Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային. պատժամիջոցներից մինչև ռազմական և հումանիտար օգնություն

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արձագանքելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ Եվրոպական միության ղեկավարներն ու կառույցները վճռականորեն դատապարտել են ռուսական ագրեսիան և միջազգային իրավունքի խախտումը։ Նրանք Ռուսաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անվերապահորեն դուրս բերել բոլոր ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից և լիակատար հարգանք դրսևորել Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության նկատմամբ։

ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային ոչ միայն խոսքով, այլև գործով։ ԵՄ-ն երբևէ առաջին անգամ կֆինանսավորի զենքի և այլ սպառազինության գնումն ու առաքումը մի երկիր, որը ԵՄ անդամ չի հանդիսանում: Միաժամանակ, ԵՄ-ն նաև խստացնում է Կրեմլի, ինչպես նաև Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցները։

ԵՄ-ն «զանգվածային պատժամիջոցներ» է խոստացել ընդդեմ Ռուսաստանի. ո՞ւմ և ինչպես դրանք կանդրադառնան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ամենախոշորն են Եվրոպական միության պատմության մեջ, դրանց նպատակը Ռուսաստանի տնտեսությանը և Կրեմլին մեծ վնաս հասցնելն է։

Գործելով իր գործընկերների և դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Ավստրալիայի հետ սերտ համագործակցության պայմաններում՝ ԵՄ-ն մինչ օրս համաձայնեցրել է պատժամիջոցների հինգ ալիք. փետրվարի 23-ին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ճանաչմանը, փետրվարի 24-ին՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, իսկ այնուհետև՝ փետրվարի 26-ին, փետրվարի 28-ին և մարտի 9-ին:

Ֆինանսական հատված

ԵՄ-ն ռուսաստանյան յոթ բանկերի դուրս է թողել SWIFT համակարգից, որն աշխարհում ֆինանսական տեղեկատվության փոխանակման առաջատար համակարգն է և օգտագործվում է միջազգային վճարումներ կատարելու նպատակով: Այդ ցանցից Ռուսաստանի անջատումը լուրջ խնդիրներ է առաջացրել դրա տնտեսության համար, քանի որ այդպիսով լրջորեն սահմանափակվել է երկրի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկաներ, իսկ ռուսաստանյան ընկերությունների և անհատների համար դժվարացել է ներմուծվող ապրանքների համար վճարումներ կատարելը կամ դրանց արտահանման համար վճարումներ ստանալը: Այս ամենը շատ լուրջ տնտեսական խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի համար:

ԵՄ-ն նաև արգելել է Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ գործարքների իրականացումը, որը երկրի կարևորագույն ֆինանսական հաստատությունն է: Այս քայլը, ըստ էության, թույլ չի տալիս, որպեսզի Ռուսաստանի միլիարդավոր արտաքին պահուստները սնուցեն Պուտինի սանձազերծած պատերազմը:

ԵՄ նոր պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի մուտքը կապիտալի կարևորագույն շուկաներ: Դրանք արգելում են ԵՄ առևտրային հարթակներում ռուսաստանյան պետական կազմակերպությունների բաժնետոմսերի ցուցակումն ու դրանց ծառայությունների մատուցումը: Նոր պատժամիջոցներն էապես սահմանափակում են Ռուսաստանից ԵՄ ֆինանսական ներհոսքը՝ արգելելով Ռուսաստանի քաղաքացիներից կամ ռեզիդենտներից որոշակի գումարի սահմանաչափն անցնող ավանդների ընդունումը, ԵՄ արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաների կողմից ռուսաստանյան հաճախորդների հաշիվների վարումը, ինչպես նաև ռուսասատանցի հաճախորդներին եվրոյով արտահայտված արժեթղթերի վաճառքը: Պատժամիջոցները վերաբերում են նաև կրիպտոակտիվներին:

Այս պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկային շուկայի 70 տոկոսը և կարևորագույն պետական ընկերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Դրանք կավելացնեն Ռուսաստանի փոխառությունների ծախսերը, կբարձրացնեն գնաճը և աստիճանաբար կխաթարեն Ռուսաստանի արդյունաբերական բազան: Բացի այդ, ռուսաստանյան վերնախավն այլևս չի կարողանա թաքցնել իր բանկայաին հաշվեհամարները և ունեցվածքը Եվրոպայում։

Օդային տարածք և տրանսպորտ

Եվրոպական միությունը փակել է իր օդային տարածքը ռուսաստանյան պատկանելիության, Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր տեսակի, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռների համար: Դրանք այլևս չեն կարող ԵՄ տարածքն օգտագործել թռիչք և վայրէջք կատարելու կամ թռչելու համար։

ԵՄ-ն սահմանել է նաև արտահանման արգելք, որը ներառում է ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ապրանքներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև արգելք է դրել այդ ապրանքների և տեխնոլոգիաների հետ կապված ապահովագրության և վերաապահովագրության և սպասարկման ծառայությունների մատուցման վրա: Այս պատժամիջոցների արդյունավետությունը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի առկա կոմերցիոն օդային նավատորմի երեք քառորդն արտադրվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Էներգետիկա

ԵՄ-ն արգելել է նավթավերամշակման ոլորտում որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև սահմանափակել մտցրել համապատասխան ծառայությունների մատուցումը։

Արտահանման նման արգելք սահմանելով՝ ԵՄ-ն հարված է հասցնում ռուսական նավթային հատվածին և Ռուսաստանին զրկում իր նավթավերամշակման գործարաններն արդիականացնելու հնարավորությունից։

Տեխնոլոգիաներ

ԵՄ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը: Սահմանափակումը ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կիսահաղորդիչները կամ առաջադեմ տեխնոլոգիաները:

Մարտի 9-ին ԵՄ-ն լրացուցիչ սահմանափակումներ մտցրեց ծովային նավիգացիայի և ռադիոկապի տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ, Ռուսաստանի ծովային բեռնափոխադրումների ռեգիստրն ավելացրեց ֆինանսավորման սահմանափակումների ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում և ներդրեց նախնական տեղեկատվության փոխանակման դրույթ ծովային անվտանգության սարքավորումների արտահանման համար:

Մեդիա

ԵՄ-ն դադարեցրել է Sputnik-ի և RT/Russia Today-ի (RT English, RT UK, RT Germany, RT France և RT Spanish) հեռարձակումն իր տարածքում։

Այս որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Ուկրաինայի դեմ ագրեսիան և քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը և նրա հետ փոխկապակցված ԶԼՄ-ները չեն դադարեցրել ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիայի գործողությունները։

Անհատական պատժամիջոցներ

Ներկայում սահմանափակիչ միջոցներ են կիրառվել ընդհանուր առմամբ 862 անհատների և 53 կազմակերպությունների նկատմամբ. դրանք ներառում են ակտիվների սառեցում և միջոցներ տրամադրելու արգելք: Բացի այդ, ցուցակված անձինք չեն կարող մուտք գործել ԵՄ տարածք կամ տարանցում կատարել այնտեղով:

Ցուցակում ներառված են ՌԴ նախագահն ու արտգործնախարարը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ովքեր աջակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարության կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ճանաչմանը, ՌԴ Պետդումայի բոլոր անդամները, որոնք վավերացրել են Ռուսաստանի Դաշնության և նշված երկու սուբյեկտների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի մասին կառավարության որոշումը: Այն ներառում է նաև նավթային, բանկային ու ֆինանսական ոլորտներում, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, հեռահաղորդակցության ու թվային արդյունաբերության ճյուղերում ակտիվ օլիգարխների ու գործարարների, ինչպես նաև կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների և հակաուկրաինական քարոզչության տարածմանն ու Ուկրաինա ներխուժման նկատմամբ դրական վերաբերմունքին նպաստած քարոզիչների անուններ։

Բացի այդ, դիվանագիտական անձնագրեր ունեցող ռուսաստանցի քաղաքացիները չեն կարող առանց մուտքի արտոնագրի մուտք գործել ԵՄ տարածք, իսկ ՌԴ պաշտոնյաներն ու գործարարներն այլևս չեն կարողանա օգտվել վիզային ռեժիմի դյուրացման դրույթներից, որոնք ԵՄ տարածք արտոնյալ մուտքի հնարավորություն են տալիս: Այս որոշումը չի ազդի Ռուսաստանի շարքային քաղաքացիների վրա։

ԵՄ-ն սահմանափակել է նաև այսպես կոչված «ոսկե անձնագրերի» տրամադրումը, որն ունևոր ռուսաստանցիներին թույլ է տալիս դառնալ ԵՄ քաղաքացի:

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում և Եվրահանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինայի հետ» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի նկատմամբ պատերազմում Լուկաշենկոյի ռեժիմի ունեցած դերի համար

Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային՝ Ռուսաստանին թույլ տալով իր տարածքն օգտագործել բալիստիկ հրթիռներ արձակելու, ռազմական անձնակազմ, ծանր սպառազինություն, տանկեր և ռազմական փոխադրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև դեպի Ուկրաինա ռազմական ինքնաթիռների թռիչքների համար։ Բելառուսը Ռուսաստանին ապահովում է վառելիքի լիցքավորման և ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահման կետերով։

Դրան ի պատասխան՝ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի դեմ այս հարձակումների առնչությամբ համագործակցություն դրսևորող բելառուսական սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակել է առևտուրը առանցքային մի շարք ոլորտներում:

Պատերազմում իրենց դերի համար պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր առմամբ 42 բելառուսցի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, որոնք ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդության արգելք:

Բացի այդ, ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել ծխախոտային արտադրանքի, հանքային վառելիքի, բիտումային նյութերի և գազային ածխաջրածնային արտադրանքի, կալիումի քլորիդ («պոտաշ») արտադրանքի, փայտանյութի, ցեմենտի, երկաթի և պողպատի, ռետինատեխնիկական արտադրանքի արտադրության կամ պատրաստման համար օգտագործվող ապրանքների առևտրում։ Սահմանափակումներ են սահմանվել նաև երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների և որոշակի առաջադեմ ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման վրա, որոնք կարող են նպաստել Բելառուսի ռազմական, տեխնոլոգիական, պաշտպանության և անվտանգության զարգացմանը։

Մարտի 9-ին ԵՄ-ն SWIFT-ին առնչվող արգելքներ է սահմանել բելառուսական երեք բանկերի՝ Belagroprombank-ի, Bank Dabrabyt-ի և Բելառուսի Հանրապետության զարգացման բանկի նկատմամբ: Արգելվել են նաև Բելառուսի կենտրոնական բանկի հետ գործարքները՝ կապված պահուստների կամ ակտիվների կառավարման ու Բելառուսի հետ առևտրի և այնտեղ ներդրումների համար պետական ֆինանսավորման տրամադրման հետ:

ԵՄ-ն հայտարարել է, որ ռազմական սարքավորումներ կմատակարարի Ուկրաինային. ի՞նչ է դա նշանակում գործնականում

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ վերացավ ևս մեկ տաբու. իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն մահաբեր զենք կտրամադրի երրորդ երկրի:

Ուկրաինայի խնդրանքով ԵՄ-ն փետրվարի 27-ին համաձայնեց մոբիլիզացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցները՝ ֆինանսավորելու ուկրաինական բանակին մահաբեր և ոչ մահաբեր միջոցների մատակարարման երկու հրատապ միջոցառումներ: Դրանք կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի կարողությունների և դիմակայունության ամրապնդմանը՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և շարունակվող ռազմական ագրեսիայից խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

Ընդհանուր առմամբ 500 միլիոն եվրո կհատկացվի Ուկրաինայի Զինված ուժերին սարքավորումներ և պարագաներ մատակարարելու նպատակով՝ 450 միլիոն եվրո՝ զենքի, ևս 50 միլիոն եվրո՝ վառելանյութի և պաշտպանիչ միջոցների:

Որքա՞ն է հատկացրել ԵՄ-ն մարդասիրական օգնության համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մարտի 1-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն առնվազն 500 միլիոն եվրո կհատկացնի պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարմանը՝ ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ փախստականներին օգնելու նպատալով։

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի հրատապ օգնության կոչի շրջանակներում հայտարարել է լրացուցիչ 90 միլիոն եվրոյի հատկացման մասին՝ օգնելու ուկրաինական պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Այս միջոցները կօգնեն մարդկանց ապահովել փախստականներին Ուկրաինայում և Մոլդովայում սննդով, ջրով, բժշկական օգնությամբ, ապաստանով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

Հանձնաժողովը համակարգում է նաև ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինային ուղղված նյութական աջակցության տրամադրումը: Ներկայում իրենց աջակցությունն են առաջարկել 26 անդամ երկրներ։ Այն ներառում է բժշկական առաջին օգնության 8 միլիոն միավոր պարագաների տրամադրում, այդ թվում այնպիսի պարագաների, ինչպիսիք են առաջին օգնության դեղարկղիկները, դեղամիջոցները, քնապարկերը, գեներատորները, շտապօգնության մեքենաները, վրանները, ծածկոցները և դաշտային խոհանոցը:

Մոլդովան, իր հերթին, ակտիվացրել է այնտեղ ժամանած ուկրաինացիներին աջակցության մեխանիզմը։ Մոլդովային արդեն իսկ հրատապ աջակցություն են առաջարկել Ավստրիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները, մասնավորապես՝ ապաստանի և բժշկական առաջին օգնության պարագաների տեսքով: Մարտի 3-ին ԵՄ-ն հայտարարեց Մոլդովային 15 միլիոն եվրոյի անհապաղ աջակցության և հավելյալ 5 միլիոն եվրոյի քաղաքացիական պաշտպանության օգնության մասին։

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում և Եվրահանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինայի հետ» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում ուկրաինացի փախստականներին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան երկու միլիոնից ավել փախստական է լքել։

Մարտի 4-ին Եվրոպական միության խորհուրդը միաձայն որոշեց ակտիվացնել Ժամանակավոր պաշտպանության հրահանգը՝ ուկրաինական պատերազմից փրկված մարդկանց արագ և արդյունավետ օգնություն առաջարկելու համար:

Սա նշանակում է, որ պատերազմից փրկվածներին կտրամադրվի ժամանակավոր պաշտպանություն Եվրոպական միության ողջ տարածքում. այն ներառում է բնակության իրավունք, աշխատելու հնարավորություն, բնակարանի, սոցիալական աջակցության, բժշկական կամ այլ օգնության և ապրուստի միջոցների հասանելիություն։

Ուկրաինացի փախստականների համար ժամանակավոր պաշտպանությունն անմիջապես սկսել է գործել մեկ տարի ժամկետով և կարող է տևել մինչև երեք տարի, քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը բավականաչափ չի բարելավվել, որպեսզի մարդիկ վերադառնան տուն, ու չի ավարտվել ժամանակավոր պաշտպանության սխեմայի գործողության ժամկետը:

Ուկրաինայի քաղաքացիություն չունեցող և առհասարակ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր օրինական կերպով բնակվում են Ուկրաինայում ու չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր կամ տարածաշրջան, ինչպիսիք են ապաստան հայցողները կամ միջազգային պաշտպանության շահառուները և նրանց ընտանիքի անդամները, նույնպես պաշտպանություն կստանան ԵՄ-ում: Մյուսները, ովքեր կարճ ժամանակահատվածով օրինականորեն գտնվում են Ուկրաինայում և կարող են ապահով վերադառնալ իրենց ծագման երկիր, կստանան ԵՄ մուտքի թույլտվություն՝ իրենց ծագման երկրներ վերադառնալու նպատակով տարանցման համար։

ԵՄ-ն նաև որոշել է պատերազմից փրկվողների համար պարզեցնել սահմանային հսկողությունը, ճկունություն դրսևորել մուտքի պայմանների առնչությամբ, բացել ժամանակավոր սահմանային անցակետեր, հեշտ մուտք ապահովել փրկարարական ծառայությունների և մարդասիրական օգնության համար, ինչպես նաև դյուրացնել անձնական իրերն ու ընտանի կենդանիներին իրենց հետ վերցնելու ընթացակարգերը փախստականների համար:

ԵՄ հատուկ վեբկայքը Ուկրաինան լքող փախստականներին տրամադրում է համապարփակ տեղեկատվություն ԵՄ-ում իրենց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև գործնական խորհուրդներ և հղումներ՝ առանձին անդամ պետություններում առկա աջակցության մասին: Տեղեկատվություն Ուկրաինան պատերազմի պատճառով լքած մարդկանց համար

Ի՞նչ է անում ԵՄ-ն, որպեսզի Ուկրաինան չզրկվի էլեկտրաէներգիայից

Ռուսաստանի ներխուժման օրը՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայում նախատեսված էր մեկուսացման ռեժիմի փորձարկումը, որն այդ երկրի էներգահամակարգը ԵՄ-ին միացնելու վաղեմի ծրագրի առաջին քայլն էր: Փաստացի Ուկրաինան անջատել է իր ցանցը Ռուսաստանի համակարգից և հայտարարել, որ Ռուսաստանի ներխուժումից հետո վերստին չի միանա դրան: Փետրվարի 27-ին Ուկրաինան դիմել է ԵՄ-ին՝ եվրոպական էներգահամակարգի հետ հրատապ համաժամանակեցման խնդրանքով։ Մոլդովան ևս դիմել է նույն խնդրանքով։ Փետրվարի 28-ին Եվրոպական միությունը հայտարարեց, որ հնարավորինս արագ ձեռնամուխ կլինի Ուկրաինայի և Մոլդովայի համակարգերը ԵՄ-ին միացնելուն։

ԵՄ-ն նաև գազ է մատակարարում Ուկրաինային՝ արևմուտքից արևելք հակադարձ հոսքի թողունակության հաշվին: «Հունգարիայից առաջին նման մատակարարումը տեղի է ունեցել այս ձմռանը։ Սլովակիայի և Ուկրաինայի միջև հակադարձ հոսքի ֆիզիկական թողունակությունը մեծացել է, և ջեռուցման հաջորդ սեզոններին այն ավելացնելու ուղղությամբ քննարկումները շարունակվում են»,- փետրվարի 28-ին ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

Եվրոպական հանձնաժողովը անդամ երկրներին տրամադրել է նաև էներգետիկ ոլորտում Ուկրաինայի հրատապ կարիքների ցանկը, որը ներառում է դիզելային վառելիք, բենզին, ավիավառելիք և գեներատորներ: Արդեն իսկ կոնկրետ առաքումներ են պլանավորված Լեհաստանից, Լիտվայից և Չեխիայից։ Մի շարք անդամ երկրներ ևս խոստացել են իրենց օգնությունը:

Ուկրաինան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանն անդամակցելու համար. ինչպե՞ս է արձագանքել ԵՄ-ն

Փետրվարի 28-ին Ուկրաինան պաշտոնապես դիմեց Եվրամիությանն անդամակցելու հայտով, որին մարտի 3-ին հաջորդեցին Մոլդովայի Հանրապետությունը և Վրաստանը:

Մեկ շաբաթ անց՝ մարտի 7-ին, ԵՄ-ն համաձայնեց սկսել երեք երկրների անդամակցության հայտերի քննարկումը։ Թեև այս քայլը տեխնիկական է, սակայն այն մեկնարկում է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային որպես թեկնածու երկրներ ընդունելու գործընթացը։

«Ոչ ոք… չի կարող կասկածել, որ ժողովուրդը, որն այդքան խիզախորեն պաշտպանում է մեր եվրոպական արժեքները, պատկանում է մեր եվրոպական ընտանիքին»,- մարտի 1-ին Եվրոպական խորհրդարանում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Բայց առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին։ Եվ պետք է խոսենք հետագա քայլերի մասին»,:

Եվրոպական խորհրդարանը մարտի 1-ին ընդունած իր բանաձևում ԵՄ կառույցներին կոչ է արել աշխատել երկրին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ: Բանաձևում ասվում է, որ ցանկացած նման ընթացակարգ պետք է համապատասխանի Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածին և հիմնված լինի արժանիքների վրա։ Պայմանագրում ասված է, որ, ստանալով հայտը, Եվրոպական խորհուրդը պետք է խորհրդակցի Եվրոպական հանձնաժողովի հետ, ապա քվեարկություն անցկացնի: Եթե Խորհրդի բոլոր անդամները կողմ քվեարկեն, ապա հայտ ներկայացրած երկիրը դառնում է ԵՄ անդամ:

Անդրադառնալով Ուկրաինայի անդամակցության հարցին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է. «Մեր՝ եվրոպացիներիս խնդիրն է գլուխ բերել այս հարցը: Եվ, իհարկե, մենք գիտենք, որ սա բարդ թեմա է, քանի որ վերաբերում է ընդլայնմանը։ Ու մենք գիտենք, որ Եվրոպական միության ներսում այդ թեմայի շուրջ կան տարբերվող և երբեմն ոչ միանշանակ տեսակետներ»։

Նա շարունակել է՝ պարզաբանելով ընթացակարգը. «Եվրոպական հանձնաժողովը պետք է հանդես գա եզրակացությամբ, որի հիման վրա Խորհուրդը նույնպես պետք է կատարի մի շարք առաջադրանքներ: Այն պետք է լուրջ քննության ենթարկի արտահայտված խորհրդանշական, քաղաքական, հզոր և, իմ կարծիքով, օրինական խնդրանքը»։

Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին շարունակել աշխատել վերջինիս միասնական շուկայում Ուկրաինայի ինտեգրման ուղղությամբ՝ գործող ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի համաձայնագրի համաձայն:

2014 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրին՝ արագացնելու տնտեսական աճը և բարելավելու իր քաղաքացիների կենսամակարդակը: Այդ ժամկետում ԵՄ-ն և ֆինանսական հաստատությունները մոբիլիզացրել են ավելի քան 17 միլիարդ եվրո դրամաշնորհներ և վարկեր՝ բարեփոխումներին աջակցելու համար:

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում և Եվրահանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինայի հետ» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ի՞նչ է անում ԵՄ-ն՝ աջակցելու հարևան Մոլդովային

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն իր անսասան աջակցությունն է հայտնել նաև Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Մոլդովան իրավունք ունի ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը, և մենք խորապես հավատում ենք, որ Մոլդովան պատկանում է եվրոպական ընտանիքին։ Մենք կշարունակենք ինտենսիվ համագործակցել մեր Ասոցացման համաձայնագրի հիման վրա»,- մարտի 3-ին Մոլդովա կատարած այցի ժամանակ ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնել Մոլդովային, քանի որ վերջինս բախվել է փախստականների մեծ հոսքի հետ. պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Մոլդովան ապահով ճանապարհ է ապահովել Ուկրաինայի պատերազմից փրկված ավելի քան 100,000 փախստականների, այդ թվում՝ ավելի քան 20,000 երեխաների համար:

Ավելի կոնկրետ՝ ԵՄ-ն կտրամադրի 15 միլիոն եվրո՝ օգնելու կառավարել փախստականների հետ կապված ճգնաժամը, և լրացուցիչ 5 միլիոն եվրո՝ քաղաքացիական պաշտպանության օգնության տեսքով: Ելնելով ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում աջակցություն ստանալու Մոլդովայի խնդրանքից՝ Խորվաթիան, Դանիան, Հունաստանը, Ֆինլանդիան և Շվեդիան առաջարկել են այնպիսի պարագաներ, ինչպիսիք են շտապօգնության մեքենաները, վրանները, ծածկոցները և դաշտային խոհանոցը՝ ի լրումն Ֆրանսիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների ավելի վաղ արված առաջարկների:

Բացի այդ, ԵՄ-ն հայտարարել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում աջակցության մասին. ԵՄ-ն արդեն Քիշնևում գտնվող փորձագիտական առաքելությամբ Մոլդովային կօգնի ամրապնդել իր կիբերանվտանգությունը՝ գնահատելով վերջինիս կարիքներն ու սահմանելով աջակցության կոնկրետ միջոցներ, որոնք կարող են իրականացվել ամենակարճ ժամկետներում: ԵՄ-ն նաև Մոլդովայի զինված ուժերին կտրամադրի բժշկական սարքավորումներ և աջակցություն ճգնաժամի դեպքում, անհրաժեշտության դեպքում էլ կքննարկի լրացուցիչ օգնության և նյութատեխնիկական ապահովման տարբերակները:

Եվրոպական միությունը նաև համաձայնել է հնարավորինս կարճ ժամանակում Մոլդովայի էներգահամակարգը միացնել ԵՄ ցանցին:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն չի սահմանափակվում միայն արտակարգ օգնության տրամադրմամբ. Արդեն մեկնարկել են 600 միլիոն եվրո արժողությամբ տնտեսական վերականգնման, ինչպես նաև Մոլդովայի համար մինչև 3,4 միլիարդ եվրոյի ներգրավմամբ հինգ առաջատար նախաձեռնություններով տնտեսական և ներդրումային ծրագրերը: