ՀԱՊԿ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին և ասում՝ հարձակվի՛ր Հայաստանի վրա, ոչնչացրո՛ւ հայերին. Նորատ Տեր-Գրիգորյանց

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վերջին 2-3 ամիսներին էապես սրվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին, այլև Նախիջևանի հատվածում: Ընդհանրապես Նախիջևանի խնդիրը վերջին ամիսներին շատ արդիական է դարձել: Մայիսի վերջերին ադրբեջանական կողմը սկսեց լուրեր տարածել այն մասին, որ ադրբեջանական բանակը առաջ է եկել Նախիջևանի սահմանի երկայնքով և ոչ միայն կրակի տակ է առել Արենի գյուղը, այլև վերահսկողության տակ է վերցրել Երևան-Գորիս-Բերձոր (Լաչին) ճանապարհը: Այս հայտարարությունները ավելի ուշ հերքվեցին ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների հրապարակած  ծանրակշիռ փաստարկներով: Ամեն դեպքում հայկական կողմն էլ չհերքեց այն փաստը, որ ադրբեջանցիները առաջ են եկել միջդիրքային տարածությունում և շարունակում են սահմանին կուտակել զորք և զինտեխնիկա: Լարվածության գագաթնակետը դարձավ հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսը, որի ընթացքում Ադրբեջանը ցուցադրեց Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ձեռք բերված իր նորագույն զինտեխնիկան՝ անօդաչու թռչող սարքերը, ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները և այլն: Իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե պատերազմն ավարտված չէ, ավարտվել է միայն դրա առաջին փուլը:

Թեմայի շուրջ Factor.am-ի զրուցակիցն է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում ամրապդնել կամ առաջ բերել իր դիրքերը Նախիջևանի կողմից:

– Ես այժմ չեմ գտնվում պաշտպանական գծի վրա, ուստի կդժվարանամ պատասխանել հարցին: Ամեն դեպքում, որպես Հայկական բանակի հիմնադիրներից մեկը, կարող եմ ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են ամրապնդվել օպերատիվ տեսանկյունից ամենակարևոր դիրքերում, առավել ևս, որ այս շրջանը՝ Նախիջևանը, օրենքով չի պատկանում Ադրբեջանին: Այս շրջանը նրան են հանձնել 1921 թ. մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով, և նա բոլորովին այլ գործառույթներ ունի. նա չպետք է որևէ բան անի երրորդ երկրի համար, բայց փաստն այն է, որ Թուրքիան լուրջ ներկայություն ունի Նախիջևանում: Այնտեղ նախկին խորհրդային դիվիզիայի հիման վրա ստեղծվել է շատ հզոր բանակային խմբավորում: Հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, փչացան ղարաբաղյան հարցի պատճառով, և Ադրբեջանը պարտվեց այդ պատերազմում: 1990-ականների սկզբին Ադրբեջանի մտադրությունը հետևյալն էր՝ ոչ միայն զավթել Ղարաբաղը և ոչնչացնել հայկական բնակչությանը, ինչպես Թուրքիան արեց Արևմտյան Հայաստանում, այլև գրավել Զանգեզուրը, միանալ Նախիջևանի հետ և Նախիջևանից հարձակվել Երևանի վրա: Եվ պետք է խորին շնորհակալություն հայտնել Վազգեն Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, ովքեր հրավիրեցին մեզ՝ զինվորականներիս, և մենք ստեղծեցինք բանակ, և այդ բանակը ջախջախեց ադրբեջանական բանակին և թույլ չտվեց, որ դա տեղի ունենա: Հայկական բանակը 14-րդ դարից ի վեր՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, առաջին անգամ ազատագրեց հայկական տարածք:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել, և հիմա Ադրբեջանի նախագահը՝ որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, իր յուրաքանչյուր ելույթում խոսում է Ղարաբաղի և Հայաստանի ագրեսիվության մասին՝ խրախուսելով ատելությունը հայ ժողովրդի հանդեպ, այսինքն՝ իր երկիրը պատրաստում է պատերազմի: Նա ասում է, որ «Երևանը մեր հողն է»: Այսինքն՝ նա շարունակում է պանթյուրքիզմի քաղաքականությունը: Իսկ ադրբեջանցի ակադեմիկոսները, գիտնականները, լրատվամիջոցները փորձում են հիմնավորել Ալիևի խոսքերը, գրում են հոդվածներ, ռեֆերատներ, հորինում են հիմարություններ, որպեսզի ապացուցեն աշխարհին, թե իբր հայերը ագրեսորներ են: Եվ շատերը կուլ են տալիս այդ խայծը, որովհետև մեր երկիրը ոչինչ չի անում. լռում և ժպտում է: Բայց ինձ թվում է, որ պետք չէ ժպտալ, պետք է հակադարձել այդ կեղծիքին:

Այսպիսով, եթե Ալիևը զինված ուժերին ասել է, որ «պետք է ազատագրենք», դա հրաման է նրանց համար, և նրանք հող են նախապատրաստում հարձակման համար: Իսկ հարձակվելու համար պետք է ստեղծվեն պայմաններ: Հարձակվում են ոչ թե ճահճից, այլ հարմար բարձունքներից: Այդ պատճառով էլ նրանք բարելավում են իրենց դիրքերը:

– Ադրբեջանցիները հայտարարում են, թե իբր վերահսկողության տակ են վերցրել Երևան-Գորիս-Լաչին ճանապարհը, թեև հայկական կողմը հերքում է դա:

– Իսկ ինչո՞ւ է հերքում: Նրանք ճիշտ են ասում: Չէ՞ որ այն ժամանակ էլ էր այդպես: Դուք գիտե՞ք, որ 1990-ական թթ. պատերազմի ժամանակ այդ ճանապարհը կրակի տակ էր:

– Բայց մերոնք ասում են, որ սովորական զինատեսակներով ադրբեջանցիները չեն կարող գնդակոծել այդ ճանապարհը: Դրա համար պետք է գործի դնել հրետանին:

– Այն ժամանակ նրանք սովորական զենքերով գնդակոծում էին բոլոր նրանց, ովքեր մոտ էին գտնվում Նախիջևանի սահմանին: Եթե գնաք այդ ճանապարհով, կտեսնեք թմբեր, լեռներ, որպեսզի գնդակի հետագիծը չդիպչի մեքենային:

– Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին մի քանի օր առաջ գնացել էին Նախիջևանի սահման, որտեղից  ցույց տվեցին, որ հայկական կողմն ամեն ինչ վերահսկում է, Ադրբեջանը չի կարող գնդակոծել Արենի գյուղը կամ Երևան-Գորիս ճանապարհը:

– Եթե ասում են, ուրեմն իրոք այդպես է: Ես չեմ կարող հերքել նախարարության ասածները: Ես կարդացել եմ այդ հայտարարությունները, բայց ես խոսում եմ ընդհանուր իրադրության, այդ բարձունքների տեղի և դերի մասին: Իմիջիայլոց, աշխարհի բոլոր երկրներում էլ զինվորականները միշտ փորձում են գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, որպեսզի ավելի լավ դիտարկեն հակառակորդի շարժը, որպեսզի պատրաստեն իրենց զորքերը, քողարկեն իրենց մտադրությունը: Իսկ Հասանովը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այդպես էլ հայտարարեց, որ «մենք պատրաստվում ենք պատերազմի, և մեզ միայն խանգարում են որոշ քաղաքական իրավիճակներ»: Նա, հավանաբար, նկատի ուներ Էրդողանի ընտրությունները: Բայց նա մոռացել է, որ սա պատերազմ է Հայաստանի անկախ հանրապետության դեմ, որն անդամակցում է ՀԱՊԿ-ին: Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա, որին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1989 թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդները որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, սակայն հետագայում իրավիճակը փոխվեց և «միացում» կարգախոսն անտեսվեց: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հռչակեցին իրենց անկախությունը: Եվ հիմա եթե հարձակում լինի Լեռնային Ղարաբաղի վրա, ՀԱՊԿ-ը չի միջամտի: Այդ պատճառով էլ ասում եմ, որ պետք է վերադառնալ այնտեղ և ապացուցել, որ դա մեր հողն է:

– Այսինքն՝  Դուք կարծում եք, որ Հայաստանը պետք է ճանաչի՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

– Պետք է ճանաչել Ղարաբաղը, բայց մինչև ճանաչումը պետք է ապացուցել, որ Ղարաբաղը հայկական հող է, և թող չեղարկեն այն պայմանագիրը, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: Ես իմ ելույթներում միշտ ասել եմ և դիմել Հայաստանի արտգործնախարարին՝ ինչո՞ւ եք բանակցություններ վարում Ադրբեջանի հետ այն հարցի շուրջ, թե Ղարաբաղի ո՞ր հատվածը պետք է հանձնել, բայց չեք բանակցում այն հարցի շուրջ, որ Ղարաբաղը մեր հողն է, մենք չենք զավթել, այլ ազատագրել ենք Ղարաբաղը, որն ինքնորոշվել է միջազգային իրավունքի հիման վրա՝ հանրաքվեի միջոցով: Չգիտես ինչու՝ աշխարհը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Չգիտես ինչու՝ արևմտյան աշխարհը ճանաչեց Կոսովոն, այլ երկրներ: Ռուսաստանն իր հերթին ճանաչեց Աբխազիան, Հարավային Օսիան, Ղրիմը, բայց չգիտես ինչու՝ Ռուսաստանը նույնպես չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Նշանակում է՝ ինչ-որ քաղաքականություն կա: Չնայած ինչո՞ւ ենք խոսում Ռուսաստանի մասին, երբ նույնիսկ Հայաստանը չի ճանաչում, չի ապացուցում, որ դա իր հողն է:

– Իսկ ինչպե՞ս պետք է ապացուցի:

– Շատ պարզ: Պետք է ապացուցի Դաշնային խորհրդում, Միավորված ազգերի կազմակերպությունում: Պետք է ներկայացնի բոլոր արձանագրությունները, փաստաթղթերը և բանակցություններ վարի Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի չեղարկվի 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին: Մենք գրել ենք «Իզվեստիա» թերթում մոսկովյան պայմանագրի դենոնսացիայի մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանեց, որ այո, հիմա հաստատվել են սահմաններ… Հետո ի՞նչ, որ հաստատվել են: Եկեք հավաքվենք սեղանի շուրջ, համաժողով կազմակերպենք և պարզենք՝ մի՞թե հայերը զավթիչներ են, մի՞թե հայերն են սկսել պատերազմ Ադրբեջանի դեմ: Ո՛չ: Ո՞վ է հարձակվել Ադրբեջանի վրա: Ոչ ոք: Նրանք են իրենց վրա հարձակվել: Ըստ խորհրդային օրենքի՝ Ղարաբաղը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: Բայց դա հայկական հող է, և այդ մարդիկ պաշտպանում էին իրենց տները: Եվ Ադրբեջանը հայերին անվանում է ագրեսոր: Ագրեսոր է անվանում այն մարդկանց, ովքեր պարզապես պաշտպանում էին իրենց տները: Ղարաբաղի ժողովուրդը փորձում էր ազատագրվել, բայց նրան անվանում էին ագրեսոր: Եվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում այդպես էլ արտացոլված էր, որ «դուք օկուպանտ եք»: Ինչպե՞ս թե՝ օկուպանտ: Այնտեղ կռվում էին տղամարդիկ և պաշտպանում էին իրենց տները, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևեր էր ընդունում և ասում՝ «հեռացրեք այդ տղամարդկանց այնտեղից, նրանք օկուպանտ են»: Ստացվում է՝ դու պաշտպանում ես քո տունը, բայց քեզ օկուպանտ են համարում: Հեռացիր այդտեղից՝ թողնելով քո տունը: Հասկանո՞ւմ եք, թե ինչ հիմարություն է: Եվ այդպիսի տեսք ունեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը: Դրա համար էլ ես ասում եմ Հայաստանի արտգործնախարարին՝ տեսեք, թե ինչ բանաձևեր են: Բոլոր բանաձևերը պետք է վերանայվեն:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կազմակերպված վերջին զորահանդեսի ժամանակ հայտարարել է, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը: Կարծում եք՝ նրանք իրապես պատրաստվում են պատերազմի՞, թե՞ սա պարզապես ռազմատենչ հռետորաբանություն է:

– Դժվար է հասկանալ, թե ո՞ր ժամանակաշրջանն է ներառում առաջին փուլը: Եթե 1990-ականների սկզբի պատերազմն է, ապա այն ավարտվել է, և ստորագրվել համաձայնագիր զինադադարի մասին: Թեև այդ համաձայնագիրը կրակի դադարեցման, ոչ թե պատերազմի դադարեցման մասին էր, և այս տեսանկյունից նա ճիշտ է: Պետք էր այն ժամանակ՝ Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, ստորագրել փաստաթուղթ սահմանների, անկախության և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին, որովհետև պատերազմը սկսել է Ադրբեջանը: Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի բանակը հաղթել է և ազատագրել է իր տարածքները: 100 տոկոսով չի ազատագրել, բայց ազատագրել է այն հատվածը, որը կարողացել է: Նա ավելի առաջ չգնաց, որովհետև դա ոչ թե ագրեսիվ, այլ ազատագրական բանակ էր: Իսկ Մարտակերտի հարթավայրերը, Մարտունին, Շահումյանը մնացին Ադրբեջանի օկուպացիայի տակ:

Այսպիսով, հաղթող կողմը հայկական կողմն էր, և պետք էր համապատասխան փաստաթուղթ ստորագրել: Դա նույնն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերին հետ շպրտեին Բելառուսի սահմաններից և ասեին՝ իսկ հիմա, պարոն Հիտլեր, եկեք ստորագրենք համաձայնագիր կրակի դադարեցման մասին: Ո՛չ: Նրան հետ շպրտեցին մինչև իր որջը և կապիտուլյացիայի ենթարկեցին: Օրինակ, Ռուսաստանը և Ճապոնիան մինչ օրս չեն ստորագրել խաղաղության համաձայնագիր: Ճապոնացիները համարում են, որ Կուրիլյան կղզիները իրենց են պատկանում, իսկ ռուսներն ասում են՝ ոչ, դա մեր հողն է: Ու հիմա նրանք բանակցություններ են վարում: Մինչ օրս նրանք պատերազմի վիճակում են: Հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում էլ մենք պատերազմի վիճակում ենք: Այդ պատճառով էլ նրանք անընդհատ կրակում են Ղարաբաղի սահմանին, որովհետև կարծում են, թե Ղարաբաղի պաշտպանության բանակը զավթիչներ են, և նրանց պետք է դուրս շպրտել: Եվ ԵԱՀԿ-ն էլ գրեթե նույն կերպ է մտածում: Բայց դա սխալ է: Նշանակում է՝ մեր դիվանագիտությունը լավ չի աշխատում: Պարզապես հնարել են Մադրիդյան սկզբունքները:

Մի անգամ ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք զբաղվում Մադրիդյան սկզբունքներով: Ինձ պատասխանեցին՝ իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ես ասացի՝ ներեցեք, եթե վերցնենք և նայենք ռուսերեն սկզբունք բառի թարգմանությունը բառարանում, այնտեղ գրված է, որ սկզբունքները հիմնական դրույթներն են, որոնցով պետք է առաջնորդվել: Իսկ այդ Մադրիդյան սկզբունքներում ասվում է՝ դուրս բերեք զորքերը, վերադարձրեք այնտեղ ադրբեջանցի փախստականներին, և հետո կտեսնենք, մի քանի տարի անց հանրաքվե կանցկացնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին: Ներեցեք, սա ի՞նչ սկզբունք է: Իսկ ինչո՞ւ չեն ասում՝ վերադարձնել հայերին Շահումյանի շրջանը, Նախիջևանը, Բաքու, Սումգայիթ և այլն: Դրա մասին ոչ ոք չի խոսում: Խոսում են միայն ադրբեջանցի փախստականների մասին:

– Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո, ինչպես գիտեք, ձևավորվել է նոր ղեկավարություն, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կարող է բանակցել Ադրբեջանի հետ միայն Հայաստանի Հանրապետության կողմից, բայց Լեռնային Ղարաբաղի անունից կարող է բանակցել միայն պաշտոնական Ստեփանակերտը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ մոտեցումներով Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները Ադրբեջանի հետ:

– Ինձ համար շատ դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ այն վերաբերում է Զինված ուժերի գերագույն հրամանատարին՝ վարչապետին: Համաձայն սահմանադրական բարեփոխումների՝ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելին, և հիմա երկրի ղեկավարը վարչապետն է: Նախագահն այլևս չունի լայն լիազորություններ: Թեև ես գիտեմ, որ նախագահ Արմեն Սարգյսանը շատ խելամիտ, պարկեշտ, կարգապահ և նվիրված մարդ է: Ես նրա հետ ծանոթ եմ: Պարոն Փաշինյանի հետ ես ծանոթ չեմ: Ես մեծ հաճույքով կծանոթանամ նրա հետ, եթե հրավիրեն, խնդրեն՝ ինչպես Տեր-Պետրոսյանը ժամանակին խնդրեց ծանոթանալ:

Նիկոլ Փաշինյանը մասամբ ճիշտ է, որովհետև ի սկզբանե, երբ պատերազմն ավարտվեց, բանակցային գործընթացին մասնակցում էր Ղարաբաղը, և զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրել են երեք կողմեր՝ Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն: Բայց քանի որ Հայաստանը մասնակցում էր այս գործընթացին՝ որպես Ղարաբաղի հայության անվտանգության երաշխավոր, այդպես էլ մնաց: Օրինակ, Քոչարյանի ժամանակ ասում էին՝ դե լավ, թող Հայաստանը բանակցի Ղարաբաղի փոխարեն: Ինչո՞ւ ես դա անում: Այդ դեպքում ճանաչիր Ղարաբաղը և նոր պաշտպանիր նրան: Հիմա պարոն Փաշինյանն ասում է՝ լսեք, դուք ո՞ւմ հետ եք պատերազմել, Ղարաբաղի՞, ուրեմն նրա հետ էլ բանակցեք: Իմ կարծիքով՝ նա այդպես է խոսակցությունը վարում: Պետք է Ղարաբաղը ներգրավել բանակցային գործընթացին, և դա ճիշտ է: Հնարավոր չէ առանց Ղարաբաղի որոշել նրա հարցը: Իմիջիայլոց, ԵԱՀԿ-ն ևս պատրաստ է դրան, միայն Ադրբեջանն է դեմ: Սա է խնդիրը:

– Վերջին ամիսներին պաշտոնական հաղորդագրությունները տեղեկացնում էին, որ Ադրբեջանը զորք և զինտեխնիկա է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Ի՞նչ եք մտածում այս զարգացումների մասին: Կարծում եք՝ Ադրբեջանն իսկապես պատրաստվում է ռազմական գործողությունների, թե՞ պարզապես փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նոր կառավարության վրա:

– Գիտեք, նրանք մշտապես պատրաստվում են պատերազմի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը այդպես էլ ասաց, որ ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով, թեև մնացած մյուս կողմերը, որոնք մասնակցում են բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ասում են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Պետք է արվեն որոշ փոխզիջումներ, բայց հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, պետք չէ պատերազմել: Իսկ Ադրբեջանն ասում է՝ ոչ: Այդ պատճառով էլ Ալիևը, ելույթ ունենալով իր ժողովրդի առջև, ասում է՝ հայերը մեր թշնամիներն են: Նա ատելություն է սերմանում իր ժողովրդի մեջ, որպեսզի հետո նրանց զորակոչի բանակ և ստիպի կռվել այն ժողովրդի դեմ, որին նրանք ատում են: Թեև ադրբեջանական ժողովուրդը շատ լավ գիտի հայերին, որովհետև ժամանակին մեծ թվով հայեր էին ապրում Ադրբեջանում: Հայերն են ստեղծել նավթագազային արդյունաբերությունը Ադրբեջանում, հայերը հրեաների, ադրբեջանցիների հետ միասին մասնակցել են Ադրբեջանի արդյունաբերության, տնտեսության ստեղծմանը: Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարությունը ատելություն, թշնամանք է սերմանում ադրբեջանցի ժողովրդի շրջանում: Սա պատերազմի նախապատրաստման բաղկացուցիչ մասերից մեկն է:

Երկրորդը, նա մշտապես անցկացնում է հրամանատարաշտաբային և տակտիկական զորավարժություններ՝ նախապատրաստելով զինված ուժերը ռազմական գործողություններ իրականացնելու լեռնային պայմաններում: Սա շատ կարևոր է, որովհետև լեռնային պատերազմը բոլորովին այլ պատերազմ է: Ես երեք տարի պատերազմել եմ Աֆղանստանում: Այդ ընթացքում մշակվել են լեռնային պայմաններում ռազմական գործողությունները կազմակերպելու մի շարք նոր հնարավորություններ: Այնտեղ գիտությունը կտրուկ տարբերվում է հարթավայրային տարածքներում իրականացվող ռազմական գործողություններից՝ ինչպես եղել է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ պատճառով էլ ադրբեջանցիներն անցկացնում են հրամանատարաշտաբային և տակտիկական զորավարժությունները՝ պատրաստելով իրենց զորքերը լեռնային պայմաններում ռազմական գործողությունների: Եվ երբ ադրբեջանական կողմը վերջին 4-5 տարիներին աստիճանաբար սրում էր հակամարտությունը՝ կրակելով ինքնաձիգներից, հետո հրանոթներից, տանկերից, ռեակտիվ համակարգերից, նրանք շոշափում և ստուգում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և պրակտիկայում սովորեցնում էին իրենց անձնակազմին, թե ինչպես կարելի է պատերազմ վարել հայկական կողմի դեմ: Նրանք գործնականում ստուգում էին հակառակորդին և սովորեցնում իրենց զինծառայողներին, որ «այնտեղ քո թշնամին է», չնայած որ հենց ինքը թշնամի է: Ադրբեջանի ղեկավարությունն իր զինվորներին սովորեցնում է՝ «սա քո տարածքն է, պետք է ազատագրես այն»: Եվ Ալիևն ասաց՝ «մենք պետք է ազատագրենք մեր հողերը և վերադառնանք Երևան»: Եվ միջազգային դատարանը որևէ միջոց չի կիրառում նրա նկատմամբ, թեև համաձայն միջազգային կարգի՝ նման ագրեսորին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության միջազգային դատարանում: Բայց   նրան պատասխանատվության չեն ենթարկում: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև միջազգային կարգում կան մի քանի ստանդարտներ, չկա հստակ գործող աշխարհակարգ: Եվ երբ լռում են և միջոցներ չեն ձեռնարկում իր դեմ, նա մտածում է, որ ճիշտ է անում և շարունակում է իր լկտի գործունեությունը: Նա տեսնում է, որ գերտերությունները չեն դատապարտում իրեն: Ավելին, նա այդ տերություններից շարունակում է զենք գնել, մինչդեռ ըստ միջազգային նորմերի՝ արգելվում է զենք մատակարարել հակամարտության գոտիներ: Դրա մասին խոսել է նույնիսկ Ռուսաստանի նախագահը, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին: Բելառուսը ևս զենք է վաճառում Ադրբեջանին: Այս երկիրը Հայաստանի հետ միասին անդամակցում է ՀԱՊԿ-ին, բայց Ադրբեջանին վաճառեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Իսկ եթե զենք է մատակարարում, ուրեմն ասում է Ադրբեջանին՝ հարձակվի՛ր Հայաստանի վրա, ոչնչացրո՛ւ հայերին:

– Իսկ մեր բանակը, Ձեր կարծիքով, պատրա՞ստ է նոր պատերազմի:

– Այդ հարցը պետք է տաք Պաշտպանության նախարարությանը: Ես հիմա այնտեղ չեմ աշխատում: Ես այնտեղ եղել եմ այն ժամանակ, երբ մեր բանակը հաղթեց պատերազմում, պատրաստ էր պատերազմին և դուրս եկավ այն սահմանները, որոնց պետք է դուրս գար: Իսկ հիմա նա պետք է պաշտպանի մեր սահմանները հարյուր անգամ ավելի լավ: Պատրա՞ստ է պատերազմին, թե՝ ոչ: Ես չեմ ստուգել: Հավանաբար պատրաստ է: Այլապես ո՞ւմ է պետք այդ բանակը, եթե նա պատրաստ չէ հակառակորդի ռազմական հարձակմանը: Այո, մեր բանակի հայեցակարգը պաշտպանողական է, բայց հարձակողական ոգի ունի: Հայեցակարգը հայեցակարգ, բայց նա ունի ոչ միայն պաշտպանողական ուղեղ, այլև հակառակորդի հարձակումը հետ մղելու և հարձակման անցնելու ունակություն: Ես համոզված եմ, որ մեր բանակը պատրաստ է: Եթե 2016 թ. ապրիլին նա առաջնագծի դիրքերում կարողացավ կասեցնել և հետ շպրտել Ադրբեջանի զինված ուժերի 20 տոկոսը, ապա իսկական պաշտպանողական պատերազմում նրանք կարող են հսկայական վնաս հասցնել Ադրբեջանի զինված ուժերին: Իսկ լեռնային պայմաններում կանոնավոր բանակի դեմ կռվելը չափազանց դժվար գործ է և կարող է կործանարար հետևանքներ ունենալ հակառակորդի համար: Ես դա ասում եմ որպես զինվորական:

Արամ Սարգսյան