Հնդկաստանը աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո. դեսպան Դեվալ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր երկրի սկզբունքային դիրքորոշումը միջազգային, ազգամիջյան, երկկողմ վեճերի և կոնֆլիկտների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Դեսպանը շեշտել է՝ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցանկացած երկկողմ վեճ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների, դիվանագիտական երկխոսության և փոխըմբռնման միջոցով, և պատերազմը, ուժի սպառնալիքն ու բռնությունը «տեղ չունեն» այսպիսի հարցերում: Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ Հնդկաստանի անքակտելի մասը կազմող Ջամմու և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու համար:

Անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերություն ձևավորելու հնարավորությանը վերաբերող հարցին՝ դեսպան Դեվալն ընդգծել է, որ Հայաստանի և Հնդկաստանի «քաղաքական կապերը շատ ամուր են և հիմա ավելի են ամրապնդվելու»:

Դեսպանի խոսքով՝ Երևանը և Դելին աշխատում են բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանության ոլորտում ամուր գործընկերություն ձևավորելու ուղղությամբ:

Կիշան Դան Դեվալը նաև պատմել է «Արմենպրես»-ի թղթակցին լեռներ մագլցելու իր սիրած զբաղմունքի, մասնավորապես՝ 2021 թվականին հայկական մի խմբի հետ Արարատ լեռան գագաթը բարձրանալու և իր ստացած տպավորությունների մասին:

«2021 թ. օգոստոսին ես արշավեցի դեպի Արարատ լեռը հայկական մի խմբի հետ և բախտ ունեցա բարձրանալու լեռան գագաթը: Արարատ լեռան գագաթից ես տեսա Երևանը: Գիտեք, ապշեցուցիչ զգացում է, երբ հասնում ես լեռան գագաթը և տեսնում բոլորին ներքևում, այնպես որ՝ զգում ես քեզ աշխարհի գագաթին: Երկրորդը՝ դու քեզ այնքան փոքր ես զգում, քանի որ տեսնում ես այդ հսկայական սարերը քո շուրջ, իսկ դու այդ ֆոնին միս ու արյան մի փոքրիկ կտոր ես լեռան գագաթին: Ուստի դա քեզ շատ է համեստացնում», – պատմել է դիվանագետը:

Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հարցազրույցի 1-ին մասը կարող եք կարդալ հետևյալ հղումով:

– Պարոն Դեվալ, ի՞նչ այլ ընթացիկ և հնարավոր նախագծեր կարող են Հայաստանն ու Հնդկաստանը նախաձեռնել և իրականացնել երկկողմ համագործակցության առանցքային ոլորտներում՝ ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, տրանսպորտը, առևտուրն ու տնտեսությունը, մշակույթն ու կրթությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառները:

– Ցուցակը շատ երկար էր:

Այո՛, ներեցեք:

– Կարող եմ ասել, որ երկու երկրները փոխգործակցության մեծ ներուժ ունեն շատ ոլորտներում: Առաջին հերթին քաղաքական ոլորտն է, որտեղ մենք պետք է հնարավորինս ընդլայնենք և ավելացնենք մեր քաղաքական փոխգործակցությունը: Երբ Հայաստանի արտգործնախարարն այցելեց Հնդկաստան՝ նա իր հետ էր բերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ հասցեագրված մեր վարչապետին: Ուստի մենք աշխատում ենք մեր քաղաքական հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ: Սա առաջին կարևոր կետն է:

Կրթական ոլորտում, ինչպես արդեն նշեցի, Հայաստանը սահմանափակումներ ունի ավելի շատ ուսանողներ ընդունելու առումով՝ տեղերի այն քանակի պատճառով, որ այս պահի դրությամբ կարող են առաջարկվել օտարերկրյա ուսանողներին և որոնց համար ավելի շատ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, բայց ուկրաինական ճգնաժամի պատճառով մենք ակնկալում ենք, որ ավելի շատ հնդիկ ուսանողներ կգան այս տարի:

Մշակույթի ոլորտում մենք շատ նախագծերի վրա ենք աշխատում, և ինչպես արդեն նշեցի՝ ես կուզեի ավելի շատ Հնդկաստան ցույց տալ հայ ժողովրդին և ավելի շատ Հայաստան ցույց տալ հնդիկ ժողովրդին:

Երկրորդ հերթին, կուզեի նշել, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն այս պահին հասել է գրեթե 180 մլն ԱՄՆ դոլարի: Դա, իհարկե, մեծ թիվ չէ՝ համեմատած մեր մյուս գործընկերների հետ ապրանքաշրջանառության ցուցանիշների հետ, բայց կարևորն այն է, որ երկկողմ առևտրում շատ դրական միտումներ են նկատվում, և Հնդկաստանից ապրանքներով հայ հասարակության պահանջները հայկական շուկայում բավարարելու մեծ ներուժ կա, հատկապես երբ տեսնում ենք ճգնաժամը մերձավոր հարևանության մեջ և մենք պատրաստ ենք առաջարկել մեր աջակցությունն ու ամեն տեսակի ապրանքները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև՝ մենք կցանկանայինք ավելի շատ հայկական ապրանքներ տեսնել հնդկական շուկայում, հիմա դրանք շատ քիչ են:

Երրորդ հերթին, երկու երկրներն էլ աշխատում են առևտրային միջանցքներ բացելու և տրանսպորտային կապերը զարգացնելու ուղղությամբ՝ հաղորդակցության մեր նախագծերի և հատկապես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ու Իրանի Չաբահար նավահանգիստն օգտագործելու միջոցով, որը Հնդկաստանն է զարգացրել: Այսպիսով, մենք աշխատում ենք նաև այս ուղղությամբ:

– Առևտուրն ու տնտեսությունը երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային բաղադրիչներից են, այդպես չէ՞:

– Այո, դրանք խթանում են զարգացումը: Նկատի ունեմ՝ քանի դեռ տնտեսական շահեր չկան՝ քաղաքական հարաբերություններն ինքնուրույն առաջ չեն գնում: Այնպես որ, տնտեսությունը խթանիչ գործոն է ցանկացած հասարակության համար: Ի վերջո, մենք և դուք աշխատում ենք տնտեսության շնորհիվ: Անշուշտ, մենք աշխատում ենք նաև հանուն մեր երկրների հանդեպ սիրո, բայց տնտեսությունը շատ ուժեղ խթան է: Ուստի, քանի դեռ առևտրատնտեսական հարաբերություններն ուժեղ չեն, քանի դեռ այնտեղ ներուժ չկա, մյուս ոլորտներն այդքան արագ չեն զարգանում:

– Ընդհանրապես հայերն ու հնդիկները շատ մշակութային, հինավուրց, պատմական ազգեր են համարվում, բայց մյուս կողմից՝ նրանք էլ չեն կարող ժամանակակից աշխարհից անջատ ապրել, հատկապես երբ խոսում ենք միջպետական հարաբերությունների զարգացման մասին: Ես կարդում էի, որ ըստ Հայաստանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հայ-հնդկական երկկողմ ապրանքաշրջանառությունը 2021 թ. կազմել է շուրջ 181 մլն դոլար: Սա իսկապես շատ լավ դինամիկա է, բայց ես չգիտեմ առևտրի բովանդակության մասին՝ կոնկրետ ի՞նչ է արտահանվում և ներկրվում, ի՞նչն է խթանում երկկողմ առևտուրը:

– Վերջին 3-4 տարիներին Հայաստանի տնտեսության մեջ ավելի ու ավելի շատ են իրացվում Հնդկաստանից դեպի ամբողջ աշխարհն արտահանվող բոլոր տեսակի ապրանքները՝ ներառյալ դեղագործական արտադրանքը: Այս տարի մենք արտահանել ենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, տեքստիլ, պարենային ապրանքներ, ինչպես նաև՝ ՏՏ ծառայություններ: Միայն ասեք, թե ինչ է ձեզ պետք, և մենք կմատակարարենք այն: Այժմ հայ գործարարները հետաքրքրված են ավելի ու ավելի ներգրավելու Հնդկաստանը փոխգործակցության մեջ, և այդ պատճառով էլ մենք առևտրի աճի շատ լավ միտումներ ենք տեսնում վերջին տարիներին: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանից ավելի շատ արտահանում է եղել Հնդկաստան, քան Հնդկաստանից Հայաստան, և դրա բավականին մեծ մասը ոսկու արտահանումն է:

– Այս տարին շատ նշանավոր է նաև հնդիկ ազգի համար, քանի որ Հնդկաստանը նշում է իր անկախության 75-ամյակը: Առհասարակ, Հնդկաստանը շատ կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում: Վարչապետ Մոդին մի քանի նախաձեռնություններ է առաջ քաշել ներքին և միջազգային մակարդակում։ Կարո՞ղ եք ներկայացնել ամենակարևորներից մի քանիսը:

– Ինչպես գիտեք՝ 2022 թ. օգոստոսին կլրանա Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձը: Սա շատ մեծ ու կարևոր ուղենիշ է մեզ համար: Սա նաև բավարարվածության զգացում կտա մեզ՝ որպես ազգի, որ մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել անկախությունը նվաճելուց հետ: Երբ մենք անկախացանք 1947 թվականին, երկրի բնակչության միայն 12 տոկոսն էր գրագետ, այժմ գրագիտության մակարդակը հասնում է 80 տոկոսի: Անկախության առաջին տարիներին Հնդկաստանը տնտեսական շատ վատ վիճակում էր, այսօր Հնդկաստանը աշխարհի 6-րդ խոշորագույն տնտեսությունն է: Այն ժամանակ մենք նույնիսկ մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության սննդով և պարագաներով ապահովելու համար էինք պայքարում, իսկ այժմ մենք ավելի քան բավարար պարենային արտադրանք ունենք և պարենամթերք ենք արտահանում աշխարհի տարբեր երկրներ: Այնպես որ, մենք շատ ու շատ բաների ենք հասել վերջին 75 տարիներին՝ ներառյալ մեր ձեռքբերումները գիտության և տեխնոլոգիաների, պաշտպանության և այլ ոլորտներում: Այս առիթները նշելու համար մեր վարչապետ Շրի Նարենդրա Մոդին նախաձեռնել և առաջնորդել է մեզ սկսելու մի քանի նոր նախաձեռնություններ: Ես կնշեմ դրանցից մի քանիսը:

Դրանցից մեկը կոչվում է «Ատմանիրբհար Բհարաթ», այսինքն՝ «Ինքնաբավ Հնդկաստան»: Սկսվել է շարժում՝ Հնդկաստանը ինքնաբավ դարձնելու ցանկացած ոլորտում, ներմուծվող ցանկացած ապրանք մենք հիմա փորձում ենք արտադրել Հնդկաստանում: Այսպիսով, այս նախաձեռնությունը գալիս և տրամաբանորեն կապվում է մեր մյուս ծրագրի հետ, որը կոչվում է «Արտադրել Հնդկաստանում» («Make in India»): Դրանք միահյուսված են. երբ ուզում ես ինքնաբավ դառնալ՝ առաջ է գալիս «Արտադրել Հնդկաստանում» ծրագրի անհրաժեշտությունը: Իսկ «Արտադրել Հնդկաստանում»-ով մենք փորձում ենք տեխնոլոգիաներ բերել ամբողջ աշխարհից, բարեկամ երկրներից, որոնք պատրաստ են կիսվել մեզ հետ: Մենք նաև մեր սեփական նորարարական գաղափարներն ենք առաջ քաշում՝ արտադրելով այդ ծառայություններն ու ապրանքները Հնդկաստանում:

Երրորդը, մենք հայտարարել ենք Հնդկաստանի կառավարության նոր նախաձեռնության՝ «Ստարտափ Հնդկաստան»-ի մասին՝ խրախուսելու նոր բիզնես գաղափարները, նորարական գաղափարները և երիտասարդներին տրամադրելու կառավարության աջակցությունն ու բոլոր այլ դյուրացումները: «Ստարտափ Հնդկաստան»-ի շնորհիվ շատ դրական առաջընթաց է գրանցվել: Այս նախաձեռնության մեկնարկից հետո՝ ընդամենը երեք տարվա ընթացքում, բազմաթիվ «միաեղջյուր» ընկերություններ են հայտնվել Հնդկաստանում:

Չորրորդը, վարչապետ Մոդին շատ մեծ ուշադրություն է հատկացնում մաքրությանը Հնդկաստանում, որի նպատակով մենք սկսել ենք «Սվաչհ Բհարաթ» կամ՝ «Մաքուր Հնդկաստան» շարժումը, և այժմ գրեթե յուրաքանչյուր մարդ մասնակից է այս զանգվածային շարժմանը: Մենք փորձում ենք մեր երկիրը նմանեցնել ոչ թե զարգացող երկրներին, այլ զարգացած ժամանակակից երկրներին՝ ազդանշան ուղարկելով այն մասին, որ Հնդկաստանն այսօր առաջ է շարժվում կյանքի բոլոր ոլորտներում:

– Ինչպե՞ս է այժմ համավարակային իրավիճակը Հնդկաստանում՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի առումով:

– Ինչպես գիտեք՝ ՔՈՎԻԴ-19-ը ազդել է ամբողջ աշխարհի վրա, և մենք բացառություն չենք այդ առումով: Կորոնավիրուսի համավարակը սկսվեց Չինաստանի Ուհան քաղաքից, բայց տարածվեց ամբողջ աշխարհում, և դուք տեսաք, թե ինչ բարդ վիճակ էր, Եվրոպայում, Իտալիայում, Միացյալ Նահանգներում: Այնպես որ, մենք բացառություն չէինք: Համավարակի առաջին ալիքի ժամանակ մենք կարողացանք այն զսպել զգալի չափով, սակայն երկրորդ ալիքը մեզ համար մի քիչ ավելի դժվար էր: Բայց մեր սեփական տեղական ռեսուրսներով և կառավարմամբ մենք կարողացանք հաղթահարել այդ դժվարին ժամանակը: Մենք ոչ միայն հաղթահարեցինք համավարակը մեր երկրի ներսում, այլև արտահանեցինք և մատակարարեցինք ամբողջ աշխարհին դեղորայք, դեղագործական արտադրանք և պատվաստանյութեր, նվիրատվություններ արեցինք շատ բարեկամ երկրների: Մենք այդ աջակցումն իրականացրել ենք «Վակցին Մաիտրի», այսինքն՝ «Պատվաստանյութի բարեկամություն» ծրագրի միջոցով: Այս ծրագրի շրջանակներում մենք օգնություն ենք ուղարկել ավելի քան 70 բարեկամ երկրների:

Հենց որ հաղթահարեցինք այս իրավիճակը, Հնդկաստան եկավ համավարակի երրորդ ալիքը, բայց մեր նախապատրաստական աշխատանքների շնորհիվ մարդկային կորուստներ քիչ եղան, և մեզ հաջողվեց շատ արագ զսպել այն, և այսօրվա դրությամբ, մինչ մենք զրուցում ենք, մեր երկիրը վերադարձել է նորմալ կյանքին, նորմալ տնտեսական գործունեությանը, և գրեթե ամեն ինչ կարգավորվել է: Մենք բացել ենք մեր օդանավակայանները, վերականգնվել են թռիչքները, և այժմ մենք նաև հրավիրում ենք զբոսաշրջիկներին մեր երկիր:

Այսպիսով, կարող ենք ասել, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվել է և ավելի լավ է քան մեկ կամ երկու տարի առաջ, այդպես չէ՞:

– Ես կասեի, որ իրավիճակը Հնդկաստանում կարգավորվել է, և այն ընթացքում, երբ մենք զրուցում ենք, ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի թիվը հասել է օրական 2000-ի, որը չնչին թիվ է Հնդկաստանի բնակչության համար և իրենից սպառնալիք չի ներկայացնում: Պատվաստումների ծրագրի միջոցով մենք պատվաստել ենք բնակչության մեծամասնությանը, կորոնավիրուսի համավարակը նահանջել է և գնում է դեպի անկում: Հույս ունենք, որ այն չի վերադառնա:

– Գալով տարածաշրջանի քաղաքական հիմնախնդիրներին. Հնդկաստանը միշտ շատ ակտիվ և ուշադիր է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրների նկատմամբ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ 2021 թ. մայիսին, և արտգործնախարար Ջայշանկարը՝ երևանյան այցի ընթացքում, կարևոր հայտարարություններ արեցին Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ներխուժման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին Հնդկաստանի աջակցության վերաբերյալ: Շատ հետաքրքիր կլինի լսել Ձեզնից, թե որո՞նք են Հնդկաստանի հիմնական առաջնահերթությունները մեր տարածաշրջանում և Ձեր երկրի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ և համապարփակ կարգավորման առնչությամբ:

– Ինչպես գիտեք՝ մենք միշտ աջակցել ենք ցանկացած երկկողմ վեճի կամ հակամարտության խաղաղ լուծմանը, և այդ առումով Լեռնային Ղարաբաղը բացառություն չէ մեզ համար: Մեր պաշտոնական դիրքորոշումն է եղել ու շարունակում է մնալ այն, որ ցանկացած երկկողմ վեճ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների, դիվանագիտական երկխոսության և փոխըմբռնման միջոցով: Պատերազմն անընդունելի՛ է, ուժի սպառնալիքն անընդունելի՛ է, բռնությունն անընդունելի՛ է, մենք խստորեն դե՛մ ենք դրան: Սա առաջին կարևոր կետն է:

Երկրորդը՝ մենք միշտ աջակցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, քանի որ այն միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է, որն ընդունելի է Հայաստանի համար և որին մենք նույնպես աջակցում ենք ու ողջունում ենք նրանց ջանքերը երկարաժամկետ լուծում գտնելու այս հիմնախնդրին: Այսպիսով, մենք աջակցում ենք կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով՝ երեք համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) համանախագահության հովանու ներքո:

Բացի այդ, ինչպես գիտեք՝ որտեղ մենք տեսնենք, որ միջազգային իրավունքի խախտում է եղել, մենք շատ խիստ հայտարարություններով ենք հանդես գալիս, դրանք հրապարակված են մեր վեբկայքում և դուք կարող եք վկայակոչել դրանք: Մենք հայտարարություններ արել ենք նաև տվյալ հիմնախնդրի վերաբերյալ մի քանի առիթներով: Երբ մեր արտգործնախարարը Հայաստանում էր 2021 թ. հոկտեմբերին, մենք անդրադարձել ենք այս հիմնախնդրին և շատ հստակորեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը:

– Եվ ինչպես տեսնում ենք՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները գնալով շատանում են: Ըստ Ձեզ՝ մեր տարածաշրջանի շուրջ այս վերջին զարգացումները ազդո՞ւմ են նշված հարցերի վրա: Դուք ինչպե՞ս եք ընկալում այդ գործընթացները Կովկասում և Կովկասի շուրջ:

– Ես կասեի, որ Հարավային Կովկասը մեզ համար մեր ընդլայնված հարևանությունն է: Խաղաղությունն ու կայունությունը այս տարածաշրջանում բխում է մեր շահերից, և դա այն է, ինչ մենք ակնկալում ենք և հուսով ենք, որ այդպես էլ կմնա: Խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն ինչ-որ երկրի շահերից է բխում, այլև ձեր երկրի՝ Հայաստանի շահերից է բխում, եթե խաղաղությունը, անդորրն ու կայունությունը պահպանվեն այս տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է նոր զարգացումներին՝ մեր կառավարությունը, մեր արտգործնախարարությունը լիովին տեղյակ են՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, մենք ուշադրությամբ հետևում ենք, մենք մեր սկզբունքային դիրքորոշումն ունենք հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, բայց մենք նաև կողջունենք խաղաղության որևէ գործընթաց, որի միջոցով հնարավոր կլինի հասնել տևական լուծման: Մենք անկասկած կողջունենք այդպիսի գործընթացը:

Երևանը և Նոր Դելին, կարծես թե, ընդհանուր շահեր ունեն նաև տարածաշրջանային, քաղաքական և անվտանգության հարցերում: Մի կողմից մենք գիտենք, որ Հնդկաստանն ու Պակիստանը տևական հակամարտության մեջ են Քաշմիրի շրջանի շուրջ, և Հայաստանը մշտապես աջակցել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում՝ ինչպես պարբերաբար հայտարարել են հայ պաշտոնյաները, և մենք տեսնում ենք Պակիստանի ապակառուցողական դերակատարումն այս հարցում: Մյուս կողմից հայտնի փաստ է այն, որ Պակիստանը Ադրբեջանի և Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, որն աջակցում է ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ներառյալ 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական խմբավորման կողմից սանձազերծված պատերազմը: Ուստի Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորմանը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է անել՝ ձևավորելու ռազմավարական գործընկերություն Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության առումով՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու նպատակով:

– Լա՛վ հարց է: Իհարկե, դժվա՛ր հարց է, բայց ես կփորձեմ պատասխանել դրան: Նախ և առաջ, ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին Հնդկաստանի անքակտելի մասը կազմող Ջամմու և Քաշմիրի խնդրին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Շատ կարևոր է սա ընդգծելը: Ոչ վաղ անցյալում մենք փոխել ենք ներքին օրենսդրությունը, որի համաձայն Ջամմու և Քաշմիրի նախկին նահանգը ստացել է Լադակհի և Ջամմու և Քաշմիրի միութենական տարածքի կարգավիճակ, այսինքն՝ կառավարվում է կենտրոնից:

Ինչ վերաբերում է Պակիստանի դերակատարմանը, ապա ինչպես գիտեք և ինչպես բոլորը գիտեն՝ Պակիստանը ահաբեկչություն է տեղափոխում մեր տարածք, և մենք կարողացել ենք շարունակաբար խափանել այդ փորձերը: Ուրախ եմ հայտնելու ձեզ, որ վերջին երկու տարվա ընթացքում, երբ Ջամմու և Քաշմիրը վերածվել է միութենական տարածքի՝ Լադակհի հետ միասին, ահաբեկչության միջադեպերը մեծ չափով վերահսկողության տակ են առնվել, և նրանք այլևս չեն ստանում տեղական որոշ շահագրգիռ տարրերի աջակցությունը, որ ունեին նախկինում: Ջամմու և Քաշմիրի ժողովուրդը լիովին հասկանում է, որ իրենց բարեկեցության գրավականը խաղաղությունն է: Օրենսդրական այս փոփոխության շնորհիվ այնտեղ դրական փոփոխություններ են նկատվում, տնտեսական աճ է գրանցվում, խաղաղություն է տիրում տարածաշրջանում:

Հարցի երկրորդ մասի առնչությամբ ուզում եմ կրկնել, որ մեր քաղաքական կապերը շատ ամուր են և դրանք հիմա ավելի են ամրապնդվելու, մենք բազում ընդհանուր մտահոգություններ և ընդհանուր շահեր ունենք, և կան հարթակներ այդ մտահոգությունների շուրջ կարծիքներ փոխանակելու համար: Այդպիսի հարթակներից մեկը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններն են, որոնք մենք պարբերաբար անց ենք կացնում, և այս տարվա ընթացքում մենք արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների նիստեր ենք ունեցել երկու ամիս առաջ Հնդկաստանում և Հայաստանում: Նաև բարձր մակարդակի այցերն ու բարձր մակարդակի հանդիպումներն են շատ դրական ազդակներ այս ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ցանկացած այլ ընդհանուր հարթակներին և ռազմավարություններին, ապա կարծում եմ՝ երկու կողմն էլ աշխատում են դրա վրա, և եթե ու երբ մենք զգանք, որ այդպիսի երկխոսության կարիք կա, մենք պատրաստ կլինենք դա անելու: Այժմ մենք շատ ակտիվորեն աշխատում ենք Հայաստանին ավելի շատ քաղաքականապես ներգրավելու ուղղությամբ:

– Վերջերս հանդիպել եք Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Սուրեն Պապիկյանի հետ, և որքան հիշում եմ պաշտոնական հաղորդագրությունը՝ նրա հետ քննարկել եք պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցը: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել, թե կոնկրետ ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանն ու Հնդկաստանը ընդլայնել փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում:

– Ինչ վերաբերում է պաշտպանական փոխգործակցությանը՝ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ, ինչը մենք հասկանում ենք, և ինչպես գիտեք՝ մենք արդեն նախաձեռնել ենք այդպիսի համագործակցություն: Պարոն Պապիկյանի հետ իմ հանդիպումն ավելի շատ արարողակարգային էր, նրա՝ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով, քան թե մանրամասն քննարկման նպատակով տեղի ունեցած հանդիպում: Բայց, ամեն դեպքում, երկու կողմն էլ դրական ուղղությամբ են շարժվում:

Հայաստանն ու Հնդկաստանը արդեն ունե՞ն շոշափելի, առարկայական համագործակցություն ռազմական ոլորտում, թե՞ նոր պիտի ձևավորեն այդ համագործակցությունը: Իհարկե, այնքանով, որքանով կարող եք խոսել այդ մասին հրապարակայնորեն:

– Ինչպես արդեն ասացի՝ մենք շատ դրական աշխատանք ենք իրականացնում, կարիք չկա այդ մասին մանրամասներ հայտնելու այս հարցազրույցի ընթացքում: Երկու կողմերն էլ աշխատում են միմյանց շահերը պաշտպանելու համար, – սա շատ կարևոր է, – երկրորդը՝ ամուր գործընկերություն ձևավորելու բոլոր հնարավոր ոլորտներում: Եվ երբ մենք ասում ենք բոլոր հնարավոր ոլորտները՝ պաշտպանությունը դրանցից մեկն է, որի վրա մենք աշխատում ենք:

Հայաստանը մասնակցում է Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին Վրաստանի, Հունաստանի և Բուլղարիայի հետ միասին: Մենք տեղյակ ենք, որ Հնդկաստանի հետաքրքրությունն այս նախաձեռնությամբ հայկական կողմի հետ քննարկված թեմաներից մեկն է եղել Երևանում՝ նախարար Ջայշանկարի այցի ընթացքում: Կարո՞ղ եք մեկնաբանել այս տեղեկությունը և ներկայացնել Հնդկաստանի դիրքորոշումը «Պարսից ծոց -Սև ծով» նախագծին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ:

– Այո՛, իհա՛րկե: Հաղորդակցությունների զարգացման հարցը քննարկվել է երկու կողմերի միջև մեր արտգործնախարարի այցի ընթացքում, և Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցույց տվել Հնդկաստանի հետ ուղիղ կապ ունենալու կապակցությամբ, և մենք բարձր ենք գնահատում ինչպես Հայաստանի այդ դիրքորոշումը, այնպես էլ՝ մտահոգությունը: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը՝ մենք անդամակցում ենք Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), որն անցնում է Իրանի տարածքով, և մենք կուզենք, որ Հայաստանը ուղղակիորեն կապվի Հնդկաստանի հետ ցանկացած հնարավոր եղանակով կամ ճանապարհով:

Ինչ վերաբերում է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքին՝ այս հարցի կապակցությամբ մենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանանք հայկական կողմից, բայց բանակցություններ արդեն կան: Ինչպես գիտեք՝ մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը Իրանում, և հնդկական ներդրումների առկայությամբ Չաբահար նավահանգիստը կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել Հայաստանի ապրանքները տարանցելու համար, որոնք կարող են տեղափոխվել Իրանի տարածքով Հայաստան և շարունակել ճանապարհը դեպի Սև ծով: Այդ առումով մենք դրական ենք տրամադրված և կքննարկենք այս հարցը հայկական կողմի հետ:

Այսպիսով, սա իրական հնարավորություն է, որ Հնդկաստանը կարող է ներգրավվել այս գործընթացին Չաբահարի միջոցով:

– Այո՛, ես հենց դա էի ասում: Մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը հնդկական ներդրումներով և մենք կցանկանայինք, որ Հայաստանն օգտագործի Չաբահարի նավահանգիստը ի շահ երկու երկրների: Եթե դուք օգտագործեք Չաբահարը այստեղից Սև ծովին միանալու համար՝ մենք ավելի քան ուրախ կլինենք Հնդկաստանի և Հայաստանի միջև ավելի շատ կապեր ունենալու համար:

Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նմանատիպ ծրագրերի միջոցով հնդկական շուկան կապվելու է մեր տարածաշրջանի և Եվրոպայի հետ: Ի վերջո, մենք կրկին խոսում ենք Արևելքից դեպի Արևմուտք մեծ տնտեսական ճանապարհ կառուցելու մասին, այդպես չէ՞:

– Այո՛, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նպատակը հենց դա է՝ Հնդկաստանը այս երթուղիով կապել Եվրոպայի հետ, և Չաբահարի նավահանգստի օգտագործումն անկասկած կմոտեցնի հնդկական շուկան Եվրոպային, իսկ եվրոպական շուկան՝ Հնդկաստանին:

Ստացվում է, որ նաև Հայաստանը կարող է շահել այս միջանցիկ ճանապարհից:

– Այո՛, ես հենց դա նկատի ունեի, որ դուք ճանապարհի վրա եք, դուք տարանցիկ երկիր եք, բայց դուք կարող եք ոչ միայն տարանցիկ երկիր դառնալ դեպի Եվրոպա տեղափոխվող ապրանքների համար, այլև՝ ինքներդ ապրանքներ ներկրել ուղղակիորեն Հնդկաստանից՝ օգտագործելով այս երթուղին:

Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հնդկաստանի մասնակցության և դրա հետ «Պարսից ծոց-Սև ծով» նախաձեռնության կապի մասին:

– Ինչպես գիտեք՝ Հնդկաստանը Հյուսիս-Հարավ միջազգային տարանցիկ միջանցքի հիմնադիր անդամներից մեկն է, և գաղափարը հնդկական նավահանգիստների հետ կապ ապահովելն է Պարսից ծոցով և Պարսից ծոցից՝ օգտագործելով ցամաքային ճանապարհները դեպի Ռուսաստան և դեպի եվրոպական շուկա: Այժմ բազմաթիվ քննարկումներ և բանակցություններ են ընթանում և աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ, և մենք անհամբերությամբ սպասում ենք այս երթուղու լիարժեք շահագործմանը:

Մենք շատ խոսեցինք քաղաքականության, տնտեսության, կրթության, մշակույթի, պատմության մասին, բայց ես նաև բազմաթիվ նկարներ եմ տեսնում այստեղ: Դրանցից մեկում Արարատ լեռն է: Այդ Դո՞ւք եք լուսանկարում: Եթե չեմ սխալվում՝ Դուք բարձրացել եք Արարատ լեռան գագաթը, այդպես չէ՞: Կպատմե՞ք դրա մասին, Ձեր զգացողությունների մասին, երբ հասաք լեռան գագաթը:

– Այս նկարում տեսնում եք ինձ Արարատ լեռան գագաթին, 2021 թ. օգոստոսին ես արշավեցի դեպի Արարատ լեռը հայկական մի խմբի հետ և բախտ ունեցա բարձրանալու լեռան գագաթը: Արարատ լեռան գագաթից ես տեսա Երևանը:

– Եվ ի՞նչ տպավորություններ ստացաք:

– Տպավորություննե՞րը: Գիտեք, ապշեցուցիչ զգացում է, երբ հասնում ես լեռան գագաթը և տեսնում բոլորին ներքևում, այնպես որ՝ զգում ես քեզ աշխարհի գագաթին: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ դու քեզ այնքան փոքր ես զգում, քանի որ տեսնում ես այդ հսկայական սարերը քո շուրջ, իսկ դու այդ ֆոնին միս ու արյան մի փոքրիկ կտոր ես լեռան գագաթին: Ուստի դա քեզ շատ է համեստացնում, երբ հասնում ես լեռան գագաթը և սկսում ես մտածել մի կարճ ժամանակ, սկսում ես փիլիսոփայել: Բայց պիտի ասեմ, որ դա շատ յուրօրինակ փորձ էր՝ հոգևոր փորձ, և լեռան գագաթը հասնելը և շուրջբոլորը տեսնելը դժվար է արտահայտել բառերով: Մենք այնտեղ էինք առավոտյան ժամը 6-ին, բայց արևն այնքան պայծառ էր շողում, որ կարծես կեսօր լիներ: Այնքան պայծառ էր, շա՛տ պայծառ: Ես ինձ հետ էի տարել Հնդկաստանի դրոշը և «Հնդկաստան-75»-ի խորհրդանիշը, քանի որ այս տարի մենք նշում ենք Հնդկաստանի անկախության 75-ամյակը:

Դժվար չէ՞ր աշխարհի ամենաբարձր սարերից մեկի գագաթը բարձրանալը:

– Շատ դժվար չէր, բայց բարդ էր: Ես կասեի՝ դժվարության այդ մակարդակը սկսնակների համար չէ: Նախ և առաջ, պետք է նախապատրաստվես, մարզվես: Մագլցման վերջին փուլը մի քիչ դժվար էր:

– Ի՞նչ այլ հոբբիներ ունեք՝ լեռներ մագլցելուց և բնություն արշավելուց բացի:

– Լեռներ մագլցելն իմ առաջնային հոբբիներից է: Ես նաև Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի երեք գագաթներն եմ բարձրացել: Կարծում եմ՝ այս տարի նաև չորրորդ գագաթը կբարձրանամ: Դրանից բացի, նաև Հայաստանի մյուս՝ ավելի փոքր լեռներն եմ բարձրացել: Արշավներից բացի՝ նաև երաժշտություն եմ շատ սիրում, նվագում եմ երաժշտական գործիքի վրա:

– Ո՞ր գործիքի:

– Ես նվագում եմ կիթառի վրա և մի քիչ երգում եմ՝ որպես հոբբի:

– Ռաջ Կապուրի երգե՞րը:

– Ոչ, ոչ, իմ երգերը: Նաև սիրում եմ սպորտ, սիրում եմ վազել: Այս կիրակի մասնակցելու եմ մարաթոնի:

Սա նաև լավ հնարավորություն է ներկայացնելու այլ հնդիկ երաժիշտների երգերը: Մենք գիտենք մի քանիսին, բայց հավանաբար կան այլ նշանավոր երաժիշտներ և երգիչներ, որոնց մասին մենք չգիտենք Հայաստանում:

– Այո՛, հենց դրա համար էլ մենք ուզում ենք կազմակերպել մշակութային միջոցառում, ուր հայ հանրությանը ներկայացնենք հնդկական մշակույթի ավելի ժամանակակից կողմերը, այդ թվում՝ Բոլիվուդից: Հնդկաստանում շատ ու շատ նոր արվեստագետներ կան, որոնց մասին հայ ժողովուրդը չգիտի:

Իսկ ի՞նչ գիտեք հայկական մշակույթի, հայ երաժշտության և գրականության մասին: Երբևէ ուսումնասիրե՞լ եք:

– Անկեղծ ասած՝ հայ գրականություն շատ չեմ կարդացել, կարդացել եմ Չարենցի որոշ թարգմանություններ, ու քանի որ լեզվական խոչընդոտ կա՝ չեմ կարող կարդալ հայերեն բնագրով: Ինչ վերաբերում է երաժշտությանը՝ ես լսում եմ հայկական ժողովրդական երաժշտություն՝ ներառյալ դուդուկը: Նաև Կոմիտասի որոշ ստեղծագործություններ եմ լսել, դրանք իրոք շատ տպավորիչ են:

Կոմիտասի մասին Արևելքում, Հնդկաստանում գիտե՞ն:

– Ես շատ անկեղծ կլինեմ Ձեզ հետ. եթե որևէ մեկը հետաքրքրված է երաժշտությամբ՝ միայն այդպիսի մարդիկ կիմանան երաժշտության կամ որևէ այլ ոլորտի վարպետներին: Ուստի, Հնդկաստանում այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են դասական կամ արևմտյան երաժշտությամբ, վստահաբար կիմանան Կոմիտասի մասին: Բայց, իհարկե, ոչ բոլորն են ճանաչում նրան: Նույն պատճառով Հնդկաստանում շատ մարդիկ նաև մեր արվեստագետներին չգիտեն:

Իսկ ի՞նչ կասեք հնդկական ազգային երաժշտական գործիքների մասին: Փորձե՞լ եք երբևէ նվագել հնդկական որևէ ազգային գործիք:

– Դրանցից մեկը կոչվում է սիթառ: Այն լարային գործիք է: Ես ինքս հնդկական որևէ գործիք չեմ նվագում, բայց մեր մշակութային կենտրոնում մենք դասավանդում ենք հնդկական որոշ գործիքներ, և այնտեղ շատ հայեր կան, ովքեր նվագում են սիթառ, ինչը տեսնելը շատ հուզիչ է: Սիթառը շատ դասական, տիպիկ հնդկական գործիք է, և ինչպես արդեն ասացի՝ մենք այստեղ համերգ էինք կազմակերպել, որի ընթացքում սիթառ նվագեց մի հայ՝ Փիթեր Դավիդյանը: Նա հայկական ծագում ունի, բայց Ավստրալիայի քաղաքացի է:

– Ովքե՞ր են ավելի լավ երգում՝ հնդի՞կ, թե՞ հայ երգիչները:

– Երկու ոճերն էլ շատ տարբեր են: Հնդկական ոճը տիպիկ հնդկական է: Երկուսն էլ շատ յուրօրինակ են, դժվար է համեմատել:

Շա՛տ լավ: Գալով մեր հարցազրույցի հիմնական թեմային՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին, Դուք նշեցիք, որ որոշ միջոցառումներ արդեն անցկացվել են:

– Այո՛, մեկ միջոցառում:

Ի՞նչ այլ միջոցառումներ են անցկացվելու Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

– Ինչպես ասացի՝ մենք պատրաստվում ենք հնդկական երգի ու պարի Գալա համերգ կազմակերպել Հայաստանում: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ մենք նախատեսում ենք Հնդկաստանում հյուրընկալել հայկական երգի ու պարի որևէ խմբի: Երրորդը՝ երկու կողմերն էլ ծրագրում են 30-ամյակին նվիրված նամականիշերի թողարկում՝ նամականիշեր Հայաստանի փոստային մարմնի և մեր փոստային գրասենյակի կողմից: Ես կկազմակերպեմ ընդունելություն 30-ամյակի առիթով կամ մենք կխորհրդակցենք Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ և համատեղ ընդունելություն կկազմակերպենք: Առհասարակ, մենք չպետք է որևէ միջոցառում առանձնացնենք 30-ամյակից: Ես կասեի՝ ցանկացած միջոցառում, որ մենք անում ենք այս տարի, 30-ամյակի տոնակատարության մի մասն է՝ ներառյալ մեծարգո արտգործնախարարի այցը Հնդկաստան: Սա նույնպես մեր տոնակատարության մի մասն էր:

Որևէ բան ունե՞ք ասելու հայաստանյան լսարանին այս առիթով կամ առհասարակ հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ:

– Իհարկե: Մեր հայաստանյան լսարանին կուզեի նախ և առաջ շնորհակալություն հայտնել վերջին երեք տարիներին ինձ հյուրընկալելու համար: Հայաստանը շատ բարեկամական երկիր է, շատ բարեկամական ժողովուրդ է, և ես շատ եմ սիրում այս երկիրը: Ես շրջել եմ ամբողջ երկրով մեկ, տեսել եմ Հայաստանի բնությունը, տեսել եմ լեռները: Ուստի առաջինը երախտագիտության զգացումն է Հայաստանին և իր ժողովրդին:

Երկրորդը, շատ հայեր, որոնք չեն եղել Հնդկաստանում, մեր երկրի մասին նրանց պատկերացումները հիմնականում Բոլիվուդի ֆիլմերից են ձևավորվել: Ուստի իմ խնդրանքն է գնալ Հնդկաստան, այցելել Հնդկաստան և տեսնել սեփական աչքերով: Շատ բաներ կան, որոնք ցուցադրված չեն Բոլիվուդի ֆիլմերում: Իրական Հնդկաստանը տեսնելու համար պետք է այցելել այդ երկիր: Ուստի ես հրավիրում եմ Հայաստանի քաղաքացիներին Հնդկաստան: Դա շատ թանկ չէ: Առայժմ, ցավոք, ուղիղ չվերթներ չկան, բայց ապագայում հայկական ավիաուղիներից մեկը ծրագրում է սկսել ուղիղ չվերթներ: Այդ ժամանակ ճամփորդությունը շատ կհեշտանա: Ուղիղ չվերթի դեպքում կարելի է ընդամենը չորս ու կես ժամում հասնել Հնդկաստան, պատկերացնո՞ւմ եք՝ ընդամենը չորս ու կես ժամ: Մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք գործը հեշտացնելու համար: Դեսպանությունը սովորաբար վիզան տրամադրում է, կարելի է ասել, մեկ օրում: Մենք շատ ճկուն ենք, շատ բարեհամբույր, և եթե ինչ-որ մեկը իսկապես ճամփորդում է զբոսաշրջության կամ որևէ այլ նպատակով, մենք տրամադրում ենք վիզաներ: Նաև հասանելի են էլեկտրոնային վիզաներ: Եթե որևէ մեկն ուզում է ճամփորդել՝ նա դիմում է օնլայն և ստանում է վիզա: Եվ եթե նրանք դիմեն մեզ՝ մենք կտրամադրենք վիզան շատ կարճ ժամանակում:

Երրորդը, Հայաստանում շատ մարդիկ տեղյակ չեն, որ այսօր Հնդկաստանը շատ զարգացած երկիր է, մասնավորապես, բժշկության ոլորտում, և այժմ մենք առաջ ենք մղում այսպես ասած բժշկական տուրիզմը: Մենք առողջական խնդիրներ ունեցող շատ մարդկանց ենք ընդունում Հնդկաստանում բուժում ստանալու համար, մեզ մոտ հասանելի են լավագույն հիվանդանոցները, որոնք 1/5-րդով ավելի էժան են, քան եվրոպական ու արևմտյան ցանկացած երկրում: Եվ ԱՊՀ տարածաշրջանի շատ երկրներից են մարդիկ գնում Հնդկաստան այդ նպատակով:

Չորրորդը, ինչպես արդեն ասացի՝ Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան: Այս չորս բաները շատ կարևոր մասն են Հնդկաստանի, բայց Հնդկաստանը հազար անգամ ավելին է, քան այս չորսը, և տեսնելու ու հասկանալու համար, թե ինչ է Հնդկաստանը, մարդ գոնե մեկ անգամ պետք է այցելի Հնդկաստան: Եվ ես սիրով կողջունեմ Ձեզ, Ձեր ժողովրդին, Ձեր գործընկերներին և մեր բոլոր հայ ընկերներին տեսնելու անհավանական Հնդկաստանը:

Պարոն Դեվալ, շնորհակալ եմ Ձեզ հանդիպելու այս հնարավորության համար, շնորհակալ եմ Հայաստանի և Հնդկաստանի և հայ-հնդկական հարաբերությունների մասին այս հետաքրքիր և օգտակար զրույցի համար:

– Շատ շնորհակալ եմ: Ինձ համար հաճելի էր, որ եկաք, և մենք խոսեցինք գրեթե ամեն ինչի մասին: