ՏԻՄ-երը «հզոր գործոն են»․ 62 համայնքների ՏԻՄ ընտրություններն ու ՀՀԿ-ի դասերը սերտած ՔՊ-ն 

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հեղափոխությունից առաջ՝ դեռևս 2017թ.-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ի խմբագրակազմը հասկացել էր, որ ՏԻՄ-երը «հզոր գործոն են, որն էլ ՀՀԿ-ն շարունակում է իր ձեռքում պահել»։

«Ընդդիմությունը գրեթե միշտ շտապել է զբաղեցնել Ազատության հրապարակը, իսկ իշխանությունը, ի պատասխան՝ զբաղեցրել է բակերն ու թաղերը։ Հանրապետականները մարդուն սպասում են իրենց բակում, որտեղ նրա վրա ազդելու տասնյակ լծակներ ունեն։ Եթե նրա վրա չունեն՝ կնոջ, որդու, հոր, մոր, եղբոր, դստեր վրա ունեն ազդեցության լծակը»,-խմբագրականում գրել էր թերթը։

Հետևելով ՏԻՄ-երում տեղի ունեցող վերջին  զարգացումներին՝ կարելի է ենթադրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ևս դեմ չէ ամեն գնով ՏԻՄ-երը որպես հզոր գործիք իր ձեռքում պահել՝ չբացառելով նաև ուժի մեթոդը։

 

Ծանոթ իրավիճակ Ալավերդի խոշորացված համայնքում

2023 թ.-ի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում ՔՊ ավագանին մեկ տարուց ավելի ղեկավարած քաղաքապետին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից Արկադի Թամազյանին, անվստահություն հայտնեց՝ նրան փոխարինելով նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանով:

ՔՊ-ն նախ նիստերը բոյկոտեց, ապա «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ավագանու անդամի հետ քվորում ապահովելով, ոստիկանության հսկողությամբ և բակում բողոքի ակցիայի ուղեկցությամբ նիստ անցկացրեց։ Փակ քվեարկությամբ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն։

«Ապրելու երկիր» կուսակցությունն Ալավերդիում տեղի ունեցածը որակեց որպես «ոստիկանական հեղաշրջում»։ Դաշինքի մաս կազմող ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, որ քննչական մարմիններով, ոստիկանական ուժերով, դատական համակարգով ճնշումներ են գործադրվում։ «Իշխանություններն ապօրինի քրեական գործերով պարտադրում են ավագանու ընդդիմադիր և քաղաքապետերին անցնել իշխանության ճամբար։ Այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում»,-ասել էր նա։

Իշխող ՔՊ-ականները՝ մասնավորապես ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, հայտարարեց՝ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունը և զոռբայությունը, հաղթեց օրենքը։

Ընտրությունների մշտադիտարկմամբ  զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստարկներ ներկայացնելով՝ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ «ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը»:

Factor.am-ն ուսումնասիրել է նախորդ ՏԻՄ ընտրությունները՝  պարզելու՝ արդյո՞ք  համոզիչ են այն պնդումները, որ իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի:

 

Բողոքի ցույց՝ հաջակցություն Ալավերդու համայնքի ղեկավար ընտրված «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանի։ (5․12․2023)

 

Հեղափոխությունից հետո ՏԻՄ համամասնական  ընտրությունների արդյունքները

 

 

Հեղափոխությունից հետո ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքները Հեղափոխությունից հետո 2021 թ․-ից սկսած 62 համայնքներում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ 28 համայնքներում ՔՊ-ն միանձնյա հաղթանակ է տարել (Տեղ, Դիլիջան, Ստեփանավան, Իջևան, Ծաղկաձոր, Աշոցք, Գառնի, Արաքս, Ջերմուկ, Խոյ, Մարտունի, Սպիտակ, Փամբակ, Հրազդան, Վաղարշապատ, Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան, Ակունք, Ջրվեժ, Արենի, Եղեգիս, Ծաղկահովիտ, Լոռի Բերդ, Գյուլագարակ):

5 խոշորացված համայքներում ՔՊ-ն դաշինք է կազմել այլ ուժերի հետ (Գյումրի, Արթիկ, Վայք, Արարատ, Երևան)։

5 համայնքներում ղեկավար են ընտրվել ՔՊ գործընկեր կուսակցությունների թեկնածուները, որոնց դժվար է ընդդիմադիր համարել (Մեղրի, Թումանյան՝ «Հանրապետություն» կուսակցություն), Աբովյան՝ «ԲՀԿ», Նոր Հաճըն՝ «նախկին ԲՀԿ-ական», Նաիրի «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան»։

2 համայնքներում՝ Սևանում և Ճամբարակում, ՔՊ-ն որևէ թեկնածու չի առաջադրել, թեև վերընտրված քաղաքապետերը՝ Սևանում Սարգիս Մուրադյանը և Ճամբարակում Վազգեն Ադամյանը, ունեցել են ՔՊ-ի աջակցությունը։

3 համայնքներում՝ Վեդի, Անի և Սիսիան, դաշինք չձևավորվելու հետևանքով կրկին ընտրություններ են անցկացվել և ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ՔՊ-ական 3 թեկնածուներն էլ ընտրվել են։

11 խոշորացված համայնքներում միանձնյա կամ դաշինքով ընտրվել են ընդդիմադիր թեկնածուներ (Գորիս, Կապան, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Մասիս, Չարենցավան, Բյուրեղավան, Ապարան, Գավառ, Տաշիր, Տաթև)։

8 խոշորացված համայնքներում ՔՊ-ն փորձել է խմբագրել ընտրությունների արդյունքները՝ դիմելով տարբեր մեթոդների․ քրեական գործեր հարուցելուց մինչեւ ընդդիմադիր ուժի ավագանիների կազմից մարդկանց իր կողմը ներգրավելն ու «քրեական հեղինակությունների» միջամտությունը (Վարդենիս, Ախուրյան, Ամասիա, Փարաքար, Վանաձոր, Թալին, Բերդ, Ալավերդի)։

Ամփոփելով 62 համայնքի ընտրությունները՝ պարզ է դառնում, որ եթե 2021 թ.-ին ՔՊ-ին հաջողվել էր 36 համայնքում իշխանություն ձևավորել և ևս 7-ում աջակցել համայնքի ղեկավարներին, ապա արդեն 2023 թ.-ին ՔՊ-ին հաջողվում է տեղական իշխանություն հաստատել ևս 6 համայնքում՝ ընդդիմությանը թողնելով ընդամենը խոշորացված 13 համայնքի ղեկավարում։

 

Մինչև ընտրությունները մի շարք համայնքների ղեկավարներ իրավապահների թիրախում էին

Հատկանշական է, որ մինչ ընտրությունները մի շարք համայնքների նախկին ղեկավարներ հայտնվել էին իրավապահների թիրախում կամ «նախազգուշացում ստացել»։ Սա կարելի է դիտարկել որպես փորձ՝ կանխելու նրանց նոր առաջադրումը համայնքի ղեկավարի պաշտոնում։

Գյուլագարակում  23 տարվա պաշտոնավարումից հետո հանրապետական Մհեր Գևորգյանը հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառաբանությամբ, թեև ավելի վաղ հայտարարել էր, թե մարզային իշխանություններն իրեն պարտադրում են հրաժարական տալ։ Այս համայնքում նրա հրաժարականից հետո հաղթեց ՔՊ-ի թեկնածուն։

Գորիսի ընտրություններից առաջ ընտրական հանցագործությունների համար մեղադրվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին նույնիսկ կալանավորել էին, ինչը նրա կողմնակիցները քաղաքական հետապնդում էին որակել։  Չնայած դրան՝ Առուշանյանն առաջադրվեց ընտրություններում և ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։  Փաշինյանի երբեմնի կոշտ քննադատ քաղաքապետը դրանից հետո փոխեց իր մոտեցումները․ դիմավորում էր Սյունիք այցելած վարչապետին, սեղմում նրա ձեռքը և Փաշինյանի հետ միասին շրջում համայնքում։ Ի պատասխան քննադատությունների, թե ընդունել է վարչապետի թելադրած խաղի կանոնները՝ Առուշանյանն արդարանում էր. «Ժողովուրդն է ընտրել Փաշինյանին, և տարօրինակ է, թե ինչու են հիմա ինձ քննադատում»։ Նա նաև նշում էր՝  30 հազար մարդու համար պատասխանատվություն է կրում, այդքան մարդ է իրեն վստահել, որ իրենց կյանքի որակը բարելավվի։

Դիլիջանում ևս ՔՊ-ական թեկնածուն միանձնյա հաղթանակ էր տարել, սակայն մինչ այդ համայնքի նախկին ղեկավարին էր մեղադրանք առաջադրվել՝ կանխելով նրա նոր առաջադրումը, նույնը՝ Մեղրիի, Սիսիանի, Ջերմուկի, Ստեփանավանի դեպքում։ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն ու ընտանիքի անդամները 3 տարուց ավելի է՝ անցնում են ապօրինի գույքի գործով: «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը 2017 թ.-ին էր ընտրվել Ապարանի համայնքապետի պաշտոնում որպես ՀՀԿ թեկնածու և, չնայած առաջադրված մեղադրանքին, վերընտրվել 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրություններում:

2021 թ․-ի ամռանը Անի խոշորացված համայնքի հանրապետական ղեկավար «Հայաստան» դաշինքին աջակցող Արտակ Գևորգյանի դեմ Մարալիկում նախ հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին, հետո մեղադրանք առաջադրվեց։ «Ազգ-համայնք» դաշինքը, որ ընտրություններում առաջադրել էր Արտակ Գևորգյանի թեկնածությունը, 49․44% ձայն հավաքեց։ Անհրաժեշտ էր 50 + ձայն՝ դաշինք կազմելու համար։ «Հայկական երազանքը» 3 մանդատով որևէ ուժի հետ դաշինք չկազմեց, արդյուքնում՝ նոր ընտրություններ անցկացվեցին և ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն։ 

 

Խմբագրելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները

 

Վանաձոր

Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Վանաձորը, 2022 թ.-ից ժամանակավոր կառավարիչներն են ղեկավարում։ Պատճառն այն է, որ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն 2 տարի է՝ կալանավորված է:

Դեռևս 2021 թ․-ի դեկտեմբերին Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ասլանյանը բացառել էր  ՔՊ-ի հետ կոալիցիան։ Քվեարկությունից 10 օր անց, երբ դեռ ավագանու առաջին նիստը չէր հրավիրվել, նրան պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց։

2022-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը՝ «Ակա» մականունով։ Եթե Ասլանյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, ապա Փելեշյանը քրեական անցյալ ուներ, նախկինում դատապարտվել էր խուլիգանության համար, մասնակցել հոգևորականի ծեծի և այլն։

Մեկ տարի անց ՔՊ-ին, ի վերջո, հաջողվեց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամների իր կողմը գրավել, նրանք դադարեցրին բոյկոտը և միացան իշխանականների նախաձեռնություններին։ Հենց նրանց շնորհիվ էլ հնարավոր դարձավ քվորում ապահովել ու արտահերթ նիստերով որոշումներ ընդունել։

Ու թեև արդեն ավելի քան  մեկ ամիս  է՝  դատարաններն ավարտել են 2021-ի ընտրությունների արդյունքների վիճարկման մասին դատաքննություններն, ու ենթադրվում էր, որ ավագանու նկատմամբ դրված արգելանքն արդեն պետք է վերացված համարվեր, ո՛չ համայնքապետարանը, ո՛չ էլ ավագանու խմբակցությունները Վանաձորի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ չեն նախաձեռնում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեց՝ դատարանը տեղական մակարդակում ներգրավվել է իշխանության զավթմանը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնում է Վանաձոր համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատար «Ակա» մականունով Արկադի Փելեշյանին, որը հայտնի է քրեական անցյալով։ (15.05.2022)

Թալին

2021-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի ունեցավ ավագանու ընտրություն։ Մանդատները բաշխվեցին 4 կուսակցությունների միջև։ Թեև ՔՊ-ն ամենից շատ՝ 10 մանդատ էր ստացել, այդուհանդերձ, ՔՊ-ից բացի առաջադրված երեք կուսակցությունները՝ «Զարթոնքը», «Մեր համայնքը» և «Հայքը» միավորվեցին և համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց «Հայք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

ՔՊ-ն այստեղ ևս փորձեց իշխանությունն իր ձեռքը վերցնել։ Եղան հրապարակումներ այն մասին, որ քրեական հեղինակությունները ճնշումներ են գործադրում Կարեն Գրիգորյանի վրա։ Նա նախ ինքնաբացարկ էր հայտնել, ապա քվեարկել իշխանական թեկնածու Տավրոս Ստեփանյանի օգտին։ Հենց նրա ձայնն էլ որոշիչ եղավ իշխանական թեկնածուի ընտրվելու հարցում: Դրանից հետո Կ. Գրիգորյանը հրաժարվեց ավագանու անդամի մանդատից:

Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավար առաջադրված Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել և հայտարարել՝ «Տավրոս ջան, դու գիտես, որ դու ծերից ծեր քաղաքապետ չես»։ «Էդ ամեն ինչը գիտեմ, ցավդ տանեմ»,- արձագանքել էր Սափեյանը։ Ի վերջո, ՔՊ-ին հաջողվեց Տավրոս Սափեյանին դարձնել համայնքապետ։ 

ՏԿԵ նախարարը ներկայացնում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին (19․09․2021)


Ախուրյան

Ախուրյանում ևս ՔՊ-ին հաջողվում է սեփական թեկնածուին նշանակել։ 2021թ․-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 4 ուժերից «Իկիլիկյան» դաշինքին ՔՊ-ն ներքաշում է դատական պրոցեսների մեջ՝ հետագայում դուրս մղելով ընտրական պայքարից:

Կոալիցիա կազմած երկու ուժերը ստացել էին համայնքի ավագանու 27 մանդատից 14-ը, ՔՊ-ին բաժին էր հասել 13-ը: «Ախուրյան» դաշինքը գլխավորող ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանն ընտրվել էր Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ, որից հետո ՔՊ-ականները, Իգիթյանին հեռացնելու գործընթաց էին սկսել։

2023 թ․-ին Դաշնակցությունն, ի վերջո, ՔՊ-ին է զիջում Ախուրյանում համայնքի ղեկավարի աթոռը։ 26 տարի համայնքը ղեկավարած Արծրունի Իգիթյանն առողջական խնդիրների պատճառով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացնում։ 

 

Վարդենիս 

2021 թ. դեկտեմբերի 5-ին Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցած ՔՊ-ն ստացել էր 12 մանդատ, «Միասնական Վարդենիսը»՝ 5 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 10 մանդատ:

ՔՊ-ն վերահաշվարկ պահանջեց և 1 քվեի ավելացման շնորհիվ ևս 1 մանդատ  ստացավ, ինչը, սակայն չփրկեց իրավիճակը։

«Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքները հայտարարեցին կոալիցիա կազմելու մասին և 1 մանդատի առավելությամբ Վարդենիսի համայնքապետ ընտրվեց  ընդդիմության թեկնածու Ահարոն Խաչատրյանը։  Ընտրությունը կազմակերպվեց դրսում, քանի որ ոստիկանությունը ավագանու անդամներին թույլ չտվեց մուտք գործել համայնքապետարան:

ՔՊ-ն  դիմեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ղեկավարի ընտրության արդյունքները։

Դրանից հետո ձերբակալվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համարը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։

Նրա կալանավորումից հետո ընդդիմության և ՔՊ-ի ստացված մանդատների թիվը հավասարվեց՝ 13/13:

Այդուհանդերձ, Վարդենիսում դատական ճանապարհով հաջողվեց վերականգնել նախկին պատկերը, և ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ ընտրվեց «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանը։ 

 

Ամասիա

Ամասիա խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցած բոլոր երեք ուժերը՝ ՔՊ-ն, «Արփի-Ամասիա» դաշինքը և ՀՀԿ-ն, հաղթահարել էին անցողիկ շեմն ու իրավունք ստացել մասնակցելու համայնքի ղեկավարմանը: 6-ական մանդատ ստացել էին ՔՊ-ն և «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ՝ ՀՀԿ-ն։  ՔՊ-ականները «Արփի Ամասիա» դաշինքին համոզել էին հրաժարվել ՀՀԿ-ի հետ կոալիցիայի գաղափարից և համայնքային իշխանության մաս կազմել իրենց հետ: «Արփի Ամասիա» դաշինքն էլ նախապայման էր առաջ քաշել, որ համայնքապետ պետք է ընտրվի իրենց թեկնածուն` 71-ամյա Ջեմմա Հարությունյանը, ինչին դեմ էին եղել ՔՊ-ականները:

Հավասար քանակությամբ մանդատի պարագայում, համայնքի ղեկավար, ըստ օրենքի, ընտրվում է տարիքով ավելի ավագ թեկնածուն, այս պարագայում՝ 71-ամյա Ջեմմա Հարությունյանը:

Ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրել է մանդատները չվերցնել: Նրանք հույս ունեին, որ կնշանակվեն նոր ընտրություններ, սակայն պարզվել էր, որ օրենքը թույլատրում է 9 մանդատով էլ լիարժեք իրականացնել Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարումը:

Այսպիսով՝ Ամասիա խոշորացված համայնքի համար նախատեսված ավագանու 15 անդամների մի մասի տեղը մնաց թափուր, իսկ «Արփի-Ամասիա» դաշինքը ներկայացնող Ջեմմա Հարությունյանը ստանձնեց համայնքի ղեկավարումը:

Ամասիայում ՔՊ համակիրները բողոքի ցույց են անցկացնում՝ հայտարարելով, որ Ջեմմա Հարությունյանին չեն թողնի մոտենալ համայնքապետարանի շենքին (03․02․2022)

 

Բերդ

Բերդ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 3 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, «Արժանապատիվ սերունդ» և «Զորավար համայնք» դաշինքները:  Արդյունքում հաղթանակ տարավ «Զորավոր համայնք» դաշինքը գլխավորած Հարություն Մանուչարյանը։ Ուշագրավ է, որ Մանուչարյանը վերընտրվեց անազատության պայմաններում՝ ստանալով 51,6% քվե։ Իսկ մինչև ընտրությունը նա ձերբակալվել էր պաշտոնավարման 10 տարիներին պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու մեղադրանքով: Այդուհանդերձ, չնայած դատական ճնշումներին՝ նա որոշել էր անազատության պայմաներում առաջադրվել։ Ընտրվելուց հետո նա մանդատից հրաժարվել էր, հետո դատարանը որոշել էր անմիջապես նրան ազատ արձակել։ Մանդատից հրաժարվելով հանդերձ՝ առաջին նիստը Հարություն Մանուչարյանը պետք է  վարեր, մինչդեռ դրանից ժամեր առաջ նրան կրկին ձերբակալում են։

Մանուչարյանի թիմակիցներից ևս երկուսը կալանավորվում են ընտրությունների օրերին՝ իրենց ընտրական ցուցակում ընդգրկվելու հարկադրանքի և աշխատանքից ազատելու սպառնալիքի մեղադրանքով և ընտրություններից մի քանի օր անց ինքնաբացարկ են ներկայացնում։ Ինքնաբացարկ է  հայտնում նաև «Զորավոր համայնք» դաշինքի երկրորդ համարը՝ կալանավորված Սամվել Հովսեփյանը, որ համայնքապետի տեղակալն էր ու Մանուչարյանի կալանքի տակ եղած մեկ տարվա ընթացքում կատարել էր համայնքի ղեկավարի պարտականությունները։

Քանի որ ավագանու առաջին նիստից առաջ ընտրված քաղաքական ուժի երեք թիմակիցներ ազատազրկված էին և չէին կարող մասնակցել համայնքի ղեկավարի ընտրությանը, «Զորավոր համայնք» դաշինքը ստիպված գնում է ինքնաբացարկների, որպեսզի ընտրողների 51 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը չզրկվի ավագանիում ունեցած ձայներից և հնարավորություն ունենա տեղական իշխանություն ձևավորել։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այս համայնքում երկրորդն էր ստացած 8 ձայներով, «Զորավոր համայնքը» 11 մանդատ ուներ, «Արժանապատիվ սերունդը»՝ 2։

Անգամ քիչ թվով ձայներ ստացած երկու կուսակցությունների միավորման դեպքում նրանց ձայները չէին գերազանցի նախկին համայնքապետի գլխավորած դաշինքինը։

Չնայած ՔՊ-ն թեկնածու է առաջադրում, սակայն 11 ձայնով համայնքապետ է ընտրվում «Զորավար համայնք» դաշինք ավագանու անդամ Աստղիկ Հակոբյանը։ ՔՊ-ին թեև հաջողվում է համայնքի նախկին ղեկավարին չեզոքացնել, այդուհանդերձ, նրան չի հաջողվում իրենց թեկնածուին դարձնել ղեկավար։ 

 

Փարաքար

Փարաքարում ճիշտ հակառակ պատկերն է։ Այստեղ ՏԻՄ աշխատանքն ամբողջովին ձախողվել է հենց առաջին օրից, երբ 2021 թ․ դեկտեմբերի 5–ի ավագանու ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերից ամենաշատ ձայներ ստացած «Ապրելու երկիր» կուսակցությանը չհաջողվեց իշխանություն ձևավորել։ «Ապրելու երկիր»-ը ավագանու կազմում 10 մանդատ էր ստացել, բայց համայնքի ղեկավար էր ընտրվել ամենաքիչ ձայներ ստացած Դավիթ Մինասյանը, որի գլխավորած «Դավիթ Մինասյան» դաշինքը ավագանու կազմում 5 մանդատ ուներ։ Նրանք միավորվել էին 6 մանդատ ստացած ՔՊ-ի հետ  և մեկ ձայնի առավելությամբ ստանձնել համայնքի ղեկավարումը։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը մեկ տարի շարունակ դատական ճանապարհով ձգտում էր հասնել նրան, որ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվեն։ «Ապրելու երկիր» խմբակցությունը 2022 թ․-ի ընթացքում ընդդեմ Կառավարության չորս հայց էր ներկայացրել վարչական դատարան, բայց հաջողության չի հասել։ Դատարանը մերժել է բոլոր հայցերը, իսկ խմբակցությունը շարունակում է բոյկոտել ավագանու նիստերը։

Փարաքարում ավագանին 21 հոգանոց կազմ ունի։ Միավորված երկու քաղաքական ուժերը՝ ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը ավագանու նիստերին քվորում ապահովելու համար մշտապես 11 հոգով պետք է ներկա գտնվեն, ինչը նրանց չի հաջողվում։ 

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել են համայնքապետարանի առջև և պնդում են, որ իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքի ղեկավար։ (23․12․2021)

 

Արդյո՞ք ՔՊ-ն որոշել է վերցնել նաև Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

«Բալասանյան դաշինք» կուսակցության  հետ 2021-ի հոկտեմբերին  ստորագրված Համագործակցության հուշագիրը ՔՊ-ն օրեր առաջ  միակողմանիորեն խզեց։ «Բալասանյան դաշինքից» վստահեցրեցին, որ քաղաքապետը հրաժարական չի տալու։

Արդյո՞ք ՔՊ-ն ավագանու իր 11 մանդատով կհաջողի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահության գործընթաց սկելու հարցում՝ ներգրավելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին։  «Բալասանյան Դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ չգիտի։ Նա նշել է, որ Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր», «Զարթոնք» և «Հանրապետություն» խմբակցություններին կոալիցիա կազմելու առաջարկ անելու որոշում այս պահին չունեն։

Գյումրիի ավագանին ունի 33 մանդատ, քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ՔՊ-ն ունի 11 մանդատ, իսկ անհրաժեշտ է 17-ը։

 

Նելլի Լազարյան