Մուտքն արգելված է և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար․ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները յուրացնում են հայկական Շուշին
Քաղաքականություն
23.06.2021 | 22:37Երեկ հայտնի դարձավ, որ հայկական Շուշին Ադրբեջանը պետական արգելոցի է վերածվում։ Ալիևը ստորագրել է համապատասխան օրենքը, նաև արգելոցի կառավարման բյուջե է սահմանվել։ Օրենքի համաձայն՝ ստեղծվելու է Շուշի քաղաքի պետական արգելոց և դրա հետ կապված հատուկ հիմնադրամ։ Օրենքը նախատեսում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված կլինեն քաղաքի վերականգնմանը, մշակութային ու պատմական հուշարձանների պահպանությանն ու զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը, բնակելի ֆոնդերի կառավարմանը, արգելվելու է նաև չարտոնված բիզնես գործունեության իրականացումը։ Քաղաքի տարածքում նախապատվությունը տրվելու է տրանսպորտի էկոլոգիապես մաքուր տեսակներին:
Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակումներ արեցին այն մասին, որ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծն է մշակվել և ծրագիրն իրականացնում է Chapman Taylor ընկերությունը։ Այս ընկերության հետ արդեն կնքվել է 3․94 մլն մանաթի՝ 2․4 մլն դոլարի պայմանագիր։ Այս ամենը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական հանրության շրջանում, քանի որ մրցույթի վերաբերյալ նախապես ոչինչ չի հայտարարվել և տեղական ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցել։
Նշենք, որ Chapman Taylor-ը բրիտանական ընկերություն է, որը զբաղվում է ճարտարապետությամբ ու պլանավորմամբ։ Այն նախագծեր է իրականացրել աշխարհի 90 երկրում։ Առաջին անգամ չէ, որ Chapman Taylor-ը համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ․ այն արդեն մի քանի նախագծեր իրականացրել է Ադրբեջանում՝ կառուցել է Deniz Mall-ը, բազմաֆունկցիոնալ Port Baku Tower-2-ը, K Residence շքեղ բնակարանային համալիրը։ Այս բոլոր նախագծերի համար պայմանագիր է կնքվել Pasha Construction-ի հետ, որը Pasha Holding-ի կազմում է և պատկանում է Ադրբեջանի իշխող ընտանիքին։ Հոլդինգի բաժնետոմսերի մեծ մասը, ըստ տարբեր տեղեկությունների, պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլային ու Արզուին, իսկ հիմնական բաժնեմասը՝ Ալիևի կնոջ ու երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին։
Ստացվում է, որ ինչպես միշտ՝ Ադրբեջանի պետբյուջեից գումարները հատկացվում են Ալիևների ընտանեկան բիզնեսին։
Վերադառնալով Շուշիին․ Արցախյան պատերազմի հետևանքով հայկական քաղաքը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Անցնող ամիսների ընթացքում Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ մի քանի անգամ այցելել է քաղաք ու հայտարարել, որ այնտեղ տարբեր հավակնոտ ծրագրեր են իրականացվելու, արդեն մասնակցել է դպրոցի, նոր մզկիթի հիմարկեքի արարողության, նույնիսկ հյուրանոց բացել։ Վերջերս էլ Ալիևները հայկական Շուշիում հյուրընկալել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կնոջ հետ։ Այստեղ Ալիևն ու Էրդողանը նաև «Շուշիի հռչակագիրը» ստորագրեցին։
Համացանցում հայտնված բազմաթիվ լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ քաղաքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Իսկ թե ինչ աշխատանքներ են տարվում, չգիտի նույնիսկ ադրբեջանական հասարակությունը։ Տեսնանյութերից պարզ է դառնում, որ քանդվում են քաղաքի բնակելի տներն ու շենքերը, անհասկանալի ռեստավրացիայի են ենթարկվում քաղաքի հոգևոր, մշակութային կոթողները։ Ալիևի մենաշնորհային ու անհասկանալի քայլերը Շուշիում քննադատում է նաև ադրբեջանցիները ՝ գործողությունների թափանցիկության բացակայության ու հասարակության ցանկությունները հաշվի չառնելու համար։
Մասնավորապես, երկրի ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում Շուշիում բնակելի շենքերի քանդման տեսանյութ էր տարածել ու գրել, որ բնակիչների կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում։
«Չնայած հիմա Շուշի գնալն ապահով է, Շուշիի բնակիչներին թույլ չեն տալիս գնալ այնտեղ։ 28 տարի անց նրանք չեն կարող ուրախանալ՝ տեսնելով իրենց տները, թաղամասերը»,- գրել էր Քերիմլին։
Շուշիի նախկին բնակիչներից մեկն էլ BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում բողոքել էր, որ տեղյակ չեն՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են քանդում բնակելի տները։
«Ես ուզում եմ, որպեսզի Շուշին պահպանի իր յուրահատուկ տեսքը, հասարակությունը մասնակցի գործընթացին ու նրա կարծիքը հաշվի առնեն»,- ասել էր Հիքմեթ Սաբիրօղլլուն։
Մտահոգիչ է այն, որ ռեստավրացիայի անվան տակ Շուշիի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողները, հուշարձանները վտանգի տակ են հայտնվել, դրանց հայկական հետքն ու դիմագիծը ջնջվում են։ Մասնավորապես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, այժմ, իբրև, վերականգնվում է․ հանվել են նույնիսկ եկեղեցու գմբեթները։ Ադրբեջանական կողմն էլ արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության մուտքն Արցախ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախում մշակութային, հոգևոր ժառանգության պահպանման և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի իշխանություններն էլ շարունակում են համակարգված կերպով ոչնչացնել Շուշիի հայկական դեմքը։
Քանի որ նոր օրենքով քաղաքին տրվել է պետական արգելոցի կարգավիճակ, ըստ տարբեր աղբյուրների տեղեկությունների՝ քաղաքացիների մուտքն ու ելքն իրականացվելու է հատուկ թույլտվությամբ ու հսկվելու է։
Դեռ ամիսներ առաջ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ էին տարածվում, որ ադրբեջանցիներին չի թույլատրվելու Շուշիում սեփականություն ունենալ։ Փոխարենը նախագահ Իլհամ Ալիևն է հարմար կերպով տեղավորվել այստեղ, որոշ աղբյուրների համաձայն՝ Ալիևների ու Փաշաևների համար Շուշիում արդեն առանձնատներ են կառուցվում։
Ամիսներ առաջ հրապարակավ Ալիևը քննադատել էր տարբեր պաշտոնյաների, որոնք ցանկացել էին Շուշիում գործունեություն ծավալել՝ նշելով, որ «Շուշին պաշտոնյաների քաղաք չէ»։
Մինչ այդ, սակայն Ալիևն ինքն է ընտանիքի հետ միասին յուրացնում հայկական Շուշին։ Քաղաք ադրբեջանցիների ազատ ելումուտն արգելված է, հատկապես՝ ընդդիմադիր գործիչների և անկախ լրագրողների։ Այժմ քաղաքում հիմնականում բնակվում են զինվորականներն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշիի հայ բնակչության։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը սեփական քաղաքացիների մուտքն է արգելել քաղաք, և այս ամենի ֆոնին նույնիսկ տեսականորեն հայկական բնակչության վերադարձը Շուշի է՛լ ավելի անիրական է թվում։
Էմմա Չոբանյան