Արման Հովհաննիսյանի, Տաթևիկ Գրիգորյանի, Գնել Գասպարյանի անունները հանվել են Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցանկից 

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուդը մայիսի 2-ին որոշել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի և Գնել Գասպարյանի անունները հանել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արման Հովհաննիսյանին, Տաթևիկ Գրիգորյանին և Գնել Գասպարյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից»,-  ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նույն որոշմամբ  քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներ  Գոռ Մինասյանի և Դավիթ Թադևոսյանի անունները նույնպես հանվել են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

ԲԴԽ որոշման մեջ առկա օրենքի հղումներից պարզ է դառնում, որ իրենց անունները ցանկից հանելու վերաբերյալ դատավորները դիմում չեն ներկայացրել, բայց միևնույն ժամանակ պարզ չէ, թե հատկապես ինչո՞ւ է որոշվել  դատավորների անունները հանվել ցանկից։

Դատական օրենսգիրք 113-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.

3) լրացել է նրա 63 տարին.

4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստում.

6) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

7) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

8) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

9) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.

10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չի զբաղվել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով կամ չի դիմել դատարանների աշխատակազմերում աշխատանքի անցնելու համար: Սույն կետում նշված սահմանափակումները չեն տարածվում հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում արձակուրդում լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա։

11) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

113-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է՝ 

Եթե խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է սույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է համապատասխան ցուցակից։

125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նույնպես սահմանվում է, որ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե ի  թիվս բազմաթիվ հիմքերի առկա են  օրենքով նախատեսված այլ հիմքեր։

Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը հղումներ է կատարել օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայությանը, բայց թե որոնք են այդ հիմքերը, որոշման մեջ բացված չէ։

Նշենք, որ 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի՝  Դատական դեպարտամենտը թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին, և այս  որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն»:

Խոսելով այս փոփոխության մասին՝ ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանն այս  կետը խնդրահարույց էր համարել՝ նշելով, որ , փաստորեն, Խորհուրդը կարող է բոլոր փուլերով անցած թեկնածուին առաջարկություն չներկայացնել։

Հ․ Գ․

Բարձրագույն դատական խորհրդից ի պատասխան մեր հարցի հայտնում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ: Նույն օրենքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին։ Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։ Բարձրագույն դատական խորհրդի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 50-րդ կետի համաձայն՝ Խորհրդի կողմից որոշումը խորհրդակցական սենյակում կայացնելու դեպքում ներկա են գտնվում միայն Խորհրդի անդամները: Խորհրդակցական սենյակում նիստը շարունակվում է մինչև որոշում ընդունելը` բացառությամբ խորհրդակցական նիստը նախագահողի կողմից խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդմիջում հայտարարելու դեպքերի: Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորումներով՝ Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանին և Արման Հովհաննիսյանին վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան թեկնածուին առաջարկություն ներկայացնելու որոշում չկայացնելը հանգեցրել է վերջիններիս ցուցակից հանելու։ Նշված որոշումները Խորհրդի կողմից կայցվել են խորհրդակցական սենյակում, որտեղ ներկա են գտնվել բացառապես Խորհրդի անդամները։

Արաքս Մամուլյան