Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել են՝ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ըստ օդերևութաբանների՝ 150µg/m3 (µg –միկրոգրամ և m3 – միլիգրամ)-ից 250µg/m3 PM2.5 պարունակող օդը չափից դուրս աղտոտված է համարվում, ինչն էլ բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։

PM2.5-ը՝ օդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկ է։ Այն վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ կարող է անցնել մարմնի պաշտպանական շերտերով, ներթափանցել թոքեր և արյունատար համակարգ։ PM2.5-ը կարող է ուժեղացնել ասթման, դառնալ թոքերի և այլ շնչառական խանգարումների պատճառ, մեծացնել սրտի կաթված և ինսուլտ ստանալու վտանգը։ Օդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկը երեխաների թերզարգացման, տարեցների մոտ ճանաչողական գործառույթի խանգարման, վաղաժամկետ ծնելիության և ցածր քաշի պատճառ կարող է լինել:

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի խոսքով՝ մթնոլորտային օդն աղտոտող տարբեր աղտոտիչներ կան, սակայն դրանք չեն գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ կոնկրետ Երևանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցում ունենում ենք փոշու պարագայում»,- ընդգծեց Շահնազարյանը։

 

Ի պատասխան Factor TV-ի հարցմանը, Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայրաքաղաքի օդում փոշու առկայության հիմնական աղբյուրներն են հանքավայրերի շահագործումը և շինարարությունը։ Միևնույն ժամանակ հարցման պատասխանի մեջ նշված է, որ Երևանի օդում փոշու աղբյուրների և դրանց մասնաբաժինների ուսումնասիրություն չի կատարվել։

Համաձայն քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2019 թվականին Երևանում ստեղծվել է 4,5 հեկտար կանաչ տարածք, իսկ 2020-2021թթ․ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի կողմից մայրաքաղաքում վերականգնվել է 18467 քմ կանաչ տարածք, ընդարձակվել՝ 15665 քմ կանաչ տարածք։

Օդի աղտոտվածությունը քաղցկեղի պատճառ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանի ներկայացմամբ՝ օդի որակը պայմանավորված է մի շարք գործոններով․ սկսած տրանսպորտի քանակից՝ մինչև բաց տարածքներում աղբ այրելը։

«Հարկավոր է բաց տարածքներում աղբ այրելը բացառել։ Աղբը վառելիս տեղի է ունենում թերի այրում։ Ոչ լրիվ այրման արդյունքում անջատվում են դիօքսիններ, որոնք քաղցկեղածին են և կարող են մարդկանց մոտ առաջացնել չարորակ նորագոյացություններ։ Հատկապես վտանգավոր է բաց տարածքներում պլաստիկ այրելը։ Նույնիսկ չի թույլատրվում չորացած տերևներ այրել, քանի որ օդ են արտանետվում դիօքսիններ»,- նշեց բժիշկ-փորձագետը։

Գրիգորյանի խոսքով՝ մթնոլորտային օդի որակը պայմանավորող հաջորդ գործոնը CO2 (ածխաթթու գազի երկօքսիդ), NO2-ի (ազոտի երկօքսիդ) մեծ քանակներն են, որոնք շնչառական լորձաթաղանթի կամ քրտինքի հետ շփվելով՝ վերածվում են թթուների։

«Թթուները սկսում են գրգռել լորձաթաղանթը, արդյունքում առաջանում է հազ, վերին շնչառական ուղիների դիմադրողականությունը թուլանում է, և մարդիկ դառնում են ավելի խոցելի տարբեր տեսակի հիվանդությունների համար»,- մանրամասնեց բժիշկ-փորձագետը։

Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ախտորոշիչ ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանի գնահատմամբ՝ օդի աղտոտվածության հետևանքով Երևանում առավել տարածված են մի շարք շնչառական հիվանդություններ։

«Երևանում տարածված են ասթմոիդ բրոնխիտը, օստրուկտիվ բրոնխիտը, այսինքն՝ այն ամենը, ինչը կարող է բերել օրգանիզմի ալերգիզացիայի։ Սրանք, իհարկե, կապված են օդի աղտոտվածության հետ»,- նշեց Ազիզյանը։

Հայաստանում մարդու առողջության վրա օդի աղտոտվածության բացասական ազդեցության մասին լուրջ հետազոտություն երբևիցե չի արվել

Չնայած նրան, որ օդի աղտոտվածությունը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա և Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մայրաքաղաքում տարածված շնչառական հիվանդությունների վերաբերյալ հետազոտական վիճակագրություն չկա, այդ թվում նաև՝ ըստ առանձին թաղամասերի։

«Դուք շատ լուրջ հետազոտության մասին եք խոսում, նման լուրջ հետազոտություն Հայաստանում երբևիցե չի արվել։ Չեմ կարծում, որ նման վիճակագրություն կա, համենայնդեպս՝ բժշկական առումով նման հետազոտություն Հայաստանի մասշտաբով չկա արված»,- ասաց Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ախտորոշիչ ծառայության ղեկավարի տեղակալը։

 

Կանաչ տարածքների ավելացումը՝ հիվանդությունների նվազեցման միջոց

Բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանի գնահատմամբ՝ Երևանի օդում փոշու ՍԹԿ-ի գերազանցումը նվազեցնելու համար անհրաժեշտ է սանիտարա-հիգիենիկ մի շարք աշխատանքներ իրականացնել։

«Բակտերիաների մեծ քանակ փոշու հետ օդ է բարձրանում այն դեպքում, եթե փողոցները չեն մաքրվում, լվացվում անհրաժեշտ տեխնիկայի միջոցով, օրինակ՝ ներքևում հարմարեցված խոզանակով հատուկ մեքենա, որը հեռացնում է փոշու շերտը», – պարզաբանեց բժիշկ-փորձագետը։

Երևանի քաղաքապետարանից, սակայն, տեղեկացնում են, որ մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում 6 օրյա աշխատանքային գրաֆիկով ընթանում են գլխավոր և երկրորդական փողոցների լվացման աշխատանքներ:

Գրիգորյանը հավելեց, որ մայրաքաղաքում տարբեր երկրներից ուժեղ քամիների պարբերաբար ներթափանցման արդյունքում Երևանի օդում հայտնվում են ոչ միայն տարբեր տեսակի բակտերիաներ, այլև՝ տարատեսակ միջատների ձվեր, ընդհուպ մինչև այնպիսի միջատների տեսակներ, որոնք մեզ մոտ նախկինում չեն հանդիպել։

«Փոշին կարող է կլանել գազեր և տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ։ Փոշին, որը մենք շնչում ենք, նստում է թոքերի վրա։ Թոքի պատը պետք է լինի թափանցիկ, որպեսզի կարողանա թթվածինը կլանել, տեղափոխել արյան մեջ, արդյունքում տեղի ունենա գազափոխանակություն։ Փոշենման նյութերը կուտակվելով՝ խանգարում են գազափոխանակությանը», – ասաց փորձագետը։

Բարձր ջերմաստիճանային պայմաններում, երբ օդում առկա է փոշի, գազերի կուտակումներ, մարդկանց մոտ կարող են սիրտ-անոթային հիվանդությունների սրացումներ լինել։

Փորձագետի խոսքով՝ կանաչապատ տարածքը օդը մաքրում է փոշուց, և մարդիկ կարողանում են թթվածին շնչել․ «Ծառի արմատներն ապահովում են խոնավությունը, ստվերն իջեցնում է ջերմաստիճանը, տերևը թթվածին է արտադրում և, սա է պատճառը, որ ֆիզիկապես մեզ ավելի լավ ենք զգում կանաչապատ տարածքում»։

 

Երևանի քաղաքապետարանը կանաչ տարածքների կրճատման վերաբերյալ տվյալներ չունի։ Ինչ վերաբերում է, կանաչ տարածքների ավելացմանը, քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն, 2020 թվականին տնկվել է 2686 հատ ծառ, 212․998 հատ թուփ։ 2021-ի օգոստոսի 11-ի դրությամբ Երևանում տնկվել է 5571 հատ ծառ և 99075 հատ թուփ։ 2021-ի աշնանը Երևան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» անտառ-պուրակում և «Հաղթանակ» զբոսայգու Սարալանջի հատվածում նախատեսվում է վերականգնել շուրջ 6 հեկտար կանաչ տարածք։

 

 

 

 

 

Հեղինակ՝ Լիկա Փաշինյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: