«ՀՀ նախագահը պարտավոր է վարչապետ չնշանակել Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող որևէ թեկնածուի». փաստաբան Վ. Գրիգորյան

Լուրեր

09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել երկրից․ պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
09.06.2026 | 15:55
Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անգամ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարտավոր է հրաժարվել նշանակել Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող որևէ թեկնածուի ՀՀ վարչապետի պաշտոնում: Հակառակ դեպքում դա կլինի ՀՀ Սահմանադրության խախտում:

Այս առթիվ գրառում է արել փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀԿ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի՝ վերջին 4 տարում ՀՀ-ում չբնակվելու խնդրին: Ինչպես հայտնի է՝ Սահմանադրության համաձայն, վարչապետի թեկնածուն պետք է վերջին 4 տարում բնակված լինի միայն ՀՀ-ում, իսկ Կարեն Կարապետյանը երկու տարի առաջ է եկել Մոսկվայից, ուր աշխատում էր «Գազպրոմի» գլխավոր գրասենյակում:

Ներկայացնում ենք փաստաբանի գրառումը. «Սահմանադրությամբ վարչապետին ընտրում է Ազգային ժողովը (149 հոդված): Սակայն վարչապետի պաշտոնի ստանձնումը տեղի է ունենում դրան հաջորդող ակտով՝ Հանրապետության նախագահի նշանակմամբ: Անտեսում եմ այս պաշտոնի զբաղեցման մասին իմ ունեցած մոտեցումը, այս նյութի նպատակների հետ տարբեր լինելու պատճառով: Այսինքն՝ վարչապետի պաշտոնը վերջնական հավաստագրով շնորհվում է իրավաբանորեն՝ ձեռամբ նախագահի:

Սահմանադրության 149 հոդվածի 5-րդ մասը կատեգորիկ և հրամայական պահանջ է նախատեսում վարչապետի նշանակման հարցում Հանրապետության նախագահի համար: Մեջբերեմ ճշգրտության համար. «Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին»:

Այս տողերի միայն բառացի նշանակությունից կարող է բխել, որ Հանրապետության նախագահը չունի որևէ հայեցողություն ԱԺ ընտրած վարչապետի նշանակման կամ չնշանակման հարցի լուծման դեպքում: Այսինքն՝ նա ավտոմատ և առանց այլևայլության նշանակում է ԱԺ ընտրած վարչապետի թեկնածուին: Եվ ես սպասում եմ, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում մենք իրավունքի մի նոր դպրոցի հանդիսավոր բացման ականատեսը կլինենք, որն այս պատմական պահի թելադրանքով կառաջարկեմ պայմանականորեն կոչել ԿԿ իրավաբանություն:

Կարեն Կարապետյանի իրավաբանները մեզ կհամոզեն, որ դեռևս Հին Հռոմից մինչ օրս այդպես էլ եղել է … և Հանրապետության նախագահը չունի այս հարցում որևէ այլ գործողության ընտրություն, քան նշանակել ԱԺ ընտրած վարչապետին:

Սակայն, քանի դեռ իրավունքի այս դպրոցի բացումը չի մեկնարկել և «չորս ոտք լավ, երկու ոտք վատ» լրատվական աղմուկը չի խլացրել մեր ձայները, ասեմ որ Սահմանադրությունը միայն 149-րդ հոդվածից չէ բաղկացած: Այն ունի բազում այլ՝ վերաբերելի կարգավորումներ այս խնդրի համար: Պետք է հիշել, որ Հանրապետության նախագահի ինստիտուտի սահմանադրակաիրավական դերը ունի մեկ ողնաշար՝ Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականությունը (123 հոդված, 2-րդ մաս): Իսկ նման պարտականության առկայությունը ուղղակիորեն Հանրապետության նախագահին այն ի կատար ածելու ողջամիտ հայեցողություն իրականացնելու լիազորություն է նախատեսում:

Հանրապետության նախագահը պրինտեր չէ, որին ԱԺ-ն հրահանգում է տպել ստորագրված հրամանագիրը՝ վարչապետ նշանակելու համար: Այն Սահմանադրության պահպանմանը հետևող բարձրագույն պաշտոնատար անձ է, որը, իր կողմից հրապարակվելիք որևէ ակտ հրապարակելիս Սահմանադրության խախտման կազմ պարունակվելու դեպքում, ոչ միայն պետք է անտեսի այն՝ հղում կատարելով ԱԺ որոշմանը, այլ՝ պարտավոր է կանխել այն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում:

Այլ խոսքով՝ Հանրապետության նախագահը ոչ միայն պարտավոր չէ ընթացք տալ Սահմանադրության խախտմանը հանգեցնող նշանակմանը, այլ նա պարտավոր է այդպիսի խախտումը թույլ չտալ իր իրազորությունների շրջանակում: Այսինքն՝ հրաժարվել նշանակել Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող որևէ թեկնածուի այդ պաշտոնում:

Կարեն Կարապետյանի իրավաբաններն, իհարկե, մեզ անմիջապես կռմբակոծեն, թե իսկ այդ ինչ լիազորությամբ և այլն: Եվ միայն այդ աղմուկը դադարելուց հետո, հնարավոր կլինի բացատրել, որ լրջագույն սահմանադրական պարտականությամբ օժտված պաշտոնյան՝ պետության գլխի կարգավիճակով հենց միայն իր ունեցած սահմանադրական պարտականության ուժով արդեն իսկ օժտված է այն ի կատար ածելու նպատակի համար անհրաժեշտ լիազորությամբ:

Որքան էլ որ այդ հայեցողության շրջանակը նեղ կամ սահմանափակ լինի, այն չի կարող չներառել Սահմանադրության խախտմանը հակազդելու հնարավորությունը: Այլ խոսքով, ինչպես էլ որ բառացի հնչի սահմանադրական նորմը, այն երբեք չի կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ Սահմանադրության խախտումը տեղի ունենա նախագահի կողմից:

Համենայն դեպս, հանրապետության նախագահը չի կարող զրկված լինել այս սահմանադրական լուրջ խնդրի կապակցությամբ սահմանադրական արդարադատության դիմելու հնարավորությունից:

Չէ՞ որ հանրապետության նախագահը մի ամբողջ սահմանադրական ինստիտուտ է, որի դերը չի կարող սահմանափակվել պասիվ և իրավասություններից զուրկ սուբյեկտի կարգավիճակում դիտորդությամբ: Եթե դա այդպես լիներ, ապա որքանո՞վ սովորական բուն ավելի ճշգրիտ և գրացիոզ թեկնածու չէր լինի այս պաշտոնի համար: Ինչ կարիք կլիներ առհասարակ այս խորհրդանշական պաշտոնում նշանակել մեկ ամբողջ մարդու՝ հայաստանցի հարկատուի վզին մի ծանր ծախս դարձնելով:

Կարող եմ պատկերացնել նաև, որ Կարեն Կարապետյանի իրավաբանները որպես արգումենտ կարող են վկայակոչել իրավական մեկ այլ կատեգորիա՝ չուզողություն: Իբր, ինչու ինքը քաղաքացիության տեղեկանք չունենալով մեր կլիենտին չի հաստատում նստակեցության ցենզին անհամապատասխանության հիմքով:

Բայց սա, ինքներդ եք հասկանում, որ ԱՄՆ դեսպանին երեկվա հայտարարությունը տարածելով չասված վտանգավոր խոսքեր վերագրելու նման անլրջության աստիճանի մի բան է:

Ինչևէ, արձանագրենք, որ Կարեն Կարապետյանի իրավաբանության դեմարշը դեռ պետք է ի վիճակի լինի հաղթահարել նաև այս սահմանադրական արգելքը՝ հանրապետության նախագահի կողմից վարչապետի նշանակման մերժումը կամ այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելը:

Ես, իհարկե, անհանգիստ եմ այս կապակցությամբ, ինչպես և ձեզնից յուրաքանչյուրը: Չնայած և չեմ բացառում, որ քաղաքական ճնշման արդյունքում այս ատյանում դրական որոշման հեռանկար կա:

Բայց ախր հարցը կրկին մնում է բաց: Ինչու՞, ինչու՞ պետք է Հայասատանի քաղաքացին միշտ շարունակի մնալ իր այն համոզմունքին, որ սահմանը հսկող 18-ամյա զինվորն իր կյանքի գնով ավելի վճռական է իր երդմանը հավատարիմ մնում, քան մի ամբողջ բարձրագույն դատարանի դատավոր: Եվ որ բախտն այդ քաղաքացուն կարող է նման վտանգավոր վիճակներում ժպտալ միայն այն դեպքում, երբ ԿԿ իրավաբանությունը բնում կարող է խեղդվել միայն ինչ-որ քաղաքական դասավորության պայմաններում:

Միթե՞ երբևէ որևէ մեկի մտքով անցել է, որ Արմենակ Ուրֆանյանն իր դիրքը պահելու համար իր թիկունքում քաղաքական մեծամասնության աջակցության կամ կյանքի և անվտանգության երաշխիքների կարիք է ունեցել: Մենք նույնիսկ չգիտենք էլ այդ տղայի երդումը ինչպիսի հասարակ պայմաններում է անցել: Բայց նա դրան հավատարիմ է մնացել հակառակ Սահմանադրական դատարանի այսօրվա կազմի մեծամասնության՝ իրենց պրոֆեսիոնալ կյանքի տարբեր իրավիճակներում դրսևորած վարքի: Եթե կարիքը կա, դա արձանագրված էլ է:

Ինչևէ, ԱԺ կողմից Կարեն Կարապետյանի իրավաբանների հաճախորդի ընտրության դեպքում, մենք կարող է ականատես լինենք՝ քաղաքացիության մասին տեղեկանքն ընդդեմ նստակեցության մասին տեղեկանքի ճակատամարտին:

Ես որպես Հայաստանի քաղաքացի կոնկրետ այս պահին նստակեցության տեղեկանքին եմ դեմ: Որովհետև՝ Carthago delenda est»: