Ե՞րբ կարող է վերականգնվել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ պատմական ակնարկ և վերլուծաբանների կարծիքը՝ ձևաչափի մասին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից և հրադադարն ազդարարող եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) հայտարարության ստորագրումից հետո շատ է խոսվել ի սկզբանե արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անկարող լինելու և արդեն գործընթացից դուրս մնալու մասին։ Վերջերս, սակայն, հայկական կողմի հայտարարություններում հաճախ է ընդգծվում ձևաչափի վերականգնման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին։ Չնայած Բաքվի դժկամությանը՝ նման պատրաստակամություն են հայտնում նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները։

Factor.am-ն այս անգամ ներկայացնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պատմությունը՝ ստեղծման օրվանից մինչև վերջին պատերազմ։ Ցույց ենք տալու, թե որոնք էին հակամարտության կողմերին Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, ինչու Ադրբեջանը, դրանք ընդունելու փոխարեն, ընտրեց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Ներկայացնելու ենք նաև փորձագիտական կարծիքներ, թե որքանով է հնարավոր ձևաչափի վերականգնումն այսօր, ինչ կտա այն հայկական կողմին։

Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը

Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։

Հիմնախնդրի կարգավորումն ուսումնասիրած Թոմաս դե Վաալն իր «Սև այգի» գրքում ներկայացնում է․ «1992 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովը (ԵԱՀԽ), որին այն ժամանակ անդամակցում էր 49 պետություն, սկսեց կայուն հետաքրքրություն դրսևորել հակամարտության նկատմամբ: ԵԱՀԽ առաքելությունը, ականատեսներից մեկի հուշերով, ստեղծվել է «գրեթե պատահական»՝ 1992թ. հունվարի 31-ին Պրահայի հանդիպումներից մեկի ավարտին, երբ Խորհրդաժողովին անդամակցեց նախկին ԽՍՀՄ պետությունների մեծ մասը: Հանդիպումը մոտենում էր ավարտին, երբ բրիտանացի պատվիրակը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկու նոր անդամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է ընթանում, և ԵԱՀԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել: Որոշվեց տարածաշրջան առաքելություն ուղարկել` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Կազմակերպության հաջորդ հանդիպմանը՝ մարտի 24-ին, որոշվեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ համաժողով հրավիրել, և Բելառուսի ներկայացուցիչն անսպասելի առաջարկեց այն կազմակերպել Մինսկում: Ոչ ոք չառարկեց: Հայաստանը, Ադրբեջանը և ԵԱՀԽ 9 անդամ պետություններ համաձայնեցին մասնակցել այդ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի «ընտրված» և «այլ» ներկայացուցիչների (ձևակերպումը ենթադրում էր ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների) հետ համատեղ: Այդպես էլ ծնվեց «Մինսկի համաժողովի» գաղափարը:

Հետագայում այդ հանդիպումը ռազմական գործողությունների սրման պատճառով այդպես էլ չկայացավ, սակայն անվանումը պահպանվեց: Մինսկի համաժողովը վերածվեց Մինսկի խմբի, որի առաջին համանախագահը դարձավ իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին, իսկ խմբի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Մինսկում, այլ Հռոմում՝ 1992թ. հունիսի 1-5-ին»։

Մինսկի խմբում ներառված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։

Ի՞նչ մանդատ ունի Մինսկի խումբը

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում նշվում է. «Բուդապեշտի համաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհում Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու, զինված հակամարտության դադարեցման մասին կողմերի համաձայնությունը ստանալու համար, ինչն անհրաժեշտ է Մինսկի համաժողովը հրավիրելու համար, և խաղաղ գործընթացի աջակցությունը՝ ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Մինսկի գործընթացը կարող է հաջողությամբ ավարտված համարվել, եթե այս բոլոր քայլերն իրականացվեն»:

 

Ի՞նչ առաջարկներ է այս տարիների ընթացքում ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծումներ։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում Արցախի կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թվականի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կնքման շուրջ։

Ըստ առաջին տարբերակի՝ նախ պետք է Ղարաբաղից դեպի արևելք և հարավ ընկած շփման գծերի վրա տեղակայված ուժերը հեռացվեին՝ հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները։ Ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում կողմերին կբաժանեին՝ ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման և երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում անվտանգություն ապահովելու համար։

Երկրորդ փուլում Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված էին Հայաստանի սահմաններից դուրս, բերվում էին այդ սահմաններից ներս, ԼՂ ուժերը բերվում էին ԼՂԻՄ 1988 թվականի սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի, Ադրբեջանի ուժերը դուրս էին բերվում սահմաններից դուրս։ Այն տարածքում, որը պետք է ընկներ այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման շրջանում, կազմավորվում էին «բուֆերային» և «բաժանարար» գոտիներ։ Վերականգնվում էին տրանսպորտի և կապի գծերը, ստեղծվում էր մշտական խառը հանձնաժողով և Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, ապահովվում էր փախստականների վերադարձը։ Այս տարբերակին հիմնականում համաձայն էր Հայաստանը, բայց ո՛չ Ղարաբաղը և Ադրբեջանը։ Դա բացատրվում էր նրանով, որ Արցախի կարգավիճակը շարունակելու էր մնալ անորոշ։

Հետո Մինսկի խմբի միջնորդները ներկայացնում են խաղաղ կարգավորման նոր ծրագիր, համաձայն որի՝ «Լեռնային Ղարաբաղը պետություն և տարածքային միավոր էր Ադրբեջանի կազմում»։ Այս փաթեթային տարբերակով Լաչինը միջանցքի կարգավիճակ էր ստանում ժամանակավորապես, մինչև միջանցիկ ճանապարհի կառուցումը, իսկ հետագայում այդտեղ պետք է վերադառնար տեղացի բնակչությունը։ Արծարծվում էր նաև Շահումյանի շրջանի հարցը։ Մինչդեռ Հայաստանը որպես հարցի կարգավորման հիմք չէր ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի դեռ չէին ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները և չէր հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը։

Ստեղծված իրավիճակը հանգեցնում է ԼՂՀ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998 թվականի փետրվարի 4-ին ՀՀ-ում տեղի է ունենում իշխանափոխություն։

Մինսկի խմբի համանախագահները 1998 թվականի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոնական առաջարկում։ Ընդհանուր պետության սկզբունքով Ղարաբաղը ստանալու էր ոչ թե բարձր ինքնավարություն, այլ իրավական կարգավիճակի հավասարեցում։ ԼՂԻՄ սահմանները պետք է մնային անփոփոխ, սակայն պետք է ապահովվեր Շուշի և Շահումյան քաղաքների բնակիչների վերադարձը։ Ադրբեջանը մերժել է այդ փաստաթուղթը, որով փակուղային վիճակը շարունակվել է։

2001 թվականին տեղի են ունեցել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի հանդիպումը Քի Վեսթում։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատմում է, որ «այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը՝ Լաչինի մի հատվածով, Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր, իսկ Ադրբեջանը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ»:

Տարածքների վերադարձի հարցը պետք է քննարկվեր միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Սակայն Բաքու վերադառնալուց և ներքին քննարկումներ անցկացնելուց հետո Հեյդար Ալիևը հրաժարվել է կարգավորման այս տարբերակից։

Մադրիդյան սկզբունքները և դրա տարբերակները

ԼՂ հիմնախնդրի կարգավորման պատմության մեջ առավել հայտնի են Մադրիդյան սկզբունքները, որի տարբերակները հետագայում՝ մինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, անընդհատ առաջարկվել են կողմերին և արժանացել մերժման։

Մադրիդյան սկզբունքները Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվել են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում։ Միջնորդները, մասնավորապես, առաջարկում էին․

  • ՆախկինԼՂԻՄ-ը շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
  • Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
  • Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
  • Ներքին տեղահանվածների և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
  • Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ ևս Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել է 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը։

Մադրիդյան սկզբունքների տարբերակներից է նաև Կազանյան փաստաթուղթը, որն առաջարկվել է 2011-ի հունիսին՝ Կազանում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում: Այն մերժել է ադրբեջանական կողմը։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո գաղտնազերծել էր փաստաթուղթը՝ նշելով, որ ճիշտ ժամանակն է հայ հանրությանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղեկացնել Կազանի փաստաթղթի առանցքային մանրամասներին, քանի որ «պաշտոնական Երևանը Բաքվի հետ միջնորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, բանակցում է մեկ բան, իսկ հրապարակավ հայտարարություններում ասում բոլորովին այլ բան: Բացի այդ, այսօր ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ակնկալվում է ճեղքում և ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են բանակցում երկրի իշխանությունները»։

Կարգավորման վերջին տարիներին շատ խոսվել է նաև «Լավրովի» կամ «Պուտինի» պլանի մասին։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ վերլուծական կենտրոնը ռուսական առաջարկի մասին նույնպես դիվանագիտական աղբյուրներից տեղեկություններ է ստացել։ Ըստ դրանց՝ Ղարաբաղյան կարգավորման «Պուտինի պլանը» ենթադրում էր երկու հիմնական փաթեթ։

Առաջին՝ հայկական ուժերը հետ էին քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու։ Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով:

Ինչո՞ւ չընդունվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, Ադրբեջանն ընտրեց հիմնախնդիրը լուծելու ռազմական ճանապարհը փորձագետի կարծիք

Շուրջ 3 տասնամյակ տևած կարգավորման գործընթացն արդյունք չտվեց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից որևէ մեկի շուրջ համաձայնության չգալով՝ կողմերն անընդհատ հետաձգել են լուծումը։ Արդյունքում, 2020 թվականին Ադրբեջանն ընտրում է իր համար խնդրի լուծման հարմար տարբերակը՝ զենքի ուժին դիմելը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանն ամբողջ ընթացքում որևէ զիջման գնալ չէր ցանկանում։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է տարել, բայց նույնիսկ լուծման առաջարկներից ամենալավ տարբերակները, որտեղ նաև Ադրբեջանի շահերն էին արտահայտված, Բաքուն մերժում էր։

«Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, ցանկանում էր հիմնախնդիրը ուժով լուծել։ Նա բանակցային գործընթացի ժամանակը պարզապես արդյունավետ օգտագործեց, նավթադոլարներով զենք գնեց, միջազգային հանրության հետ լավ աշխատեց, չարեց սխալներ, օրինակ՝ չմտավ ԵՏՄ, ՀԱՊԿ, ճիշտ արտաքին քաղաքականություն վարեց, ձեռք բերեց իրական դաշնակիցներ, անվտանգության ոլորտում էլ համագործակցեց մի քանի երկրների հետ և այլն»,- նշեց նա։

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այդ ամենն ունենալը, իհարկե, դեռևս բավարար չէր պատերազմ սկսելու համար, անհրաժեշտ էր հարմար պահ, և այն եկավ․ 2020 թվականին ամբողջ աշխարհը սկսեց զբաղվել COVID-ի դեմ պայքարով, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ էին, բացի այդ՝ կարևոր է այն, որ Բաքուն կարողացավ Մոսկվային իր կողմ քաշել։

Ստեփան Գրիգորյանը համաձայն չէ կարծիքների հետ, ըստ որոնց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողեց կարգավորման գործընթացը, քանի որ չէր օգտագործում ճնշման լծակներ, անհասցե հայտարարություններ էր անում՝ անհետևենք թողնելով Ադրբեջանի գործողությունները։

«Շատերը չեն պատկերացնում, թե որոնք են միջնորդի պարտականությունները։ Միջնորդն իրավունք չունի կողմերի վզին փաթաթել իր կարծիքը։ Նա պարտավոր է համոզել, բերել փաստարկներ։ Մենք էլ ենք երբեմն քննադատել, բայց ընդունել ենք նաև, որ ԵԱՀԿ-ն իսկապես ունեցել է լուրջ զսպող մեխանիզմներ, և դրանք են, որ Ադրբեջանին թույլ չեն տվել պատերազմ սկսել 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 2016 թվականի պատերազմն էլ դրա լուրջ վկայությունն է։ Մինսկի խումբն ուներ զսպման լուրջ մեխանիզմներ, պարզապես 2020-ի զարգացումները բերեցին նրան, որ ստեղծվեց հնարավորություն Ադրբեջանի համար՝ խնդիրը ուժով լուծելու»,- ընդգծեց նա։

Ձևաչափի աշխատանքները, ըստ Ստեփան Գրիգորյանի, 44-օրյա պատերազմից հետո մասամբ վերականգնվել են։ Նա մատնանշում է Ռուսաստանի, Ֆրանսիայի համանախագահների այցը տարածաշրջան։

«Իհարկե, առանց կողմերի համաձայնության ձևաչափը չի կարող վերականգնվել, բայց նույնիսկ Ադրբեջանը շատ չի ընդդիմանում դրան։ Այստեղ խնդիրը Ռուսաստանն է․ ցանկանում է, որ հիմնախնդիրն ամբողջությամբ լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Այդ մասին նրանք շատ բաց են խոսում։ Նախկինում եղած օրակարգից լուծվել են հետևյալ հարցերը․ Ադրբեջանին տվեցին 7 շրջանները, խաղաղապահները տեղակայվեցին։ 2-3 կետեր հօգուտ Ադրբեջանի են լուծվել։ Հիմա մեր հերթն է, բայց Ռուսաստանը ցանկանում է համոզել, որ օրակարգը փոխվի, որ այն ամբողջությամբ հօգուտ Ադրբեջանի լինի, որ դելիմիտացիա, դեմարկացիա արվի, որ միջանցք բացվի Ադրբեջանի համար։ Այս պայմանի իրագործման դեպքում Մոսկվան դեմ չի լինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնվի»,- նշեց նա։

Հայաստանը, Ստեփան Գրիգորյանի խոսքով, հիմա առաջ է քաշում իր շահերը՝ պետք է ճանաչվի ԼՂ կարգավիճակը․ «Հայաստանին աջակցում են Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, ընդգծում են, որ պետք է նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, հետո նոր մնացած հարցերը։ Դիմադրե՞լ Ռուսաստանին։ Ես ասում եմ՝ աշխատել Ռուսաստանի հետ, համոզել․ ուժեղ երկիր է, չես կարող դիմադրել, պետք է աշխատես նրա հետ»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման դրսևորումներ

Վերջին շրջանում հայկական կողմը հաճախ է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Ստեփան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ հանդիպումների ժամանակ։

Վերջերս էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է անդրադարձել խնդրին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին կրկին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ։

«Կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում»,- ասել է նա։

Նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անդրադարձել է Հարավային Կովկասին՝ հայտարարելով, որ պետքարտուղարն այս շաբաթ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ։

Իսկ ամենաուշագրավն այն է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

«Շփումները շարունակվում են, գուցե՝ ոչ այնքան հրապարակային: Մինսկի խմբի մեր համանախագահն այցելեց Բաքու և Երևան, այնտեղ անցկացրեց մի շարք հանդիպումներ, ներառյալ՝ ամենաբարձր մակարդակով։ Ներկայում երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, հանդիպումներ կլինեն և՛ միմյանց հետ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների: Եթե դա տեղի ունենա, լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստանում: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացն առաջ մղելու կարևոր գործիք»,- ասել է նա:

Կվերականգնվի՞, արդյոք, ՄԽ ձևաչափը բրիտանացի վերլուծաբանի կարծիքը

Բրիտանացի քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ հավանական է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը մնա լուսանցքում, չնայած իրավիճակը դինամիկ զարգանում է։ Factor.am-ի հետ զրույցում նա նկատում է՝ առայժմ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանն է ստանձնել առաջնային դերը։

«Սա նշանակում է նաև պատասխանատվություն կայունության համար այնպիսի պայմաններում, որտեղ հակամարտության կողմերից ոչ մեկն իրականում գոհ չէ ստատուս քվոյից: Սա մի տեսակ «վերահսկվող անկայունություն» է, որն առայժմ ի վիճակի է կառավարել և վերահսկել Ռուսաստանը։ Հիմա գոյություն ունի հետևյալ դինամիկան․ Ռուսաստանն անմիջականորեն զբաղվում է Բաքվի և Երևանի հետ այն հարցերով, որոնց դեպքում հնարավոր է որոշակի տեղաշարժ ապահովել, իսկ այն խնդիրները, որոնք իսկապես անլուծելի են, ինչպես կարգավիճակի հարցն է, «կայանված են» Մինսկի խմբի հետ: Ստացվում է, որ 2020 թվականի պատերազմի և հրադադարի հայտարարության արդյունքներից մեկն այն է, որ Մինսկի խումբը լռելյայն դարձել է հայերին և ադրբեջանցիներին բաժանող ամենադժվար հարցերի «պահապանը»»,- ասում է նա։

Ըստ վերլուծաբանի՝ դա ունի երկու ենթատեքստ:

«Առաջինն այն է, որ ավելի բարդ հարցերի լուծումները հետաձգվելու են: Ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափն առայժմ միակ արդյունավետ ձևաչափն է, որը կարող է արդյունքներ տալ այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, հայ բանտարկյալների ազատ արձակումը, ականների քարտեզների փոխանցումը կամ սահմանների որոշումը: Բայց հակամարտության առանցքային հարցը չի քննարկվի այս ձևաչափով: Երկրորդ ենթատեքստն այն է, որ միայն Մինսկի խումբն է առաջարկում հակամարտության իսկապես համապարփակ լուծման շրջանակ: Բանակցային այլ հոսքեր դա չեն ապահովի, նույնիսկ եթե առաջընթացի հասնեն այլ հարցերում»,- ասում է նա՝ մանրամասնելով․ «Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող գործընթացը դարձել է «քայլ առ քայլ» երկխոսություն, իսկ Մինսկի խումբը մնում է «փաթեթային» երկխոսության երաշխավորը: Ինչպես և Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ՝ Ադրբեջանը կնպաստի առաջին գործընթացին, իսկ Հայաստանը՝ երկրորդին»։

Անդրադառնալով այն հանգամանքին, թե որքանով է կարևոր, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները ներգրավվեն հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Լոուրենս Բրոերսը նշում է, որ կարելի է խնդիրը նաև վերաձևակերպել՝ որքանո՞վ է կարևոր, որ լուծում գտնվի բազմակողմ շրջանակներում:

«Հարց է առաջանում, թե որն է այլընտրանքը։ Առանց համանախագահ մյուս երկրների ավելի լայն ներգրավվածության՝ ձեզ մնում է ռուսական միջնորդությունը, որն ընթանում է եռակողմ շրջանակի միջոցով: Հավանաբար, ժամանակի ընթացքում Ռուսաստանի գլխավորած միջնորդությունը կհանգեցնի էական փոփոխությունների տեղում: Բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ռուսական, և ոչ թե հայկական կամ ադրբեջանական շահերի արտացոլմամբ: Եվ այն պատճառներով, որոնց մասին ես խոսեցի, դժվար թե դա հանգեցնի հակամարտության վերջնական լուծման»,- ասում է նա։

Ամեն դեպքում, ըստ բրիտանացի վերլուծաբանի, Ռուսաստանը չի ձգտում Մինսկի խմբի վերջնական ոչնչացմանը․ «Ռուսաստանը, թեկուզ միայն խորհրդանշական մակարդակով, կշարունակի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ հարցի լուծման ուղղությամբ աշխատել: Նա վաղուց իրեն տեսնում էր որպես Մինսկի խմբի ոչ պաշտոնական առաջնորդ, և դա թույլ էր տալիս նրան բազմակողմանի գործողությունների դիմել»:

Ըստ նրա՝ շատ բան կախված է նրանից, թե որքանով ակտիվ կներգրավվեն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:

«Բայց Ֆրանսիայի և Ամերիկայի շահերը կապված կլինեն հիմնախդրի լիարժեք լուծման իրական հեռանկարների հետ: Ի վերջո, «Մինսկի խումբը նորից ակտուալ կդառնա՞ և ե՞րբ դա կլինի» հարցերի պատասխանը կախված է նրանից, թե երբ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք, իհարկե, խմբի անդամներ են, կորոշեն, որ ցանկանում են փնտրել համապարփակ լուծում, որի համար էլ Մինսկի խումբը պահպանում է միակ միջազգային մանդատը»,- ասում է նա։

Մինսկի խմբի վերադարձը, ըստ փորձագետի, կախված է նաև նրանից՝ արդյո՞ք «լոկալ անկայունությունը» կդրդի Ռուսաստանին փնտրել «բեռների բաշխման» նոր շրջանակ, որի արդյունքում նա այլևս պատասխանատվություն չի կրի տեղում տիրող իրավիճակի համար:

«Ինչպես նշեցի՝ հակամարտության կողմերից ոչ մեկին չի բավարարում ստատուս քվոն: Մենք տեսել ենք բազմաթիվ դրվագներ, երբ Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ, և Բաքուն մտահոգված է, որ այդ առաքելությունը ժամանակի ընթացքում կդառնա մշտական ներկայություն: Հավանաբար, Բաքուն ապագայում կփնտրի խաղաղապահ առաքելության «դիվերսիֆիկացիա», ինչը կդառնա ռուս-ադրբեջանական՝ այժմ ավելի բարդ հարաբերությունների համար փորձություն»,- ասում է նա։

Այս պարագայում, Լոուրենս Բրոերսի խոսքով, Բաքվի համար այլընտրանքը դառնում է Ղարաբաղի հայ բնակչության հետ հարաբերությունների փոխակերպումը, ցույց տալը, որ անվտանգային խնդիրներ չի առաջացնելու։

«Քանի որ այս բնակչության գոյությանը սպառնացող վտանգն առաջին հերթին արդարացնում է խաղաղապահ առաքելությունը»,- ասում է նա։

Դրակա՞ն է, արդյոք, Մինսկի խմբի վերականգնումը ՀՀ-ի համար վերլուծաբանի կարծիք

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ձգտում էին միայն մեկ բանի՝ վերացնել այս եռակողմ հայտարարության արդյունքում ստացած նվաստացումը, որի նպատակն էր՝ կանգնեցնել արևմտականացումը Հարավային Կովկասում և դեմոնիզացնել Մինսկի խումբը:

«Փարիզն ու Վաշինգտոնը ցանկանում են վերակենդանացնել Մինսկի խումբը՝ նվաստացումից դուրս գալու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է ռուսների համաձայնությունը: Անձամբ ես կարծում եմ, որ Մինսկի խումբը կվերականգնվի իր ձևաչափով և առաքելությամբ, բայց թե ո՞րն է լինելու դրա հաջողությունը և նպատակը, չգիտեմ»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Կայծ Մինասյանի, Երևանը պնդում է, որ Մինսկի խումբը վերագործարկվի՝ ռուս-թուրքական խնամակալությունից ազատվելու համար, բայց չիմանալով, թե ինչ է լինելու ձևաչափի վերականգնման պարագայում։

«Մի խոսքով, եթե մի կողմից ինձ ավելի քան հնարավոր է թվում Մինսկի խմբի վերածնունդը, մյուս կողմից չգիտեմ՝ դա կարո՞ղ է ծառայել Հայաստանին: Եթե Հայաստանին հաջողվի Մինսկի խմբին հրավիրել իր տուն, կարո՞ղ է երջանիկ լինել։ Ոչինչ չի խոսում այն մասին, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կբավարարեն հայերի շահերը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկումից հետո։ Ոչի՛նչ»,- ասում է նա։

Անդրադառնալով նրան, թե ինչպես կվերաբերի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների՝ կարգավորման գործընթացում ներգրավմանը, Կայծ Մինասյանը նկատում է՝ Ռուսաստանը երկար ժամանակ երկու խաղ է խաղում․ մի կողմից՝ բարձր է գնահատում Թուրքիայի հետ իր արտոնյալ հարաբերությունները, քանի որ տարբերություններ է տեսնում Անկարայի և Արևմուտքի միջև, իսկ ռուսական այդ դիրքորոշումը սփոփում է Ադրբեջանին։ Մյուս կողմից՝ Մոսկվան շահագրգռված է Փարիզի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները զարգացնելով, քանի որ ցանկանում է դուրս գալ Թուրքիայի ճնշումից, իսկ դա թույլ է տալիս Մինսկի խումբը վերակենդանացնել։

«Դա էլ բավարարում է Երևանին: Բայց Ռուսաստանը խաղում է երկու հակասական սեղանների վրա, որոնք այս պահին չեն անհանգստացնում Մոսկվային, այլ ավելի շուտ նյարդայնացնում են փոքր խաղացողներին՝ հայերին և ադրբեջանցիներին»,- ասում է նա։

Հարցին, ինչպես կարող են վերաբերել Թուրքիան և Ադրբջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերադարձին, քանի որ տարիներ շարունակ դժգոհել են ձևաչափի գործունեությունից, ֆրանսահայ քաղաքագետը պատասխանում է՝ Թուրքիան տեսել է, որ Բայդենի ընտրվելուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մանևրելու հնարավորությունը նվազել է:

«Այսպիսով, Թուրքիան բազմապատկում է ԱՄՆ-ի նկատմամբ հնազանդության նշանները՝ չհրաժարվելով նաև Ռուսաստանի հետ իր ծրագրերից: Իսկ Ադրբեջանը, որը դժգոհ է Արցախում քաղաքական հաղթանակից զրկվելուց, հրահրում է Հայաստանին, քանի որ դա իր համար հեշտ է, դատապարտում է Արևմուտքին, քանի որ դա իրեն ավելի հարմար է, և Թուրքիային օգնության է կանչում, քանի որ ճնշում գործադրելը մխիթարում է Ալիևին»,- ասում է նա։