Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում

Լուրեր

23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
Բոլորը

Նոր Սահմանադրության նախագծում վերաձևակերպվել են Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին վերաբերող դրույթները։

Գործող Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված է, որ պետությունը պետք է նպաստի արտերկրում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանմանը և հայկական կրթամշակութային կյանքի զարգացմանը։ Նոր նախագծում այս առանձին պարտավորությունն այլևս ամրագրված չէ։

Գործող Սահմանադրության 19-րդ հոդվածը, որը վերնագրված է «Հայկական սփյուռքի հետ կապերը», բաղկացած է երկու մասից։

Առաջին մասով ՀՀ-ն իրականացնում է հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը։

Երկրորդ մասով պետությունը պարտավորվում է միջազգային իրավունքի հիման վրա նպաստել այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Մինչդեռ նոր Սահմանադրության նախագծի 13-րդ հոդվածը սահմանափակվում է մեկ մասով՝ սահմանելով, որ պետությունը Սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայկական ինքնության պահպանմանն ուղղված քաղաքականություն՝ որպես նպատակ ունենալով հայրենադարձությունը։

Գործող Սահմանադրությամբ հայապահպանումն ու հայրենադարձության խթանումը նախատեսված են որպես պետության քաղաքականության ուղղություններ, իսկ նոր նախագծում հայկական ինքնության պահպանման քաղաքականությունն ուղղակիորեն կապվում է հայրենադարձության նպատակի հետ։

Այսինքն ստացվում է, այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացման համապատասխան պարտավորությունը որպես առաձին կետ չի ամրագրվում նոր Սահմանադրության նախագծում։

Սակայն փոփոխությունն ինքնին չի սահմանափակում Սփյուռքի հայկական դպրոցների, մշակութային կենտրոնների կամ հայապահպանության ծրագրերի պետական աջակցությունը։ Դրանց իրականացումը կարող է շարունակվել օրենքների և կառավարության ծրագրերի հիման վրա։

Փաշինյանը Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերջնանպատակ է համարում հայրենադարձությունը

Հատկանշական է, որ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ՝ նոյեմբերի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ, անդրադարձել էր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը։

Նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրությամբ հստակեցնել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերջնական նպատակը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք եկել են այն եզրակացության, որ այդ վերջնանպատակը հայրենադարձությունն է։ Նա կարևորել էր, որ աշխարհասփյուռ հայերն իրենց կյանքի և գործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը, նույնականացվեն հայկական պետության հետ, ինչը կարող է արտահայտվել նաև ՀՀ քաղաքացիություն ստանալով և Հայաստանում գործունեություն ծավալելով։

Նոյեմբերի 6-ին՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում, Փաշինյանը կրկին խոսել էր Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերաձևակերպման մասին՝ դրանք կապելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ։

Վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ-ն Սփյուռքին առաջարկում է իրեն՝ որպես հայրենիք և պետություն։ Ըստ նրա՝ Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության պետական շահերի և զարգացման շուրջ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս կարևորել էր ոչ միայն Հայաստանի զարգացումը, այլև համայնքների ամրապնդումը։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով և առաջնահերթություններով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք համախմբվել ինքնիշխան, խաղաղ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության կառուցման և պահպանման, ինչպես նաև համայնքների ամրապնդման նպատակի շուրջ»,- ընդգծել է պաշտոնյան։

Իսկ դեռևս 2024 թ․ սեպտեմբերի 20-ին վարչապետը հայտարարել էր, որ կառավարության նպատակն է Հայաստան–Սփյուռք հարաբերությունները դարձնել առավել ինստիտուցիոնալ և պետականակենտրոն։

Փաշինյանը շեշտել էր, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ։

Նախկինում իշխանություններն ընդգծել են նաև Սփյուռքում հայապահպանության կարևորությունը

2020 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդունած Ազգային անվտանգության ռազմավարությամբ Սփյուռքում հայապահպանումը և հայկական կրթամշակութային կյանքի զարգացումը դիտարկվում էին որպես պետական քաղաքականության առանձին ուղղություններ։

Ռազմավարության 5.27-րդ կետով նախատեսվում էր նպաստել Սփյուռքում հայապահպանմանը, հայկական կրթական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև հայկական միջավայրից հեռացած անձանց ազգային կյանքում ներգրավմանը։

Հայրենադարձության խթանումն առանձին նպատակ էր սահմանված ռազմավարության 5.29-րդ կետով։

Ավելին՝ 2024 թվականի մայիսի 16-ին, ծանոթանալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հաշվետվությանը, վարչապետ Փաշինյանը կարևորել էր հայկական դպրոցներին աջակցությունը, այդ թվում՝ անհրաժեշտ դասագրքերով ապահովումը։

Հայկական կրթօջախներին աջակցելու ծրագրերը շարունակվել են նաև 2026 թվականին։ Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարությունը այս տարի  հայտարարել է Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականություն տրամադրելու ծրագրի, իսկ մայիսին՝ հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման մասին։

Այսպիսով, թեև իշխանությունների նախկին ծրագրերում և հայտարարություններում Սփյուռքում հայապահպանումն ու կրթամշակութային կյանքի զարգացումը ներկայացվել են որպես պետական քաղաքականության կարևոր ուղղություններ, նոր Սահմանադրության նախագծով դրանց վերաբերյալ առանձին պարտավորությունը չի պահպանվում, իսկ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերջնական նպատակ է ամրագրվում հայրենադարձությունը։

Մարիա Խաչատրյան