Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մեղադրյալները դատապարտվել են 9-ից մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մարտի 27-ին դատավճիռ է հրապարակվել։ Գործով ամբաստանյալները դատապարտվել են 9-ից մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։ Մասնավորապես՝ Հովհաննես Ռիժենկոն դատապարտվել է 9, Մայիս Մկրտչյանը՝ 14, իսկ Գագիկ Դանոյանը՝ 15 տարի ազատազրկման։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալներից մեկի՝ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին հարձակում է տեղի ունեցել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա, սակայն բնակարանում գտնվող Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, տան անվտանգության տեսախցիկներով ֆիքսելով բակ մտած անձանց, դուրս են եկել։ Հարձակում գործած անձանցից երկուսը փախուստի են դիմել, իսկ Հովհաննես Ռիժենկոյին Մկրտումյանն ու որդին կարողացել են վնասազերծել՝ վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելով։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Մկրտումյանի և որդու արարքները գնահատվել էին՝ որպես անհրաժեշտ պաշտպանություն՝ թեև Ռիժենկոյի պաշտպանը պնդում էր, որ նրանք թույլ են տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում և դրա համար նրանք ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ի վերջո, քրեական գործի քննությամբ երեք անձի՝ Հովհաննես Ռիժենկոյին, Մայիս Մկրտչյանին և Գագիկ Դանոյանին մեղադրանք էր առաջադրվել։ Քննության ընթացքում պարզվել էր, որ ավազակային հարձակումը կազմակերպել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, որը հայտնի էր Կարամելի Հարութ մականունով։ Վերջինս ավազակային հարձակումից շուրջ մեկուկես ամիս անց՝ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ինքնասպան էր եղել՝ մինչ այդ սպանելով ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանին։

Հարություն Ղարագյոզյանի նկատմամբ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է, իսկ Հովհաննես Ռիժենկոյի, Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի գործը 2019 թվականի ապրիլին ուղարկվել էր դատարան, և քննվում էր մինչև։

Դատարան ուղարկված գործով՝ երեք ամբաստանյալները մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու ( 2003 թվականի Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3,4 կետեր), մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության փորձի (2003 թվականի Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 7 կետեր) մեջ։ Հովհաննես Ռիժենկոն և Գագիկ Դանոյանը մեղադրվում էին նաև մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից զենք կրելու, պահելու մեջ (2003 թվականի Քրեական օրենսրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս):

Գործի դատաքննության ընթացքում դատախազը ամբաստանյալների՝ ավազակության վերաբերյալ մեղադրանքը վերաորակել է ավազակության փորձի հոդվածով։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական այժմ գործող օրենսգիրքը, և դրանում ավազակություն արարքի դիսպոզիցիայում էական փոփոխություն է արվել։

Մասնավորապես՝ եթե նախկին օրենսգրքով ավազակությունը համարվում էր ձևական հանցակազմ, ապա այժմ այն նյութական է։ Ավելի պարզ՝ եթե Քրեական նախկին օրենսգրքով ավազակությունը բնութագրվում էր որպես «ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», ապա ներկայում գործող օրենսգրքով՝ ավազակությունը բնաթագրվում է որպես`« բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը», այսինքն՝ այժմ արարքը ավազակություն որակելու համար պետք է հափշտակություն կատարված լինի, ինչն այս գործով տեղի չի ունեցել։

Հաշվի առնելով անձի վիճակը բարելավող նորմի՝ հետադարձության կանոնը՝ երեք ամբաստանալներին վերագրվող արարքը ավազակությունից վերաորակվել է ավազակության փորձի, որի համար ավելի մեղմ պատիժ է սահմանվում։

Քննելով գործը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի, գտել է, որ Հովհաննես Ռիժենկոն երկու և ավելի անձի սպանության փորձ չի կատարել, ուստի նրան մեղավոր է ճանաչել միայն նրան վերագրվող ավազակության փորձի և զենք կրելու հոդվածներով ու դատապարտել 9 տարի ժամկետով ազատազրկման։

Մայիս Մկրտչյանին դատարանը մեղավոր է ճանաչել նրան վերագրվող սպանության փորձի և ավազակության փորձի համար և պատիժ նշանակել 14 տարի ժամկետով ազատազրկումը։

Գագիկ Դանոյանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող բոլոր արարքներում՝ սպանության փորձ կատարելու, ավազակության փորձի և զենք կրելու հոդվածներով, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 15 տարի ժամկետով ազատազրկումը։

Նշենք, որ սպանության փորձ կատարելու վերաբերյալ մեղադրանքը ամբաստանյալներից ոչ ոք չի ընդունել, Գագիկ Դանոյանն ընդունել է ավազակության մեղադրանքը, հայտնել է, որ ինքն իմացել է, որ տանը մարդ կա, իսկ Մայիս Մկրտչյանն ու Հովհաննես Ռիժենկոն չեն իմացել այդ մասին։ Հայտնել է նաև, որ զենք կրելու հետ կապված որևէ մեկի հետ նախնական համաձայնության չի եկել։

Մայիս Մկրտչյանն ու Հովհաննես Ռիժենկոն հայտնել են, որ գնացել են՝ գաղտնի հափշտակություն կատարելու։ Գործում ևս այդ մասին տվյալներ կան․ Ռիժենկոն բռնվելուց հետո Մկրտումյաններին հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ տանը մարդ կա, որ գնացել էր՝ գաղտնի հափշտակություն կատարելու։
Ռիժենկոն նաև հայտնել է, որ զենքն իրեն տվել է Հարություն Ղարագյոզյանը, ինքն էլ վերցրել է, որևէ մեկի հետ դա չի քննարկել, այսինքն՝ զենք կրելու հարցով որևէ մեկի հետ նախնական համաձայնության չի եկել։

Արաքս Մամուլյան