Թբիլիսիում Հայաստանի նկատմամբ ընկալումը փոխվում է, և տարածաշրջանային փոփոխությունները գուցե ավելի արագացնում են հարաբերությունների սերտացումը․ Ջոնի Մելիքյան

Լուրեր

16.01.2025 | 22:48
Factor TV-ի արձանագրումից հետո ՆԳՆ-ում կարմիր բերետավորին առնչվող ծառայողական քննություն է սկսվել
16.01.2025 | 22:44
«Թուրքական ավիաուղիներ»-ը հունվարի 23-ից վերսկսում է թռիչքները դեպի Սիրիա․ Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքն արգելված է
16.01.2025 | 22:28
Հյուսիսային Կորեան բացել է սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
16.01.2025 | 22:14
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
16.01.2025 | 21:59
Թրամփի թիմը մտադիր է Ուկրաինայում խաղաղության հասնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օգնությամբ
16.01.2025 | 21:43
ՀՀ առաջին կին բանտապետը․ կդիմադրի՞ համակարգը նոր ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 21:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2025 | 21:23
Բայրամովը հայտարարել է, որ «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»
16.01.2025 | 21:10
Քննարկվել է ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողության հարցը
16.01.2025 | 21:00
Լավրովն ասաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա․ դա ուղերձ է Բաքվին՝ կարող եք մտնել, 2-3 կմ այս կողմ, այն կողմ․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 20:49
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
16.01.2025 | 20:43
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կապված է նավթի և գազի պաշարների հետ․ Politico
16.01.2025 | 20:28
ՄԻԵԴ-ը Վրաստանի կողմից Բաքվին ադրբեջանցի լրագրողի արտահանձնումը կասեցնող միջանկյալ միջոց է ընդունել
16.01.2025 | 20:13
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել
16.01.2025 | 20:00
ԱՄՆ-ի նոր վարչակազմը Ալիևին պատժամիջոցների ուղերձ պիտի տա՝ ՀՀ-ի դեմ հարձակումը կանխելու համար․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի համար Երևանն ավելի կարևոր է դարձել, քան նախկինում էր։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներին։

«Այդ դրական փոփոխությունը 2020 թվականի նոյեմբերից հետո տեղի ունեցած տարածաշրջանային փոփոխությունների ֆոնին է տեղի ունեցել։ Ստեղծվել է մի իրավիճակ, որից պետք է երկու կողմերն օգտվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում էր՝ մասնակցելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ըստ Ջոնի Մելիքյանի՝ հստակ է կողմերի ուղերձը, որ պետք է ընդլայնել երկու երկրների միջև հարաբերությունները։

«Վերջին մի քանի տարվա մեջ զգացվում է, որ Թբիլիսիում Հայաստանի նկատմամբ ընկալումը փոխվում է, և տարածաշրջանային փոփոխությունները, գուցե, ավելի արագացնում են հարաբերությունների սերտացումը»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում փորձել է նաև համոզել Թբիլիսիին ի վերջո միանալ «3+3» ձևաչափին, Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ երբ նույնիսկ ռազմավարական գործընկերներ Թուրքիան և Ադրբեջանը նրան չեն կարողացել համոզել, պետք է հասկանանք, որ խնդիրը համոզելու մեջ չէ։

«Խնդիրն այն է, որ այս ձևաչափը նախատեսված է տարածաշրջանի և այստեղ շահեր ունեցող գերտերությունների համար, իսկ Արևմուտքը դուրս է մնում, և Արևմուտքը քննադատում է այդ ձևաչափը։ Դրանով է պայմանավորրված Վրաստանի բացասական վերաբերմունքը։ Համոզել է պետք նախևառաջ Վաշինգտոնին։ Եթե վերջինս համաձայնվի, չեմ կարծում, որ Վրաստանը շատ ընդդիմանա։ Ի վերջո, ձևաչափը խորհրդատվական է և պարտավորեցնող չէ»,- ասաց նա։

Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունը, ըստ փորձագետի, կարող է նախապայման դառնալ տարածաշրջանային համատեղ նախագծերի իրականացման համար։ Նա մատնանշեց երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, մասնավորապես 500 կՎտ բարձրավոլտի գործարկման ուղղությամբ տարվող աշխատաքները, որոնք կանգ էին առել։

«Մենք տեսնում ենք, որ կա հստակ մոտեցում այս նախագիծը իրականացնելու, իսկ դա նշանակում է, որ կա հնարավորություն նաև այլ նախագծերում առաջ գնալու։ Պարզապես պետք է հետևողական աշխատանք այդ ուղղություններով»,-ասաց նա։

Ջոնի Մելիքանը շատ կարևոր համարեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առկայությունը։

«Այստեղ ձեռք են բերվում պայմանավորվածություններ տարբեր գերատեսչությունների միջև, ինչը ուղղահայաց համագործակցության ձևաչափ է երկու երկրների միջև։ Դրա կիրառական մասն է շատ ավելի կարևոր»,- ասաց նա։

Հիմա, ըստ նրա, պարտավոր են գերատեսչությունները իրականացնել պայմանավորվածությունները, քանի որ պարտավորվածություններ են ստանձնել դեռևս 2019 թվականին։

«Նախապես կար պայմանավորվածություն, որ հանձնաժողովի այս նիստի ժամանակ կամփոփեն մինչ այս պահը արված քայլերը, և նոր անելիքներ կնախանշվեն։ Այս հանձնաժողովի ձևաչափը կարևոր է․վերջապես դուրս կգան կենացային դիվանագիտությունից դեպի ավելի պրակտիկ ոլորտ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ պարզապես չպետք է սպասել, որ փոփոխությունները 2-3 տարում  կլինեն, արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախկինում մեկ անգամ, այս անգամ էլ հայտարարել է, որ պետք է փորձեն երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլդ դոլարի։ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ դրա համար կան նախապայմաններ, և դժվար թե դրան ադրբեջանաթուրքական գործոնը խոչընդոտի։

«Պարզապես պետք է վրացական շուկային այնպիսի ապրանքներ առաջարկենք, որոնք մրցունակ կլինեն։ Այս ընթացքում համավարակը, պատերազմը խանգարեցին երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը, բայց ռեալ ծրագրերի դեպքում, հարաբերությունները կարող են զարգանալ։ Լավ կլինի, որ համատեղ ձեռնարկություններ այստեղ, այնտեղ հիմնված, դրանց արտադրանքները արտահանվեն արտաքին շուկաներ, ինչը կտա հնարավորություն ավելացնելու առևտրաշրջանառությունը։ Լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ հնարավոր է, պետք է համակարգային մոտենալ այս հարցին»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Ռուսաստանը չի փորձի խոչընդոտել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, Ջոնի Մելիքյանը նկատեց, որ միշտ են կողմերը փորձել նվազեցնել երրորդ երկրների ազդեցությունը միմյանց հարաբերությունների վրա։

«Մինչ օրս քիչ թե շատ ստացվել է դա։ Ես չեմ տեսնում այդ խնդիրը ապագայում էլ, քանի որ Ռուսաստանի շահերից  է նաև բխում, որ հայ-վրացական հարաբերությունները լինեն կայուն, հաստատուն, քանի որ դեռևս Հայաստանի կապը դեպի եվրասիական շուկա  ապահովում է հենց Վրաստանը։ Միգուցե ապագայում իրավիճակը փոխվի, բայց այսօր կա այն, ինչ կա, և այս տրամաբանության մեջ  ես չեմ տեսնում ռուսական շահը հայ-վրացական հարաբերությունները վնասելու»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան