Փաստաբանները նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ դժգոհելով ԱԺ-ում ընդունված ՀՀ քաղդատավարության օրենսգրքի փոփոխություններից

Լուրեր

12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
Բոլորը

21 փաստաբան նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ դժգոհություն արտահայտելով ԱԺ-ում ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի փոփոխությունների շուրջ: Նամակում մասնավորապես ասված է՝

«2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ փաթեթով:

Փաստաբանների նախաձեռնող խումբը բարձրաձայնել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթներ և, ևս երկու նոր օրենքների նախագծեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ ներառելու և քննարկելու հարցը:
Նշված խախտումների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նիստում իրենց քննադատող դիրքորոշումներն են հայտնել երեք խմբակցությունների պատգամավորներ:

Գտնում ենք, որ Նախագիծը՝ փաթեթով, ընդունվել է հետևյալ խախտումներով.

1. ՀՀ կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը.

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նույն սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա:

Այս և սահմանադրական օրենքի մյուս իմպերատիվ կարգավորումները նպատակ ունեն կանխատեսելի դարձնել օրենքի նախագծի քննարկման և ընդունման ճանապարհը: 

Տվյալ դեպքում, ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվելու ժամանակ, Նախագծի փաթեթում ընդգրկված էին լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նոր նախագծեր):

ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, և փաթեթում ներառված Նոր նախագծերը համարվում են քննարկված (ընդունված) մեկ ընթերցմամբ, ինչը հակասում է վերոհիշյալ սահմանադրական օրենքի պահանջին:

Որևէ այլ օրենք կամ ՀՀ Ազգային ժողովի որոշում չի կարող սահմանադրական օրենքով սահմանված այս կարգը փոփոխել կամ անտեսել: Հետևաբար, վերոհիշյալ պահանջների խախտմամբ ընդունված «օրենքը» չի կարող բավարարել պարտադիր վարքագծի կանոններ պարունակող օրենք տեսակի իրավական ակտին ներկայացվող պահանջները:

2. Բացակայում է Նախագծի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը.

Խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու ՀՀ կառավարության մոտեցումը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը պետք է Ազգային ժողով ներկայացներ նախագծի ընդունման հիմնավորումը, որտեղ նշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները և ակնկալվող արդյունքները: Հիմնավորում ներկայացնելու համար պետք է առնվազն ուսումնասիրվեր փաստաբանների պալատի խորհրդի կողմից քննված կարգապահական գործերի վիճակագրությունը և կայացված որոշումների որակը, ինչպես նաև դատական համակարգի վերլուծությունն այն մասին, թե գործող իրավակարգավորումը բավարար չէ, արդյոք հավասարակշռված դատավարություն իրականացնելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացված` փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:
Օրինակ՝ 2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ, իսկ 2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

3. Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը.

Նախաձեռնող խումբը բազմիցս իր մտահոգությունն արտահայտել է փաստաբանների նկատմամբ որպես սանկցիա տուգանք կիրառելու լիազորությամբ դատարաններին օժտելու կարգավորումների վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարաններին փաստաբանների նկատմամբ նման լուրջ լծակի վերապահումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում
փաստաբանության ինստիտուտի անկախության և փաստաբանների ինքնակառավարման կառուցակարգերի հետագա կայացման գործընթացի վրա՝ դառնալով փաստաբանների վրա ճնշումներ գործադրելու առիթ և միջոց:

Փոփոխությունը վտանգում է փաստաբանի ինստիտուտի անկախության և փաստաբանի՝ որպես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը: 
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990 թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝

– 16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների.

– 20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:

Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ և անկաշկանդ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ նման պայմաններով դատական տուգանք նախատեսելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը և իրենց վստահորդներին եռանդուն կերպով պաշտպանելու փաստաբանների ազատությունը:

4. Փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի կիրառման հետ կապված այլ փաստարկներ.

4.1. Քննարկվող իրավակարգավորումների ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում, որը հանդիսանում է մայրցամաքային իրավական համակարգի երկիր, որդեգրվել է նախադեպային իրավունքի համակարգի երկրի մոտեցում՝ առանց հաշվի առնելու պատմաիրավական և դատական համակարգի զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները:

4.2. Վերացական և լայն ձևակերպումների պատճառով պահպանված չեն իրավական որոշակիության պահանջները: Այդ տեսակետից դատական սանկցիա կիրառելու ինստիտուտի և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության միջև եզրերը և կիրառության դեպքերը հստակ չեն:

4.3. Դատական տուգանքն իր բնույթով և խստությամբ կարող է համարվել քրեական պատիժ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի լույսի ներքո, իսկ դատական տուգանք կիրառելու ժամանակ ապահովված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված բոլոր երաշխիքները:

4.4. Փաստաբանի նկատմամբ կիրառության համատեքստում սահմանված չեն առանձնահատկություններ և լրացուցիչ երաշխիքներ, ինչի պարագայում կարող է տուժել փաստաբանի պրոֆեսիոնալ աշխատանքը, ինքնուրույն գործելու մասնագիտական ազատությունն ու անկախությունը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի (2005թ. խմբագրությամբ) 2-րդ կետի երկրորդ պարբերության պահանջը՝
խնդրում ենք

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

Նախաձեռնող խմբի անդամներ, փաստաբաններ՝

Արա Զոհրաբյան

Կարեն Մեժլումյան

Սեդրակ Ասատրյան

Հարություն Հարությունյան

Սիմոն Բաբայան

Արա Ղազարյան

Նելլի Հարությունյան

Մելանյա Առուստամյան

Տիգրան Խուրշուդյան

Տարոն Սիմոնյան

Հրանտ Անանյան

Կարեն Սարդարյան

Կարապետ Աղաջանյան

Գևորգ Մկրտչյան

Մերի Ալավերդյան

Մարինե Ֆարմանյան

Թամարա Բաղդասարյան

Արսեն Մկրտչյան

Արտաշես Խալաթյան

Սուզաննա Խչեյան

Անուշ Մխիթարյան»: