Մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

Լուրեր

26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Բոլորը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը կազմակերպել է Մատենադարանը՝ որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն:

Հունիսի 21-ին գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, իսկ Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գրերը:

Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ընթերցել է նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը. «Հայաստանի Հանրապետության անմիջական նախաձեռնությամբ և Կիպրոսի, Իտալիայի, Հունաստանի և Սիրիայի աջակցությամբ 2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»: Հոբելյանական տարին լավ առիթ է վերաիմաստավորելու և վերարժևորելու միջնադարի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հանգուցային ներկայացուցչի կյանքն ու գործունեությունը, որը կարևոր նշանակություն է ունեցել մեր ազգային դիմագծի, մշակույթի և լեզվի ամրապնդման համար: Հատկապես ուզում եմ ընդգծել Շնորհալու քաղաքական և հասարակական գործունեության կարևորությունը, գործունեություն, որը բացառիկ, որոշ առումներով շրջադարձային նշանակություն է ունեցել ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատման ու արմատավորման համար, դարձել ուղենշային ազգային համախմբվածության, կենտրոնացված պետականության ստեղծման խոսույթի շրջանակում: Այսօր էլ՝ շուրջ 9 դար անց, Շնորհալու «Թուղթ ընդհանրականը» և «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունները, որոնք մեր միջնադարի լավագույն գրական նմուշներից են, չեն կորցրել իրենց արդիականությունը և խտացնում են հզոր պետականություն ունենալու հայ ժողովրդի պատմական ազգային իղձերը:

Այսօր, երբ հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը կրկին վտանգված է, պետական մշակութային քաղաքականության տեսանկյունից չափազանց կարևորվում է հայկական մշակութային ժառանգության միջազգայնացումը, միջազգային տարբեր հարթակներում մեր ժառանգության պատշաճ ներկայացումը: ՀՀ կառավարության աջակցությամբ հունիսի 27-28-ին աննախադեպ միջոցառումներ են նախատեսված նաև Ֆրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որի շրջանակում համաշխարհային մշակույթի մայրաքաղաք Փարիզում կկազմակերպվեն Շնորհալուն նվիրված ցուցահանդես և գիտաժողով, որոնք կամփոփվեն «Հովեր» կամերային երգչախմբի հոգևոր երաժշտության համերգով:

Ներսես Շնորհալու տարելիցի միջոցառումների շրջանակում նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» նախաձեռնությամբ լույս է տեսել նաև Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:

Ուզում եմ վստահություն հայտնել, որ ինչպես Մաշտոցյան Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը, այնպես էլ Ֆրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նախատեսվելիք միջոցառումներն ուղենշային կդառնան Ներսես Շնորհալու բազմաշերտ և հարուստ ժառանգության վերաբերյալ նոր ուսումնասիրությունների նախաձեռնության, միջազգային ակադեմիական հարթակներում մեր ժառանգության հանդեպ նոր գիտական հետաքրքրության ձևավորման և միջազգայնացման համար: Շնորհավորում եմ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, մաղթում եմ հագեցած քննարկումներ»:

Գիտաժողովի առաջին լիագումար նիստում հանդես են եկել Կարեն Մաթևոսյանը՝ «Ներսես Շնորհալու ծննդյան թվականն ըստ իր եղբորորդի Գրիգորի հիշատակարանի», Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ «Ս. Ներսէս Շնորհալի Մեկնիչը», Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը՝ «Շնորհալիի Էկումենական աստուածաբանութեան հիմնարար սկզբունքներն ու ընթացակարգը», Թեո Մաարտըն Վան Լինտը՝ «Աղօթք եւ բանաստեղծութիւն Ներսէս Շնորհալու գրուածքների մէջ «Յիսուս Որդի»-ի օրինակով, Կլոդ-Արմեն Մութաֆյանը՝ «Մլեհ, հաջողակ հայ իշխան մը», Ազատ Բոզոյանը՝ «ԺԲ դարի հասարակության կառուցվածքը ըստ Ներսես Շնորհալու թղթերի», Նազենի Ղարիբյանը՝ «Ներսես Շնորհալու հայրենասիրական գաղափարների արտացոլումը հայկական Ճաշոցում» թեմաներով:

Գիտաժողովի շրջանակում Մատենադարանի թանգարանային մասնաշենքում բացվել է «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են բազմաշնորհ հայրապետի գրական ժառանգությունը և գործունեությունը։ Ցուցադրված ձեռագրերն անդրադառնում են վերջինիս ստեղծագործության տարբեր ոլորտներին` վիպասանական, բանաստեղծական, ինչպես նաև ներկայացնում են Շնորհալուն՝ որպես երգահան, աստվածաբան, տեսաբան, քարոզիչ և եկեղեցական մեծ գործիչ։ Ներկայացված են Մատենադարանում պահվող ձեռագրերը, ինչպես նաև Շնորհալու ամենահայտնի գործերից մեկի` «Հավատով խոստովանիմ» աղոթքի ձեռագիր և տպագիր օրինակ հմայիլներն ու հնատիպ գրքերը` տարբեր լեզուներով (անգլերեն, չինարեն, եբրայերեն և այլն): Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ելույթով հանդես է եկել «Գեղարդ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան): Հնչել են Ներսես Շնորհալու ստեղծագործությունները:

Ներսես Շնորհալու տարելիցի առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Համերգային ծրագրերով հանդես կգան Արմեն Հյուսնունցը և Հայաստանի պետական ջազ քառյակը. նրանք կներկայացնեն հայ ջազային երաժշտություն՝ միջնադարյան մոտիվներով: Ելույթ կունենա նաև «Հովել» ստեղծագործական խումբը. կկատարվի ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով:

Միջոցառումների ժամանակացույցը՝ կից ծրագրում: