Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է․Փաշինյանը պատասխանեց Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը Կառավարության նիստում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ.

Երկու օր առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ:

Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և սույն թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով:

Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն, ինչն արտահայտվում է հետևյալում.

2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում, զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի:

Այս պնդումը ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը:

Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում: Զուգահեռաբար փորձ է անում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից և նաև հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը «իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է»:

Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով: Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է: Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:

2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում: Ավելին, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը: Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստություն:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև:

Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով.

Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ «Լաչինի միջանցք», սա մեջբերում է, այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին:

Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք:

9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսք է գնում միայն հաղորդակցության՝ տրանսպորտային հաղորդակցության մասին:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:

Այսինքն, մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել, և միայն սա կարող է անել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար:

Նույն հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:

Սա ակնհայտ է դարձնում նաև 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ:

Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված Հայաստանի կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից: Ընդ որում, նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք ուրեմն այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից:

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի: Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եվ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ:

Հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է՝ ընդամենը պետք էր այն, ինչ հրապարակային հայտարարվել էր, դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը: Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսուքյան իմ էջում գրառում եմ արել և նաև Կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այդպես շարունակ:

Արդեն ասացի՝ Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում օգտվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից:

Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եվ ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք:

Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին, Բրյուսելում:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ:

Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային ետքաշում:

Իսկ ինչո՞ւ է այսպես վարվում, ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ:

Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով:

Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ:

Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի:

Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են:

Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով:

Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին:

Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ:

Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա:

Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով:

Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

Այսուհանդերձ, ավարտելով ելույթս՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին:

Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»: