Կոլումբիայի համալսարանը կազմակերպել է «Ադրբեջանի էթնիկ զտումներ, ցեղասպանություն» թեմայով քննարկում՝ Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ
«Կանխարգելելով Հայոց Երկրորդ ցեղասպանությունը. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը դարձնում անբնակելի՝ փորձելով հայաթափել տարածքը» թեմայով պանելային քննարկման ժամանակ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընդգծեց Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ձգտումը, մինչդեռ սենատոր Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումների համար:
Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ՝ վիրտուալ միջոցառումը, որին մասնակցեցին 600 հյուրեր, կազմակերպվեց Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի կողմից ս.թ. փետրվարի 1-ին, որի ժամանակ ելույթ ունեցան Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը, իսկ մոդերատորն էր Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդը Ֆիլիփսը, ով ղեկավարում է Կոլումբիայի Արցախի վայրագությունների նախագիծը։
Սենատոր Վան Հոլենը խստորեն հայտարարեց, որ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արշավի» «ամենավերջին էջերին»։
«Արդեն 50 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը շրջափակում է պարտադրել տարածաշրջում՝ մարդկանց զրկելով սննդամթերքի, դեղորայքի և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների հասանելիությունից»,– ասաց նա՝ նշելով, որ շրջափակվածների թվում կան 30,000 հայ երեխաներ, 20,000 հայ տարեցներ և 9,000 հատուկ կարիքներ ունեցող հայեր:
«Մենք ականատես ենք լինում աճող հումանիտար ճգնաժամի, և մենք չենք կարող լռել՝ տեսնելով այս չարամիտ հանցանքները»,– շարունակեց սենատոր Վան Հոլենը, ով միացել է Սենատի իր գործընկերներին՝ հորդորելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին և շարունակում է «կոչ անել Բայդենի վարչակազմին՝ նպաստել խաղաղությանը»:
«ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի քայլեր ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,– հայտարարեց սենատոր Վան Հոլենը՝ միաժամանակ պարտավորվելով աշխատել իր գործընկերների հետ՝ «վերջ դնելու շրջափակմանը և երաշխավորելու անել հնարավոր ամեն ինչ՝ խթանելու արդարության, խաղաղության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»:
Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Ադրբեջանի կողմից լրացուցիչ ենթատեքստ տրամադրելով՝ Ֆիլիփսը նշեց, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումը «հրադադարի պայմանների կոպտագույն խախտում և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է»։
Ադրբեջանի կողմից Արցախում 120,000 հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիության խաթարումը «ազդում է ամենախոցելի բնակչության խմբերի վրա՝ ներառյալ երիտասարդներին ու տարեցներին»,– հավելեց նա։
«Այս արշավը Արցախն անբնակելի դարձնելու և հայերին իրենց պատմական հողերից դուրս հանելու համակարգված ջանքերի մի մասն է»,– նախազգուշացրեց Ֆիլիփսը: «Այս գործողություններն իրենցից ներկայացնում են երկրորդ Հայոց ցեղասպանությունը»:
Արցախի պետական նախարար Վարդանյանը կիսվել է շրջափակման վերջին 52 օրերի մասին պատկերացումներով իրավիճակի ներսից, որտեղ արցախահայության միակ հասանելիությունը առաջին անհրաժեշտության ապրանքներին Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների աջակցության շնորհիվ է՝ սահմանափակ քանակությամբ սնունդ և դեղորայք բերելով։
Նա նկարագրեց այն մարդկային կորուստները, որոնք շրջափակումն արդեն հասցրել է արցախյան հայ ընտանիքներին, և հատուկ նշեց ընտանիքից բաժանված երեխաներին, ինչպես նաև այն հոգեբանական գինը, որ նրանք վճարում են՝ զրկված լինելով կրթությունից, մինչ նրանց դպրոցները փակ են էլեկտրաէներգիայի պակասի պատճառով:
Նա մեջբերեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Սփյուռքի աջակցության կարևորությունը՝ շրջափակմանը լուծում տալու և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներն ընդգծելու համար։
Չնայած մարտահրավերներին, Վարդանյանն ընդգծեց արցախահայության «քաջությունը», ովքեր շարունակում է մնալ «շատ ուժեղ» և ունեն «դիմադրության կամք՝ ապրելու իրենց սեփական հայրենիքում և վառ պահելու սեփական ավանդույթները»։
«Վերջին 30 տարիների ընթացքում Արցախում ձևավորվել է թափանցիկ ժողովրդավարական համակարգ», որի արդյունքում ստեղծվել է «քաղաքակիրթ հասարակություն»՝ ըստ Վարդանյանի, ով նշեց, որ օդային միջանցք է անհրաժեշտ՝ առանց ճանապարհից կախված լինելու դեպի Արցախ մատակարարումները փոխադրելու համար։
«Պատիվ է եղել Արցախում ապրելը, որը եզակի և առանձնահատուկ մի վայր է»,– ասաց Վարդանյանը, ում տատիկը բնիկ արցախցի էր։ «Այստեղ նրանց հետ ապրելը ինձ մեծ էներգիա է տվել՝ իմ և իմ ազգի համար»՝ պահպանելու փոքր, ժողովրդավարական հանրապետությունը և նրա ինքնակառավարման ավանդույթները։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ծառացած ցեղասպան սպառնալիքի առանցքային մտահոգությանը, Գրիգորյանը նշեց, որ ի հակադրություն այլ ցեղասպանական իրավիճակների, գոյություն ունի «երկար տարիներ առաջ ձևավորված հստակ արձանագրություն, որ Ադրբեջանի նպատակն է լուծել «Լեռնային Ղարաբաղի խնդիրը»՝ հայերին վերացնելով»:
Գրիգորյանն իր հայտարարությունը հաստատեց Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների մի քանի մեջբերումներով, որոնք հանգեցրին «ցեղասպանության մտադրության մասին ապացույցների անթիվ օրինակների, ինչը սովորաբար ամենադժվարն է ապացուցել այս իրավիճակներում»,– ասաց նա:
«Սա պարզապես 5կմ լայնությամբ Լաչինի միջանցքի արգելափակում չէ, սա գազամատակարարման դադարեցում է, էլեկտրաէներգիայի անջատում, ինտերնետի անջատում»,– ասաց Գրիգորյանը, ով ընդգծեց Ալիևի ռեժիմի ավելի մեծ ծրագիրը, որն իշխանության ղեկին է եղել տասնամյակներ ու սերունդներ շարունակ: «Երբ մենք դիտարկում ենք իրավիճակներ, որոնք պահանջում են իմաստալից խաղաղության համաձայնագրեր, մենք պետք է նայենք, թե արդյո՞ք առաջնորդները պատրաստվում են խաղաղության, թե՞ ավելի շատ պատերազմների: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը և նրա գործընկեր (Թուրքիայի նախագահ) Էրդողանը նախապատրաստում են Ադրբեջանի ժողովրդին ավելի շատ պատերազմների՝ իրենց ռասիստական քաղաքականության և կրթության միջոցով, որը նրանք տվել են իրենց երեխաներին»:
Հարցուպատասխան հատվածում անդրադարձ կատարվեց տեղի բնակչության վրա շրջափակման հոգեբանական ազդեցությանը, էլեկտրաէներգիայի և վառելիքի պակասին, 2020թ.-ի պատերազմից և դրանից առաջ կասետային ականներից մաքրելու ջանքերին և Արցախը հայ բնակչությունից հայաթափելու Ադրբեջանի դրդապատճառներին։
«Ալիևը հստակ ասաց, որ Արցախը (տեսնում է) առանց հայերի»,– ասաց Վարդանյանը։ «Էթնիկ զտումները ռեժիմի հռչակած նպատակն է, և դա գաղտնիք չէ».
Այս ահռելի թվացող մարտահրավերներին պայմաններում Վարդանյանը փոխանցեց արցախահայության հույսերը, մինչ նա շրջում է տարածքով և զրուցում տարբեր գյուղերում ընտանիքների հետ, ովքեր վերահաստատում են իրենց ուժն ու կարողությունը՝ շարունակելու ապրել դժվարին պայմաններում։
Վարդանյանը եզրափակեց՝ «Արցախահայերը կիսում են անցյալի արժեքներն ու կարևորությունը, բայց պատրաստ են պայքարել իրենց ապագայի համար»։