«Երկիր Ծիրանին» դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ՄԻՊ-ին և Հատուկ քննչական կոմիտեի նախագահին

Լուրեր

14.12.2024 | 15:11
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը  ս.թ. փետրվարի 13-ին ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին և  Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Վահրամ Շահինյանին: Դիմումը՝ ստորև:

 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ

 

ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՎԱՀՐԱՄ ԳԱԳԻԿԻ ՇԱՀԻՆՅԱՆ

 

 

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

 

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստին, քաղաքացիների բողոքը տեղ հասցնելու պատգամի ներքո, տիղմով և հեղուկով տարաներ էին բերել, որի  պարունակությունը վերցրել էին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոսող կոյուղաջրերից: Բողոքը ներկայացնելու ակցիայի նպատակն էր բարձրաձայնել և իրազեկել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում բնապահպանական ու առողջապահական պատուհաս դարձած և տարիներ շարունակ չլուծված խնդիրը՝ կոյուղաջրերի գարշահոտության հարցը: Հարկ է նշել, որ Նուբարաշեն վարչական շրջանը գտնվում է Երևան քաղաքի իրավասության շրջանակներում, և վերոնշյալ վարչական շրջանի խնդիրներին լուծում տրամադրելը բխում է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներից: Թերևս ակնհայտ էր, որ նման խնդրի բարձրացումը հայաստանյան օլիգարխիայի անդամներին, մասնավորապես՝ Երևան քաղաքի ավագանու կեղծված ընտրությունների հետևանքով քաղաքապետ հռչակված Տարոն Մարգարյանին և նրա թիմակիցներին խորթ էր թվալու, քանզի վերջիններս չեն տիրապետում և նույնիսկ պատկերացում չունեն ժողովրդավարական սկզբունքների և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների մասին:

 

Հայաստանի Հանրապետությունում տիրող ավտորիտար ռեժիմը, շարունակական անպատժելիությունը, իրավունքի և օրենքի գերակայության ոտնահարումը, իշխանության գագաթին քրեաօլիգարխիկ խմբակների առկայությունը հանգեցրին Երևանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամների կողմից քրեորեն հետապնդելի արարքների իրականացման՝ պաշտոնական դիրքի չարաշահում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ավագանու անդամների քաղաքական դիրքորոշումը ճնշելու համար՝ բռնություն և անձին անձեռնմխելությունից զրկում, անձանց իրավահավասարության խախտում, խտրականություն, սեռական ոտնձգություն:

 

Մասնավորապես, Երևան քաղաքի ավագանու Հանրապետական խմբակցության որոշ անդամներ և Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ նախ հնչեցրել են հայհոյանքներ, ապա դիմելով բռնի գործողությունների՝ իրականացրել են խոշտանգումներ, բռնի սեքսուալ գործողություններ, հոգեբանական, մարդկային արժանապատվությունը նվաստացնող և խտրական վերաբերմունք Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ: Այս համատեքստում՝ Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ և առաջ, հարձակվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ տիկին Սոննա Աղեկյանի վրա: Այնուհետև Տարոն Մարգարյանը հրահանգել է իր աշխատակազմի և խմբակցության անդամներին հարձակվել տիկին Մարինա Խաչատրյանի վրա՝ նշելով «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ …»  (տես՝  https://www.rferl.org/a/yerevan-city-council-fight/29037839.html): Այսպես, Երևան քաղաքի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության որոշ անդամներ և Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ նախ հնչեցրել են հայհոյանքներ, ապա, դիմելով բռնի գործողությունների, իրականացրել են խոշտանգումներ, սեռական ոտնձգություն, հոգեբանական ճնշումներ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող և խտրական վերաբերմունք Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ:

 

Տարոն Մարգարյանի արձակած ապօրինի հրահանգից հետո Մարինա Խաչատրյանի վրա են հարձակվել Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանը ու Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նրանք բռնի ուժ են կիրառել Մարինա Խաչատրյանի նկատմամբ, այնուհետև գետնին են թափել վերջինիս ձեռքերի տարաների պարունակության մի մասը։ Մարինա Խաչատրյանը դրանից հետո Տարոն Մարգասրյանին նորից բացատրել է իրականացված ակցիայի էությունն ու նպատակը՝ մասնավորապես նշելով, որ կոյուղաջրերով տարաները Տարոն Մարգարյանին որպես նվեր են ուղարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները, որպեսզի նա անձամբ ըմբոշխնի այդ անտանելի գարշահոտը, ապա  փորձել է այդ հեղուկով և տիղմով տարան դնել Տարոն Մարգարյանի սեղանին: Այս ընթացքում Տարոն Մարգարյանը հրահանգել է կանչել ոստիկաններին՝ «Արա, ոստիկանություն կանչեք»

(տես՝ https://www.facebook.com/arman.gharibyan/videos/10213814421787758/):

 

Իսկ երբ արդեն Մարինա Խաչատրյանի և Սոննա Աղեկյանի կողմից ցուցադրված տիղմով և հեղուկով տարաները խլված էին, տեղի է ունեցել հարձակման հաջորդ փուլը, որը կրել է պատժիչ բնույթ և դրսևորվել Տարոն Մարգարյանի կողմից գլխավորած խմբակի կողմից հետևյալ գործողություններով՝ սեքսուալ բնույթի գործողություն և ծեծ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ապա և՝ Մարինա Խաչատրյանի ու Սոննա Աղեկյանի նկատմամբ բռնության գործադրմամբ ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու խոչընդոտ, նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների՝ Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի և Սոննա Աղեկյանի նկատմամբ հոգեբանական ճնշման գործադրում հոգեբուժարանից ինչ-որ բուժակների ներգրավելու միջոցով նրանց սպառնում՝ իրենց աշխատասենյակից հեռացնելու ցանկությամբ:

 

Այսպես՝ Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանը նախ դիմում է բռնի սեքսուալ գործողությունների Մարինա Խաչատրյանի նկատմամբ (տես՝ https://www.youtube.com/watch?v=OCk04MiYzSA): Վերջինս, դիմելով ինքնապաշտպանության, ապտակում է Էդմոնդ Կիրակոսյանին: Դրան ի պատասխան՝ Էդմոնդ Կիրակոսյանը ուժգին ապտակում է Մարինա Խաչատրյանին (տես՝ https://www.youtube.com/watch?v=OCk04MiYzSA)): Այս ընթացքում Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ՝ Վասպուրակ Մարտիրոսյանը, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով, ուժգին կերպով ետևից քաշում է Մարինա Խաչատրյանի մազերը (տես՝ https://www.youtube.com/watch?v=pdXz38EVlRQ): Այս ամենից զատ` Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանը, ում անունը նույնպես արծարծվում է մի շարք հանցագործությունների կատարման շրջանակներում, բռնի ուժով առևանգում է Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից (տես՝://www.youtube.com/watch?time_continue=1&v=fNuz0yxvYTo):

 

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ձեռք է բարձրացրել Մարինա Խաչատրյանին հարվածելու նպատակով, սակայն նրա համախոհները կանգնեցրել են նրան՝ ավելի ստոր քայլի դիմելու մտադրությամբ։

Այդ միջոցին Տարոն Մարգարյանը, ի վիճակի չլինելով վերահսկել իրավիճակը կամ չցանկանալով միջամտել ծեծկռտուքին, բարձրախոսով հայտարարել է ընդմիջում և հեռացել նիստերի դահլիճից։

Միաժամանակ, հարձակման են ենթարկվել լրագրողները, մասնավորապես Երևանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի կողմից։

 

Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների բարձր կամային հատկանիշների շնորհիվ նրանց հաջողվել է վերադառնալ ավագանու նիստերի դահլիճ, որտեղ նրանք հայտնաբերել են, որ իրենց անձնական իրերը գողացվել են։ Արդեն դահլիճ ժամանած քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող և քաղաքային բյուջեից աշխատավարձ ստացող ոստիկաններից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պահանջել են պարզել գողերին, վերադարձնել իրենց անձնական իրերը և կազմել արձանագրություն հանցագործության վերաբերյալ։ Սակայն ներկա ոստիկանները դրսևորել են կատարյալ անգործություն, հրաժարվել են կազմել արձանագրություն և ցանկանցել են դահլիճից դուրս բերել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին։

Մինչ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր հեռախոսով տեսանկարահանում էր ոստիկանների անգործությունը և ՀՀԿ-ականների ագրեսիվ վարքագիծը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը հարվածել է Մարինա Խաչատրյանի հեռախոսին, այն վայր է գցել և կոտրել։ Որից հետո Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը հափշտակել է Մարինա Խաչատրյանի կոտրված հեռախոսը։ Ընդմիջման ժամանակ Մարինա Խաչատրյանին է մոտեցել մազերի կարճ կտրվածքով քաղաքապետարանի մի հավաքարար և կոյուղաջրով լի տարաներից մեկը դատարկել վերջինիս կոշիկներին։

 

Իրադարձություններից մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանում հոգեբուժարանից ինչ-որ բուժակներ: Անհրաժեշտ է ընդգծել, որ դեպքի վայր ժամանած բուժակները նշեցին, որ զանգ են ստացել փակ համարից (տես՝https://www.facebook.com/simonyanalen/videos/1457042287756156/ ):

 

Ամենայն հավանականությամբ, ժողովրդավարական սկզբունքներից անգրագետ Տարոն Մարգարյանը և նրա թիմակիցներն անգամ տարրական մակարդակի գիտելիքներ չունեն առողջապահական և բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու կարևորության մասին, և ոչ միայն թույլ են տվել ապօրինի գործողություններ, այլ նաև ունեցել են աջակիցներ՝ ի դեմս ոստիկանների և բուժակների:

 

Նիստից հետո վերադառնալով իրենց աշխատասենյակ՝ Զարուհի Փոստանջյանն արձանագրել է, որ իրենց աշխատասենյակ աղբ են լցրել հավաքարները, իսկ միջանցքում կոյուղաջուր է թափված եղել: Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանները, սակայն նրանք նշել են, որ չեն կարող ներկայանալ և ենթարկվում են քաղաքապետարանի աշխատակազմին (տես՝ https://www.hraparak.am/posts/5a82d5dc7c8a7e0acb37bce6/%D5%A5%D6%80%D5%AF%D5%AB%D6%80-%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-%D5%A1%D5%B2%D5%A2-%D5%A7-%D5%AC%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8 ):

 

Քաղաքապետարանում տեղի ունեցած վայրագությունները դատապարտելու համար՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Սակայն վերջիններիս արդար պահանջը հանգեցրեց քաղաքապետարանը պաշարած ոստիկանական խմբերի կողմից բռնությունների իրականացմանը (տես՝  ttps://www.youtube.com/watch?v=kS7n35GnDss):

 

Դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, քաղաքապետարանի տարածքն  առանց որևէ իրավական հիմնավորման պաշարած ոստիկաններն արգելել են տիկին Զարուհի Փոստանջյանի ծառայողական մեքենայի մուտքը Երևանի քաղաքապետարանի տարածք: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Տարոն Մարգարյանի այս կամայական որոշումը կրում է խտրական բնույթ, քանզի նման որոշումն ուղղված է եղել միայն տիկին Փոստանջյանի կողմից ղեկավարվող խմբակցության ծառայողական մեքենային (տես՝  https://www.youtube.com/watch?v=YvhoolnzWmU):

 

Փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտվել է՝ արգելվել է «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ (տես՝ https://www.youtube.com/watch?v=CP0xN6tg9vw&app=desktop):

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի դրույթներով՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար տիկին Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով հարուցել քրեական գործ կատարված դեպքերի առնչությամբ:

 

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ներկայացնում է  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքային իշխանությունում: Տարոն Մարգարյանի կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ բռնության նախաձեռնումը խոչընդոտել է կուսակցության գործունեությանը և բնութագրվում է որպես կուսակցության գործունեության հետապնդում՝ նրա կողմից ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ խախտվել են «Երկիր Ծիրանի» կուսակցության օրինական գործունեություն ծավալելու հնարավորությունները:

 

Հանդիսանալով Երևան քաղաքում իշխանության ներկայացուցիչներ՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը, որպես ավագանու անդամներ իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները,  փետրվարի 13-ին ներկայացրել են Երևանի բնակիչների խնդիրը ավագանու նիստի ժամանակ, որի ընթացքում, որպես իշխանության ներկայացուցիչներ, ենթարկվել են բռնության՝ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամների և Տարոն Մարգարյանի աշխատակազմի աշխատակիցների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները խախտել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ, որոնց պաշտպանությունը պետք է լիապես երաշխավորվի Հայաստանի Հանրապետության կողմից: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Եվրոպայի խորհրդին 2001 թվականի հունվարի 25-ին՝ այնուհետև վավերացնելով նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիան: Այս վավերացումը, ստորագրող կողմերի համար, նախատեսում է խիստ պարտավորություններ, ներառյալ՝ վերոնշյալ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների իրականացումը և պաշտպանությունը:

 

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների  իկողմից իրականացվող գործողությունները խախտել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետևյալ իրավունքները և ազատությունները՝

 

Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված մարդու իրավունքները հարգելու պարտականության ոտնահարում

 

Նկարագրված բռնությունները, որոնք լուսաբանվել են լրատվամիջոնցերի բազմաթիվ ներկայացուցիչների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով, և որոնք դատապարտվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, պատշաճ պաշտոնական արձագանքի չեն արժանացել: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ձախողել է իրականացնել իր պարտավորությունները՝ ոտնահարելով մարդու իրավունքները հարգելու պարտականությունը:

 

Կոնվենցիայի  3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգումների արգելման ոտնահարում

 

Նկարագրված բռնի սեքսուալ գործողությունները, ծեծը, խոշտանգումները, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը Տարոն Մարգարյանի, նրա  աշխատակազմի աշխատակիցների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամների  կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ ակնհայտորեն խախտել են Կոնվենցիայի երրորդ հոդվածը:

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Էդմոնդ Կիրակոսյանի կողմից Սոննա Աղեկյանին Երևանի ավագանու նիստերի դահլիճից բռնի ուժով դուրս բերելը խախտել է տիկին Աղեկյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել  է Կոնվենցիայի հինգերորդ հոդվածի խախտման:

Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանի կողմից տիկին Մարինա Խաչատրյանին Երևանի ավագանու նիստերի դահլիճից բռնի ուժով առևանգումը խախտել է տիկին Խաչատրյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել  է Կոնվենցիայի հինգերորդ հոդվածի խախտման:

 

Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության խախտում

Դեռևս 1976 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) իր Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործում (http://www.lemonde.fr/europe/article/2006/02/04/la-cedh-defend-les-informations-qui-heurtent-choquent-ou-inquietent_737869_3214.html) հաստատվել է, որ խոսքի ազատության իրավունքը վերաբերում է ոչ միայն այն «տեղեկատվությանը», կամ «գաղափարներին», որոնք ստացվել են բարենպաստ պայմաններում կամ համարվել են անվնաս կամ անտարբեր, այլև նրանց, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետությանը կամ բնակչության որևէ հատվածին»:

Ժողովրդավարական արժեքների պահպանումն է ՄԻԵԴ-ի կողմից տրված մեկնաբանության հիմնաքարը: Մաթե Մոհին և Քլերֆայտ ընդդեմ Բելգիայի (Mathieu-Mohin et Clerfayt c. Belgique, arrêt du 2 mars 1987, série A no 113, § 47.), այնուհետև Բոումանը ընդդեմ Միացյալ Թագավորության (Bowman c. Royaume-Uni, arrêt du 19 février 1998, Recueil 1998-I, § 43.) գործերում ՄԻԵԴ-ը քաղաքական խոսքի ազատությունը դասում է կոնվենցիայի արժեքների գագաթին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը նշում է, որ Կոնվենցիայի 10 (2) հոդվածը քիչ տեղ է թողնում քաղաքական կամ հասարակական ընդհանուր շահերից բխող ելույթների կամ բանավեճերի վերաբերյալ սահմանափակումների համար (Lingens c. Autriche, préc., note 3, § 38 et 42 ; Wingrove c. Royaume-Uni, arrêt du 25 novembre 1996, Recueil 1996-V, § 58 ; Sürek c. Turquie (no1) [GC], no 26682/95, § 61, CEDH 1999-IV ; Parti communiste unifié de Turquie et autres c. Turquie, préc., note 1, § 45 ; Nilsen et Johnsen c. Norvège [GC], no 23118/93, § 46, CEDH 1999-VIII ; Vgt Verein gegen Tierfabriken c. Suisse, no 24699/94, CEDH 2001-VI.): Դա լիակատար իրավունք է, որը հյուսված է ժողովրդավարական սկզբունքների ճեղքերով: «Խոսքի ազատությունը՝ հատկապես ժողովրդի ընտրված ներկայացուցչի համար, ով ներկայացնում է ժողովրդի անհանգստությունները, ազդակներ է տալիս և պաշտպանում է նրանց շահերը, թանկագին է (Ֆերետն ընդդեմ Բելգիայի, Féret c. Belgique, no 15615/07, § 65, 16 juillet 2009 ; voir aussi : Castells c. Espagne, arrêt du 23 avril 1992, série A no 236, § 42 ; Jérusalem c. Autriche, no 26958/95, §36, CEDH 2001-II). ՄԻԵԴ-ն ընդգծում է, որ ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքական բանավեճի ազատությունը հիմնարար է:

 

Նկարագրված արգելքի արդյունքում խախտվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների արտահայտվելու ազատության իրավունքը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է կարծիքի ազատության և տեղեկատվության կամ գաղափարներ ստանալու կամ դրանք տարածելու ազատության խոչընդոտմանը:

 

 

Կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելման խախտում

 

Տարոն Մարգարյանի, նրա  աշխատակազմի աշխատակիցների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամների  կողմից իրականացվող բռնությունները, կտտանքները, խոշտանգումները և խոչընդոտները հիմնված են «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական հայացքների վրա: Հիշեցնենք, որ վերջինս Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության ընդդիմություն է և պաշտպանում է ժողովրդավարությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Ընդ որում, նկարագրված խոշտանգումներն իրականացվել են կանանց նկատմամբ՝ սեռի վրա հիմնված խտրական արտահայտությունների հնչեցմամբ:

 

 

 

Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (Ստամբուլի կոնվենցիա)

 

Սույն կոնվենցիայի նախաբանի մի քանի դրույթներ ամրագրում են, որ կանանց և տղամարդկանց միջև փաստական և իրավաբանական հավասարությունը վճռորոշ գործոն է հանդիսանում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու գործում; կանանց նկատմամբ բռնությունը իրենից ներկայացնում է կանանց և տղամարդկանց միջև պատմականորեն անհավասար իշխանական հարաբերությունների դրսևորում, որոնք հանգեցրել են տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գերիշխող դիրքի հաստատմանն ու խտրականության և կանանց լիարժեք առաջխաղացման արգելակմանը և հանդիսանում է այն կարևորագույն սոցիալական մեխանիզմներից մեկը, որոնց օգնությամբ կանայք ստիպված են լինում ենթակա դիրք զբաղեցնել տղամարդկանց նկատմամբ:

 

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

 

ա. «կանանց նկատմամբ բռնություն»՝ հասկացվում է որպես մարդու

իրավունքների խախտում և կանանց նկատմամբ խտրականության ձև և պետք է

ներառի գենդերային հիմքով բռնության այն բոլոր գործողությունները, որոնք

հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական,

հոգեբանական կամ տնտեսական վնաս պատճառելուն, այդ թվում՝ նման

գործողություններ կատարելու սպառնալիքները, հարկադրանքը կամ

ազատությունից կամայականորեն զրկելը, որոնք տեղի են ունենում հանրային

կամ մասնավոր կյանքում:

 

գ. «գենդերային պատկանելություն»՝ նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի

տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ

հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։

 

 դ. «գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնություն»՝ նշանակում է այն

բռնությունը, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ

որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն:

 

Սույն կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝

 

  1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի

անհրաժեշտ բոլոր միջոցները` յուրաքանչյուր անձի, հատկապես` կանանց,

բռնությունից զերծ մասնավոր և հանրային կյանքով ապրելու իրավունքը

ապահովելու և պաշտպանելու ուղղությամբ։

 

Սույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝

 

Մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան կանանց նկատմամբ

բռնության գործողություններից և ապահովեն, որպեսզի պետական մարմինները,

պաշտոնատար անձինք, ներկայացուցիչները, ինստիտուտները և պետության

անունից հանդես եկող այլ դերակատարներ գործեն սույն պարտավորությանը

համապատասխան։

 

Սույն կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝

 

Մասնակից պետությունները պետք է գնահատեն, խրախուսեն և խթանեն, բոլոր

մակարդակներով, համապատասխան այն հասարակական և քաղաքացիական

հասարակության կազմակերպությունների աշխատանքը, որոնք ակտիվ են

կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործում, և արդյունավետ

համագործակցություն հաստատեն այդ կազմակերպությունների հետ։

 

 

Կոնվենցիայի կիրառելիությունը Հայաստանի Հանրապետության համար

 

Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ուժի մեջ է մտել 2014 թվականին: Հայաստանի Հանրապետությունը միացել է կոնվենցիային 2018 թվականի հունվարի 18-ին ՝ դառնալով  Եվրոպայի խորհրդի 45-րդ անդամը, որը ստորագրել է այդ կոնվենցիան: Այդուհանդերձ անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի վավերացրել վերոնշյալ կոնվենցիան:

 

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ տեղի ունեցած վայրագ գործողությունները, բռնությունները և սեքսուալ ոտնձգությունները փաստեցին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ժողովրդավարական հասարակություն, հետևաբար՝ ունակ չէ ապահովելու կանանց և տղամարդկանց իրական հավասարությունը: Հայաստանի Հանրապետությունն ունակ չէ ապահովելու, որպեսզի պետական մարմինները, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչները, ինստիտուտները և պետության անունից հանդես եկող այլ դերակատարներ զերծ մնան բռնության իրականացումից: Հայաստանի Հանրապետությունն անկարող է ապահովել և պաշտպանել կանանց՝ հանրային կյանքով ապրելու իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը նպատակ չունի ապահովելու կանանց իրավունքների պաշտպան հասարակական կազմակերոպությունների և այլ միավորումների  ազատ և անխափան գործունեությունը:

Ստամբուլի կոնվենցիայի ուշացված ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից՝  հերթական խաբկանքն էր Եվրոպայի խորհրդին, քանզի Հայաստանի Հանրապետությունը վայրկյան առ վայրկյան հեռանում է ժողովրդավարական արժեքներից:

 

ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են մարդու իրավունքների խախտման մասին իրազեկվելուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի դրանց նկատմամբ հարգանքը: Ուստի պահանջում եմ խստագույնս կիրառել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան՝ ապահովելով «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամների քաղաքական իրավունքների և ազատությունների լիարժեք և ազատ իրականացումը:

 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որպես իրավապահ մարմին ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասության ներքո է գտնվում վերը նկարագրված հանցագործությունների նախաքննության իրականացումը և իրավասու պատկան մարմինների կողմից անգործության դրսևորումը՝ ևս մեկ անգամ իրազեկում եմ ձեզ տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ և պահանջում անհապաղ միջամտել՝ հարուցել քրեական գործ, ներգրավել այս փուլում որպես մեղադրյալներ Տարոն Մարգարյանին, Արթուր Գևորգյանին, Էդմոնդ Կիրակոսյանին, Գոռ Վարդանյանին, Վասպուրակ Մարտիրոսյանին, Սերգեյ Մակարյանին, Սուրիկ Ներսիսյանին, Սերգեյ Մկրտչյանին, Նատալիա Լապաուրիին, Ռոզա Սիրունյանին, Կամո Արեյանին, Դավիթ Օհանյանին, Հովհաննես Ավանեսյանին:

 

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 316-րդ հոդվածներով   պետության ներկայացուցիչները պարտավոր են սկսել քրեական հետապնդում վերոնշյալ հոդվածներով, մինչդեռ այսօր ԶԼՄ –ներից հայտնի է դարձել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կողմից 13.02.2018թ. հաղորդման հիմնա վրա հարուցվել է քրեական գործ՝ ծեծի և խուլիգանության ոչ ճիշտ հանցակազմերի որակումներով:  

 

Մինչդեռ անհրաժեշտ է իրականացնել քրեական հետապնդում ներքոնշյալ նորմերի հիման վրա:

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

 

Հոդված 143. Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը
  1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

 

Հոդված 161. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը
  1. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

  1. Նույն արարքը, որն առաջացրել է միավորման կամ կուսակցության իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
  1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

  1. Սույն օրենսգրքի 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով պաշտոնատար անձինք են նաև՝

1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։

 

 

Հոդված 316. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
  1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

  1. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

 

Հարգանոք՝

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Զարուհի Փոստանջյան