Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՄԻՊ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները:
Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով:

2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է:
Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական:

4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը:

5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում:
Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները:

6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ:

7. Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:
Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

8. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա մեր երկրի միջազգային պարտավորությունն է:

9. Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը:Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար:

10. Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը:

11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր:

12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև:

14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:
Պետք հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

15. Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ:

16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին:Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝ կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ:

17. Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին:
Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը:

18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ:

19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:
Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան