ՀՀ ԳԱԱ-ում ԿԳՄՍ նախարարին են ներկայացվել գիտական հանրությանը հուզող հարցերը

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Սույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ համակարգի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանին ԳԱԱ այցելելու հրավերն ընդունելու համար: Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ խնդիրներին, որոնք հուզում են գիտական հանրությանը: «Մենք մշակել ենք բարեփոխումների ծրագիր, որն, անշուշտ, պետք է մեր պետությանը զարգացման և հզորացման համար՝ որպես կարևորագույն խթան: Ցավոք սրտի, այդ ծրագիրը մեծամասամբ չի հաջողվել իրականացնել, քանի որ այն հիմնականում կապված է կանոնադրական փոփոխությունների հետ, ինչը պահանջում է օրենքի փոփոխություն, որն առ այսօր չի կատարվել: Այսօր Գիտության կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հուսով ենք, որ այն կընդունվի, և մենք վերջապես կսկսենք գլոբալ փոփոխությունները, որոնք ծրագրել էինք»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը նշեց, որ ակադեմիայում ստեղծվել է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման բաց հարթակ, որտեղ քննարկումները շարունակական բնույթ են կրելու:

«Քննարկումներն այսօր վերաբերում են ակադեմիայի համակարգի բարեփոխումներին՝ ներառյալ նախագահության կառուցվածքի, կառավարման համակարգի և համակարգի կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմների բարեփոխումները: Հարթակին ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես ինստիտուտների տնօրենները, այնպես էլ առաջատար գիտնականները, ովքեր առաջարկում են իրենց տեսլականն ակադեմիայի գործունեության վերաբերյալ: Բավականին առաջադեմ առաջարկություններ են եղել, որոնց գերակշռող մասը համապատասխանում է մեր բարեփոխումների ծրագրին: Դրանց մեջ կան նաև նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, որոնք կքննարկվեն, և արդյունքում կկազմավորվի բարեփոխումների համակարգված մոդել, որը հիմք կընդունվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության ձևավորման ժամանակ: Դա կիրականացվի օրենքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: Առաջարկությունները վերաբերում են ակադեմիայի համակարգի երիտասարդացմանը, կառավարման մոդելի արդիականացմանը, որն ավելի հստակ կարտացոլի ակադեմիայի բաժանմունքների դերը՝ որպես ինստիտուտների գործունեության համակարգող, նաև միջազգային գործունեության ակտիվացմանը, գիտակրթական բաղադրիչի հզորացմանը և այլն: Այդ քննարկումները շարունակական են լինելու, և պարբերաբար անդրադառնալու ենք գիտության, կրթության ոլորտների արդիականացման մարտահրավերներին»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Նա նշեց, որ այսօր ակադեմիայի բաժանմունքներն ակտիվ աշխատում են իրենց համակարգի ինստիտուտների հետ գլոբալ գիտահետազոտական և գիտաարտադրական բնույթի ծրագրերի ձևակերպման ուղղությամբ: Ծրագրեր, որոնք ուղղված են պետության հզորացմանը, տնտեսության զարգացմանը, պաշտպանության համակարգի ուժեղացմանը։ «Բոլոր բաժանմունքների ինստիտուտների հետ անցկացվել են քննարկումներ և որոշվել են այն ծրագրերը, որոնք առավել կարևոր և հրատապ են այսօր մեր պետության համար: Այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք, և այս տարվա ընթացքում պարբերաբար ՀՀ կառավարություն կներկայացվեն մի շարք ծրագրեր»,- ասաց Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց կարևոր նախաձեռնության մասին՝ ստեղծել հետազոտական համալսարան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա: «Դժվար գործ է, բայց մենք ի զորու ենք դա կատարել, եթե լինի աջակցություն նախարարության կողմից»,- ասաց նա։ Աշոտ Սաղյանն անդրադարձավ գիտական կադրերի երիտասարդացման խնդրին, միջազգային համագործակցության խորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Երբ Ադրբեջանի նախագահը հրահանգեց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ստեղծել հատուկ բաժիններ, որոնք պետք է զբաղվեն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարը գիտականորեն հիմնավորելու և կյանքի կոչելու հարցերով, մենք անմիջապես արձագանքեցինք և առաջարկությամբ դիմեցինք ՀՀ վարչապետին, որպեսզի մեր երեք՝ Պատմության, Արևելագիտության և Հնագիտություն և ազգագրության ինստիտուտների գիտական ներուժի հենքի վրա ստեղծվի հատուկ բաժին՝ ադրբեջանական սանձազերծումներին հակազդելու համար: Այսօր այդ ուղղությամբ աշխատում ենք Անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ»:

Աշոտ Սաղյանը վստահեցրեց. «Մենք ունենք կամք և կարողություններ ակադեմիան բարեփոխելու: Դրա համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու համար: Բարեփոխումների արդյունքում մենք կունենանք այն ակադեմիան, որն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, պաշտպանության ուժեղացմանը և գիտահետազոտական ներուժի հզորացմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց. «Մեր օրակարգի շատ կարևոր մաս է գիտության ոլորտի զարգացումը: ՀՀ կառավարության ծրագիրը շատ ուղիղ թիրախներ է սահմանում թե՛ ոլորտի ֆինանսավորման էական ավելացումների, թե՛ երիտասարդ գիտնականների խրախուսման և թե՛ ոլորտի միջազգայնացման առումով»: Ըստ նախարարի՝ կարևորագույն սկզբունքը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականություն ունենալն է: «Այսօր մեր բոլոր համալսարաններում գիտահետազոտական բաղադրիչի ուժեղացման կարիք կա, և այս համատեքստում շատ կարևոր են համատեղ ծրագրերը ԲՈՒՀ-երի և գիտական ինստիտուտների միջև»,- ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը կարևորեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ այն լրամշակման կարիք ունի: «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նպատակը և տեսլականը մեկն է. յուրաքանչյուր մարդ ունի տաղանդներ, կարողություններ, և կրթական համակարգը պետք է ուղղված լինի դրա բացահայտմանը, և յուրաքանչյուր կառույցի ռեսուրսը պետք է օգտագործվի»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ ակադեմիայի ներկայացրած մոտեցումները լավ հիմք են ստեղծում, որպեսզի գտնվի աշխատանքի այն ձևաչափը, որը համահունչ է ընդհանուր քաղաքականությանը։ «Մենք հակված ենք բաց խոսակցությանը, որևէ խնդիր չեմ տեսնում, որ այն փորձագիտական դաշտում, ինչպիսին ես համարում եմ ակադեմիան, մենք կարողանանք ունենալ այդ քննարկումը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ ակադեմիական ինստիտուտների ԲՈՒՀ-երի հետ հնարավոր միավորման հարցին: «Գիտնականի համար էական նշանակություն ունի ակադեմիական այն միջավայրը, որը տասնամյակների ընթացքում ձևավորվել է ԳԱԱ-ում, այստեղ ստեղծվել է գիտական մթնոլորտ, որը նպաստում է գիտությամբ զբաղվելու համար: Կարծում ենք՝ նման պայմաններում, երբ Հայաստանը լուրջ խնդիր ունի բարձրագույն կրթության ոլորտում, ակադեմիական ինստիտուտների միավորումը ԲՈՒՀ-երի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը՝ շեշտելով, որ ԳԱԱ-ն ազգային արժեք է և որոշակի բարեփոխումներից հետո կարող է էլ ավելի լավ գիտական արդյունքներ ցույց տալ։ «ԲՈՒՀ-երին ԳԱԱ ինստիտուտների միավորելու միտումը դիտարկում ենք անհեռանակարային, անկանխատեսելի և չգնահատված ռիսկային գործընթաց, որի հետևանքով կարող ենք զրկվել և՛ ԳԱԱ-ից, և՛ գիտության առաջընթացի հնարավորությունից»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը նշեց, որ երկրի տնտեսության զարգացման հիմքում նորարարություններն են, բարձր տեխնոլոգիական մշակումները: Դրանց հիմքում գիտությունն է՝ իր կիրառական մշակումներով: «Մենք պետք է կարողանանք ճիշտ համադրել կրթությունն ու գիտությունն առանց կորուստներ ունենալու։ Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ, պետք է էվոլուցիոն զարգացում լինի, բայց կտրուկ մոտեցումներով, քայլերով և շատ լուրջ հիմնավորված»,- ասաց Արամ Պապոյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը նշեց, որ պետք է ցանկացած բարեփոխումից առաջ ունենալ հայեցակարգ: «Միայն հայեցակարգի մշակումից հետո կարող ենք փոփոխություններ կատարել։ Քանի դեռ մենք կոպիտ սխալներ չենք գործել, սկսենք իրականացնել այդ աշխատանքները»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Վրաստանի գիտության ոլորտի բարեփոխումների ձախողված փորձը: «Հնագիտության և ազգագրության, ինչպես նաև պատմության հսկայական ինստիտուտներ ունեին՝ մոտ 300 գիտաշխատողով։ Երբ այն միավորեցին պետական համալսարանի հետ, մնաց 32 գիտաշխատող։ Ինչո՞ւ ԲՈՒՀ-ը չի գալիս իր գիտական կառույցով դեպի ակադեմիա։ Խոսքը վերաբերում է ասպիրանտուրային և դոկտորանտուրային», – ասաց Աշոտ Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն առաջարկ ներկայացրեց. «Քանի որ աներկբա է, որ գիտության համակարգը շատ ավելի կայացած է, քան ԲՈՒՀ-ականը, ապա ես առաջարկում եմ ԲՈՒՀ-ական ինստիտուտների հոգեբարձուների խորհուրդը գիտական մասով հանձնել ակադեմիային, ինչը կարող է լինել նորարարություն»:

Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Իր ամփոփիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չկա կայացված որոշում մեթոդների վերաբերյալ, կա կայացված որոշում, որ պետք է լինի փոփոխություն։ «Ես կարծում եմ, որ այս խոսակցությունները պետք է շարունակական լինեն, և ես պատրաստ եմ»,- ասաց նա»,- ասված է հաղորդագրությունում։