Արյունոտ և սթրեսային 2020-ը. ռազմաքաղաքական կարևոր դեպքերը՝ մանրամասներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 15:42
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
Բոլորը

2020 թվականը Հայաստանի հասարակությունը կհիշի որպես ամենալարված և սթրեսային տարիներից մեկը հետանկախացման շրջանում։ Երկու մասշտաբային ռազմական բախում Ադրբեջանի հետ՝ 1994 թվականից ի վեր, ստատուս քվոյի փոփոխություն Արցախի հարցում և ապագայի մեծ անորոշություն։

Սահմանադրական դատարանը նոր կազմ ունեցավ։ Բախվեցին իշխանությունն ու ընդդիմությունը՝ քաղաքական իմաստով և ոչ այնքան։ Բարձր խոսեցին, ակտիվացան տարիներով լռություն պահպանող, նաև՝ աղմկոտ քրեական գործերով անցնող նախկին նախագահները։

2020 թվականն առաջին հայացքից շարքային, հերթական տարին էր թվում՝ չխոստանալով ոչ մի արտառոց կամ բեկումնային իրադարձություն։ Հայաստանցիներն Ամանորը դիմավորեցին Հանրապետության հրապարակում, որտեղից համայն հայությանն ուղերձ հղեց վարչապետը։ Հունվարին քաղաքական լարվածության կենտրոնն Իրանում էր, ուր սգում էին հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով՝ ՔՈՒԴՍ հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը։ 2020-ի սկզբին Կապանում հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր կոչով Երևանում Ամանորը դիմավորելու էին եկել հազարավոր սփյուռքահայեր․ «Դեկտեմբերի 31-ին ես Երևանի փոքր կենտրոնում շրջում էի բոլոր տեղերից լսվում էր արևմտահայերենը»։

Հենց այս ասուլիսում հնչած մտքերն էին հետագայում ծավալվելու, նույնիսկ՝ կանխորոշելու 2020-ի քաղաքական ընթացքը։ Արդեն սրվել էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Փաշինյանի հարաբերությունները, ում սպառնալիքին, թե շուտով խոսելու է, Փաշինյանը հակադարձեց «Կարգին հաղորդման» ոճով․ «Գալիս ասում է՝ «Ես ամեն ինչ գիտեմ» և վերջում հայտնվում է հիմար վիճակում»։

Արդեն տարեվերջին Վանեցյանը հայտնվեց ընդդիմադիր ակցիաների կիզակետում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 2020-ի թեժացումների շարքում առանցքայիններից մեկը Սահմանադրական դատարանի շուրջ էր։ Հրայր Թովմասյան – Նիկոլ Փաշինյան փոխհրաձգությունը սկիզբ առավ կապանյան ասուլիսից, երբ վարչապետը հայտարարեց, թե ՍԴ-ի նախագահն իրեն ծառայություններ է առաջարկել՝ որպես ապացույց ներկայացնելով իրեն փոխանցված գրիչը։

Վիրավորանք և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով ՍԴ-ի այն ժամանակվա նախագահը դատի տվեց Փաշինյանին։ Արդեն հաջորդ ամիսներին այս հակադրությունը սրվեց այն աստիճան, որ Հրայր Թովմասյանը հայտնվեց դատարանում՝ մեղադրյալի աթոռին, նաև զրկվեց ՍԴ-ի նախագահի պաշտոնից:

Նա մեղադրվում է Արդարադատության նախարար աշխատած տարիներին մի քանի դրվագներով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Մինչ Թովմասյանը դատարանում հերքում էր մեղադրանքները, քաղաքական իշխանությունը նրա ու ՍԴ-ի ևս 6 անդամի լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե նախաձեռնեց։ Ապրիլի 5-ին նշանակված քվեարկության քարոզարշավը մեկնարկեց։ Փաշինյանն արձակուրդ վերցրեց և մեկնեց Սյունիք․ «ՍԴ-ի յոթ անդամներն իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում»,- հայտարարեց վարչապետը։

Զուգահեռաբար, աշխարհում արդեն մոլեգնում էր կորոնավիրուսը։ Մարտի 1-ին Հայաստանում գրանցվել էր վարակման առաջին դեպքը՝ Թեհրանից ժամանած քաղաքացու մոտ։ Կոնտակտավոր կամ վարակակիր լինելու մեջ կասկածվող անձինք մեկուսացվում էին Հայաստանի լավագույն հյուրանոցներում, սպասարկումը՝ առանձնահատուկ։

Կորոնավիրուսով վարակվածների օրեցօր ավելացող թվերն իշխանություններին ստիպեցին հատուկ միջոցառումներ ձեռնարկել։ Նախ՝ էպիկենտրոնն Էջմիածինն էր, ուր վարակակիրների բումը սկսվել էր մի նշանադրությունից։ Հետո արդեն քաղաքի փողոցներում հայտնված սպիտակ համազգեստով բուժաշխատողներն ավտոբուսով մեկուսացման էին տանում դպրոցի աշակերտներին ու ծնողներին։ Հոգևոր մայրաքաղաքը դարձավ կիսափակ բնակավայր՝ մուտքն ու ելքը անցակետերով՝ հատուկ ռեժիմ սահմանվեց։

Երևանի փողոցներ դուրս բերվեցին ոստիկանության զորքերն ու տեխնիկան: Արգելվեց առանց խիստ անհրաժեշտության փողոց դուրս գալը, այն էլ՝ տեղաշարժման ձևաթղթով։ Երևանը վերածվեց ուրվական քաղաքի՝ մարդկանցից դատարկված:

Աստիճանաբար հասկանալի դարձավ, որ չի կայանալու սահմանադրական հանրաքվեն, թեև իշխանական «Այո»-ի կողմն արդեն 205 միլիոն դրամ էր հավաքել քարոզարշավի համար: Բայց դա չփրկեց ՍԴ դատավորներին։ Երկուսուկես ամիս անց Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններով կասեցրեց ՍԴ նախագահի և երեք դատավորի լիազորությունները։ Հրայր Թովմասյանը դարձավ շարքային դատավոր, պաշտոններից ազատվեցին Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը։ Նրանց փոխարեն դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը։ Այսպիսով, հանգուցալուծվեց նաև «Փաշինյան – Թովմասյան» տարեսկզբից թեժացած կոնֆլիկտը։

Կոնկֆլիկտ, այս անգամ՝ ռազմական և արյունալի, սկսվեց հուլիսին՝ Տավուշում։ Ամիսներ շարունակ Ադրբեջանն ագրեսիվության նշաններ էր ցույց տալիս սահմաններին։ Բաքվում բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը զարկ էր տվել Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ սկսելու հռետորաբանությանը, միջադեպեր էին գրանցվում հայ-ադրբեջանական սահմանին։ Մայիսի 26-ին Նախիջևանի հատվածում միջդիրքային տարածքում հայկական զինուժի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում կրակի արդյունքում այրվեց հայկական կողմին պատկանող ավտոմեքենա։ Ի պատասխան, մայիսի 31-ին համացանցում հայտնվեց «Պատժիչ գործողություն՝ Նախիջևանի ուղղությամբ» գլխագրով տեսանյութ, որում ցուցադրվում էր ադրբեջանական դիրքեր տանող ճանապարհին խոցված տեխնիկա։

Հուլիսի 13-ի Կառավարության արտահերթ նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց վստահեցմամբ, որ Ադրբեջանի սադրանքն անպատասխան չի մնալու․ «Երեկ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված սահմանային մեր դիրքերը»։

Ըստ ՊՆ-ի՝ ռազմական կոնֆլիկտի բռնկման առիթն ադրբեջանցի զինծառայողների՝ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը հատելու փորձն էր։ Հայ զինծառայողների զգուշացումից հետո ադրբեջանցիները վերադարձել էին իրենց դիրք, ապա, ըստ ՊՆ-ի, կրկնել հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը։

Ադրբեջանի զինուժը Տավուշի ուղղությամբ հուլիսյան մարտերում կիրառեց հրետանի, ԱԹՍ-ներ, ականանետեր։ Հայկական բանակը խոցեց թշնամու «Hermes-900» անօդաչու թռչող սարքը, որի արժեքը շուրջ 30 միլիոն դոլար է։ Մարտերի երրորդ օրը ՊՆ-ն հաստատեց Հայկական բանակում երկու զոհերի փաստը։

Սպանվեց ադրբեջանական բանակի գեներալ։ Բաքուն սպառնաց հարվածել Մեծամորի ատոմակայանին։ Մոսկվան անհանգստություն հայտնեց, իսկ ՀԱՊԿ-ն երկու կողմին կոչ արեց դադարեցնել կրակը սահմանին։

Փաշինյանի հրապարակած այս տեսանյութն այն մասին է, թե ինչպես են «Սու-30 ՍՄ» կործանիչները դուրս գալիս մարտական հերթապահության։ Իսկ այստեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները տարհանում զոհերի մարմինները։ Ադրբեջանը թիրախավորում է Տավուշի խաղաղ բնակավայրերը։

Հուլիսի 17-ի առավոտյան ՊՆ-ն ազդարարեց հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրի մասին։ Հուլիսյան մարտերի ռազմական արդյունքը հանրությունն այդպես էլ չիմացավ։ Ոչ պաշտոնապես հայտնի դարձավ առավել բարենպաստ դիրք զբաղեցնելու մասին։ Պաշտոնապես՝ հայկական կողմի զոհերի թիվը չգերազանցեց մեկ տասնյակը․ «Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ»,- ռազմական ակտիվ գործողությունների վերջին օրը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Տավուշյան մարտերից հետո Հայաստանն ունեցավ նոր ազգային հերոս՝ կապիտան Ռուբեն Սանամյանը։ Յոթ տասնյակ զինծառայողներ արժանացան առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի։ Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Սարդարապատի հուշահամալիրում։

Շուրջ երկու տարվա լռությունը 2020-ին խախտեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ասուլիսի թեման Ապրիլյան պատերազմն էր, որը նախկին նախագահը գնահատեց հաղթական՝ չնայած 2 տասնյակից ավելի մարտական դիրքերի կորստին։ Իսկ դրանք, ըստ նրա՝ հետ չեն բերվել՝ նոր զոհերից խուսափելու հաշվարկով․ «Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար 71 հոգին պիտի պարգևատրվեն «Մարտական խաչով»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Խոսելով Ապրիլյան պատերազմից՝ Սերժ Սարգսյանը խոստովանեց․ «Մենք չենք իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում»։ Նաև մատնանշեց մեղավորին՝ թերացել է հետախուզությունը, ինչը, սակայն, տարակուսելի չհամարեց։ Արցախյան երկրորդ և ճակատագրական պատերազմից քառասուն օր առաջ Սերժ Սարգսյանը կանխատեսեց նոր պատերազմ։ Ինչ-որ բան շտապեցրել էր նախկին նախագահին՝ ասուլիս տալ խոստացված ժամկետից շուտ․ «Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրի շուրջ չափազանց վտանգավոր են։ Եթե ասածներս հանրագումարի բերենք, ես կարող եմ ասել, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»։

Պատերազմի վտանգն ավելացել է, քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի, ԼՂ-ի բանակցային գործընթացը փակուղի է մտել կամ չի ընթանում իր պատկերացրած ձևով։

Սերժ Սարգսյանը 2020-ին հանրությանը ներկայացավ ո՛չ միայն «Հարսնաքար» ռեստորանում ասուլիսով, այլև՝ դատարանում։ Կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքով դատարան ժամանած նախկին նախագահը բոլորի համար անակնկալ կերպով հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղի թեմայով․ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»։

Սերժ Սարգսյանը նաև հերքեց լրագրողի դիտարկումը, թե ինքը քաղաքական իմաստով ակտիվ է։

2020 թվականին լարման ամենաբարձր աստիճանին հասավ Հայաստանի ներքաղաքական պայքարը։ Բաց առճակատում սկսվեց խորհրդարանական երկրորդ ուժ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Փաշինյանի միջև։ Քննադատության հիմնական թեման կորոնավիրուսի դեմ կառավարության կազմակերպած պայքարն էր․ «Տնտեսական հեղափոխություն այդպես էլ չեղավ, ներդրումներ չեն արվում», – ԲՀԿ քաղխորհդրի նիստում դժգոհեց Ծառուկյանը․

«Այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97 այլ, 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլորն իրենց աշխատանքով․․․ բոլոր ոլորտները ձախողված են»։

Փաշինյանի պատասխանը հնչեց մամուլի խոսնակի շուրթերից․ «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»: Այդ օրերին մամուլը գրում էր Ծառուկյանի ու Վանեցյանի՝ Առինջի բարձունքում գտնվող դղյակում ունեցած պարբերական հանդիպումների մասին։ Ուրվագծվում էր ընդդիմադիր համագործակցության ձևաչափ, որին հետո միացան նաև ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն։

Բայց մինչ այդ՝ քրեական գործեր։ Հունիսի 14-ի վաղ առավոտյան պայթեց Գագիկ Ծառուկյանի տանը ԱԱԾ-ի՝ խուզարկություն իրականացնելու լուրը։ Իր դեմ քաղաքական հետապնդման մասին հայտարարող ԲՀԿ առաջնորդը ցույց տվեց, որ վճռական է տրամադրված․ «Ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»։

ԱԱԾ-ն մանրամասնեց՝ Ծառուկյանը կազմակերպել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանում։ Հետագա օրերին «հավն է ձվից, թե ձուն հավից» հանելուկի ոճով քաղաքական դաշտը սկսեց քննարկել՝ Ծառուկյանի դեմ քրեական գործեր հարուցելու որոշումը կայացվել է կառավարության հրաժարականի պահանջից առա՞ջ, թե՞ հետո։ Կասեցվեց նաև Ծառուկյանին պատկանած խաղատան աշխատանքը՝ ֆինանսական չարաշահումների հիմքով։ Պատերազմից երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, բանտում անցկացրեց գրեթե երկու ամիս, և ազատվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Իսկ Արցախում պատերազմն արդեն մոլեգնում էր։ Ծառուկյանի կոչով կազմվեց կամավորական ջոկատ, որը պիտի մեկներ Արցախյան առաջնագիծ։ Սակայն թե մարտական փառքի ինչ ուղի անցավ ԲՀԿ առաջնորդի զորաջոկատն ու թշնամուն ինչ վնաս հասցրեց, գոնե լայն հանրությունն այդպես էլ չիմացավ։ Իսկ ռազմի դաշտում կյանքի ու մահվան կռիվ էր։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում գործեց Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանած դիրքերի՝ հյուսիսային և հարավային ուղղություններով։

Պատերազմի ամենաթեժ ճակատը հարավում էր։ Համառ և ծանր մարտեր մղող հայկական բանակն աստիճանաբար նահանջում էր Ջաբրայիլից, Ֆիզուլիից, Կուբաթլուից։ Հարավից զատ՝ այլ ուղղություններով Ադրբեջանի ձեռքբերումները նշանակալի չէին։ Պատերազմի առաջին րոպեներին, ըստ Արցախի անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, հայկական կողմը կորցրել է ՀՕՊ ուժերի մոտ 50 և հրետանու 40 տոկոսը, խոցվել է ՕՍԱ-ԱԿԱ մոտ 10 համալիր, Ս-300 համակարգը: Հիմնականում օրվա ցերեկային ժամերին ադրբեջանական բանակը ահաբեկիչ-վարձկանների և թուրք սպայական անձնակազմի ներգրավմամբ՝ հազարավոր հրանոթների, զրահատեխնիկայի, օդուժի միջոցների, ԱԹՍ-ների կիրառմամբ կրակի տակ էր առնում հայկական հենակետերը։ Ճեղքված ուղղություններով թշնամին առաջ էր շարժվում, ճյուղավորվում դեպի այլ տարածքներ։

Ըստ փորձագետների՝ կրակի նման խտություն տարածաշրջանում վաղուց չէր եղել։ 20 տարի միլիարդավոր դոլարների հասնող զինամթերքը հայկական և ադրբեջանական կողմերը կիրառեցին 44 օրում՝ փոքրիկ Ղարաբաղի տարածքում։

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Ադրբեջանի հրթիռահրետանային ուժերը հայկականին գերազանցում էին մոտ տասը անգամ, զրահատանկային ուժերը՝ 2-ից 3 անգամ, մարդուժը՝ 4-ից 5 անգամ։ Ադրբեջանական բանակն այս պատերազմում կիրառեց թուրքական և իսրայելական ամենաառաջատար տեխնոլոգիաներ, հատկապես՝ գերճշգրիտ հրթիռներ, կապի, ՌԷՊ համակարգեր, ԱԹՍ-ներ, որոնցից վճռական դերը թուրքական «Բայրաքթար»-ինն էր։

Այս ԱԹՍ-ի «դեմն առնելու» միջոց մինչև պատերազմի ավարտը հայկական կողմն այդպես էլ չգտավ։ Այս պատերազմը ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով համեմատվեց անգամ 2003 թվականի Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։ Ադրբեջանը գերճշգրիտ հարվածներով թիրախավորեց ինչպես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, այնպես էլ կասետային արգելված զենք կիրառեց՝ քաղաքացիական ենթակառուցվածքներ, շենք-շինություններ ոչնչացնելու նպատակով։ Հայկական բանակի զոհերի թիվն անցնում է երեք հազարը։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հրադադարի մասին հայտարարություն ստորագրեցին։ Ադրբեջանին անցան ոչ միայն Արցախի հարակից յոթ շրջանները, այլև նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտած Հադրութի շրջանը՝ Հադրութ քաղաքով և գյուղերով, Շուշի քաղաքն ու գյուղերը, Մարտակերտի, Ասկերանի շրջանի որոշ գյուղեր, հյուսիսում՝ նաև Թալիշն ու Մատաղիսը, ընդհանուր՝ 121 բնակավայր։ Ադրբեջանին անցնող տարածքներից տարհանվեց հայ բնակչությունը՝ այրելով սեփական տները, դպրոցները։ Արցախում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմ՝ հինգ տարի ժամկետով։

Արցախի կարգավիճակը դեռևս անորոշ է, չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ հրապարակային հայտարարեց, թե Ղարաբաղը, միջազգային նորմերի համաձայն, Ադրբեջանի տարածք է։ Սրան դիմադրում է Ֆրանսիան, որի Սենատը երկու անգամ բանաձև ընդունեց Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին և նման կոչով դիմեց Կառավարությանը։ Ըստ եռակողմ հայտարարության՝ կապաշրջափակվեն տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, Ադրբեջանը Հայաստանի տարածքով ճանապարհ  կունենա դեպի Նախիջևան, Հայաստանը Նախիջևանով երկաթուղի գործարկելու շանս կստանա դեպի Իրան։

Պատերազմում հայկական կողմի պարտությունը պայթեցրեց նաև Հայաստանի քաղաքական դաշտը։ Զբաղեցրած պաշտոններից հեռացվեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ պաշտոնյաներ։ Բայց մինչ այդ՝ եռակողմ հայտարարության հրապարակումից րոպեներ անց, քաղաքացիները գրոհեցին Կառավարության և Ազգային ժողովի շենքերը, վարչապետի կեցավայրը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարձակման և ծեծի ենթարկվեց։ ԱԱԾ-ն այս գործողությունները որակեց իբրև զանգվածային անկարգություններ, ձերբակալվեցին մի քանի տասնյակ անձինք։

Ընդդիմադիր ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, Վանեցյանի «Հայրենիք»-ն ու այլ ուժեր, մինչև պատերազմի սկսվելը՝ հոկտեմբերի 7-ին, հանրահավաք էին նախաձեռնել՝ վարչապետի հեռացման պահանջով։ Պատերազմի այսպիսի ելքից հետո ընդդիմադիր 17 ուժեր հանրահավաքներ և փողոցային պայքար սկսեցին՝ դարձյալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի փողոցներում կրքերը թեժացան։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգեց քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ ժողովրդին կոչ անելով մասնակից չդառնալ գործող իշխանության և ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին։ Իբրև վարչապետի այլընտրանքային տարբերակ՝ ընդդիմադիրների կողմից ներկայացվեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ «Չենք հաշտվի եռակողմ հայտարարության փաստի հետ, բայց չենք կարող հրաժարվել դրանից»,- հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա՝ այս շարժումը, որ ստեղծված է, ինքն ինչքան շուտ հրաժարական տա կամավոր այնքան իրեն լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»։

2020-ի տարեվերջի տվյալներով՝ «գազազած» ժողովուրդն այդպես էլ «չհոշոտեց» Փաշինյանին։ Իսկ քաղաքական, գիտական շրջանակների՝ վարչապետի հրաժարականի պահանջին միացավ նաև հոգևոր ղեկավարությունը՝ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն։

Մինչ այդ, Փաշինյանը հրապարակել էր վեցամսյա անելիքների ճանապարհային քարտեզ։ Իսկ դեկտեմբերի վերջին նա հայտարարեց, թե վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը, և քաղաքական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Եվ վերջում՝ ի տարբերություն 2020-ի տարեմուտի շքեղ միջոցառումների, այս տարի Ամանորին Երևանը, նաև հանրապետության մյուս բնակավայրերն ընդհանրապես, չեն զարդարվել։ Երևանի ավագանու որոշմամբ՝ տոնական միջոցառումների բյուջեն՝ 100 միլիոն դրամ, նվիրաբերվել է Արցախին

 

Ռոբերտ Անանյան