենց գնամ։ Ուզում է ասել՝ երեխաներիցս կզրկվեմ իր եզրակացության հիման վրա։ Դրանից էի վախենում, որ չէի գնում։ Մտածում էի՝ կասեն հիվանդանոցից փախել է, գիժ է, չէին տա երեխաներիս»։
Factor TV-ն, տեղյակ լինելով Ամալյայի վիճակի մասին, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, դեպքն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում միջամտելու խնդրանքով։
«Ձեր կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված զանգից անմիջապես հետո, Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի իրավասու ներկայացուցչի, այնուհետև ՄԻՊ ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել բուժառուի հետ»,- Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին ՄԻՊ-ից:
Ամալյան նշում է՝ ՄԻՊ-ն է օգնել իրեն, որ դուրս գա հիվանդանոցից։
«ՄԻՊ-ից կապվեցին իմ հետ, լսեցին, հետո բժշկիս հետ էին խոսել։ Դրանից հետո բժիշկս զանգեց, ասաց՝ կարող եմ գնալ, բայց սպասեմ առավոտյան գնամ, քանի որ դուռն այդ ժամին փակ էր։ Առավոտյան, երբ արդեն դիմումը գրել էի դուրս գալու, մայրս վերցրեց իրերս ու թույլ չէր տալիս գնալ, իրերս էլ չէր տալիս։ Ես ուղղակի վազելով դուրս եմ եկել»։
Factor TV-ն տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց «Արթմեդ» ԲԿ հիվանդանոցի հոգեբույժ Գայանե Սմբատյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, որ կինը իրենց մոտ է մնացել իր կամքին հակառակ և թույլ չեն տվել դուրս գալ։
«Նա եկել է կանանց աջակցման կենտրոնի աշխատակցի հետ միասին, ներկա է եղել նաև իր եղբայրը, հաջորդ օրը՝ նաև մայրը։ Հիվանդանոցն ընդունել է իրեն իրենց դիմումի համաձայն։ Ոչ ոք իրեն չի պարտադրել։ Ինքը վտանգ է նկատել, ըստ իր հիվանդության, որ կարող են իրեն իր երեխաներից զրկել, մենք դա իրեն չենք ասել, բայց էդ դեղորայքը որ խմել է, եկել է այդ եզրակացությանը։ Հետո որոշել է, որ իրեն պետք չեն այդ բուժումներն ու ինքնակամ գնացել է հիվանդանոցից, ոչ ոք իրեն չի արգելել»,- նշեց հոգեբույժը։
Հարցին՝ հիվանդանոցում գտնվելու ընթացքում ինքը տեղեկացրե՞լ է, որ չի ուզում այդտեղ մնալ և իրեն ստիպել են հիվանդանոցում բուժում ստանալ, Սմբատյանը պատասխանեց․
«5 օր է մնացել։ Ինքը իր մամայի հետ է եղել, բացատրել ենք բուժման անհրաժեշտությունը, ինքը համաձայնել է, որ րոպեին չի համաձայնել, թողել, գնացել է։ Մենք ոչ մի դիագնոզով էլ իրեն չենք սպառնացել, սպառնալու կարիքն էնտեղ չկա, առանց էն էլ ինքը հիվանդ ա։ Իր օբյեկտիվ տվյալները իր մայրն էլ է նկարագրում, եղբայրն էլ, իրենք էլ են խնդրում, որ պառկի, բուժվի, որ կարողանա իր ընտանիքի հարցրը լուծել, բայց ինքը էդ քննադատությունը չունի և ինքը ուզել ա, որ դուրս գա։ Ո՞վ ա խանգարել։ Ես ոչ մի բան էլ չեմ գրելու, 5 օրվա համար դիագնոզ չեն գրում»,- պատասխանեց բժիշկը։
Հիշեցնենք, որ Ամալյայի տրամադրած ձայնագրության մեջ նույն բժիշկը Ամալյային ասում էր՝ եթե դուրս գա, եզրակացություն կգրի ու կուղարկի Կանանց աջակցության կենտրոն՝ ըստ երևույթին սպառնալով, որ կինը կզրկվի աջակցությունից հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմքով։
Հարցին՝ արդյո՞ք կինը վտանգ է ներկայացնում հանրության համար, բժիշկը բացասական պատասխան տվեց․
«Վտանգ չի եղել, բուժման անհրաժեշտություն է եղել։ Ո՞վ է ասում, որ վտանգ է ներկայացնում, ինքը վտանգ չի հանդիսանում ոչ մեկի համար։ Նախնական դիագնոզը նևրոզ է»,- նշեց բժշկուհին։
Ամալյան, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանի զանգից հետո է միայն կարողացել դուրս գալ հիվանդանոցից։
«Ընկերուհուս տուն հասնելուց հետո նամակները չէին դադարում։ Եղբայրս էր գրում, համոզում, որ հետ վերադառնամ հիվանդանոց, թե չէ էրեխեքիս էլ չեմ տեսնի, ու էլ եղբայր, քույր, մայր չունեմ։ Ես նրան խնդրում եմ այլ մասնագետի մոտ գնանք՝ այլ մասնագետի կարծիք լսենք, ինքը հրաժարվում է»։
Ամալյան, վստահ լինելով, որ ինքը որևէ հոգեկան խնդիր չունի, դիմում է այլ հոգեբույժի, ստանում խորհրդատվություն։
«Հոգեբույժը խոսեց ինձ հետ, ասաց, որ չի կարող 1 այցով հստակ ասել՝ ես խնդիր ունեմ, թե ոչ, բայց այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժման կարիք չի տեսնում։ Հանգստացնող նշանակեց, քանի որ շատ լարված էի։ Բժիշկը ցանկություն հայտնեց խոսել ընտանիքիս անդամների հետ, բայց նրանք այդպես էլ չցանկացան գալ, խոսել բժշկիս հետ, ասում են՝ էլ քույր, եղբայր չունես»։
Նշենք, որ Ամալյային ընդունած բժիշկը Factor TV-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ իր կարծիքով՝ Ամալյան հիվանդանոցային բուժման կարիք այդ պահի դրությամբ չունի։ (Բժշկի խնդրանքով՝ անունը չի նշվում)։
Factor TV-ն Ամալյայի հետ միասին այցելեց նրա մոր տուն՝ մեկնաբանություն ստանալու նաև նրանից։ Երբ ներս մտանք, մայրը շատ բուռն արձագանքեց, դուռը ներսից փակեց, ու ասաց, որ թույլ չի տալու աղջիկը դուրս գա տնից։ Ամալյան խնդրում էր իր անձնագիրը տալ, ինչին ի պատասխան մայրն արձագանքեց՝ ոստիկանությո՛ւն կանչիր, չե՛մ տալու։
Ամալյայի մայրը նաև մեզ փորձեց քաշքշելու միջոցով դուրս հանել տնից, ասելով, որ աղջիկը հիվանդ է, ու չի թողելու դուրս աղջկան։ Մեր հարցերին չէր պատասխանում, միայն ասում էր՝ աղջիկս հիվանդ է։ Ամալյան ներսից բացեց դուռն ու դուրս եկանք՝ այդպես էլ չստանալով մեզ հուզող հարցերի պատասխանները, իսկ Ամալյան՝ իր անձնագիրն ու անձնական իրերը։
Ինչպե՞ս է ստացվել, որ կինը, հայտնվելով Կանանց աջակցության կենտրոնում, կրկին հետ է վերադարձել իր ընտանիքի անդամների մոտ։ Աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ կինը իր ցանկությամբ է վերադարձել ընտանիքի մոտ, այնուհետև որոշել հիվանդանոցում բուժում ստանալ։
«Կինը տեղեկացրել է, որ ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիր, դա ևս չեն հերքել նրա ընտանիքի անդամները, իր ցանկությամբ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, միասին որոշում է կայացվել դիմել հոգեբույժի խորհրդատվության՝ հաշվի առնելով կնոջ ցանկությունը»»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը։
Ամալյային հարցնում ենք՝ ինչո՞ւ ես վերադարձել ընտանիք, պատասխանում է․
«Ինձ ասացին, որ եթե չստուգվեմ, երեխաներիս ինձ մոտ չեն կարող բերել, երեխաներիս էլ ընդհանրապես չեմ տեսնի։ Ընտանիքս պատրաստ էր վճարել մասնավոր հիվանդանոցում իմ ստուգումն իրականացնելու համար։ Չեմ հերքել, որ հիվանդ եմ, մտածել եմ՝ կգնամ բժշկի, կստուգվեմ, եթե ընտանիքս էդպես է ուզում, իմ լավն են ուզում, կարող է՝ մի բան գիտեն։ Հետո արդեն ավելի ուշ, երբ արդեն մենակ խոսեցի այլ բժշկի հետ, հասկացա, որ ես հիվանդանոցում պառկելու անհրաժեշտություն չունեմ, ու ոչ մի խնդիր էլ չկա։ Բայց սկզբում ասել եմ՝ չեմ պառկելու հիվանդանոցում, ուղղակի կգամ ստուգվելու։ Հետո, երբ արդեն հայտնվեցի ընտանիքիս տանը, ինձ համոզեցին, սպառնացին, շանտաժ արեցին։ Ասում էին՝ սա է միակ լուծումը»։
Կանանց աջակցման կենտրոնն աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հետ։ Ինչպե՞ս է պետությունը օգնում ընտանեկան բռնության մեջ հայտնված անձանց և ինչ ընթացակարգեր գոյություն ունեն։ Այդ մասին Factor TV-ն զրուցել է ԱՍՀՆ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի հետ։
Անժելա Պողոսյան