Կենտրոնի թաղապետը կազատվի աշխատանքից․ ով կփոխարինի նրան
Քաղաքականություն
15.02.2024 | 17:39Factor.am-ի տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ Նա նշանակվել է 2022 թվականի ապրիլին՝ Հրաչյա Սարգսյանի օրոք՝ այս պաշտոնում փոխարինելով Ավետ Պողոսյանին, որն այժմ ԲՏԱ փոխնախարար է։
Մեր աղբյուրը հայտնում է, որ Ղուկասյանը նշանակվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ․ այս պաշտոնն զբաղեցնող Յակով Ասատրյանը վերջերս է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Ի դեպ, ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստի օրը Սամվել Ղուկասյանը ներկա չէր ավագանու անդամների հետ հարցուպատասխանին։
Մեր տեղեկություններով՝ Կենտրոնի թաղապետի պաշտոնում Սամվել Ղուկասյանին կփոխարինի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը։ Պետոյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, ասաց՝ ավելի ուշ զանգեք։
Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել, Սամվել Ղուկասյանը ևս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։
Արփի Հակոբյան