Ամուլսարի՝ ադրբեջանցիների կողմից շահագործումը հնարավոր է, եթե գրավեն այդ տարածքները․ Լևոն Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանի հետ

–Պատերազմում կրած պարտությունը Ամուլսարը հանք դարձնելու գաղափարի կողմնակիցների շրջանում ակտիվացրեց հետևյալ խոսակցությունը, որ մեզ փող է պետք զենք գնելու նպատակով, և աղբյուրներից մեկն էլ Ամուլսարն է։ Այսինքն՝ ունենք ոսկու պաշար, որից գոյացած գումարը կարելի է ուղղել բանակին: Դուք ի՞նչ ունեք այս փաստարկի դեմ։

-Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ փաստարկները կորցրել են իրենց իմաստը: Բայց միշտ հիշենք, որ ստեղծված իրադրությունը հետևանքն է տարիներ շարունակ տեղի ունեցած ինչ-որ գործընթացների: Այդ պնդումներն անողներին, որոնք կլինեն քաղաքական կամ տնտեսական շրջանակներից, ուզում եմ հիշեցում անել, որ մենք հանքավայրեր ունենք, որոնք շահագործվում են 70-80 տարի շարունակ՝ դեռևս Սովետական Միության շրջանից սկսած, և այդ հանքավայրերը շահագործող հիմնարկ-ձեռնարկությունները տարբեր հիմնավորումներով մասնավորեցրին 90-ականների սկզբին: Եվ այդ ժամանակ ոչ մեկը չէր ասում, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, արժե՞ ոսկու հանքը, ենթադրենք՝ Սոթքի հանքավայրը, մասնավորեցնել: Դրանք պատկանում էին ժողովրդին և հանդիսանում էին պետական սեփականություն: Ինչքանո՞վ էր հիմնավորված այդպիսի իրավիճակում գտնվող երկրում այդպիսի ռազմավարական ձեռնարկությունները՝ հանքավայրերը շահագործող ձեռնարկությունները մասնավորեցնել: Տարբեր հիմնավորումներ են եղել, բայց դրանք քննադատության չեն դիմանում: Այդ հարցը պետք է նաև այսօր տանք. ի՞նչ ենք մենք ստացել այդ հանքերի շահագործումից մոտավորապես 20 տարիների ընթացքում, երբ դրանք մասնավորեցվել են:

–Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը պնդում էր, որ եկամտի շուրջ 45 տոկոսը գնում է պետությանը: Կարծում եք՝ պետությունը պե՞տք է մտածի նորից հանքերը պետական դարձնելու մասին:

-Տարբեր մոտեցումներ և հիմնավորումներ կան: Շատերը պնդում են, որ պետությունը լավ տնտեսվարող չի կարող լինել և միշտ, չգիտես ինչու, բերում են մեր ձախողված պետության օրինակը: Մյուս կողմից՝ եթե գտնում ես, որ այդպիսի ռազմավարական պաշարները պետք է 100 տոկոսով շահագործվի մասնավորի կողմից, հարկային, մաքսային, վերահսկողական այնպիսի լուրջ մեխանիզմներ պետք է ունենաս, որ քո ստացած արդյունքը լինի առավելագույն: Դա Հայաստանում չի արվել… Հայաստանի արտահանման մոտ 55 տոկոսը կազմել են հանքագործական արդյունաբերության արդյունքում ստացված մետաղների խտանյութերը՝ հիմնականում պղնձի, նաև մոլիբդենի, ոսկու և ցինկի: Եթե արտահանման մեջ 55 տոկոս բաժին կազմող ճյուղի բերած արդյունքը ՀՆԱ-ում 2,8 տոկոս է կազմում, դա շա՞տ է, թե՞ քիչ, ես տնտեսագետ չեմ, չգիտեմ, բայց կարծում եմ, որ քիչ է: Կամ ամբողջ վճարված հարկերի 5-6 տոկոսն է կազմում, կարծում եմ, որ քիչ է: Ես գտնում եմ, որ եթե մենք մասնավորին ռազմավարական ընդերքի պաշար ենք տրամադրել, որը նաև մեր հաջորդ սերունդների սեփականությունն է, դրա հարկերը պետք է բազմակի ավել լինեն և տարբերվեն սովորական տնտեսվարողի վճարած հարկերից: Պետք է դրանցից ստեղծված եկամուտները կուտակվեն հաջորդ սերունդների պահանջները բավարարելու համար նաև, որովհետև մենք 50 տարով չենք այս երկիրը բնակեցնում: Վերադառնամ Ամուլսարի խնդրին, հարց է առաջանում, արդյո՞ք այդ ենթադրվող տարեկան 40 միլիոն դոլարը շատ է, թե քիչ, և արդյո՞ք դրանով հնարավոր է հարց լուծել այդ ծրագրով նախատեսված 10 տարվա ընթացքում: Ստացվել է այնպես, որ հանքարդյունաբերող, շահագործում իրականացնող ձեռնարկությունների մեծ մասը  տարիներ շարունակ վնաս է ցույց տվել, այսինքն՝ աշխատել են վնասով:

-Ինչին դուք չեք հավատում:

-Ես չեմ կարող պնդել, ո՛չ կարող եմ հավատալ, ո՛չ էլ չհավատալ… Բազմաթիվ հանքավայրեր էլ բացվել են անկախ Հայաստանում, և դրանք բոլորը ձախողվել են:

-«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է. «Մենք նստել ենք տարածաշրջանի լավագույն ոսկու հանքի 70 տոննա ոսկու վրա, ու արդեն երկու տարի գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն։ Սա այն դեպքում, երբ թշնամին մեր սահմանին կրակում է նավթով գնված զենքով»։ Ինչպե՞ս կհակադարձեք:

-Այդ հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել 2009-ից: Ես շատ կոնկրետ հարց եմ ուղղում՝ ինչո՞ւ 2009-ին չի սկսվել այդ հանքի շահագործումը, ինչու չի սկսվել 2012-ին, 2014-ին: 2016-ին ի վերջո սկսվեց շինարարությունը, Հովիկ Աբրահամյանը մասնակցեց բացմանը, հայտարարվեց, որ 2018թ. գարնանը պետք է արդեն ոսկի արտադրվի: 2018-ի փետրվարին հայտարարեցին, որ խնդիրներ են առաջացել՝ կապված ծախսերի հետ, երևի տարեվերջին նոր կսկսեն ոսկի արտադրել: Ինչո՞ւ ՀՀ պետական մարմինները չեն քննել այս հարցը, որ եթե այս հանքը այդքան մեծ պոտենցիալ ուներ, ինչո՞ւ չի շահագործվել: Ես այդ հարցի պատասխանն ունեմ, բայց դա իմ կարծիքն է, չեմ ուզում արտահայտել: Թող պետությունը քննի և տա այս հարցերի պատասխանը: Դրա տակ շատ մեծ ֆինանսական, կոռուպցիոն և գնահատված պաշարների հետ կապված և այլ խնդիրներ կան: Եղել է 3-4 դեպք, որ հանքավայրեր են շահագործվել, որոնք մի քանի տարի հետո դադարեցրել են շահագործումը՝ ըստ էության տնտեսական օգուտներ չեն բերել, այլ բերել են էկոլոգիական և այլ լուրջ խնդիրներ… Մենք նախորդ 30 տարիներին հանքավայրերի շահագործումից ի՞նչ ենք կուտակե՝լ բացի պոչամբարներից, աղտոտումից ու խնդիրներից, կուտակած փող ունե՞նք, չունենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան