150 մլրդ դրամի ծախս՝ առանց մրցակցության. ինչո՞ւ իշխանությունը չի հրաժարվում կոռուպցիոն ռիսկ պարունակող մեկ անձից գնումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Հայաստանում պետության կողմից միլիարդների գնումների գրեթե կեսը շարունակում է իրականացվել ոչ մրցակցային եղանակով՝ մեկ անձից գնման ընթացակարգով, որի դեպքում մեծ է կոռուպցիոն ռիսկը:

Այսպես՝ 2022 թ-ին ՀՀ պետական գնումների մոտ 46.4%-ն իրականացվել է ոչ մրցակցային, այսինքն՝ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից գնման եղանակով: ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն՝ պետական կառավարման մարմիններն անցած տարի կատարել են ընդհանուր 113 054  գնում, որից 52 450-ը՝ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից ընթացակարգերով: Արժեքային առումով առանց մրցակցության իրականացված գնումների չափաբաժինն ավելի մեծ է՝ 50.9%, այսինքն՝ ընդհանուր 295 մլրդ 923.7 մլն դրամի գնումներից 150 մլրդ 719.6 մլն դրամը եղել է մեկ անձից կամ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգերով (պետական գաղտնիք պարունակող գնումների մասին տեղեկատվությունը հաշվետվության մեջ ներառված չէ):

Նշենք, որ մրցակցության բացակայությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով կնքվող պայմանագրերից 92.8 մլրդ դրամը վերաբերում է հիվանդանոցային ծառայություններին, իսկ 29.7 մլրդ դրամը՝  բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններին (օրինակ՝ գազ, ջուր, լույս):

2017 թ-ին, նախքան իշխանափոխությունը, պետական գնումների 59.2%-ն է իրականացվել ոչ մրցակցային եղանակով (ընդհանուր 25 411 պետական գնումներից «Բանակցային ընթացակարգեր առանց հայտարարելու և մեկ անձից գնումներ» ընթացակարգով իրականացվել է 15 052 գնում):

Ուշագրավ է, որ 2018 թվականից մեկ անձից գնումների տեսակարար կշիռը սկսել է որոշ չափով նվազել՝ կազմելով 47.8% (ընդհանուր 118 141 գնումներից՝ 56 444-ը), 2019 թ-ին՝ 44% (ընդհանուր 142 488-ից՝ 62 766-ը), իսկ 2020 թ-ին մեկ անձից գնումները կրկին ավելացել են՝ դառնալով 44.4% (ընդհանուր 104 372-ից՝ 46 395-ը), 2021-ին՝ 47.5% (ընդհանուր 99 887-ից՝ 47 439-ը):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս անցյալ տարվա հուլիսին խնդրահարույց էր որակել մեկ անձից գնում իրականացնելը:

«Շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»,- «Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի» նախագծի քննարկման ժամանակ ասել էր վարչապետը՝ նաև նշելով, որ «գնի ճշգրտման ամենաարդյունավետ մեխանիզմը, զուտ տրամաբանորեն, մրցութային կարգն է»:
2000 թ-ից ի վեր Հայաստանում պետական գնումների կարգավորման 4 տարբեր օրենքներ են ընդունվել:  Գործող օրենքն ընդունվել է 2016 թ-ին: Ըստ այդմ՝ գնում կատարելու ընթացակարգերն են էլեկտրոնային աճուրդը, մրցույթը, գնանշման հարցումը և մեկ անձից գնումը: Միաժամանակ, օրենքն ամրագրում է, որ «գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է»։

Գնումների բաց մրցակցային ձևը նախընտրելի է համարում նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որի «Գնումների ընդհանուր համաձայնագիրը»  ՀՀ-ն ստորագրել է 2010 թ-ին։ 

Չնայած դրան՝ պետական մարմինները մինչ օրս խուսափում են այս ոլորտում բաց մրցույթներից՝ գերադասելով գնումների մյուս ընթացակարգերը: Օրինակ, էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում առկա տվյալների համաձայն, 2022 թ-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի 1309 գնումներից միայն 19-ն է իրականացվել մրցութային եղանակով, որից 12-ը՝ դրամաշնորհային մրցույթ է, իսկ 153-ը մեկ անձից կամ հրատապ մեկ անձից ընթացակարգով է, մնացածը էլեկտրոնային աճուրդ կամ գնանշման հարցում է: Ազգային ժողովն իրականացրել է 246 գնում, որից միայն մեկն է եղել բաց մրցույթով, իսկ 56-ը՝ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից: Հանրապետության նախագահի աշխատակազմը 391 գնումից ոչ մեկը մրցույթով չի իրականացրել, իսկ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարվել է 102 գնում, այդ թվում՝ թվային տպագրության ծառայություններ, շինանյութեր, վարագույր, հագուստ, գրենական պարագաներ և այլն:

Պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքով՝ մեկ անձից գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում և պատահական չէ, որ օրենքով բաց մրցույթն ամրագրվել է որպես նախընտրելի ձև: Ըստ նրա՝ պետական մարմիններն արդեն պլանավորման փուլում մրցույթ չեն նախատեսում, այսինքն՝ ի սկզբանե մրցույթը գնման հիմնական եղանակ չի դիտարկվում:

«Վարչապետի աշխատակազմի գնումների պլանում 2023 թ-ին նախատեսված է 1300-ից ավելի գնում, որոնցից միայն 16-ն է բաց մրցույթով, ԱԺ-ն նախատեսել է 300-ից ավելի գնում, որից միայն 1-ն է մրցույթով: Ինչո՞ւ է այդքան հաճախ ստացվում, որ վերջնական արդյունքոմ բաց մրցույթը բոլորովին նախընտրելի ձևը չէ»,- հարցադրում է անում Ա. Քյուրումյանը:

Փորձագետի համոզմամբ՝ պետական մարմինների ներքին հսկողությունն ու արտաքին վերահսկողությունը շատ թույլ են, միայն հասարակական հատվածն ու մամուլն են գնումների ոլորտի խնդիրները բարձրաձայնում: Մինչդեռ, հանրահայտ միջոցառումների դեպքում, ինչպիսիք են՝ Անկախության կամ ամանորյա տոնակատարությունները, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, Հայաստան-Սփյուռք համաժողովները և այլն, պետական գնումները պետք է իրականացվեն մրցույթով:

«Մրցույթով և հրատապ բաց մրցույթով կատարվող գնումներն ընդամենը 4.6 % են կազմում: Ինչպես նախկինում, հիմա էլ միայն փաստաթղթերով է ամեն ինչ նորմալ: Բայց,կարծես թե, այդ վիճակը հասարակությունը մերժել էր»,- նկատեց փորձագետը:

Factor.am-ի ՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ուղղված հարցման մեջ հետաքրքրվել էինք՝ ի՞նչ կարծիք ունի նախարարն այն տեսակետի վերաբերյալ, որ մեկ անձից գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկը մեծ է: Հարցն անպատասխան է մնացել:

Նախարարությունից տեղեկացրել են, որ «մեկ անձից գնման ընթացակարգը ևս հանդիսանում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գնման ձև»:

Նախարարությունն արձանագրել է, որ «գործող կարգավորումների համաձայն գնման նշված ձևի ընտրման և կիրառման պայմանները թափանցիկ են, որոնք իրենց արտացոլումն են գտնում  համացանցում procurement.am և armeps.am/ppcm հասցեներով գործող համապատասխանաբար գնումների պաշտոնական տեղեկագրում և գնումների հաշվետվողականության համակարգում հարապարակվող տեղեկատվության մեջ»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո պետական գնումների ոլորտում դրական տեղաշարժեր չեն նկատվում: Նրա դիտարկմամբ՝ դրա վրա ազդող հիմնական գործոնը տնտեսության վիճակն է. «Գնումների շուկան արտացոլում է ընդհանուր շուկայում միտումները: Եթե մեկ անձից գնումները շատ են, նշանակում է շատ են օլիգոպոլիաները: Չարաշահում է այն գնումը, երբ բազային միավորից ցածր գնման առարկայի գին է սահմանվում: 1 մլն դրամից պակաս գնման դեպքում ընթացակարգը թողնում են տվյալ կառույցի հայեցողությանը և շատերը դա օգտագործում են մեկ անձից գնման համար: Այստեղ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են, բայց կարևոր է, թե ինչ հիմքով է արվում գնումը: ՀՀ կառավարության 2017 թ-ի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված է, թե ինչ ապրանքներ և ծառայություններ կարելի է 1 անձից գնումով կատարել: Հիմքերից մեկը հրատապ պահանջի ծագումն է՝ բնական աղետներ և այլն: Բայց ես չեմ հիշում, որ անցած տարի բնական աղետներ լինեին»:

Վ. Հոկտանյանը նշեց, որ մրցույթների ժամանակ էլ քիչ չեն դեպքերը, երբ միայն 1 մասնակից կա. «Ինչո՞վ է դա տարբերվում մեկ անձից գնումից: Սա համակարգային խնդիր է Հայաստանում»:

Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների, 2017 թ-ի համեմատ 2022 թ-ին պետական գնումների մասնակիցների միջին թիվը նվազել է՝ 1.8-ից դառնալով 1.5։

Պետական գնումների վերահսկող մարմինը ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն է, որին մոտ 1 ամիս առաջ հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք՝ հանրային գնումների վերահսկողության շրջանակն ընդլայնելու նպատակով: Մինչ այդ ՊՎԾ-ն ընտրանքային կարգով ուսումնասիրել է էլեկտրոնային գնումների armeps/ppcm համակարգում զետեղված՝ 2022 թ-ի ընթացքում իրականացված 3100 գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրեր: Արդյունքում արձանագրվել են շուրջ 1.18 մլրդ ՀՀ դրամի խախտումներ, նախաձեռնվել է 11 քրեական վարույթ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան