Ինչու է Խաչիկ Ղազարյանը 6 մլն դրամ վերականգնել պետբյուջե՝ լինելով վկայի կարգավիճակում․ ՔԿ-ն և Դատախազությունը չեն պարզաբանում Հակակոռուպցիոն դատարանի նախագահին առնչվող քրեական գործի հանգամանքները

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

2021 թվականի հունիսին Քննչական կոմիտեում հարուցվեց  քրեական գործ՝ Դատական դեպարտամենտում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրերով Դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թթ. Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ, իբրև թե, գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր և  գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված  գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար: Պարզվել է, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ»:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվեց  այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ առանձնապես չափերով խարդախության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքը չարաշահելու,  որն անզգուշությամբ առաջացրել  է  ծանր հետևանքներ։

Այս քրեական գործի հարուցումից օրեր անց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Խաչիկ Ղազարյանը, որը 2010 թվականից աշխատում էր դատական համակարգում։ Ղազարյանը Դատական դեպարտամենտի այն 9 աշխատակիցներից մեկն էր, ում  անունը շոշափվում է  քրեական գործով․ Խաչիկ Ղազարյանն  այժմ Հակակոռուպցիոն դատարանի նախագահն է։

Ղազարյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվելուց հետո «Փաստերի ստուգման հարթակը» փորձել էր պարզել, թե ինչ ընթացք է ստացել քրեական գործը, և դրա շրջանակներում ինչ կարգավիճակ է ունեցել Խաչիկ Ղազարանը։ Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Դատախազությունից հայտնել էին, որ  2021 թվականի հոկտեմբերի 10-ին որոշվել է Խաչիկ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։

«ՀՀ Քննչական կոմիետեի ՀԿԳ քննության  գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Խաչիկ Կարապետի Ղազարյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ։ Վերջինիս կողմից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 5․ 813․000 ՀՀ դրամ։ 

2021 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացվել Խաչիկ Ղազարյանի և այլոց նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով, 314-րդ հոդվածով,  325-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու  և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- հայտնել են  Դատախազությունից։

Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Խաչիկ Ղազարյանը շուրջ 6 մլն դրամ գումար վերականգնել պետական բյուջե, եթե եղել է վկայի կարգավիճակում։ «Փաստերի ստուգման հարթակի»  հրապարակումից հետո հարցումներ ենք ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին՝ փորձելով պարզել այս հարցի պատասխանը։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտե և Դատախազություն ուղարկված գրավոր հարցումներով փորձել ենք պարզել, թե գործի քննությամբ․

«1 Որքա՞ն է կազմել պետությանը պատճառված ենթադրյալ վնասը։

2 Ի՞նչ տնտեսվարողների հետ են կնքվել ծառայությունների մատուցման պայմանագրեր։

3.Ի՞նչ փաստերի հիման վրա է հաստատվել, որ Դատական դեպարտամենտում չարաշահումներ չեն եղել։

  1. Գործի նախաքննության ընթացքում որևէ անձ ունեցե՞լ է մեղադրյալի դատավարական կարգավիճակ։
  2. Ըստ քրեական գործի՝ Խաչիկ Ղազարյանը մեկնե՞լ է գործուղումների։
  3. Վկայի կարգավիճակ ունեցող Խաչիկ Ղազարյանն, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել «նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով», ի՞նչ հիմնավորմամբ/պատճառաբանությամբ է վճարել պետությանը հասցված վնասը։
  4. Այլ անձինք և՞ս փոխհատուցել են պետությանը պատճառված ենթադրյալ վնասը։
  5. Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ովքեր են փոխհատուցել և որքան գումար»։

Քննչական կոմիտեն վերը նշված հարցերից և ոչ մեկին բովանդակային պատասխաններ չի տվել՝ նշելով որ  քրեական գործով վարույթը կարճվել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերին համապատասխան։

Հղում կատարելով  նույն օրենսգրքի 262-րդ հոդվածին՝ Կոմիտեից հայտնում են, որ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը։ Վերը նշված հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին: Ապա Կոմիտեն  անցել է  Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների թվարկմանը։ 

«Համաձայն 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1- ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասի՝ (…) օրենսգրքի 13-րդ հոդվածի (քրեական վարույթի կարճման հիմքերը) 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա համարելով՝ քննիչը նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նան սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց և հայտնում վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը։ 

Համաձայն ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասի՝ … քննիչը պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին, ինչպես նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը։

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ վարույթի մասնավոր` մասնակիցը՝ մեղադրյալը, նրա օրինական ներկա յացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչն է։

Վերը նշված իրավական նորմերից ելնելով` անհրաժեշտ է փաստել, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և մինչև 2022 թվականի հունիսի 30-ը գործ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև 2021 թվականի հունիսի՝ 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերով՝ որպես «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի լրագրող Ձեր կողմից հայցվող տեղեկությունը չի կարող տրամադրվել»,- գրել են Քննչական կոմիտեից։

Այսպիսով՝ Քննչական կոմիտեի  տրամաբանությամբ ստացվում է, որ կարճված գործի նյութերը կարող են հասանելի լինել միայն կողմերին, և դրա մասին հանրությունը տեղեկանալ չի կարող։ 

Այնինչ՝ «Տեղեկատվության ազատության մասին»  օրենքով  յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Օրենքը նախատեսում է  նաև տեղեկատվություն տրամադրելու սահմանափակումներ, որոնց մեջ, ի թիվս այլնի,  մտնում է նաև այն դեպքը, երբ հայցվող տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, սակայն կարճված գործի վերաբերյալ տեղեկությունները քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ համարվել չեն կարող։ 

Տեղեկատվության ազատության մասին  օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը  մերժում է տեղեկտվության տրամադրումը նաև այն դեպքում, երբ  դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, սակայն Հակակոռուպցիոն դատարանի նախագահի առնչությամբ Քրեական  գործի վերաբերյալ տեղեկությունները չեն կարող նաև այս օրենքով պաշտպանվող  գաղտնիք համարվել․ բազմաթիվ են դեպքերը, երբ հենց Քննչական կոմիտեն ինքն էլ հայտնում է թե՛ քրեական վարույթ նախաձեռնելու, թե՛ անձանց մեղադրանք ներկայացնելու, թե՛  վարույթի կարճման և դրա հիմքի վերաբերյալ տեղեկություններ։ 

Հետևաբար՝ վարույթի նյութերը միայն վարույթի մասնակիցներին տրամադրելու թույլատրելիության վերաբերյալ Քննչական կոմիտեի պնդումը ոչ այլ ինչ է, քան հարցման մեջ տրված հարցերին պատասխանելուց խուսափելու ձև։

Մեր հարցերին ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնում են՝  քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ դատական դեպարտամենտի մի շարք նախկին աշխատակիցներ, այդ թվում՝ Խաչիկ Ղազարյանը, 2016- 2018 թվականների ընթացքում գործուղվելով ՀՀ տարբեր մարզեր, պատշաճ կատարել են գործուղմամբ իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները, որպիսի պայմաններում Խաչիկ Ղազարյանի և այլոց նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով, 325-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել՝ նրանց արարքում հանցակազմի

բացակայության հիմքով: Քրեական գործի նախաքննության ընթացքում գործատուի գույքային ֆոնդ, այլ կերպ ասած՝ պետական բյուջե է մուտքագրվել ընդհանուր 33.689.200 ՀՀ դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ Խաչիկ Ղազարյանն ու մյուսները, բարեխղճորեն կատարելով իրենց պարտականությունները, այնուամենայիվ քրեական գործով պետական բյուջե ընդհանուր 33 մլն դրամ գումար են վերականգնել։

Դատախազությունը նույնպես, փաստացի, չի պարզաբանել, թե ինչո՞ւ է քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող Խաչիկ Ղազարյանը պետական բուջե գումար վճարել: Պատասխաններ չեն տրվել նաև հարցերին՝ թե ըստ քրեական գործի քննությամբ ստացված տվյալների՝ որքա՞ն է կազմել պետությանը պատճառված ենթադրյալ վնասը, Դատական դեպարտամենտն ի՞նչ տնտեսվարողների հետ է  կնքել ծառայությունների մատուցման պայմանագրեր, կոնկրետ ի՞նչ փաստերի հիման վրա է հաստատվել, որ Դատական դեպարտամենտում չարաշահումներ չեն եղել, գործի նախաքննության ընթացքում որևէ անձ ունեցե՞լ է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, թե ոչ, կոնկրետ ովքե՞ր են պետական բյուջե վնաս վերականգնել։

Հակակոռուպցիոն դատարանի նախագահը մեր գրավոր հարցմանը չի պատասխանել ՝ թեև հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետը լրացել էր մարտի 11-ն էր։ 

Խաչիկ Ղազարյանից փորձել ենք ստանալ հետևյալ հարցերի պատասխաները․

1 Ղազարյանը մեկնե՞լ է գործուղումների, թե՞ ոչ։

2 Վկայի կարգավիճակ ունենալով՝ ի՞նչ հիմնավորմամբ/ պատճառաբանությամբ է  վճարել պետությանը հասցված վնասը։

  1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ապա՝ նախագահ նշանակվելիս վերը նշված քրեական գործի վերաբերյալ Ղազարյանից պահանջվե՞լ են պարզաբանումներ կամ առհասարակ այս քրեական գործը քննարկման առարկա դարձե՞լ է։
  1. Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք նշել, թե ո՞վ է պահանջել պարզաբանումներ կամ ե՞րբ  է վերը նշված գործը դարձել քննարկման առարկա։

Դատավորից հարցման պատասխանը ստանալու դեպքում նրա պարզաբանումները նույնպես կհրապարակենք։

Արաքս  Մամուլյան