Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
Քաղաքականություն
23.11.2026 | 14:49
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն է քննարկել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է տրանսպորտային կապերի տեսանկյունից Ադրբեջանի ռազմավարական դերի աճը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և TRIPP նախագծին։
Բացի այդ, անդրադառնալով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Իտալիան հաստատել են լավ գործընկերային հարաբերություններ, իսկ բարեկամության վրա հիմնված կապերը հաջողությամբ զարգանում են։
Նա նշել է, որ Իտալիան Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է էներգետիկ ոլորտում։ Ադրբեջանը մուտք է գործել Իտալիայի էներգետիկ շուկա՝ այնտեղ ձեռք բերելով նավթավերամշակման գործարաններ և բենզալցակայաններ։
Ալիևը նաև մատնանշել է Ադրբեջանում տարբեր ոլորտներում հաջողությամբ գործող իտալական ընկերությունների թվի աճը։
Իտալացի նախարարը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը շատ կարևոր երկիր է Իտալիայի համար տարածաշրջանային կայունության առումով՝ նշելով, որ Իտալիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջան-Եվրամիություն և Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման գործում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

