ԱԺ պատգամավորները Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Լյուքսեմբուրգի պատվիրակության հետ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Լյուքսեմբուրգը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաեւ ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Սոնա Ղազարյանի գնահատմամբ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ եւ հասցեական ուղերձներով: Դրա վառ վկայությունն են կոշտ գնահատականները 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում: «Լյուքսեմբուրգը հասցեական էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հայտարարություններում, եւ այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը: Նա հավելել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել երկրի ինքնիշխան տարածք:

Նման փխրուն անվտանգային միջավայրում Սոնա Ղազարյանը կարեւորել է ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացումը:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ դրա հումանիտար հետեւանքներին: Այս առումով նա ընդգծել է Լյուքսեմբուրգի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կարեւորությունը: Պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

«Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- ասել է Սոնա Ղազարյանը:

Ջունա Բերնարդն ընդգծել է, որ իրենց խորհրդարանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ադրբեջանական ագրեսիային եւ Լաչինի միջանցքի փակմանն ու մտահոգված է այս իրավիճակով: «2020 թվականի ագրեսիայից հետո մենք նույնպես քաջալերում եւ խրախուսում էինք զինադադարի կնքումը, ինչպես նաեւ Արցախին քաղաքական կարգավիճակ տալը»,- ասել է հյուրը:

Խորհրդարանի փոխխոսնակը դատապարտել է Հայաստանի դեմ վերջին հարձակումները եւ ընդգծել, որ իրենք աջակցում են ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմանը: «Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ Արցախում բնակվող հայերի իրավունքը»,- փաստել է Ջունա Բերնարդը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Ծովինար Վարդանյանը: Խմբի անդամները եւս անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին, արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում պատանդառված հայերի շուտափույթ վերադարձին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայկական օրակարգի շուրջ իշխանության եւ ընդդիմության համատեղ աշխատանքին, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային մի շարք խնդիրների: