Մենք պետք է Բաքվին քաղաքական գործընթացի դաշտ բերելու ուղիներ փնտրենք․ համանախագահությանը դիմելն այդ տարբերակներից մեկն է․ Հակոբ Բադալյան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Հայաստանի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նաև հնարավորություն է Բաքվի համար, որ վերադառնա բանակցային սեղան։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր բանակցություններին։

«Ֆորմալ առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չունի մանդատ՝ զբաղվելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, նրա մանդատը վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ պատերազմից հետո Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ այդ հարցն այլևս գոյություն չունի, հետևաբար՝ գործընթացի իմաստ էլ չկա։ Այստեղ փակուղային մի իրավիճակ է ստեղծվում, հատկապես, երբ հաշվի ենք առնում նաև համանախագահ երկրների միջև բարդ հարաբերությունները ուկրաինական պատերազմի թատերաբեմում։ Այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին հայ-ադբեջանական հարաբերությունների կարգավորման առիթով աշխատելու հնարավորություն տալը կարող է լինել ճանապարհ նաև դեպի Արցախյան կարգավորում վերադառնալու համար»,- հավելեց նա։

Բադալյանը նկատեց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված Երևանի առաջարկը կարող է օգտակար լինել նաև Ադրբեջանի համար, որովհետև չնայած Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե ԼՂ հիմնախնդիրը ինքը լուծել է, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն են արձանագրում, որ հակամարտությունը կարիք ունի քաղաքական կարգավորման։

«Բաքուն էլ շատ լավ պատկերացնում է, որ խնդիրը լուծված չէ, և որ երբեք չի կարողանալու այն լուծված լինելու իր մոտեցումը դարձնել միջազգայնորեն լեգիտիմ։ Ներսում հայտարարում են, որ խնդիրը լուծել են, բայց երբ, ի վերջո, ստիպված լինեն վերադառնալ բանակցային սեղան, պետք է ինչ-որ բացատրություն տան սեփական հանրությանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում տանելը այդ փակուղուց ազատվելու հնարավորություն է նաև Բաքվի համար»,- ասաց քաղաքական մեկնաբանը։

Հակոբ Բադալյանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, բոլորի համար էլ հասկանալի է, ասոցացվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ։

«Բաքվի առաջարկած 5 պայմանների տողատակերում էլ կան  ձևակերպումներ, որոնք խորքային առումով առչվում են հենց Արցախյան հիմնախնդրին։ Հենց այդ համատքստում էլ Երևանը պատասխանեց, որ Արցախի դեպքում իրավունքների և կարգավիճակի հարցն առաջնային է և անշեղելի»,- ասաց նա։

Վերլուծաբանը նաև մատնանշեց Ուկրաինայում այսօր տեղի ունեցողը՝ ընդգծելով, որ այն համաշխարհային անվտանգային ճարտարապետության վերաձևման գործընթաց է, որը, ի վերջո, առնչվելու է նաև Կովկասին։

«Այն հետպատերազմյան իրավիճակը՝ նոր ստատուս քվոն, որ ձևավորվել է Կովկասում, վերջնական չէ, և Ուկրաինայում տեղի ունեցողից հետո գործընթացը շարունակվելու է և որոշակի մասով վերադառնալու է Կովկաս»,- կանխատեսեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Երևանի առաջարկը Մինսկի խմբին հենց այդ տրամաբանության մեջ տեղավորվում է։

Դիտարկմանը, որ տպավորություն է ստեղծվում, թե Երևանը, այնուամենայնիվ, Բաքվի օրակարգով է շարժվում՝ իր գործընկերների հետ չխոսելով ԼՂ հիմնախնդրի լուծման անհրաժեշտության մասին, օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, որի ընթացքում ԼՂ հիմնախնդրի մասին խոսք չի եղել, Հակոբ Բադալյանն արձագանքեց․ «Մի հայտարության մեջ կարող է լինել դրա մասին խոսք, մյուսում՝ ոչ։ Ասել, որ Երևանն ընդհանրապես չի խոսում այդ մասին, չենք կարող։ Այստեղ ես կարևոր եմ համարում այն, որ մենք, լինելով շահագրգռված կողմ, որ դրա շուրջ քննարկում ծավալվի, պետք է նաև փնտրենք ճանապարհներ Ադրբեջանին քաղաքական գործընթացի դաշտ բերելու։ Համանախագահությանը դիմելն այդ տարբերակներից մեկն է»։

Հարցին՝ ինչպես կաշխատի Հայաստանի առաջարկը, Բադալյանը պատասխանեց, որ դա շատ գործոններից է կախված, բայց առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագաների տրամադրվածությունից։ Նրա նկատառմամբ, ամեն դեպքում, ուշադրությունը Կովկասի նկատմամբ այս օրերին ավելի է մեծանում, և դա նկատելի է Հայաստանի ղեկավարության հեռախոսազրույցներից։

«Բլինքենի զանգը, Ֆրանսիայի ակտիվությունը, Լավրովի հեռախոսազույցը Միրզոյանի և Բայրամովի հետ արդեն ակտիվության մասին են խոսում։ Ընդհանուր բովանդակություն չկա, բայց կարծես թե ընդհանուր նպատակը կամ տեսլականն այն է, որ տեղի ունեցող մեծ գործընթացները որոշակի ժամանակային հեռանկարով ստատուս քվոյի բերեն Հարավային Կովկասում։ Ինձ համար դժվար է ասել, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներն այստեղ ունեն ընդհանուր եզրեր։ Բայց արդեն ձևաչափի աշխատանքի մասին նրանց ընդհանուր տրամադրվածությունը դրական կլինի հենց թեկուզ Երևանի համար»,- նշեց Բադալյանը։

Նա չբացառեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ հայ-ադբեջանական խնդիրներով զբաղվելու են այլ ձևաչափեր։ Ըստ նրա՝ չպետք է մոռանալ նաև «3+3» ձևաչփի նախաձեռնությունը, որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, և թե Ռուսաստանը կփորձեն ըստ նպատակահարմարության վերադառնալ դրան։

«ԵԱՀԿ մինսկի խմբի ձևաչփը և աշխատանքը մեզ համար շատ կարևոր է այդ իրողությունները բալանսավորելու համար, որովհետև մենք, օրինակ պատկերացնում ենք, որ «3+3» ձևաչափը Հայաստանի համար ամենահարմարը չէ։ Բայց մենք չենք կարող լինել «անիվների մեջ մեխ խրողի դերում», որովհետև դա բավական անհեռանկար կլինի, մյուս կողմից, մեզ անրաժեշտ է, որ մենք կարողանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բալանսավորել այլ ձևաչափերի ազդեցությունը մեր խնդիրների վրա»,- ասաց նա։

Հիմա, քաղաքական մեկնաբանի խոսքով, կա հնարավորություն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերկենդանանա, պարզապես ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում։ «Տրամադրվածություն կա։ Այս երեք երկրներն էլ շահագրգռված չեն այդ ձևաչափին հրաժեշտ տալով։ Նրանց դա անհրաժեշտ է, այն բացառիկ ձևաչափ է և բոլոր երեքի համար էլ դիվանագիտական, քաղաքական գործիք է մի շարք այլ դերակատարների նկատմամբ։ Այնպես որ, կարծում եմ, նրանք շահագրգռված են գոնե կենդանության նշան պարերաբար ցույց տալու։ Այլ խնդիր է, թե աշխատանքի դինամիկան ինչպիսին կլինի։ Իսկ դա կախված է ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացներից։ Մենք մի կողմից պետք է պարզապես փորձենք ինչ-որ խթանող քայլեր անել»,- նշեց Հակոբ Բադալյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում, Հայաստանի վերջին քայլին դրական արձագանք կա Մինսկի խումբը համանախագահող երկրներից։

Հռիփսիմե Հովհաննիսյան