Ով ինչպես եկավ ու հեռացավ․ Երևանի ընտրված 5 քաղաքապետերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.09.2023 | 21:50Կիրակի Երևանում կանցկացվեն ավագանու հերթական ընտրություններ, և ընտրված ավագանին իր կազմից քաղաքապետ կընտրի։ Ինչպես են փոխվել ընտրված քաղաքապետերը վերջին 14 տարում՝ այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձել է ընտրովի։ Այդ տարիների ընթացքում մայրաքաղաքը 5 քաղաքապետ է ունեցել։
Երևանում առաջին անգամ ավագանու ընտրություններ անցկացվեցին 2009 թվականին։ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը դարձավ առաջին ընտրված քաղաքապետը, որը մինչ այդ քաղաքապետ էր նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից։ 1,5 տարի պաշտոնավարելուց հետո Բեգլարյանը ստիպված եղավ թողնել պաշտոնը՝ սկանդալային միջադեպի պատճառով։ Նա իրեն պատկանող «Մետաքս» գործարանում դաժան ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Ծեծի պատճառն այն էր, որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած պետական միջոցառման ժամանակ Կանդայանը Բեգլարյանի կնոջը խնդրել էր չնստել Սերժ Սարգսյանի կողքին: Այս միջադեպից հինգ օր անց Բեգլարյանը սեփական դիմումի համաձայն լքեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից, սակայն 2012 թվականի գարնանը նշանակեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար: Ի դեպ, Գագիկ Բեգլարյանն այժմ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձել։ Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում են նաև Գագիկ Բեգլարյանին պատկանող Մոնումենտի 2 առանձնատները։
2010-ին Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից տասն օր անց Երևանի քաղաքապետ ընտրվեց Կարեն Կարապետյանը, որը տարին չլրացած՝ անսպասելիորեն հայտարարեց, որ հեռանում է՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։ Մամուլը, սակայն, գրեց, որ Կարապետյանը քաղաքապետի պաշտոնից հեռանում է երկրի ղեկավարությունից նեղացած, իսկ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությունն ընդամենը շղարշ է։ Չնայած դրան` ռուսական կապիտալով աշխատող տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարապետյանը վերադարձավ և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին շատ ավելի բարձր պաշտոն ստացավ։ 2016-ից մինչև 2018-ի ապրիլ նա ՀՀ վարչապետն էր․ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, նա ստացավ առաջին փոխվարչապետի պաշտոնը, սակայն երկուսի պաշտոնավարումն էլ շատ չանցած ընդհատվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած փողոցային պայքարի արդյունքում։
Կարեն Կարապետյանին քաղաքապետի պաշտոնում փոխարինեց ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը` պաշտոնավարելով 7 տարի։ Ի տարբերություն մյուս քաղաքապետերի, Տարոն Մարգարյանի հրաժարականը, կարելի է ասել, սպասելի էր։ Թեև Մարգարյանն ասում էր, որ ինքն ընտրվել է երևանցիների կողմից, և պատրաստ է կառավարել քաղաքն անգամ նոր իշխանության օրոք, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո Մարգարյանը թողեց քաղաքապետի պաշտոնը։ Ինչպես Գագիկ Բեգլարյանի դեպքում, Տարոն Մարգարյանի անունը ևս կապվում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ և անցնում է բռնագանձման գործով։ Հակակոռուպցիոն դատարանում էլ քրեական գործ է քննվում, որի շրջանակներում նա մեղադրվում է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մարգարյանն այս պահին ԱԺ պատգամավոր է «Պատիվ ունեմ» դաշինքով։
Երևանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանին փոխարինեց դերասան, ռեժիսոր Հայկ Մարությանը։ 2018 թվականի հեղափոխությանն ակտիվ մասնակցած Մարությանը, գլխավորելով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, ընտրվեց քաղաքապետ՝ ստանալով քաղաքացիների 80 տոկոս վստահությունը։ Սակայն Հայկ Մարությանի ու իշխող ուժի ջրերը մի առվով երկար չհոսեցին։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մարությանը չաջակցեց Նիկոլ Փաշինյանի թիմին, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ էին 2020 թվականի պատերազմից հետո և շատ չանցած՝ 2021-ի տարեվերջին իշխող ուժը, ավագանու միջոցով անստահություն հայտնելով Մարությանին, պաշտոնանկ արեց։ Ի դեպ, Հայկ Մարությանն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի առաջին քաղաքապետն է, որը պաշտոնանկ է արվել սեփական թիմի կողմից սկս ած իմպիչմենտի գործընթացով:
Մարությանի հեռացումից հետո ավագանին քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին։ Ու թեև կարծիքներ կային, որ Սարգսյանը կպաշտոնավարի մինչև հերթական ընտրություններ, այդպես չեղավ։ Սարգսյանի հրաժարականը ևս անսպասելի էր, քանի որ վստահեցրել էր՝ կառավարելու է 2 տարի մինչև հերթական ընտրություններ։ Այս տարվա մարտին Սարգսյանը թողեց քաղաքապետի պաշտոնը՝ հայտնելով, որ առաքելությունն ավարտել է։ Ամիսներ անց Հրաչյա Սարգսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ։
«Իմ քայլը» դաշինքը Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետ չընտրեց․ դե յուրե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհանիսյանն է, իսկ դե ֆակտո այդ գործառույթներն իրականացնում է 2022-ի սեպտեմբերից Երևանի քաղաքապետարան տեղափոխված Տիգրան Ավինյանը։ Թեև փոխվարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Ավինյանը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ընդգրկված չէր ՔՊ-ի ընտրական ցուցակում, սակայն այժմ իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է։
Թե ով կլինի մայրաքաղաքի հաջորդ ընտրված քաղաքապետը՝ կորոշեն երևանցիները սեպտեմբերի 17-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան