Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել համավարակի ազդեցությունից:

«Եթե մյուս մակարդակներում կարողացել ենք կրթության շարունակականությունն ապահովել հեռավար ուսուցման և տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ապա նախադպրոցական հաստատություններում իրավիճակն ավելի բարդ էր. վաղ մանկության զարգացման այս փուլում մենք խնդիրներ ունեցանք երեխաներին համապատասխան ծառայություններ տրամադրելու տեսանկյունից: Հետևաբար ակնհայտ է, որ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունները, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանց տրամադրած ծառայությունները լինեն արդյունավետ և հասցեական»,- շեշտել է փոխնախարարը՝ գոհունակությամբ փաստելով, որ «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 951 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ՝ դաստիարակներ և մեթոդիստներ:
Դա, ըստ Ժաննա Անդրեասյանի, բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ ոլորտում պարբերական վերապատրաստումների մեխանիզմը բացակայել է, և միայն նախորդ տարի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո է այն ամրագրվել՝ տարեկան աշխատակիցների 1/5-ի վերապատրաստման պարտադիր պահանջով: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի միջոցով կուտակվել է մեծ փորձ՝ պարբերական վերապատրաստումների իրականացման և ոլորտի կարիքների հասցեականացման տեսանկյունից: Նա վերահաստատել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է մեկտեղել ջանքերը նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև Համաշխարհային բանկի ծրագրերի համակարգող Անուշ Շահվերդյանը:

«Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրեն Մարինե Մկրտչյանը ներկայացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և շարունակականության ապահովման գործընթացը: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է օգնել նախադպրոցական հաստատությունների մասնագետներին, որ դիմակայեն ճգնաժամերին, ունենան համապատասխան հմտություններ և կարողություններ՝ երեխաների ու նրանց ծնողների հետ աշխատելու և համավարակի պայմաններում որակյալ ուսուցման ու դաստիարակության գործընթաց կազմակերպելու համար, ինչպես նաև մեծացնեն իրազեկվածության և պատրաստվածության մակարդակը:

Ըստ «Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրենի՝ մեթոդական վերապատրաստումների թեմաները ներառել են հիմնական գիտելիքներ ՔՈՎԻԴ-19-ի, կանխարգելման հնարավոր ուղիների, նախադպրոցական հաստատությունների վերաբացման գործընթացի հիմնական սկզբունքների և փուլերի, համավարակի ընթացքում ուսումնական գործընթացի հարմարեցման, հիգիենայի, անվտանգ վարքի ու կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանք ծնողների հետ: Հոգեբանների հետ աշխատանքը վերաբերել է սթրեսի կառավարման արդյունավետ ռազմավարության և հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու արդյունավետ մոտեցումներին: Անդրադառնալով ծրագրի ընդլայնման խնդրին՝ Մարինե Մկրտչյանը նշել է, որ նախատեսվում է շարունակել վերապատրաստումները, ավելի մեծ տեղ հատկացնել ներառական կրթության բաղադրիչին, ինչպես նաև կազմակերպել մենթորական այցելություններ և մեթոդական օժանդակություն:
Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները ներկայացրել են հետազոտող թիմի ղեկավար Գայանե Ղազարյանը և մոնիթորինգի ու գնահատման մասնագետ Աննա Թադևոսյանը: