Ո՞ր դեպքում կարող էր բողոքարկվել չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը․ Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշում է հայտնել

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշում է հայտնել նախկին քրեական դատավարության օրենսգրքի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի դատական բողոքարկման հետ կապված՝ սահմանելով ուղենիշներ, թե ո՞ր դեպքում կարող էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատական վերահսկողության առարկա լինել։

Որոշումը կայացվել է 2019 թվականին հարուցված մի քրեական գործով, որով մեղադրյալն արդեն արդարացվածի կարգավիճակ ունի։ Խոսքը Չարենցավանի դպրոցներից մեկի նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանի մասին է։

Կոտայքի մարզում քննվող քրեական գործերից մեկով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Կարապետյանի նկատմամբ 2019-ին որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ պատճառաբանությամբ, որ Կարապետյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, իսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն իրավազոր է կանխելու վերջինիս ոչ պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում, ապահովելու դատավճռի կատարումը։

Մեղադրյալի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը նախաքննության մարմնի վերը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին, որը մերժվել է, և փաստաբանը դիմել է դատարան՝ վիճարկելով խափանման միջոց կիրառելու և՛ պայմանի, և՛ հիմքերի առկայությունը։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, վարույթն իրականացնող մարմնի համար սահմանվել է պարտականություն՝ վերացնելու մեղադրյալի իրավունքների և ազատությունների խախտումը։

Դատական ակտում դատարանը նշել է, որ նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է, թե քրեական գործի նյութերը հանդիսանում են նախաքննական գաղտնիք և նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը, հետևաբար՝ քրեական գործից չի կարող դատարանին ներկայացնել Լուսինե Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ:

«Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հնարավոր չէ արձանագրել և հաստատված համարել խափանման միջոց կիրառելու պայմանի՝ Լուսինե Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը»,- փաստել է դատարանը:

Նկատի ունենալով, որ պաշտպանի բողոքում վիճարկվել է նաև խափանման միջոցը կիրառելու հիմքերի իրավաչափությունը՝ դատարանն անդրադարձել է նաև այդ հարցին:

Ըստ դատարանի մեկնաբանության՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման նպատակը բացառապես քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ներկայության ապահովումն է, քանի որ դրա կիրառմամբ սահմանափակվում է բացառապես անձի ազատ տեղաշարժման իրավունքը: Այլ կերպ ասած՝ այս խափանման միջոցի ընտրությամբ՝ կասկածյալի կամ մեղադրյալի վրա կարող է դրվել ընդամենը մեկ պարտականություն, այն է՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չմեկնել այլ տեղանք կամ չփոխել բնակության վայրը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին: Մինչդեռ, բողոքարկվող որոշմամբ քննիչը հետևություն է կատարել այն մասին, որ Լուսինե Կարապետյանը կարող է դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը և եզրահանգել է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է կանխել նրա ոչ պատշաճ վարքագիծը:

Դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը չի կարող հիմք ծառայել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու համար, քանի որ օրենքով նման բան նախատեսված չէ:

Բացի այդ, դատարանի գնահատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի կարող չեզոքացնել դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ըստ այդմ՝ այդպիսի ռիսկի առկայության պայմաններում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը գործի քննության ընթացքում:
Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ դատական նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը հայտարել է, որ Լուսինե Կարապետյանի թաքնվելու կամ նրա կողմից բնակության վայրը փոխելու մասին հետևություններ կատարելու համար փաստական տվյալներ առկա չեն:

Այսպիսով՝ առաջին ատյանի դատարանը գտել է, որ խափանման միջոցի կիրառման հիմքում վարույթն իրականացնող մարմինը դրել է ոչ իրավաչափ հիմք, կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում, որի արդյունքում խախտվել է Լուսինե Կարապետյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին՝ որոշումը թողնելով ուժի մեջ։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որը վարույթ է ընդունվել։

Վճռաբեկ դատարանի

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հարցի կապակցությամբ առկա է հակասական իրավակիրառ պրակտիկա և այս խափանման միջոցի իրավաչափության վիճարկման կառուցակարգի հստակեցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր, ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

Վճռաբեկը քննարկման առարկա է դարձրել ստորագրություն խափանման միջոցի դերն ու իրավական նշանակությունը քրեական արդարադատության համակարգում։

Ըստ Վճռաբեկի հայտնած դիրքորոշման՝ չհեռանալու մասին ստորագրությունն ունի անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտություն։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ չհեռանալու մասին ստորագրությունն, ըստ էության, արտահայտում է գրավոր եղանակով ամրագրված անձի «խոստումն» առ այն, որ նա պարտավորվում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամանակահատվածում գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ։ Այն հոգեբանական հարկադրանքի միջոց է, որը գրավոր եղանակով տրված՝ չբացակայելու «խոստման» ուժով կաշկանդում է մեղադրյալին մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Ուստի՝ ի տարբերություն ֆիզիկական հարկադրանքի միջոցների, օրինակ՝ անձի ազատության իրավունքը սահմանափակող՝ կալանավորում խափանման միջոցի, չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոց, ինքնին չի հանգեցնում անձի հիմնարար իրավունքի խախտման։

«Նման պայմաններում, նկատի ունենալով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրվում է անձի առերևույթ խախտված իրավունքների առկայության դեպքում՝ խախտումը վերացնելու նպատակով, իսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձի՝ չհեռանալու մասին «խոստումը» ինքնին չի վկայում այդպիսի խախտման առերևույթ առկայության մասին, այն չի կարող դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։ Այլ կերպ՝ քրեական վարույթի ընթացքում չհեռանալու մասին ստորագրություն տված անձը չի կարող պարզապես բողոք ներկայացնել դատարան՝ պահանջելով վերացական վերահսկողության ենթարկել իր կողմից տրված ստորագրության ուժով կիրառված խափանման միջոցի իրավաչափությունը։ Վերացական վերահսկողության պարագայում բացակայում են դրա կիրառման իրավաչափությունը ստուգման ենթարկելու ելակետային տվյալները, որպիսի պայմաններում անհնար է դառնում գործադրել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը»,- գրված է դատարանի որոշման մեջ;

Դատարանը կարևոր է համարում անդրադառնալ կոնկրետ վերահսկողության այն դեպքերին, երբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ սահմանափակվում է անձի՝ այլ տեղանք մեկնելու, մշտական բնակության վայրը փոխելու կամ ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ անձի՝ ՀՀ պետական սահմանը հատելու հնարավորությունը՝ հանգեցնելով անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման։ Այս պարագայում անձն իրավասու է բարձրացնել իր նկատմամբ կիրառված արգելքի իրավաչափության հարցը՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի առերևույթ խախտման առկայության ուժով։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև ինչպես կալանավորումը, այնպես էլ չհեռանալու մասին ստորագրությունը ներառված են քրեադատավարական խափանման միջոցների նույն համակարգում և միտված են միևնույն նպատակին՝ անձի ոչ պատշաճ վարքագծի կանխմանը, սակայն, ելնելով դրանց ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջներն անհամեմատելիորեն տարբեր են։ Չհեռանալու մասին ստորագրությունը վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու պարտավորության իրականացման երաշխիք է, և դա ստուգման ենթարկելիս
դատարանի խնդիրը պետք է լինի պարզել, թե արդյոք մեղադրյալն իրական շահագրգռվածություն ուներ լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը) կամ իրականում ձգտել է հեռանալ, և եթե այո, արդյոք իրավաչափորեն է դա մերժվել։

Նման պարագայում, դատարանը պետք է ա) ուսումնասիրի մեղադրյալի՝ մշտական բնակության վայրը փոխելու կամ երկիրը լքելու պատճառները, բ) գնահատի դրանց հարաբերակցությունը գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի հետ, և գ) որոշի, թե արդյո՞ք դրանք այն աստիճան ծանրակշիռ են, որ գերակայում են հանրային շահի պաշտպանության նկատմամբ, կամ եթե ծանրակշիռ չեն, արդյո՞ք վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի հետագա գտնվելու անհրաժեշտության պահանջը շարունակում է արդարացված լինել։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացական վերահսկողության առարկա դառնալ չի կարող։ Այն կարող է կոնկրետ վերահսկողության ենթարկվել, երբ, ելնելով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունից, մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը) կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն։ Նման պայմաններում կարող է գնահատման ենթարկվել գործի պատշաճ քննության ապահովման համար հանրային շահի և մեղադրյալի ազատ տեղաշարժվելու մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանների և հիմքերի վերաբերյալ օրենսդրական պահանջները և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված մոտեցումները մեխանիկորեն կիրառել են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի նկատմամբ, իրենց դատական ակտերում չեն անդրադարձել այն հարցին, թե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում Լուսինե Կարապետյանի նկատմամբ կիրառված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը նրա կոնկրետ ո՞ր իրավունքի խախտման է հանգեցրել։
Փոխարենը քննարկման առարկա են դարձրել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվելու «խոստման» շրջանակներում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը, վերագրել դրան կալանավորման կիրառման բոլոր հնարավոր պայմանները, այնուհետև, հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրելու պարագայում անցել են հիմքերի առկայության հարցի քննարկմանը։ Մինչդեռ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառողը դատարանն է, չհեռանալու մասին ստորագրության դեպքում, դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակներում, կարող է լինել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ կիրառված խափանման միջոցի իրավաչափության ստուգողը՝ անձի իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումը վերականգնելու համատեքստում։
Նման պայմաններում, ըստ Վճռաբեկի, դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից, և իրենց դատական ակտերում չեն անդրադարձել այն հարցին, թե տվյալ դեպքում արդյոք առկա՞ էր անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ միջամտություն, արդյոք դիմողն ունե՞ր իրական շահագրգռվածություն փոխելու բնակության վայրը կամ լքելու իր բնակության երկիրը, և արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվե՞լ էր այդպիսի թույլտվություն ստանալու նրա խնդրանքը, այլ ստորադաս դատարանների կողմից իրականացվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացական վերահսկողություն, առանց հիմնավորելու, որ տվյալ դեպքում կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է։

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների պատճառաբանություններն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Լուսինե Կարապետյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է, հիմնավոր չեն և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Նշենք, որ Քրեական դատավարության այժմ գործող օրենսգրքով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն, ըստ էության, փոխարինվել է բացակայելու արգելք խափանման միջոցով։ Ըստ Քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի` օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ, ապա իրավասու մարմինը կարող է որոշում կայացնել նրա` Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին:
Քրեական դատավարության գործող օրենսգրքի 299-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մինչդատական ակտը դատարան բողոքարկման ենթակա է։ Այսինքն՝ բացակայելու արգելք խափանման միջոցը բողոքարկման ենթակա է։

Թե այս դեպքում ստորագրություն խափանման միջոցի դատական բողոքարկման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումն ինչ իրավական ազդեցություն կունենա բացակայելու արգելք խափանման միջոցի դատական բողոքարկման և դրա արդյունքում կայացվող որոշուների վրա, ցույց կտա իրավակիրառ պրակտիկան։

Արաքս Մամուլյան