Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում ընդունել իր «օպերացիայի» ձախողումը. դա կհանգեցնի Կրեմլի ռեժիմի լիակատար փլուզման․ ուկրաինացի փորձագետ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժման 21-րդ օրն է։ Պատերազմը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Առավոտյան ռուսական զորքերի կողմից Կիևում բնակելի թաղամաս է գնդակոծվել, իրավիճակը շարունակում է գերլարված մնալ Մարիուպոլում։ Ռազմական գործողություններին զուգահեռ՝ շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ տեսակապի ձևաչափով անցկացվող բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում քննարկված հարցերի թվում են խաղաղությունը, հրադադարը, զորքերի անհապաղ դուրսբերումը և անվտանգության երաշխիքները։ Factor.am-ը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է «New Geopolitics Reasearch Network»-ի ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Սոլովիանի հետ։

-Պարո՛ն Սոլովիան, ռուսական զորքերը պարբերաբար հարվածներ են հասցնում մայրաքաղաք Կիևին և ուկրաինական այլ մեծ քաղաքների։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ուզում Կրեմլը՝ նման քայլերի դիմելով։

-Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներում կատաղի մարտեր են ընթանում ռուսական ներխուժման առաջին օրերից։ Օկուպանտների նախնական մարտավարությունը բաղկացած էր Կիևի կենտրոնական շրջաններ զորքերի վայրէջքից և դիվերսիոն խմբերի ներթափանցումից։ Բայց բլիցկրիգի ծրագիրն ամբողջությամբ ձախողվեց: Ռուսական հրամանատարությունը ստիպված էր անցնել Կիևի մերձակայքում նախկինում գրավված քաղաքներում և գյուղերում հենվելու փորձերին:

Օպերատիվ հաջողությունների բացակայության և մայրաքաղաքի պաշտպանների հակագրոհների պատճառով ռուսական կողմը սկսեց Կիևի բնակելի թաղամասերի անկանոն հրետանային գնդակոծությունները։ Ցավոք, կա հավանականություն, որ քաղաքի թաղամասերին հարվածները կշարունակվեն առաջիկա օրերին՝ մինչև օկուպանտները հետ չքշվեն իրենց դիրքերից Կիևի պաշտպանության հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Հարկ է նշել, որ ի տարբերություն Խարկովի, Չեռնիգովի, Սումիի և մի շարք այլ քաղաքների, որոնք մասամբ շրջապատված էին ռուսական ուժերով, ռուսական հրամանատարությունը գործնականում չի օգտագործում ավիացիան Կիևի օդային տարածքում։ Դա պայմանավորված է մայրաքաղաքի օդային տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետ գործարկմամբ, ինչի մասին է վկայում այն, որ առաջին իսկ օրերից հրթիռների ճնշող մեծամասնությունը արդյունավետ խոցվում է։ Սակայն որոշ հարվածներ արդեն հանգեցրել են քաղաքի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացմանը։ Օրինակ՝ մարտի 14-ին ռուսական հրթիռները խոցել են Անտոնովի ավիաշինական գործարանը։

Ռուսաստանը շարունակում է խոշոր քաղաքներում հումանիտար ճգնաժամեր ստեղծելուն ուղղված մարտավարությունը։ Այդ կերպ Կրեմլը փորձում է ճնշման լծակ ստեղծել Ուկրաինայի կառավարության վրա՝ ստիպելով նրան ընդունել առաջ քաշված պայմանները։ Սակայն նման մարտավարությունը վկայում է նաև այն մասին, որ Մոսկվան գիտակցում է, որ ռազմավարական հարթությունում ժամանակը չի խաղում իրենց օգտին, հետևաբար, նրանք փորձում են արագացնել հանգուցալուծումը՝ կոտրելով դիմակայելու Ուկրաինայի կամքը, ստեղծելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իրենց մասշտաբներով աննախադեպ մի շարք հումանիտար աղետներ։

-Ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք չեն տալիս։ Ինչ եք կարծում՝ ե՞րբ հնարավոր կլինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։

-Բանակցային գործընթացի դանդաղելու պատճառն այն է, որ Կրեմլը դիվանագիտական ​​ուղու սկզբում ընտրեց վերջնագրերի լեզուն։ Իմ կարծիքով՝ զգուշավոր լավատեսությամբ կարելի է ասել, որ Կրեմլի և Կիևի երկխոսությունն աստիճանաբար կառուցողական ուղղություն է թևակոխում։ Վերջին օրերին Ուկրաինան և Ռուսաստանը ներկայացնող բանակցությունների մասնակիցները մի շարք հայտարարություններ արեցին, որոնք վկայում են այն մասին, որ Կրեմլը սկսում է աստիճանաբար սթափվել կրած կորուստների ազդեցության տակ։

Նախ՝ Ռուսաստանի կառավարությունը վերջապես հրաժարվեց իր խամաճիկ կառավարությանը Պեչերսկի բլուրների վրա «տեղադրելու» պատրանքից։ Բանակցությունների մեկնարկի ձգձգումը բացատրվում է Մոսկվայի ակնկալիքներով, որ ուկրաինական իշխանությունները կթուլանան ու կլքեն մայրաքաղաքը։ Բայց դա տեղի չունեցավ։ Ավելին, լայնածավալ ներխուժման սկզբից Մոսկվան պարզեց, որ ռուսամետ քաղաքական գործիչների «նստարանը» մեկ գիշերվա ընթացքում դատարկվեց։ Ուկրաինացի քաղաքական գործիչների մեծամասնությունը, ովքեր հավատարիմ էին մնացել Մոսկվային մինչև փետրվարի 24-ը, դատապարտել են ռուսական ագրեսիան։ Նույն մի քանի կերպարները, որոնք թաքնվել են Ռուսաստանում ներխուժման մեկնարկից հետո, վաղուց կորցրել են իրենց հեղինակության մնացորդներն ուկրաինական հասարակության աչքում և, առանց ռուսական սվինի, չեն կարողանա վերահսկել ոչ մի բնակավայր։ Այսպիսով, Կրեմլը չի ​​կարող խուսափել ուղիղ բանակցություններից նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որն առաջին իսկ օրերից համախմբել է ուկրաինացի ժողովրդին (ըստ հարցումների՝ նախագահի գործողություններին հանրային աջակցությունը կազմում է 90%), իսկ արևմտյան երկրներում դարձել է ազատ աշխարհի արժեքների համար պայքարի կենդանի մարմնավորում։

Երկրորդ՝ որոշակի լավատեսությունը կապված է խորհրդակցությունների կանոնավոր բնույթի (մինչ այժմ տեղի է ունեցել չորս փուլ) և հատուկ աշխատանքային ենթախմբերի ստեղծման հետ (սակայն այս պահին կոնկրետ աշխատանքի ուղղությունների մասին տեղեկություն չկա)։ Երկխոսության իրականացումն առցանց հանդիպումների ձևաչափով վկայում է այն մասին, որ աստիճանաբար սկսում է գերիշխել կառուցողական մոտեցումը։ Սակայն, անգամ այս ամենը հաշվի առնելով, վաղաժամ է եզրակացնել, որ հնարավոր է՝ խաղաղ համաձայնագիր կնքվի։ Չեմ կարծում, որ արժե դրա վրա հույս դնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Ուկրաինան ռեզերվներ է կուտակում և սպասում է հակառակորդի նյութատեխնիկական միջոցների քայքայմանը՝ հակագրոհներ սկսելու համար։ Ռուսաստանն արդեն մարտին հանձնել է բոլոր ռազմական միջամտության ուժերը և գործնականում չունի ռեզերվներ։ Բայց քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում ընդունել, այսպես կոչված, «օպերացիայի» ձախողումը, քանի որ դա կհանգեցնի Կրեմլի ռեժիմի լիակատար փլուզման։ Երկու կողմերն էլ պահպանում են ռազմական գործողությունները շարունակելու ցանկությունը, և պատերազմը ձգձգվում է, վերածվում մաշվելու պայքարի։

-Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ուկրաինան՝ խաղաղության հասնելու համար։

-Ուկրաինայի հասարակության զգալի հատվածում գերակշռում է այն համոզմունքը, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը մինչև ռազմական հաղթանակ՝ որպես երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհ բացող միակ հնարավորություն։

Պայքարի թեժ պահին կարևոր է գիտակցել, որ պատերազմի ավարտը, բացառությամբ՝ հակառակորդի անվերապահ հանձնվելու, միշտ ենթադրում է ինչ-որ փոխզիջում: Ուկրաինական կողմն արդեն հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսից ժամանակավորապես հրաժարվելու պատրաստակամության մասին։ Բայց դրա դիմաց Կիևը կպահանջի տարածաշրջանային տերություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի կնքում։ Առաջընթաց հնարավոր է նաև զենքի որոշակի տեսակների չտեղակայման և վերահսկման հարցում, որոնք Մոսկվան ուղղակի սպառնալիք է համարում իր համար։ Ես դրանում առանձնապես դժվարություն չեմ տեսնում, քանի որ Ուկրաինան երբեք չի ունեցել նման զինատեսակներ, ինչպես նաև ռուսական հրթիռների թիրախ դառնալու ցանկություն։ Կիևի դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում մնում է հիմնարար՝ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներն անհնար են, քանի որ ցանկացած զիջում կլինի Կրեմլի նոր ընդլայնումների նախաբանը։

Ուկրաինան պատերազմի առաջին իսկ օրերից դիմել է միջազգային հանրությանը ռազմական օգնության համար։ Առաջին անգամ Եվրամիությունը ռազմական աջակցություն է ցուցաբերում, բայց մյուս կողմից՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի հետ պատերազմին։ Ինչպե՞ս են դրան վերաբերվում ուկրաինացիները։

-Այն թեզը, որ Արևմուտքը թողել է Ուկրաինային «բախտի քմահաճույքին», ռուսական քարոզչական նարատիվ է։ Փաստացի, Արևմուտքը դաշնակցային պարտավորություններ չունի և չի ունեցել Ուկրաինայի հանդեպ։ Ուկրաինայում, նույնիսկ պատերազմի ներկա փուլից առաջ, քիչ էին պատրանքները, որ մենք ստիպված կլինենք միայնակ գործ ունենալ Ռուսաստանի հետ:

Միևնույն ժամանակ, Արևմուտքը շատ արժեքավոր ռազմատեխնիկական և հետախուզական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի զինված ուժերին, որի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Բայց խաղաղ քաղաքների ամենադաժան ռմբակոծության պայմաններում Ուկրաինան պնդում է, որ մեր գործընկերների կողմից լինի սպառազինությունների տեսականու զգալի ընդլայնում։ Խոսքը ՀՕՊ համակարգերի և մարտական ​​ավիացիայի մասին է (առաջին հերթին՝ ՄիԳ-29 կործանիչների և Սու-25 գրոհային ինքնաթիռների)։

Այս փուլում արևմտյան առաջնորդները, առաջին հերթին՝ Սպիտակ տունը, ձեռնպահ են մնում նման քայլից։ Նրանք մտավախություն ունեն, որ ՆԱՏՕ-ն ներքաշվելու է ռուսական ուժերի հետ բախումների մեջ։ Սակայն այս հարցը փակված չէ։ Կարծում եմ, որ արևմտյան երկրներում հասարակական կարծիքի ճնշումը կարող է ոգեշնչել ԱՄՆ վարչակազմին՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկել։

-Ուկրաինայի նախագահը դիմում է գրել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ Սակայն եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիությունը չի կարող պաշտոնապես ընդունել Ուկրաինայի անդամակցությունը բլոկում մեկ գիշերում, «դրա համար ժամանակ կպահանջվի»։ Ուկրաինայում այժմ ի՞նչ հույսեր ունեն Եվրամիությանն անդամակցելու հնարավորության հետ կապված։

-ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի շնորհումն ուկրաինացի ժողովրդի հետ Միացյալ Եվրոպայի համերաշխության կարևոր, բայց խորհրդանշական ժեստ է։ Մինչ ռուսական ներխուժումը Բրյուսելն անթաքույց թերահավատությամբ էր նայում ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարին: Բայց փետրվարի 24-ից հետո մենք այլ հարթություն անցանք։ Այսօր Ուկրաինայի առաջնահերթությունը հետպատերազմյան վերակառուցումն է։ Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով՝ ենթակառուցվածքների, ձեռնարկությունների և մատակարարման շղթաների ոչնչացումը, մասնագետների արտահոսքը, ցանքատարածության ձախողումը և բազմաթիվ այլ գործոններ արդեն հասցրել են 500 միլիարդ դոլարի վնաս։ Ուստի, Ուկրաինային անհրաժեշտ է նոր «Մարշալի պլան»՝ տնտեսությունը վերակազմակերպելու և տնտեսության ամբողջ հատվածները վերականգնելու համար։ Ուկրաինայի եվրաինտեգրման հետագա դինամիկան շատ առումներով կախված է երկրի հետպատերազմյան զարգացման տեմպերից։ Նաև նշում են, որ ներկա իրողություններում անվտանգության բաղադրիչը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հիմնական պարամետրն է։

Օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլի օրինակից՝ մենք տեսանք, որ Արևմուտքը պատրաստ չէ բացել իր անվտանգության հովանոցն Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական բախման մտավախության պատճառով: Միևնույն ժամանակ, եվրոպական անվտանգության համակարգի փլուզմամբ, ամերիկյան և եվրոպական քաղաքական վերնախավերի միջև Կրեմլի նկատմամբ վստահության վերջին մնացորդները գոլորշիացել են։ Ըստ այդմ, նույնիսկ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք չենք կարող ապագայում բացառել բռնության սրումը։ Բնականաբար, ԵՄ անդամ երկրների շարքում անպայման կլինեն այնպիսիք, ովքեր ուշադրություն կդարձնեն այն ռիսկերին, որոնք առաջանում են հավաքական Եվրոպայի առաջ նոր պատերազմի դեպքում։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դե ֆակտո մորատորիումի պայմաններում Վլադիմիր Զելենսկիին առաջարկվել է «տոմս դեպի ԵՄ», որը, ըստ Արևմուտքի, նա կկարողանա առաջարկել ուկրաինական հասարակությանը՝ Եվրատլանտյան գաղափարի դիմաց՝ առանց հեղինակության էական կորստի։ Այնուամենայնիվ, այս հնարքը չի փոխում ռազմավարական դասավորությունը. առանց անվտանգության երաշխիքների (անկախ բանաձևից՝ լինի դա ՆԱՏՕ-ին անդամակցություն, թե՞ միջպետական ​​պայմանագրերի համակարգ)՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կմնա շատ մշուշոտ հեռանկարում։

Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին բովանդակային խոսել հնարավոր կլինի միայն Ռուսաստանում քաղաքական ռեժիմի ազատականացման նոր պատմական փուլում։ Պատերազմն ու կործանարար պատժամիջոցները կարող են պատմության ճոճանակը հակառակ ուղղությամբ դնել։ Բայց թե ինչ ժամանակային միջակայքում դա տեղի կունենա, օբյեկտիվորեն վերլուծելու հարց է։

-Ուկրաինա ռուսական ներխուժմանն Արևմուտքը պատասխանեց հզոր ոլորտային և անհատական պատժամիջոցներով։ Ռուսական որոշ բանկեր անջատված են SWIFT ֆինանսական համակարգից։ Արևմուտքը փակում է երկինքը Մոսկվայի համար և այլն։ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է պատժամիջոցների։ Ինչ եք կարծում՝ այս պատժամիջոցները ջախջախի՞չ են:

Այո՛, ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսությանը սպասվում է գագավիժում։ Արևմտյան կառույցներն այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ի անկում են կանխատեսում՝ 7-ից մինչև 15%: Իրավիճակը նույնիսկ ավելի սպառնալի է, քան 1998թ. դեֆոլտը։ Այդ ժամանակ Ռուսաստանի տնտեսությունն անկում ապրեց և անցավ արագ աճի միայն 2000-ականների սկզբին: Այսօր պատերազմը խառնել է Ռուսաստանի տնտեսական բլոկի բոլոր հաշվարկները։ Հավանաբար, պատժամիջոցների հետևանքները հաշվարկելիս ​​տնտեսագետները ելնում էին ավելի «ռացիոնալ» սցենարից, երբ բռնության սահմանները կսահմանափակվեին Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերով։ Նրանք ակնկալում էին շատ դանդաղ արձագանք Արևմուտքից՝ 2014-15 թվականների համեմատ։

«Օպերացիայի» գաղտնիությունը դաժան կատակ է խաղացել դրա «դիզայների» վրա. Ուկրաինա ներխուժման տնտեսական հիմնավորումը չի արդարացվել Արևմուտքի ջախջախիչ պատասխանի և Կրեմլին պատժելու ցանկության աննախադեպ միասնության պայմաններում: Այս պահի դրաման նրանում է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, կարծես թե, ի վիճակի չէ համարժեք գնահատել առկա ռիսկերը և լսել իր միջավայրում խելամիտ առաջարկները։

Այնուամենայնիվ, Ուկրաինան դժվար թե հույս դնի Ռուսաստանի վաղ տնտեսական փլուզման վրա, որ դա նրան դուրս կբերի պատերազմից։ Իներցիոն ուժերի պահուստը, որը տրամադրվում է, ի թիվս այլ բաների, եվրոպացի սպառողներին գազի և նավթի վաճառքից արտարժութային մուտքերով, բավական կլինի պատերազմի մի քանի ամիսների համար։

-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ռուսական նավթի, գազի և ածխի ներմուծման ամբողջական արգելքի մասին։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա Պուտինի քայլերի վրա։

-Ռուսական էներգակիրների ներմուծման մասնաբաժինը ԱՄՆ շուկա շատ փոքր է։ Բայց ամերիկյան վարչակազմի սահմանած էմբարգոն արդեն ազդանշան է դարձել համաշխարհային էներգետիկ ընկերությունների համար՝ հեռանալ Ռուսաստանից, կրճատել ներդրումները և համագործակցության ցանկացած ձև: Սա շատ ավելի ցավոտ հարված է ռուսական էներգետիկ ոլորտին, առաջին հերթին՝ տեխնոլոգիաների հեռանալու պատճառով։

Սակայն երկարաժամկետ ազդեցությանն ուղղված պատժամիջոցները չեն կարող անհրաժեշտ ազդեցություն ունենալ Ռուսաստանի ղեկավարության վրա։ Պուտինը տարված է ուկրաինական պետականությունը կործանելու գաղափարով և պատրաստ է վճարել ցանկացած գին, նույնիսկ եթե վտանգի տակ է դրված սեփական երկրի տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքակրթական հետամնացությունը։

-Քննարկվում է, որ Ուկրաինայում պատերազմը դեռ երկար է շարունակվելու։ Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին։ Ուկրաինան պատրա՞ստ է դրան։

-Պատերազմի ամեն օր խորը վերքեր է թողնում երկրի տնտեսության մարմնին, Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները, արդյունաբերական օբյեկտները, խորանում է հումանիտար ճգնաժամը։ Բայց նույնիսկ դա ի վիճակի չեն կոտրել զավթիչներին դիմակայելու ուկրաինացի ազգի կամքը։ Պատերազմի այս փուլում Ուկրաինայի զինված ուժերն արդյունավետ շարժական պաշտպանություն են իրականացնում հարավային ուղղությամբ և Ուկրաինայի միացյալ ուժերի գոտում հակառակորդի գրոհի ներքո, որն առավելություն ունի զենքի քանակով, կենդանի ուժով և ամենակարևորը՝ օդում․ Կիևի և Խարկովի մոտ հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է։ Առաջիկա օրերին այս հատվածներում ռազմական գործողությունները, ըստ ամենայնի, վերջնականապես դիրքային բնույթ կստանան։

Կրած կորուստները միայն ամրապնդում են զավթիչներին դիմակայելու՝ Ուկրաինայի վճռականությունը։ Եվ այս դիմադրությունը կտևի այնքան, որքան կպահանջվի՝ վերջին օկուպանտին ուկրաինական հողից վտարելու համար։

Հռիփսիմե Հովհաննիսյան