Խոսքի ազատությանը վերաբերող բոլոր օրենսդրական փոփոխությունները եղել են պատժող․ Շուշան Դոյդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
Բոլորը

Factor TV-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ զրուցել է Հայաստանում տեղեկատվության տնօրինման իշխանությունների վերաբերմունքի ու ներկա խնդիրների վերաբերյալ

-Տիկի՛ն Դոյդոյան, հեղափոխությունից հետո թվում էր, թե պետք է փոխվեր իշխանությունների գործելաոճը և ավելի թափանցիկ ու հաշվետու դառնար։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը վերջերս՝ նոյեմբերի 22-ին, հանրագիր ներկայացրեց Արդարադատության նախարարություն՝ խնդրելով բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների համար վարչական պատասխանատվության գործող չափերը՝ հասցնելով մինչև 200.000 դրամի, ինչպես նաև պատասխանատվություն նախատեսել տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտելու համար։ Ինչո՞ւ որոշեցիք դիմել նախարարություն և ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Հանրագիր ներկայացնելը յուրաքանչյուր քաղաքացու և կազմակերպության իրավունքն է։ Դիմելով իշխանություններին՝ կարևոր հարց ենք բարձրացրել և խնդրել ենք, որպեսզի ընթացք տան այս պահանջին։ Երկու կարևոր հարց ենք փորձում սրանով լուծել։ Առաջին՝ գործող պատասխանատվության չափերը, երբ պաշտոնյաները ապօրինի չեն տրամադրում տեղեկատվություն, անհարկի հետաձգում են տեղեկություն ստանալու հարցումների պատասխանները կամ տալիս են լղոզած պատասխաններ, ինչը, ցավոք, մեծ թիվ է կազմում հիմա պրակտիկայում։ Այս դեպքերում վարչական պատասխանատվությունը շատ ցածր է՝ ընդամենը 10․000-50․000 դրամի չափով և, ըստ էության, տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները թեև լայնատարած, համատարած բնույթ են կրում, սակայն վարչական պատասխանատվության նորմերը կա՛մ չեն կիրառվում, կա՛մ կիրառվելու պարագայում անգամ փոքր ազդեցություն են ունենում։ Մենք առաջարկել ենք պատասխանատվության չափը բարձրացնել 50․000-100․000-ի չափով, որպեսզի գոնե որոշակի ազդեցություն ունենա։ Երբ պաշտոնյայի գրպանին ես հարվածում, վերջինս ապագա խախտումները թույլ տալուց առաջ մի պահ կմտածի և, գուցե, այս գործընթացը կունենա կանխարգելիչ գործառույթ։

Երկրորդ խնդիրը, որը նույնպես համատարած է դարձել, տեղեկություն ստանալու ժամկետների կոպիտ խախտումն է։ Թվում է, թե պարզ, սովորական հարցումներ են ուղարկվում լրագրողների, հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից, բայց դրանց պատասխաններն ուշանում են՝ առանց որևէ հիմնավորման։ Ճիշտ է՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է պատասխանը հետաձգելու հնարավորություն մինչև 30-օրյա ժամկետ, բայց դա միայն այն պարագայում, եթե կա լրացուցիչ մեծ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, այսինքն՝ պատասխանը կամ փաստաթուղթը չունեն իրենց ձեռքին մշակված և անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որ այդ տվյալները մշակեն, հավաքեն և պատրաստեն պաշտոնական պատասխանը։ Միայն այս դեպքում է հնարավոր հետաձգել։ Կառույցներ կան, որոնք 30-օրյա ժամկետը դարձրել են ստանդարտ, մշտապես կիրառում են հետաձգման ռեժիմը, ինչն էականորեն բացասական ազդեցություն է ունենում հանրային կարևորության հարցերի շուրջ օբյեկտիվ, ճշգրիտ, ամբողջական տեղեկատվություն տալու՝ լրատվամիջոցների պարտականության իրականացման վրա։ Ընդ որում՝ դրա համար որևէ տեսակի պատասխանատվություն գործող օրենսդրությամբ սահմանված չէ, և մենք առաջարկել ենք վարչական պատասխանատվություն սահմանել ժամկետները խախտելու, 5-օրյա ժամկետը խախտելու պարագայում և անհարկի հետաձգումների դեպքում։

– Կենտրոնի դիտարկումներով հետընթա՞ց, թե՞ առաջընթաց է գրանցվել Հայաստանում ինֆորմացիայի ազատության կամ տրամադրման առումով։

-Ցավով ուզում եմ արձանագրել, որ հետընթաց է գրանցվել, էական հետընթաց, և դա սկիզբ առավ քովիդի համաճարակի ժամանակաշրջանից։ Ճիշտ է՝ հեղափոխությունից անմիջապես հետո որոշակի ցնցում տեղի ունեցավ այն առումով, հսկայական աճ կար քաղաքացիներից, լրատվամիջոցներից՝ ուղղված կառավարությանը՝ տեղեկություն ստանալու հարցումների առումով։ Կտրուկ աճեց, մի քանի անգամ գերազանցեց նախկին ծավալը, և մյուս կողմից՝ տեղի էր ունեցել կադրերի համալիր փոփոխություն, հին պաշտոնյաներին փոխարինել էին նորերը, ովքեր, գուցե, լավ մտադրություններ ունեին, բայց չունեին վարչական աշխատանքի որևէ փորձ, և սա էական բացասական ազդեցություն էր ունենում, և այս մասին մենք ահանզանգել ենք 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Այնուհետև որոշակի կայունացում արձանագրվեց 2019 թվականին, սակայն քովիդի ժամանակաշրջանից ի վեր՝ 2020 թվականի մարտից սկսած, մենք ունեցանք կտրուկ բացասական զարգացում տեղեկատվության ազատության ոլորտում, որն էլ ավելի խորացավ, համատարած դարձավ պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում, և այսօր էլ դեռևս ունենք այդ բացասական զարգացումը։ Ընդ որում՝ բացասական զարգացումը վերաբերում է ոչ միայն պետության կողմից, իշխանությունների կողմից տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանելու ժամկետներին, բովանդակությանը, նաև մերժումների հիմնավորվածությանը, բայց նաև Կառավարության կողմից սեփական նախաձեռնությամբ հանրությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրելուն։ Տեղեկատվության ազատությունը միշտ պիտի տեսնել երկու կողմից. մի կողմից՝ երբ մարդն ինքն է դիմում իշխանություններին և խնդրում իրեն հետաքրքրող տեղեկությունները տրամադրել, բայց մյուս կողմից, որը է՛լ ավելի կարևոր է՝ հատկապես նման լարված հասարակական-քաղաքական իրավիճակներում, Կառավարությունն ինքը պրոակտիվ եղանակով, իր հաղորդակցության գործուն մեխանիզմներով հանրությանը տրամադրում է ժամանակին, լիարժեք, ամբողջական տեղեկատվություն այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է և կարևոր է հասարակության համար։ Հատկապես այս գործառույթում մենք մեծ, լուրջ թերացումներ ենք տեսնում իշխանությունների կողմից, պաշտոնական կայքերն ընդհանրապես ժամանակին չեն թարմացվում՝ էլ չասած սոցիալական ցանցերում, հատկապես պաշտոնական էջերում ինչ որակի, ինչ ծավալի տեղեկատվություն է հասցվում հանրությանը։ Եվ մյուս կողմից զարմանում եմ, որ Կառավարությունը դժգոհում է, օրինակ, ապատեղեկատվության ծավալների աճից, որովհետև դրանք ուղիղ համեմատական են։ Եթե դու քո լրատվամիջոցի, քո հասարակական կազմակերպության հարցումներին չես տալիս լիարժեք, ճշգրիտ տեղեկատվություն և ինքդ էլ նախաձեռնողականություն չես դրսևորում լիարժեք տեղեկատվություն հասցնելու՝ քո ռեսուրսներով, հետևաբար չպիտի նաև դժգոհես, որ ապատեղեկատվությունն աճում է։ Կա հանրային հետաքրքրություն այս կամ այն ընթացող զարգացումների վերաբերյալ՝ վերջնական, ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, և դա պիտի բավարարվի։ Հիմա հարց է՝ կբավարարվի պաշտոնական, ամբողջական, ժամանակին տրված տեղեկատվությա՞մբ, թե՞ բամբասանքներով, կասկածելի տեղեկատվության աղբյուրներից ստացած տվյալներով, տելեգրամյան այս կամ այն ալիքներով և, որ է՛լ ավելի վտանգավոր է, հարևան երկրի տարածած այս կամ այն խիստ կասկածելի աղբյուրներին ապավինելով։ Դրա համար հսկայական ներուժ կա հենց Կառավարության ձեռքում, որն ընդհանրապես չի օգտագործում։ Իր հաղորդակցությունը հասարակության հետ կամ միջնորդավորված մեդիաների միջոցով գրեթե տապալված է։ Եվ եթե չկա հաղորդակցություն, ապա չի կարող լինել պատշաճ վստահություն։

– Հաշվետու և թափանցիկ աշխատանքի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները, օրինակ՝ Պետական գաղտնիքի մասին օրենքը և, միգուցե, այլ փոփոխություններ, որոնք կմատնանշեք։

-Բոլոր փոփոխությունները բացասական են, վերջին երկու տարում՝ հատկապես, որոնք արվել են տեղեկատվության ազատության և լրատվամիջոցների իրավական կարգավորման ոլորտում։ Բոլորը եղել են բացասական, որովհետև դրանք համալիր պատկերացումներից չեն բխել։ Ո՞րն է մեր բարեփոխման պատկերացումն այս ոլորտում։ Երբ բարեփոխման կարիք կա, բոլորս համաձայն ենք, բայց ինչպիսի՞ն պիտի լինի այդ բարեփոխումը, արդյունքում մենք ի՞նչ պետք է ստանանք և սրան հասնելու համար ի՞նչ փոփոխություններ է պետք կատարել։ Չկա այդ պատկերացումը՝ գոնե թղթին հանձնված, որևէ բան չունենք մենք։ Կառավարությունը չի արել և ոչ էլ պատվիրակել է քաղհասարակությանը՝ նման փաստաթուղթ մշակել։ Այն բոլոր փոփոխությունները, որոնք Ազգային ժողովի կամ Կառավարության կողմից առաջարկվել են կամ առաջարկվում են, վատն են, անորակ են, վտանգավոր են և խնդրահարույց մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, որովհետև դրանք բոլորը միտված են կա՛մ գնումների մասին տեղեկությունների սահմանափակմանը, կա՛մ պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ տեղեկությունների սահմանափակմանը, կա՛մ ազգային անվտանգությանը, կա՛մ այլ, կարևոր, հանրային նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելուն։ Բոլոր այդ ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք վերջին տարիներին, կամաց-կամաց հիմա քաղհասարակությունը պարտադրաբար զիջում է, որովհետև նման կարգավորումներ են ընդունվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Քնարիկ Վարդանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: