Եթե «3+3»-ն իրականացվի, Թուրքիային հակակշռելու համար Իրանը մաս կկազմի այդ ձևաչափին․ Փույա Հոսեինի

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «ՀայաստանԻրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինի հետ

Պարո՛ն Հոսեինի, նախորդ շաբաթ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդուլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է բանակցային նոր՝ «3+3» ձևաչափի մասին, որը, ըստ նրա, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ է։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այս գաղափարի իրականացումն իրական, և Իրանը շահագրգռվա՞ծ է դրա իրագործման հարցում։

-Այս ձևաչափը նոր չէ: Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո այս առաջարկի հեղինակը Թուրքիան էր: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո շրջանառության մեջ մտավ տարածաշրջանի ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը: Դրանից հետո առաջ քաշվեց «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը: Իրանի համար այդ պահին Անդրկովկասում ընթացող գործընթացների միակ ձևաչափին մասնակցությունը կարևոր էր՝ թուրքական կողմին հակակշռելու համար: Հաշվի առնելով Վրաստանի անհամաձայնությունը՝ Ռուսաստանի հետ նման համագործակցության ֆորմատով ներգրավվելու հարցում, նաև՝ Բաքվի կողմից պատերազմից հետո շարունակական ագրեսիան Հայաստանի հանդեպ, այս մթնոլորտում նման ձևաչափով համագործակցությունն անպտուղ և անիրական է: Որոշ ժամանակ անց Իրանը նախաձեռնեց այս ձևաչափի այլընտրանքային տարբերակը, որը հարյուր տոկոսով սպասարկում է Հայաստանի, Իրանի և մասնակից այլ երկրների շահերը: Խոսքը Պարսից Ծոց-Սև Ծով և Հյուսիս-Հարավ միջազգային մեգանախագծերի մասին է: Եվ Իրանն ակտիվորեն աշխատանք սկսեց այս մեգանախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ, ինչն առ այսօր ընթանում է: Իհարկե, եթե «3+3» ձևաչափը երբևէ իրականացվի, ապա Իրանը Թուրքիային հակակշռելու, իր շահերը պաշտպանելու և տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը վերականգնելու համար մաս կկազմի այդ ձևաչափին: Բայց Թեհրանը հիմնականում կենտրոնացած է Պարսից Ծոց-Սև Ծով և Հյուսիս-Հարավ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ինչպես Դուք էլ ասացիք՝ ի սկզբանե նման հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին ակտիվորեն այս հարցում աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կա կարծիք, որ Անկարան և Բաքուն հարթակը գործարկելու իրավունքը «ջենթլմենական ձևով» փոխանցել են Ռուսաստանին և Իրանին, որ Հայաստանը մասնակցի դրան։ ՀՀի շահերը որքանո՞վ են այս ձևաչափում հաշվի առնվելու, արդյո՞ք ՀՀն կարող է օգուտներ քաղել դրանից։

-Հնարավոր է՝ ինչ-որ կարճաժամկետ տնտեսական փաթեթներ առաջարկվեն Հայաստանին՝ նրան շահագրգիռ կողմ դարձնելու համար, և ինչ-որ չափով Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվի, սակայն երկարաժամկետ առումով, միանշանակ, Հայաստանի փոքր և անպաշտպան տնտեսությունը Թուրքիայի հզոր տնտեսությանը դիմադրել չի կարող և ամբողջապես վտանգված է. այս պարագայում մեծ վտանգ կա, որ թուրքական տնտեսությունը կգրավի Հայաստանի տնտեսությունը՝ ճիշտ այնպես, ինչպես Վրաստանում, և նույնիսկ ավելի վատ սցենարներով: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն, որ «3+3» ձևաչափն ամբողջովին  չի սպասարկելու Իրանի և Հայաստանի շահերը, Իրանն առաջ քաշեց իր նախաձեռնությունը հանդիսացող նշված երկու մեգանախագծերը: Իրանի ընտրած ուղին շատ պարզ և տեսանելի է:

Այս օրերին ակտիվորեն բանակցություններ, զրույցներ են տեղի ունենում տարածաշրջանային երկրների ղեկավարների, ներկայացուցիչների միջև Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի նախագահի այցը Սոչի, օրերս աշխատանքային այցով ՀՀում էր Վրաստանի վարչապետը, վաղը տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը, սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այցը Բաքու և Երևան։ Դուք այս ամենի մեջ կապ տեսնո՞ւմ եք, ինչի՞ մասին են հուշում տարածաշրջանային զարգացումները։

-Իհարկե, բոլոր նշված հանդիպումները, ուղղակի թե անուղղակի, կապ ունեն միմյանց հետ, որովհետև բոլոր այս հանդիպումների ընթացքում քննարկվում են Անդրկովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Եվ բոլորը փորձում են առավելագույնս պաշտպանել ու ամրագրել իրենց շահերը, իսկ նման իրավիճակում Հայաստանի շահերը, որպես պարտվող կողմ և թույլ իրավիճակում գտնվող երկիր,  խիստ վտանգված են: Հայաստանը, հաշվի առնելով այս իրողությունը, պետք է գտնի այն երկրներին, որոնց շահերը համընկնում են իր շահերի հետ, և ճիշտ աշխատելով տվյալ երկրների հետ՝ կարողանա իր շահերն առավելագույնս պաշտպանել:

-Պետք է նկատել, որ այս շաբաթ նախատեսված է նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առաջին և պաշտոնական այցը Հայաստան։ Հայտնի է, որ Հնդկաստանը, Իրանը և Ռուսաստանն ակտիվ աշխատում են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջազգային միջանցքի գործարկման ուղղությամբ։ Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան հայտարարել էր, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «ՀյուսիսՀարավ» միջանցքը: Սա, շատերի գնահատմամբ, Հայաստանի համար կարևոր հնարավորություն է։ Կարծում եք՝ հիմա ՀՀ-ը ունի՞ շանս՝ հայտնվելու այս միջանցքում։ Իրանը կարո՞ղ է աջակից լինել ՀՀ-ին այս հարցում։

-Իհարկե, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան ուղիղ կապ ունի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջազգային միջանցքի գործարկման հարցի հետ: Հայաստանն արդեն ներգրավված է այս ծրագրում: Իրանն արդեն իսկ ցուցաբերել է իր աջակցությունը Հայաստանին: Դա փաստում են Իրանի Քաղաքաշինության և ճանապարհների նախկին և ներկա նախարարների հստակ հայտարարություններն ու գործողություններն այս ուղղությամբ: Հնդկաստանը, ընտրելով Հայաստանը որպես տարանցիկ երկիր դեպի Եվրոպա և Ռուսաստան, կբարձրացնի Հայաստանի աշխարհաքաղաքական դերը: Մյուս կողմից, Հնդկաստանի հետաքրքրություններն Անդրկովկասում պայմանավորված են Ադրբեջանի և Պակիստանի դաշինքի գործողություններին հակազդելու մտադրությամբ: Գաղտնիք չէ, որ Պակիստանը և Հնդկաստանը մրցակցության մեջ են և շահերի լուրջ հակասություններ ունեն: Եթե Պակիստանը հայտ է ներկայացնում Ադրբեջանի միջոցով ապահովելու իր ներկայությունը Անդրկովկասում, բնական է, որ Հնդկաստանը, Հայաստանի միջոցով և Հայաստանին աջակցելով, կփորձի իր  ներկայությունն ապահովել Անդրկովկասում:

-Այս ամենին զուգահեռ՝ լարվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ակնհայտ է՝ Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքնավստահ է դարձել, նրա ցանկություններն էլ առավելապաշտական են դարձրել։ Արցախյան հակամարտության նկատմամբ մշտապես չեզոք, երբեմն էլ, որոշ փորձագետների կարծիքով, ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Իրանն ինչպե՞ս է հիմա վերաբերվում Ադրբեջանի քաղաքականությանը։ Կարծում եք՝ հանդուրժելո՞ւ է նաև իր հասցեին հնչող սպառնալիները։

-Նախ պետք է նշեմ, որ Իրանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները և Ադրբեջան-Իրան հարաբերությունները որակապես և էությամբ շատ տարբեր են, ինչը պետք է Հայաստանում ճիշտ ընկալվի և ճիշտ գնահատվի: Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին երեսուն տարիների ընթացքում միշտ էլ մեծ հակասություններ են եղել, և ժամանակ առ ժամանակ երկու երկրների միջև լարվածությունը հասել է գագաթնակետին: Անգամ մենք արձանագրում ենք, որ երկու երկրների հարաբերություններն այդ խոր հակասությունների պատճառով երբեմն հասնում են մինչև պատերազմի նախաշեմը: Իհարկե, Իրանը միշտ փորձել է և ցանկացել լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը Ադրբեջանում՝ նվազեցնելու համար Թուրքիայի և Իսրայելի ազդեցությունը, ինչը Իրանի և, ինչու չէ, նաև Հայաստանի շահերից է բխում: Բայց Հայաստանի հետ Իրանը միշտ ունեցել է շատ անկեղծ հարաբերություններ: Իհարկե, որոշ հարցերի վերաբերյալ երկու բարեկամ երկրները կարող են ունենալ տարբեր տեսլականներ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ  այդ հակասությունները կարող են խոչընդոտել մեր երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Վերջին արցախյան պատերազմից հետո Ալիևը, հենվելով Թուրքիայի և Իսրայելի ուժերի վրա, ոչ կոռեկտ և ապակառուցողական պահվածք է ձեռք բերել: Ալիևն արդեն բավական կտրվել է իրականությունից և սխալ հաշվարկների մեջ է ընկել։ Իրանը որոշ ժամանակ հանդուրժեց Ալիևի հոխորտանքները՝ տարածաշրջանում լարվածությունը չմեծացնելու համար: Բայց երբ հերթը հասավ Իրանի «կարմիր գծին», որը տարածաշրջանի աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխությունների, ինչպես նաև Իրանի և տարածաշրջանի անվտանգության խնդիրն է, Իրանն այլևս չի հանդուրժում նման պահվածքը և կոշտ դիրքորոշում է որդեգրել:

Հռիփսիմե Հովհաննիսյան