Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Քաղաքականություն
15.09.2026 | 23:00
Սկզբում գտեք Իրանը՝ այն երկիրը, որի մասին մենք սկսել ենք ամեն օր խոսել։ Այնուհետև գտեք Ռուսաստանը։ Դժվար չէ այն գտնել՝ հաշվի առնելով երկրի չափերը և այն լարվածությունը, որը տասնամյակներ շարունակ գոյություն է ունեցել Արջի և Արծվի միջև։ Իսկ հետո գտեք հենց մեջտեղում գտնվող այդ փոքր տարածքը։ Այդ տարածաշրջանը կոչվում է Հարավային Կովկաս՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին ասվում է ամերիկյան The Hill-ի անդրադարձում։
«Սա Ռուսաստանի «հետնաբակն» է։ Իրանի շեմն է։ Եվ այն ամենառազմավարական տարածաշրջաններից մեկն է, որի վրա Միացյալ Նահանգներն ավելի ու ավելի է կենտրոնանում։ Այժմ մեկ տարի է անցել այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը գտնվում էին Սպիտակ տանը՝ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու և վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ զինված հակամարտություններին վերջ դնելու նպատակով»,-ասվում է Ռոբերտ Շերմանի հոդվածում։
Նա նշում է, որ բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև Վաշինգտոնի հռչակագրի ստորագրման մեկամյակը։ Դեսպանի ասածը, ինչպես նաև Թրամփի՝ այս շաբաթ լրագրողին հեռախոսով անմիջականորեն փոխանցած մեկնաբանությունները հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանը ոչ միայն կայունանում է, այլև վերաձևավորվում է, ընդ որում՝ Վաշինգտոնն այժմ իրական մասնակցություն ունի այդ արդյունքի ձևավորման գործում՝ բառի բուն իմաստով։
«Անկեղծ ասած՝ սա աշխարհաքաղաքական ամենանշանակալի քայլերից մեկն է, որը գրեթե բոլորը բաց են թողել։ Ասում եմ՝ «գրեթե բոլորը», քանի որ մենք՝ NewsNation-ն ու The Hill-ը, փետրվարին այնտեղ էինք, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դարձավ պատմության մեջ ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելել է Հայաստան և Ադրբեջան։ Այդ այցին գրեթե ոչ ոք մեծ ուշադրություն չդարձրեց։ Մինչև հիմա»,- գրում է Շերմանը։
ԱՄՆ-ին պատկանող միջանցք՝ Ռուսաստանի և Իրանի «հետնաբակում»
Նշվում է, որ այս խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու համար դրա առանցքային բաղադրիչներից մեկը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառուցումն է, որն Ադրբեջանը կապելու է իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Ճանապարհը կոչվելու է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի (TRIPP)։ Միացյալ Նահանգներն առնվազն 49 տարի կունենա զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը։ Դա նշանակում է, որ ամերիկացիները կես դար շարունակ մեծ մասնաբաժին կունենան ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ խողովակաշարերի և թվային ցանցերի զարգացման գործում։ Եվ այն նախատեսվում է կառուցել հենց Հայաստանի և Իրանի սահմանին։
Լծակ՝ հետագայի համար
Անցյալ շաբաթավերջին՝ այն բանից հետո, երբ Իրանը թիրախավորել էր Հորդանանում գտնվող ամերիկացի զինծառայողներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բացառիկ հեռախոսազրույցի ընթացքում հոդվածագիր Շերմանը նրան հարցրել է այս նախագծի և տարածաշրջանում Միացյալ Նահանգների աճող ներգրավվածության մասին։
Թրամփն ասել է, որ կարճաժամկետ հեռանկարում դա «չի փոխի» Իրանի հետ պատերազմի վերաբերյալ իր գործելակերպը, թեև ընդունել է, որ դա իրեն «մեծ առավելություն» է տալիս հետագայում Թեհրանի հետ հարաբերություններում։ Պարզ ասած՝ ազդեցության այդ լծակն իրական է, սակայն առայժմ պահվում է «հետին գրպանում», նշում է հոդվածագիրը։
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն էլ ասել է, որ Հայաստանը «լիովին նորմալ է վերաբերվում» տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը և երկարաժամկետ հեռանկարում նրա նման մեծ մասնաբաժին ունենալուն՝ ընդգծելով, որ իրավազորությունը՝ մաքսային, հարկային, անվտանգության և ոստիկանական գործառույթները, անկախ սեփականության բաժնեմասի պատկանելությունից, մնալու են հայկական կառույցների վերահսկողության ներքո։
Դիվերսիֆիկացում, ոչ թե խզում
Հոդվածում ընդգծվում է, որ այս ամենի այն հատվածը, որը Մոսկվայում այնքան էլ լավ չեն ընդունում, հետևյալն է․ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը նախկին խորհրդային հանրապետություններ են։ Արևմուտքը նախկինում չէր համարձակվում կամ, առնվազն, չէր էլ փորձում ներթափանցել այս տարածաշրջան, քանի որ այն գտնվում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ։
Հոդվածի հեղինակը ՀՀ դեսպանին ուղղակիորեն հարցրել է՝ արդյո՞ք Հայաստանը հեռանում է Ռուսաստանից։ Նա բազմիցս հակադարձել է նման ձևակերպմանը։ Նրա խոսքով՝ տեղի է ունենում գնումների, մատակարարման շղթաների, տնտեսական գործընկերությունների և անվտանգության ոլորտում գործընկերությունների «դիվերսիֆիկացում»։ Նրա ներկայացմամբ՝ խոսքը Մոսկվայից հրաժարվելու մասին չէ, այլ որևէ մեկ ուժից կախվածությունը նվազեցնելու և այդ կախվածությունը տարբեր ուղղություններով բաշխելու մասին։
Սակայն երկու երկրների միջև կապերի խորացման օրինակների ցանկը գնալով ընդլայնվում է՝ սկսած անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայից, որն ԱՄՆ փոխնախագահը փետրվարին բերել է Երևան, մինչև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, որն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսին ստորագրեց Հայաստանի հետ։ Մայիսին, այդ համաձայնագրի ստորագրումից առաջ, Մոսկվան նախազգուշացրել էր Երևանին, որ եթե Հայաստանը շարունակի հեռանալ ռուսական ինտեգրումից, կարող է զրկվել ռուսական գազի համար գործող զեղչից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

