Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, նախաձեռնել էր հանդիպում սննդի շղթայի տարբեր ոլորտները ներկայացնող տնտեսավարողների հետ: Կարևորելով այս ոլորտում գործունության բարելավումը և անվտանգության ապահովումը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, համապատասխանության գնահատման, ինչպես նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերը, մակնշման պահանջները, նաև HACCP համակարգը՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը կարևոր է համարել տնտեսավարողներին նույնպես մասնակից դարձնել սպառողների շահերի պաշտպանության գաղափարի իրացմանը, մեծացնել նրանց պատասխանատվությունը սննդարդյունաբերության ոլորտում՝ նպաստելով սննդամթերքի անվտանգությանն ու որակի ապահովմանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանն էլ նախաձեռնությունն օգտակար է գնահատել՝ արտադրողներին իրազեկելու, նրանց խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու տեսանկյունից:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին, ներկայացրել է համապատասխանության գնահատաման ընթացակարգերը, որոնք ընդհանրական են և վերաբերում են արտադրության բոլոր փուլերին, ուշադրություն հրավիրել պետական գրանցման ձևով համապատասխանության գնահատման ենթակա ապրանքատեսակների՝ հատուկ նշանակության սննդամթերքի վրա:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները ներկայացրել են սննդամթերքի մակնշման պահանջներն ու առանձնահատկությունները, նաև՝ վերջին փոփոխությունները և դրանց հետևելու հնարավորությունները, մանրամասնել, թե ինչպե՞ս է արտացոլված HACCP համակարգը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում և թե, ըստ ոլորտների, ի՞նչ ժամկետներ են սահմանված մեր Հանարապետությունում այն ներդնելու համար: Տնտեսավարողներին հետաքրքրող՝ ներմուծման և արտահանման ընթացակարգրերի մասին նշվել է, որ Ծառայությունում գործում է սպասարկման կենտրոն՝ էականորեն նվազելնելով վարչարարությունը, կրճատելով Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանումների դիմելու հարցը, ինչպես նաև նվազագույնի հասցնելով պաշտոնյա-տնտեսավարող շփումը: Ներկայացվել են նաև ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստորագրված և ոլորտին առնչող փաստաթղթերը և արտահանման ընդլայնման նոր հնարավորությունները, այդ թվում և՝ մեղր, ձուկ և ձկնամթերք դեպի ԵՄ, մեղր՝ չինական շուկա, կենդանիներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ծառայության մասնագետները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին՝ արտադրությունից մինչև արտահանում, փաստաթղթավորումից մինչև պիտակավորում: Տեղեկացվել է, որ առաջիկայում իրացման ցանցերում կստեղծվեն որակի համար պատասխանատու ստորաբաժանումներ, որի արդյունքում հնարավոր կլինի շղթայի այս օղակում նվազագույնի հասցնել և բացառել հնարավոր խախտումները: