Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և այլ պաշտոնատար անձինք:

Միջոցառման սկզբում դահլիճ են բերվել Հայաստանի Հանրապետության պետական, Զինված ուժերի մարտական և Հայոց բանակի պահապան՝ Սուրբ Աշոտ Երկաթ դրոշները, որից հետո հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին:

Ելույթով նախ հանդես է եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այնուհետև ներկաներին է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Պաշտպանության հարգելի նախարար,
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ,
Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Հարգելի ներկաներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի ձևավորման 31-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ առաջին հերթին բոլորիս մաղթել կամք, որը հենված է իմացության վրա։ 31 տարիների պատմությունը վերլուծելով՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ բանակի և պետության որակական կապը շատ ուղիղ է։ Այս կապը մեզ պիտի պարտադրի, որպեսզի բանակի և պետության որակի զարգացումը մեր ամենօրյա աշխատանքը լինի։ Բայց սրա համար մենք պետք է առերեսվենք խնդիրներին։ Երբեմն հաճախ ու շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ։ Իրականությունն այդպես չէ, եթե նույնիսկ մենք խորացել ենք այդ պրոբլեմների մեջ` չենք առերեսվել դրանց: Կարծում եմ, որ մենք հենց այստեղից պետք է սկսենք, որովհետև մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն իմացության և ճանաչողության վրա։ Մենք պետք է ճանաչենք մեր խնդիրների, մեր բոլոր ձախողումների և մեր բոլոր հաջողությունների էությունը։

Այս առումով, ուզում եմ ընդգծել և նաև կիսել ձեզ հետ մեր մտքերի ընթացքը։ Բանակն առաջին հերթին հենված է սպայի ինստիտուտի վրա։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ սպայական կոչման և սպայական աշխատանքի վարկը պետության անվտանգության խնդիր է։ Սպան չի կարող չապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Սա պետք է լինի մեր ամենակարևոր արձանագրումը, որովհետև սպան պետության հենասյունն է, ընդ որում, բանակի սպան, հատուկ ծառայությունների սպան, ոստիկանության սպան։ Այստեղից են, որ սկսում են մեր բոլոր պրոբլեմները, որովհետև մեզ թվացել է, թե մենք կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ և հարթություն։

Հայաստանի Հանրապետությունում սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ։ Սա է մեր մարտավարական նպատակը և այս խնդրով ենք մենք առաջնորդվելու։ Բայց սպա լինելը պետք է նշանակի առանձնահատուկ որակների կրում, սպա լինելը պետք է լինի առանձնահատուկ առաքելության գիտակցում և պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտությունների իմացություն։ Այս իրողությունները պետք է սերտորեն կապված լինեն իրար հետ։ Եվ մենք Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում հենց այս բանաձևն ենք դնում։ Սպայի պրոֆեսիոնալ իմացությունը, հմտությունը և նրա ընտանիքի բարեկեցությունը՝ սկսած սոցիալական երաշխիքների համակարգից, բնակարանային ապահովության համակարգից, շարունակած նրանց ընտանիքի անդամների, երեխաների կրթության հնարավորություններով, որովհետև պետք է հասկանանք, երբ մարդը ծառայում է Հայրենիքին` սպայի կարգավիճակում, նա սովորականից ավելի պակաս ժամանակ է տրամադրում իր ընտանիքին։ Մենք պետք է առերեսվենք այս պրոբլեմների հետ և այնպես անենք, որ այս իրողությունը նեգատիվ ազդեցություն չունենա ընտանիքի բարեկեցության և երեխաների հետագա ճակատագրի, կրթության հարցերում։ Պետությունն այստեղ պետք է կանգնած լինի սպայի կողքին, կրկնում եմ՝ միևնույն ժամանակ, որևէ կոմպրոմիսի չգնալով սպայի որակական հատկանիշների առումով։

Հաջորդը` զինվորի պրոֆեսիոնալ կարողություններն ու հմտություններն են. այստեղ նույնպես նույն չափանիշները պիտի գործեն` մի փոքր այլ հարթության մեջ։ Մենք կարծում ենք՝ այն գործընթացը, որ սկսել ենք Զինված ուժերում, պիտի բերի մեր խնդիրների կատարմանը։

Ընդհանուր առմամբ պիտի արձանագրեմ, որ զինվորական ծառայությունը, իհարկե, առաջին հերթին կարգապահությունն է, ինձնից սկսած` բոլորովս ավարտած։ Մենք պետք է հայրենասիրության մեր մոդելի մասին մտածենք։ Մենք պետք է ի վերջո հրաժարվենք կենացային հայրենասիրությունից, երբ ճառերը և իրականությունը կիլոմետրերով շեղված են իրարից։ Այսօր էլ մենք բախվում ենք այդ խնդրի հետ։ Եվ սա այն ֆունդամենտալ պրոբլեմներից է, որը մենք պետք է ի վերջո կարողանանք լուծել:

Դահլիճում ներկա են կին զինծառայողներ, ես ուզում եմ նախ առանձնահատուկ ընդգծել նրանց ծառայությունն ու ներկայությունը: Մենք Զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանը պետք է մեծացնենք, այդ թվում և առավել ևս մարտական ծառայության ոլորտում: Եվ սա Զինված ուժերի բարեփոխումների մեր հաջորդ կարևոր ուղղությունն է:

Նաև մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ չենք ընկալել, որ բանակն ինքնին անվտանգության ապահովման գործում չի կարող միայնակ իրագործել այդ խնդիրը, եթե չունի շարունակություն: Այս առումով, ուզում եմ ընդգծել այն բարեփոխումները, որ նախաձեռնել ենք պահեստազորի կառավարման կամ պատրաստության առումով: Մի քանի անգամ խորհրդակցություններ ունեցել ենք, և ես ընդգծել եմ՝ այն մարտունակությունը, որ ունենք բանակում, զինծառայողների շրջանում, պետք է այսպես ասած, արտապատվիրակենք, փոխանցենք պահեստազորին: Իսկ բանակում զինծառայության մեջ գտնվող սպաների և զինծառայողների մարտունակությունը պիտի լինի նոր որակի, որը շատ դեպքերում մեզ նույնիսկ անծանոթ է: Մենք այս խնդիրները լուծելու պարագայում է, որ կունենանք նոր իրավիճակ, և մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև աշխարհազորի կայացումը որպես ինստիտուտ: Նաև հիմա շատ տարածված է և դա վատ չէ, այս օրերին մեզ օգնում են կամավորներ, տարբեր կազմակերպություններ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց դրա համար, բայց մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ երկրում չեն կարող լինել բանակներ, երկրում կարող է լինել բանակ: Եվ բոլոր նրանք, ովքեր այս կարգի ծառայություն են մատուցում, ինչի համար մենք շնորհակալ ենք, պետք է միանշանակորեն և աներկբա տեղավորվեն հրամանատարական ուղղահայացի մեջ, և այդտեղ որևէ այլընտրանք և որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ուզում եմ, որ մենք շատ հստակ գիտակցենք:

Բանակը նաև գործում է ըստ այն հնարավորությունների, որը ստեղծում է տնտեսությունը: Եվ այստեղ էլ ուզում եմ կապը տեսնենք, որովհետև մենք բանակում բարեփոխումներ, սպառազինության ձեռքբերումներ իրականացնում ենք այնքանով, ինչքանով դրա հնարավորությունը տալիս է պետական բյուջեն: Իսկ պետական բյուջեն գեներացվում է տնտեսվարողների գործունեության և նրանց կողմից վճարվող հարկերի հաշվին:

2023 թվականին մենք 2018 թվականի համեմատությամբ 113 տոկոսով ավելացրել ենք պաշտպանական ծախսերը: Այդ ծախսերի մի մասը գնալու է զինծառայողների սոցիալական ապահովությանը, աշխատավարձերի բարձրացմանը, մյուս մասը՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին, մյուս մասը՝ ինժեներական աշխատանքներին և այլն: Եվ ես ուզում եմ նաև այս դահլիճում շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում և օրենքով սահմանված կարգով հարկեր են վճարում պետությանը: Ընդհանրապես և այդ թվում անվտանգության ոլորտում շատ կարևոր է, որ կարողանանք փոխել հարկ վճարելու ընկալումը մարդկանց կողմից, որովհետև դարձյալ կրկնում եմ՝ սխալ է այն ընկալումը, թե պետությունը մարդկանցից վերցնում է այդ գումարը հարկի տեսքով: Ո՛չ, երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը, որովհետև վճարված հարկերի հաշվին է ապահովվում երկրի անվտանգությունը, կառուցվում ճանապարհներ, դպրոցներ և այլն: Ոչ ոք ինքն իր համար ճանապարհ չի կառուցելու, ոչ ոք ինքն իր համար անվտանգություն չի ապահովելու, ոչ ոք ինքն իր համար իրավակարգ չի ապահովելու, և այս առումով, շատ կարևոր է այս հարաբերությունների ճիշտ կառուցումն առաջին հերթին գաղափարական հարթության վրա:

Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տերապետելով: Սակայն դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը:

Եվ ի վերջո ուզում եմ մեր բոլոր սպաներին, գեներալներին, զինվորներին, շարքայիններին, քաղաքացիական ծառայողներին, ովքեր ազնիվ և անձնվեր ծառայություն են մատուցում Հայրենիքին, շնորհակալություն հայտնել այդ առիթով: Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնում, և ինչպես կանցնենք այդ ճանապարհը՝ կախված է մեզնից, բացառապես մեզնից և մեր կամքից, մեր հավատից, մեր նվիրումից, մեր ազնվությունից:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում և կրկին շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայում են ոչ միայն և ոչ այնքան գործի, աշխատանքի բերումով, այլ նաև հոգու, սրտի, հավատի և առաքելության գիտակցությամբ:

Շնորհակալ եմ բոլորիցդ և շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի 31-րդ տարեդարձի առիթով»:

Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույն ճանաչված զորամասերն ու ստորաբաժանումները: Առաջիկայում տեղի կունենան վերջիններիս պատվո դրոշների փոխանցման արարողությունները: Միջոցառումն ավարտվել է ՀՀ Զինված ուժերի օրհներգի կատարմամբ: