Փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի հետ միջադեպից հետո ծառայությունից ազատված ոստիկանները վերականգնվել են աշխատանքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.02.2024 | 18:18Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի մասնակցությամբ միջադեպի գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին երեք ոստիկան է՝ Մարտուն Եղիազարյանը, Սենիկ Երանոսյանն ու Վահե Պապոյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 9-ին Փաստաբանների պալատից ահազանգել են այն մասին, որ Ոստիկանության էրեբունու բաժնում բռնություն է գործադրվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ։ Մասնավորապես, ըստ փաստաբանների, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Դեպքն, ըստ փաստաբանների, տեղի է ունեցել այն օրը, երբ Էմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի միջև կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ։
Ոստիկանության տարածած պարզաբանման համաձայն էլ՝ փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին, ոստիկան-փաստաբան վիճաբանությունը եղել է միջանձնային, ուստի՝ անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։
Ըստ դատարան ուղարկված գործի՝ Մարտուն Եղիազարյանը, Սենիկ Երանոսյանն ու Վահե Պապոյանը, քննությամբ չպարզված մի խումբ այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այսինքն՝ երեք ոստիկանն էլ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ, որը համարվում է ոչ մեծ ծանրության արարք։ Մեղադրյալ երեք ոստիկաններն էլ շարունակում են աշխատել, նրանցից երկուսի՝ Վահե Պապոյանի և Մարտուն Արզումանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, իսկ Սենիկ Երանոսյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց ընտրված չի եղել ամբողջ նախաքննության ընթացքում։
Այսօր գործով նախնական դատալսումներ էին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննության առարկա է դառնում մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Դատախազը միջնորդեց Վահե Պապոյանի ու Մարտուն Եղիազարյանի նկատմամբ նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ Սենիկ Երանոսյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չընտրել։ էմանուել Անանյանի ու Մարզպետ Ավագյանի պաշտպան Հրանտ Անանյանը, սակայն, Երանոսյանի նկատմամբ բացակայելու արգելք ու պաշտոնավարման կասեցում խափանման միջոցներն ընտրելու միջնորդությամբ հանդես եկավ։
Անանյանը նշեց, որ այս գործով որպես վկա ներգրավված անձանց մեծամասնությունը Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ են, որտեղ Սենիկ Երանոսյանը օպերատիվ բաժնի պետի տեղակալ է, ստացվում է՝ գործում որպես վկա ներգրավված անձինք պետք է դատարանում ցուցմունք տան իրենց վերադասի գործողությունների վերաբերյալ։ Հրանտ Անանյանը նաև նշեց, որ գործի շրջանակներում Սենիկ Երանոսյանի միջնորդությամբ ցուցմունքներ են տվել Էրեբունու բաժնի երեք աշխատակից, որոնց տված ցուցմունքները չեն համապատասխանում գործով ձեռք բերված օբյեկտիվ հանգամաքներին։
Փաստաբանը նաև չբացառեց, որ մեղադրյալներին, այդ թվում՝ Սենիկ Երանոսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը, որը ոչ մեծ ծանրության է, դատարանում քննության արդյունքում կարող է վերաորակվել ավելի ծանրի՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինչպիսի պայմաններում մեծանում է ռիսկը, որ Սենիկ Երանոսյանը կարող է ազդել գործով վկաների վրա։
Փաստաբան Սմբատ Մինասյանը հարց տվեց՝ արդյո՞ք պաշտպան Անանյանը նախաքննության ընթացքում Սենիկ Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց բարձրացրել է, ինչին ի պատասխան Անանյանն ասաց, որ նախաքննության ավարտին գործի նյութերին ծանոթանալուց հետո է տեղեկացել, որ Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, և այժմ՝ դատարանում է նպատակահարմար համարել բարձրացնել հարցը։
Սենիկ Երանոսյանի պաշտպան Էմին Խաչատրյանն առարկեց իր պաշտպանյալի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու դեմ, նշեց, որ Երանոսյանն ամբողջ քննության ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորել։
Նման դիրքորոշում հայտնեցին նաև մեղադրողը, գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց պաշտպաններ Մուշեղ Ալեքսանյանն ու Աբգար Պողոսյանը։ Վերջինս նշեց, որ դատարանում արարքի ենթադրյալ վերաորակման ռիսկը չի կարող հաշվի առնվել՝ ներկայում ոչ մեծ ծանրության արարք կատարելու մեջ մեղադրվող անձի խափանման միջոցն ընտրելիս։
Դատարանը որոշեց պահպանել Մարտուն Եղիազարյանի և Վահե Պապոյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, ինչ վերաբերում է Սենիկ Երանոսյանին, դատարանը որոշեց նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չընտրել։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը նշեց, որ գործի մինչդատական վարույթի ընթացքում այս մեղադրյալի նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց, և ,դատարանին հայտնի չէ որևէ տվյալ այն մասին, որ նա ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Դատարանը նաև նշեց, որ տուժող փաստաբանների ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել տվյալներ այն մասին, որ Սենիկ Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց պաշտոնավարման կասեցման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ եթե գործի քննության որևէ փուլում, եթե այդպիսի խափանման միջոց ընտրելու հարց առաջանա, դատարանը քննության առարկա կդարձնի այդ հարցը։
Դատարանն այսօր ավատեց նախնական դատալսումների փուլը, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին։
Դատական նիստից հետո Factor TV-ի հետ զրույցում փաստաբան Հրանտ Անանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջադեպից հետո ոստիկանությունում ծառայությունից ազատված Վահե Պապոյանն ու Մարտուն Եղիազարյանը, փաստորեն, վերադարձել են ծառայության։
Փաստաբանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում
Արաքս Մամուլյան