Սամվել Բաբայանի թեկնածությունը չեն գրանցել․ միանձնյա պայքար՝ Արցախի նախագահի աթոռի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Պաշարված Արցախը վաղը կընտրի իր 5-րդ նախագահին․ խորհրդարանական 5 ուժերից 4-ի թեկնածուն պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Շահրամանյանն է, մյուս ուժի՝ «Միասնական հայրենիք» խմբակցության թեկնածուն ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է, որի դիմումը, սակայն, մերժվել է՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառաբանությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում Factor TV-ն փորձեց մանրամասներ ճշտել անձամբ Բաբայանից, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Փաստացի, նախագահի միակ գրանցված թեկնածուն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատված և պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։ Օրերս նա խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ, քննարկել Արցախում օր-օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները: Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան ապագա նախագահից՝ ով էլ նա լինի։

Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների թեկնածու Շահրամանյանը հարուստ կենսագրական ունի․ զբաղեցրել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնները, ստացել գեներալ-մայորի կոչում։

Որոշ արցախցիների խոսքով՝ իրենք ներքին անհանգստություններ ունեն, քանի որ նախագահի թեկնածու Շահրամանյանը չի ներկայացրել իր ծրագիրը՝ ստեղծված իրավիճակից ելք մատնանշելով կամ դիրքորոշում չի հայտնել Աղդամի ճանապարհի օգտագործման հարցում։ Ներքաղաքական իրավիճակին անդրադարձել է Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը։

«Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում»,- նշում է Իշխանյանը։

Արցախում մտահոգությունը միայն Աղդամը չէ, մի քանի օր է, ինչ Ադրբեջանը զինտեխնիկայի և մարդուժի կուտակումներ է իրականացնում շփման գծի երկայնքով։ Մտավախություն կա, որ հակառակորդը ցանկանում է խափանել ընտրությունները։

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը: Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը»,- ասվում է ԱԺ նախագահի պաշտոնակատարի հայտարարության մեջ։

Ադրբեջանի սադրանքները բազմաշերտ են, թիրախը միայն նախագահի ընտրությունները չեն, կարծում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ պետք է բոլոր ուղղություններով դիմակայություն ցույց տալ։

Իսկ ի՞նչ գործողություն պետք է առաջնահերթ իրականացնի նորընտիր նախագահը՝ Կառավարություն ձևավորելուց հետո։ Պողոսյանը նշում է՝ ավելի գլոբալ նախաձեռնություն է անհրաժեշտ։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ավելի մռայլ սցենար է կանխատեսում՝ նախագահը պետք է պատրաստի իր ժողովրդին վատթարագույնին։ Սիմոնյանի կարծիքով՝ Արցախն այսօր ոչ թե պետք է ընտրություններ անցկացնելուն պատրաստվեր, այլ ստեղծված իրավիճակին լուծում տալու մասին մտածեր։

Մինչ քաղաքագետները տարատեսակ սցենարներ են կանխատեսում, Արցախում պատրաստվում են ընտրություններին։ Վաղը ժամը 11։00-ին կգումարվի Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Թեկնածուին անհրաժեշտ է 22 ձայն՝ Արցախի հինգերորդ նախագահն ընտրվելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան