Կոպիտ անփութությո՞ւն, թե՞ քաղաքական հետապնդում․ հրապարակվել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման տեքստը

Լուրեր

16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կայքում տեղադրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին Խորհուրդը, քննելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը, որոշել էր նրա լրազորությունները դադարեցնել։ Սա դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ամենախիստ միջոցն է։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել «iravaban.net» լրատվական կայքում 2022 թվականի հուլիսի 25-ին հրապարակված տեղեկությունը, որը վերցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան էջից։ Դրանում Պապոյանը հայտնել էր, որ պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը Փիլոսյանը տրամադրել է  վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ՝ միայն դիմումի հիման վրա, և այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը 2022 թվականի հուլիսի 27-ին հրապարակման մասին զեկուցագիր էր ներկայացրել, և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։

Նշենք, որ դատավոր Փիլոսյանը ԱՀ նախկին ՄԻՊ, վերջին տարիներին ընդդիմադիր գործունեությամբ հայտնի Ռուբեն Մելիքյանի կինն է։ Կարգապահական վարույթի մասին հայտնի դառնալուց հետո իրավական շրջանակներում քննարկումներ եղան, թե դատավորի նկատմամբ սկսված գործընթացը կապված է Ռուբեն Մելիքյանի գործունեության հետ։ Ինքը՝ Մելիրքյանը դա դիտարկեց որպես իրեն հարվածելու փորձ։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսին դատական նիստերի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նրա կալանքի որոշումը կայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը (լիազորությունները կասեցված են)։ Գրիգորյանի պաշտպանը Ռուբեն Մելիքյանն էր, որը սուր քննադատության ենթարկեց Արուսյակ Ալեքսանյանին։ Դրանից շատ չանցած՝ Արուսյակ Ալեքսանյանը մերժեց առողջական խնդիրներ ունեցող մեկ այլ անձի կալանքի վերաբերյալ միջնորդություն, ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը մտերիմ է Արուսյակ Ալեքսանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գովասանքի խոսքեր գրեց դատավորի վերաբերյալ, ինչի համար նրան քննադատեցին։ Ֆեյսբուքյան տիրույթում քննարկումներ ծավալվեցին ընկերությունը կամ ճշմարտությունն ընտրելու շուրջ, ինչը լարված հարաբերություններ առաջացրեց Ռուբեն Մելիքյանի և Էրիկ Ալեքսանյանի միջև։ Այս ընթացքում Գայանե Պապոյանը, որը Էրիկ Ալեքսանյանի հետ մտերիմ է,  Աննա Փիլոսյանի վերաբերյալ գրառում արեց ու իրավապաշտպանի կնոջ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց, որը դիտարկվեց որպես Մելիքյանի դեմ քայլ։

Այն բանից հետո, երբ դատավոր Փիլոսյանի  լրազորությունները դադարեցնելու որոշում կայացվեց, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքեց իր ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին։

«Ասեմ շատ կարճ ու հստակ․ անձնական (ընտանեկան) դաշտ մտնելու կանոններով երբեք չեմ ապրել, առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է կնոջը։ Ասելիք ունենալու դեպքում խոսում եմ (պատրաստ եմ խոսել) ուղիղ ու անմիջական հասցեատիրոջ հետ։ Աննա Փիլոսյանի դեմ վարույթ հարուցելու գործընթացները ուղղակի կամ անուղղակի իմ հետ կապելը պարզապես դուրս է նվազագույն բարոյական մարդու՝ իմ ունեցած ընկալումից։ Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը (անհամաչափ տույժի նշանակումը) խիստ անընդունելի է և, իմ համոզմամբ, պայմանավորված է բացառապես նրա ամուսնու՝ Ռուբեն Մելիքյանի ակտիվ հասարակական և իրավապաշտպան գործունեությամբ։ Վերահաստատում եմ, որ փաստաբան Գայանե Պապոյանը իմ ընկերն է. մշտապես եղել եմ ու կլինեմ ընկերներիս կողքին»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը։ Գայանե Պապոյանն էլ  կարծիք էր հայտնել, թե դատավորի նկատմամբ կարգապահական  վարույթը ոչ թե իր հաղորդման, այլ մամուլի հրապարակման առթիվ է հարուցվել։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը 

Կարգապահական գործում առկա տվյալների համաձայն՝ Գայանե Պապոյանի գրառումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը 2022 թվականի հուլիսի 28-ի գրությամբ Պապոյանին  առաջարկել է մանրամասներ հաղորդել, այսինքն՝ հայտնել դատավորի կողմից պարզեցված վարույթի կարգով քննված գործի համարը և հնարավորության դեպքում տրամադրել գործի վերաբերելի նյութերը, այդ թվում՝ համապատասխան դատական ակտերը: Նշվածին ի պատասխան փաստաբան Գայանե Պապոյանը 2022 թվականի օգոստոսի 24-ի գրությամբ հայտնել է հիշատակված քաղաքացիական գործի համարը, և ի լրումն փաստական տվյալներ է ներկայացրել թվով 3 քաղաքացիական գործերով դատավոր Աննա Փիլոսյանի թույլ տված առերևույթ խախտումների վերաբերյալ:

ԲԴԽ ներկայացված միջնորդության մեջ նշվել է, որ դատարանը թույլ է տվել դատավարական ժամկետների հետևյալ խախտումները. 

Թիվ ԵԴ/18537/02/20 գործով 2020 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը հրապարակվել է և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության  կողմից ստացվել է շուրջ մեկուկես տարի անց: 

Թիվ ԵԴ/9653/02/21 գործով 2021 թվականի հուլիսի 23-ի վճիռը հրապարակվել է և հայցվորի կողմից ստացվել է շուրջ մեկ տարի անց:

Թիվ ԵԴ/30517/02/20 գործով 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը հրապարակվել է և հայցվորի կողմից ստացվել է շուրջ մեկուկես տարի անց: 

Թիվ ԵԴ/12290/02/20 նշված գործով 2020 թվականի սեպտեմբերի 4-ի վճիռը հրապարակվել է և հայցվորի կողմից ստացվել է ավելի քան երկու տարի անց:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Այսինքն՝ ըստ նախարարության վերը նշված գործերով դատարանի կողմից չեն պահպանվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները։

Այս ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: Հայցվորը տևական ժամանակ օբյեկտիվորեն զրկված է եղել իր մասնակցությամբ գործերով վճիռները բողոքարկելու իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից, ստեղծված իրավիճակը հայցվորի համար առաջացրել է նաև նյութաիրավական հետևանքներ․ վերջինս տևական ժամանակ զրկվել է գումարի բռնագանձման պահանջի իրավունքի իրականացմամբ իրեն հասանելիք ֆինանսական միջոցները վերադարձնելու հնարավորությունից 

«Ավելին, թիվ ԵԴ/18537/02/20 քաղաքացիական գործով պատասխանող «Դավիթ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը սնանկ է ճանաչվել (թիվ ՍնԴ/1813/04/21 սնանկության գործ), ինչը հայցվորի համար իրեն հասանելիք ֆինանսական միջոցները վերադարձնելու հնարավորության տեսանկյունից առաջացրել է ոչ միայն ժամանակային սահմանափակումներ, այլև՝ էական դատավարական խոչընդոտներ՝ Հայցվորի՝ նշված սնանկության գործով որպես պարտատեր իր պահանջը գրանցելու և դրա բավարարում ստանալու տեսանկյունից»,- նշված է նախարարության միջնորդության մեջ։

Հղում կատարելով դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներին՝ վարույթ հարուցող մամինը նշել է, որ  դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների:

Տվյալ դեպքում, ըստ նախարարության, դատարանի  գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունեցել  դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցրել է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկել  դատական իշխանությունը:

Անդրադառնալով մեղքի ձևին՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ խախտումները դատավորի կողմից կատարվել են կոպիտ անփութությամբ։ 

Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Կարգապահական վարույթի շրջանակում դատավորը բացատրություն չի ներկայացրել վարույթ հարուցող մարմնին և պատասխան՝ խորհրդին, սակայն ԲԴԽ նիստի ընթացքում հանդես է եկել եզրափակիչ ելույթով։

Աննա Փիլոսյանը, վկայակոչելով դատավորների թվակազմի և ստացված գործերի քանակի վերաբերյալ տվյալներ, նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարող դատավորը ծանրաբեռնված է թույլատրելիից առնվազն եռակի ավելի։

Դատավորը ներկայացրել է 2020-2022թթ. իր կողմից ստացված գործերի և բողոքարկված դատական ակտերի վերաբերյալ քանակական տվյալներ։ Ըստ այդմ՝ դատավոր Փիլոսյանի վարույթում գտնվող գործերից 2020 թ․-ին դատական քննության առարկա է դարձվել 1530 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 1019-ը, 2021 թ.-ին՝ 2663 քաղաքացիական գործից՝ 1638-ը, քննվել և լուծվել են 1027 արբիտրաժային գործեր, 1765 վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներ։ 2022 թվականի դեկտեմբերի  դրությամբ ստացվել է 2182 գործ, ևս 1012-ը փոխանցվել է նախորդ տարվանից ու,  ընդհանուր առմամբ, 3396 քաղաքացիական գործից միայն 930 գործ է փոխանցվելու 2023 թվական։ 

Դատավորը նշել է, որ 2021 թվականին իր գործունեությունը երկու օբյեկտիվ իրողությամբ պայմանավորված է խաթարվել, դրանք են՝ գործերի քանակի անկանխատեսելի աճը, ներքին կազմակերպական խնդիրը՝ կապված Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի  դատավորների արձակուրդների գրաֆիկի կազմման և հաստատման հետ։ Ըստ դատավորի՝ գրաֆիկը կազմվում և  հաստատվում է այնպես, որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս, հուլիս-օգոստոս և դեկտեմբեր ամիսներին Երևանի դատարանին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը, որը պետք է բաշխվեր առանց այդ էլ կրկնակի պակաս թվակազմով 35 դատավորների միջև, բաշխվում է 5-8 դատավորի միջև։ Դատավորը նշել է, որ հենց  վարույթը քննելու օրվա դրությամբ էլ Երևանի  դատարանի «Արաբկիր» նստավայրում պաշտոնավարող 12 դատավորներից գործերի մակագրությանը մասնակցելիս եղել  միայն ինքը։ Այս ամենին գումարվել է դատավորի օգնականի համակարգչի հետ կապված խնդիրը, որը չի պահպանել ստացված գործերով դատական ակտերի նախագծերի առնվազն 50 տոկոսը, և անհրաժեշտություն է առաջացել կրկին դրանք կազմելու, ինչն օբյեկտիվորեն ազդել է օգնականի աշխատանքի, որպես հետևանք՝ նաև դատավորի աշխատանքի վրա։

Դատավորը նշել է, որ ինքը գերծանրաբեռնվածության պայմաններում պաշտոնավարել է շուրջ ութ տարի, իր պաշտոնավարումը սկսել է քսան օրվա ընթացքում շուրջ 1600 քաղաքացիական գործի քննության ստանձնմամբ, ուստի՝ նշված հանգամանքները վկայում են այն մասին, որ ինքը դատական ակտերի ուշացման ողջ ժամանակահատվածում գործել է ի շահ հարյուրավոր դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման, և կարծիք հայտնել, որ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից բացակայում է ժամկետների պահպանման նկատմամբ իր անտարբերության, դատավարության մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը։

Անդրադառնալով իրեն վերագրվող արարքի խախտման բնույթին, դրա ծանրությանը և արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին՝ դատավորը նշել է, որ գործերի քննություններն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, անընդունելի ժամկետով ուշացվել են եզրափակիչ դատական ակտերը: Դատավորը նշել է, որ հայցվորը, թեկուզ ուշացմամբ, սակայն բոլոր գործերով հնարավորություն է ունեցել իրացնելու բողոքարկման իրավունքը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի համապատասխան որոշումներով բողոքներն ընդունվել են վարույթ, ընդ որում՝ բողոքներից մեկը մերժվել է օրինական ուժի մեջ թողնելով իր կողմից կայացված եզրափակիչ դատական ակտը, մյուսով հայցվոր ընկերության տնօրենը հրաժարվել է ներկայացված բողոքից, բոլոր չորս գործերով իր կողմից կայացված որոշումներով վերականգնվել են կատարողական թերթեր ստանալու համար դիմումների ներկայացման ժամկետները։

Անդրադառնալով «Դավիթ Հոլդինգ» փակ բաժենտիրական ընկերության սնանկ ճանաչված լինելուն՝ դատավորը նշել է, որ ըստ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացված տվյալների համադրման՝ լավագույն դեպքում հայցվորի պահանջի բավարարում ստանալու հերթը կհասներ պետական բյուջեի նկատմամբ պարտավորության ամբողջությամբ մարումից, այնուհետև հարուցված մյուս 84 կատարողական վարույթներով պարտատերերի պահանջների բավարարում տրամադրելուց հետո, բացի այդ չվճարված գումարի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսների հաշվարկը դադարելու էր օրենքի ուժով անկախ դատական ակտի ուշ կամ ժամանակին ստանալու փաստից:

Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիմնավորումները

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ, հղում կատարելով Սահմանադրական դատարանի որոշումներից մեկին, արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ 

Խորհուրդն արձանագրել է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից, և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը նպատակ է հետապնդում երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Անդրադառնալով դատարանների գերծանրաբեռնվածության փաստին՝ Խորհուրդն ընդունել է, որ դրա պատճառով  դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: 

«Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում»,- նշված է որոշման մեջ։

Տվյալ դեպքում, Խորհրդի գնահատմամբ, դատավորի կողմից ներկայացվածը չի բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Խորհուրդ նաև նշել է, որ 2019 թվականի  սեպտեմբերի 19-ի ԲԴԽ-ի որոշմամբ,  հաշվի առնելով գործերի քննության ողջամիտ ժամկետներում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատավոր Աննա Փիլոսյանի  անուն-ազգանունը  երկու ամսով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ, գործերի բաշխման ցանկից հանելու մասին, նույն հիմնավորմամբ դատավորի անունը 2021-ի  նոյեմբերի 3-ից նոյեմբերի 17-ը ներառյալ գործերի բաշխման ցանկից հանվել է:

Խորհուրդը, անդրադառնալով դատավորի կողմից կատարված խախտումների բազմակիությանը, կարևորում է այն, որ դատավորի կողմից երկու և ավելի դատական գործերով թույլ տրված դատավարական կամ նյութական նորմերի խախտումները վկայում են խախտման արդյունքում արդարադատության հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին, համաձայնել է, որ խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, դրանք էական կարիգապահական խախտումներ են, որոնցով վտանգվել և  խաթարվել է արդարատության արդյունավետությունը և ամբողջ դատական համակարգի վստահելիությունը: Եթե որոշման հրապարակումը և որոշման ամբողջական տեքստի մշակումը տեղի են ունենում առանձին ժամանակներում, ապա վարույթն ավարտված չի կարող համարվել, քանի դեռ պատճառաբանված որոշումը չի հրապարակվել և շահագրգիռ կողմերը չեն ծանուցվեն որոշման մասին:

 

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նշված երկու գործողությունների միջև առկա ժամանակահատվածները խնդրո առարկա քաղաքացիական գործերով այնքան երկար էին, որ անխուսափելիորեն հեղինակազրկում են դատական իշխանությունը՝ հանրության աչքերում արդարադատության իրականացումը դարձնելով անկանխատեսելի և անարդյունավետ իրավունքի պաշտպանության միջոց:

Այսպիսով՝ խորհուրդը որոշել է, որ դատավորի արարքն անհամատեղելի է  դատավորի պաշտոնի հետ ու Աննա Փիլոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:

Դատավարական ժամկետներ ուշացրած ԲԴԽ անդամը կողմ է քվեարկել  Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը

Նշենք, որ  ԲԴԽ որոշումից հետո փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվերակած դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերն ուշ տրամադրելու վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով Արդարադատության նախարարության ուշադրությունը։

«Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության  ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է՝ դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։

Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։

  1. ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,-գրել է Լուսինե Սահակյանը։

Աննա Փիլոսյանի ամուսինը՝ Ռուբեն Մելիքյանը ևս իր ֆեյսբուքյան  էջում   անդրադարձել է ԲԴԽ որոշմանը։

«Որոշման ամբողջական տեքստի հետ ծանոթանալով՝ է՛լ ավելի շատ է հիմնավորվում մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ։
Այս գործն ունի երկու հարթություն՝ անհատական և հանրային։ Անհատական մակարդակում մենք օգտագործելու ենք իրավունքների պաշտպանության մեզ հասու բոլոր միջոցները՝ թե՛ ներպետական և թե՛ վերպետական։ Գիտակցում ենք, որ գործընթացը երկար է տևելու, սակայն վերջնարդյունքում հաջողությանը չենք կասկածում (պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գոյություն ունենալ):

Ինչ վերաբերում է հանրային հարթությանը, ապա որևէ կերպ դրանով չեմ զբաղվելու՝ էթիկական նկատառումներով։ Որպես իրավապաշտպան՝ զբաղվել և զբաղվում եմ ապօրինի, հատկապես քաղաքական հետապնդման ենթարկվող տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ դատավորների գործերով։ Սակայն ընտանիքիս անդամի գործով իրավապաշտպանական հարթությամբ զբաղվելը չեմ կարող ճիշտ համարել։

Եթե կան մարդիկ, որոնք այս գործը կհամարեն կարևոր հանրային հարց, թող իրենք էլ զբաղվեն խնդրի հանրային բարձրաձայնմամբ, իրավասու միջազգային կառույցներին դիմումների հասցեագրմամբ։ Եթե կան մասնագիտական կառույցներ, որոնք այս գործը կհամարեն դատավորի անկախության ու անփոփոխելիության նկատմամբ անթաքույց ոտնձգություն, թող իրենք էլ հանդես գան հայտարարություններով. ես դա չեմ նախաձեռնելու։ Եթե կան քաղաքական կառույցներ, որոնք այս գործը կհամարեն դատավորի ընտանիքի անդամի (իմ) գործունեության պատճառով քաղաքական հետապնդման դրսևորում, թող իրենք էլ հանդես գան հայտարարություններով. ես դա չեմ նախաձեռնելու»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

Արաքս Մամուլյան

.