Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.11.2026 | 16:08
Ստամբուլի Սարըյեր շրջանում շարունակվում են առյուծի որոնումները այն բանից հետո, երբ անվտանգության տեսախցիկների տեսագրություններում Ուսքումրուքյոյ թաղամասում նկատվել է մի կենդանի, ենթադրաբար՝ էգ առյուծ, գրում է Daily Sabah-ը։
Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ հայտնաբերվել է այն տարածքը, որտեղ նկատվել է կենդանին, աշխատանքներ են տարվում նրան ողջ բռնելու ուղղությամբ։
Որոնողական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ կիրակի տեղական ժամանակով 18։00-ի սահմաններում շրջանային ժանդարմերիան ահազանգ է ստացել։ Երկուշաբթի առավոտյան որոնողական գործողություններն ուժեղացվել են։ Այն անտառապատ տարածքի շուրջ, որտեղ, ենթադրաբար, գտնվում է կենդանին, ինչպես նաև հարակից առանձնատների շրջանում անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել։ Տարածք մուտքն ու ելքը վերահսկվում է։
Միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրել Թուրքիայում վտանգավոր վայրի կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ պահելու վերաբերյալ գործող կանոնակարգերի վրա։ Թուրքիայի Կենդանիների պաշտպանության մասին թիվ 5199 օրենքի 14-րդ հոդվածով արգելվում է համապատասխան նախարարության կողմից վտանգավոր դասակարգված կենդանիներ պահելը, բազմացնելը, տեղավորելը կամ ձեռք բերելը։ Երկրի՝ ցամաքային որսի մասին թիվ 4915 օրենքը նույնպես կարգավորում է վայրի կենդանիների որսը, տիրապետումը, բազմացումն ու առևտուրը՝ համապատասխան դեպքերում սահմանելով թույլտվություն ստանալու պահանջ։
«Առյուծի գտնվելու վայրը պարզվել է, բոլոր ջանքերը գործադրվում են նրան ողջ բռնելու ուղղությամբ»,- ասվում է Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության մեջ։
Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

