Համաշխարհային կարանտին, ահաբեկչություններ, քաղաքական ճգնաժամեր ու պատերազմներ․ ամփոփ հայացք 2020-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

2020 թվական, նահանջ տարի։ Ըստ սնահավատների՝ դժբախտությունների և անհաջողությունների տարի։ Սակայն 2020 թվականը գերազանցեց անգամ ամենահոռետեսների պատկերացումները՝ մարդկությանը «նվիրելով» համաճարակ, համաշխարհային կարանտին ու համաշխարհային տնտեսության կոլապս, որոնց գումարվեցին նաև ահաբեկչությունները, քաղաքական ճգնաժամերն ու պատերազմները։ Factor.am-ն ամփոփ հայացք է նետել 2020 թվականին՝ առանձնացնելով աշխարհում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

Աշխարհը կարանտինում է

Եվ այսպես՝ Չինաստանում տեղի ունեցավ այն, ինչի արդյունքում փոխվեց ողջ Երկիր մոլորակի բնակչության կյանքը, թերևս՝ ոչ մեկ տարով։ Հունվարի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ չինական Ուհան քաղաքում մոլեգնում է նոր ու անհասկանալի հիվանդություն։ Անցնում էին օրեր և կարանտինը գնալով ավելի սարսափելի էր դառնում: Վարակվածները պարզապես ուշագնաց էին լինում փողոցներում, ինչից հետո քիմիական պաշտպանության համար նախատեսված համազգեստով մարդիկ նրանց տանում էին անհայտ ուղղությամբ։

Բավական արագ գիտնականները պարզեցին, որ այս ամենի պատճառը նոր տիպի կորոնավիրուսն է, որը ստացավ SARS-CoV-2 անվանումը, իսկ դրա հարուցած հիվանդությունն ու թոքաբորբը սկսեցին անվանել COVID-19-ը։ Արդեն մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց Երկիր մոլորակի վրա COVID-19-ի համաճարակի մասին։

Հաշված ամիսների ընթացքում աշխարհը մեկուսացավ: Երկրների մեծ մասում մարդիկ մինչ օրս զրկված են ճամփորդելու, ռեստորաններում ճաշելու, համերգների գնալու, որոշ դեպքերում՝ նույնիսկ տները լքելու հնարավորությունից։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից, այս պահի դրությամբ, մահացել է ավելի քան 1․7 միլիոն մարդ, վարակվել՝ ավելի քան 79 միլիոնը։

Արդեն տարեվերջին համաճարակը հաղթահարելու հույսեր արթնացան․ աշխարհի մի շարք խոշոր ընկերություններ կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերն են առաջարկում՝ պնդելով, որ դրանք կփրկեն մարդկությանը համաճարակից։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են սկսել անել Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում։

Կաթվածահար եղած տնտեսություն ու ավիահաղորդակցություն

Պատմության մեջ երբևէ չտեսնված ու չլսված մեկ այլ պատկեր արձանագրվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որը կաթվածահար արեց տնտեսությունն ու ավիահաղորդակցությունը ամբողջ աշխարհով մեկ: 2020 թվականի ապրիլին ամերիկյան նավթի գինը հաշված ժամերի ընթացքում ռեկորդային՝ շուրջ 300 տոկոսի անկում արձանագրեց. պատմության մեջ առաջին անգամ WTI նավթի մեկ բարելը սկսեց վաճառվել -(մինուս) 37, անգամ՝ -40 դոլարով: Այլ կերպ ասած՝ արտադրողները սկսեցին իրենք վճարել գնորդներին՝ նավթը տանելու համար՝ մտավախություն ունենալով, որ պահուստարաններն այլևս կարող են չբավարարել:

Սրա հետ մեկտեղ, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն, կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933 թվականների Մեծ ճգնաժամից ի վեր:

Ամառային օլիմպիական խաղերի չեղարկումը

Չնայած ամբողջ մարզաշխարհը սրտի տրոփյունով սպասում էր Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերին, սակայն կորոնավիրուսն այս հարցում էլ իր սև գործն արեց։ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2020 թվականի մարտի 24-ին հայտարարեց, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, որոնք պետք է մեկնարկեին հուլիսի 24-ին, տեղափոխվել են 2021 թվականի ամառ։

Քրիստոնյա աշխարհը զրկվեց իր գլխավոր սրբավայրերից մեկից

Այս տարի քրիստոնյա աշխարհը զրկվեց իր գլխավոր սրբավայրերից մեկից՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարից։ Հուլիսին Անկարայի քաղաքային խորհուրդը չեղարկեց 1934 թվականին Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու մասին որոշումը, ինչից հետո Թուրքիայի նախագահը հրաման ստորագրեց տաճարը մզկիթի վերածելու մասին ու այնտեղ սկսեցին մահմեդական ծեսեր անցկացնել։ Այժմ քրիստոնեական տաճարում հնչում է մահմեդական նամազ։

Սակայն Էրդողանի վտանգավոր արկածներն 2020 թվականին այսքանով չեն ավարտվում։ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ տարաձայնություններից զատ՝ Թուրքիան շարունակել է գերագրեսիվ, արկածախնդիր քաղաքականությունը Սիրիայում, վարձկաններ, թուրք բարձրաստիճան զինվորականներ ու ԱԹՍ-ներ է ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։ Սակայն Անկարային չի հաջողվում շրջանցել քաղաքակիրթ աշխարհի պատժամիջոցները։ ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի դաշնակից Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ՝ ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։

Միաժամանակ, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և Հունաստանի ջրային տարածքներում իրականացվող հորատման աշխատանքները դադարեցնելու մասին բազմաթիվ զգուշացումներից հետո ԵՄ-ն ևս պատժամիջոցներ է կիրառում ընդդեմ Թուրքիայի։

Այս տարի պատժամիջոցներից չի խուսափում նաև Ռուսաստանը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, օդանավն արտակարգ վայրէջք է կատարում Օմսկում, և Նավալնիին տեղափոխում են տեղի շտապօգնության հիվանդանոց: Երկու օր անց, Նավալնիի ընտանիքի համառ պահանջով, նրան տեղափոխում են Բեռլին։ Իսկ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարում է, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։ Արդյունքում՝ ոչ միայն երկարացվում են արդեն իսկ գործող պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, այլ նաև նոր պատժամիջոցներ են կիրառվում այն ռուսաստանցիների դեմ, որոնք, ենթադրաբար, կապ ունեն Նավալնիի թունավորման հետ։

Սակայն ռուս-ամերիկյան ու ռուս-եվրոպական հարաբերությունների սրումը չի խանգարում Ռուսաստանին դիրքերն ամրապնդել Անդրկովկասում։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն ստորագրվեց, որի կետերից մեկով ռուս խաղաղապահները մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ։

Ընթացիկ տարում ՌԴ նախագահ Պուտինը նաև ապահովագրեց իր անվտանգության երաշխիքները նաև պաշտոնավարումից հետո․ այժմ երկրի նախկին ղեկավարին հնարավոր չէ ենթարկել քրեական հետապնդման կամ վարչական պատասխանատվության՝ արարքների համար, որոնք վերջինը կատարել է իր ղեկավարման ժամանակաշրջանում։ Նախկին նախագահին չի կարելի նաև ձերբակալել, կալանավորել, խուզարկել, հարցաքննել կամ ստուգել, եթե գործը կապված է երկրի ղեկավարի պարտականությունների կատարման հետ։

Իրավիճակը Բելառուսում

Առնետի տարին այնքան էլ բարեհաջող չէր նաև Ռուսաստանի բարեկամ Բելառուսի համար։ Այստեղ օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները զանգվածային բողոքի ակցիաների առիթ դարձան, որոնք դեռ շարունակվում են։ Երբ երկրի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին, Մինսկում և երկրի մյուս քաղաքներում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր։ Ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցների բողոքի ցույցերն աննախադեպ դաժան ու կոշտ կերպով ցրվում են երկրի ուժայինների կողմից։ Ցույցերի միայն առաջ 3 օրում ձերբակալվել է 6000 ցուցարար, երկուսը՝ զոհվել։ Արդյունքում ԵՄ-ն ու ԱՄՆ պատժամիջոցներ են կիրառել ընդդեմ բելառուս մի շարք գործիչների, այդ թվում նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի։

Իրանական ճգնաժամ

2020 թվականը բարենպաստ չէր նաև մեր հարևան Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների համար։ Հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Իրաքում սպանվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Մերձավոր Արևելքում հատուկ օպերացիաների կազմակերպիչ լինելու համար ԱՄՆ-ի կողմից Սուլեյմանին ընկալվում էր որպես ահաբեկիչ։ Իրանցի գեներալի սպանությունից հետո իրանցիները նրան նահատակ անվանեցին ու երդվեցին անհապաղ վրեժխնդիր լինել Վաշինգտոնից՝ չբացառելով անգամ ռազմական գործողությունների մեկնարկը։ Սպառնալիքները բավական արագ կյանքի կոչվեցին, բայց այդ հարվածներն այնքան էլ ԱՄՆ-ին չհասան։

Ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը Թեհրանից Կիև թռիչք կատարելուց ընդամենը մի քանի րոպե անց կործանվում է։ Ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները զոհվում են։ Մի քանի օր անց Իրանը խոստովանում է, որ քաղաքացիական ինքնաթիռը շփոթել է ռազմական ինքնաթիռի հետ ու պատահաբար հրթիռակոծել է այն։ Արդյունքում Ուկրաինան ընդունում է Իրանի ներողությունը, սակայն չի հրաժարվում նաև փոխհատուցումից։ Իրանը Ուկրաինային միջազգային նորմերին համապատասխան փոխհատուցում կվճարի։

Սակայն ԱՄՆ-ի ու Իրանի միջև 2020 թվականին առճակատումն այսքանով չի ավարտվում։ Նոյեմբերի 27-ին Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու սպանվում է իրանցի հայտնի գիտնական, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ նրա սպանության հետևում կանգնած է իսրայելական «Մոսադ»-ը, սակայն այնքան էլ պարզ չէ՝ Իսրայելը սպանությունն իրագործել է ԱՄՆ-ի, թե՞ սեփական նախաձեռնությամբ։

Բողոքի ցույցեր Վրաստանում

2020 թվականը սահուն տարի չէր նաև հարևան Վրաստանի համար։ Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը հիմնել և գլխավորում է գործարար Բիձինա Իվանիշվիլին, հավաքեց ձայների 48 տոկոսը: ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո երկրի ընդդիմությունը սկսեց զանգվածային բողոքի ցույցեր՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները։

Ամերիկան չի կարող շնչել

2020-ը ճգնաժամային էր նաև ԱՄՆ-ի համար։ Միացյալ Նահանգները դարձավ կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ունեցող երկիրը, քանի որ երկրում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք պայմանավորված էին սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթի՝ չափից դուրս կոշտ ձերբակալմամբ։ Սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին 8 րոպե շարունակ ծունկը պարանոցին սեղմած պառկած է պահել ասֆալտին, ինչի արդյունքում՝ «Չեմ կարողանում շնչել» ասելով՝ սևամորթ քաղաքացին մահացել է։

Դեպքից հետո ԱՄՆ-ն բոցավառվեց բողոքի ցույցերի ու անկարգությունների ալիքով, որն ուղեկցվում էր ոստիկանների հետ բախումներով, խանութների թալանով ու հուշարձանները ջարդուփշուր անելով, և այս ամենը՝ «Չեմ կարողանում շնչել» վանկարկումներով։

Այս իրադարձություններին հաջորդեցին երկրում նախագահական ընտրությունները։ Նոյեմբերի 3-ին ողջ աշխարհը կարծես սառել էր՝ հետևելով քվեարկության պաշտոնական օրվանից սկսված վախկանալիային. բողոքի ցույցեր, կրակոցների սպառնալիքներ ու բախումներ ոստիկանների հետ։

Իսկ արդեն դեկտեմբերի 8-ին պարզվեց՝ ԱՄՆ նախագահ է ընտրվել դեմոկրատ Ջո Բայդենը, չնայած Դոնալդ Թրամփը չի ընդունում վերջինի հաղթանակը։

Եվրոպան ընդդեմ իսլամիստների

Այս արտասովոր տարում արտակարգ իրավիճակները չշրջանցին նաև Եվրոպան։ Հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձաններից մեկում 18-ամյա չեչեն Աբդուլլահ Անզորովը գլխատեց քոլեջի ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը դասի ժամանակ ցույց տալու համար։

Դեպքից հետո երկրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացավ պաշտպանել երկրում աշխարհիկ արժեքները արմատականներից և հայտարարեց, որ իսլամը՝ որպես կրոն, «ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում»: Արդյունքում Թուրքիայի իշխանությունները եկան պաշտպանելու մահմեդականներին. նրանք ամբողջ աշխարհում իսլամի կողմնակիցներին կոչ արեցին բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Սրան հաջորդեցին Ֆրանսիայում ևս մի քանի ահաբեկչություններ։ Հոկտեմբերի 29-ին դանակով զինված թունիսցի Իբրահիմ ալ-Աուիսավը հարձակվեց Նիսի գլխավոր եկեղեցու այցելուների վրա: Երեք մարդ սպանվեց, ընդ որում, զոհերից երկուսի կոկորդը կտրված էին: Նույն օրը հարձակումներ տեղի ունեցան Ավինյոնում և Փարիզում, ինչպես նաև սաուդյան Ջիդայում, որտեղ ահաբեկիչը հարձակում գործեց Ֆրանսիայի հյուպատոսության պահակախմբի վրա: Իսկ հոկտեմբերի 31-ին անհայտ տղամարդը կրակ բացեց Լիոնի հունական եկեղեցու 52-ամյա քահանայի վրա:

Ֆրանսիայից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ նաև Ավստրիայում․ նոյեմբերի 2-ին ալբանական արմատներով 20-ամյա Կույտիմ Ֆեյզուլայը, հավատարմության երդում տալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, դուրս եկավ Վիեննայի փողոցներ ու սկսեց կրակել մարդկանց վրա: Արդյունքում չորս մարդ մահացավ, ավելի քան 20-ը՝ վիրավորվեց:

Բեյրութի փլատակները

2020 թվականը պատմության մեջ կհիշվի նաև մեկ այլ աննախադեպ աղետով։ Ամռան վերջին օրերին սովորական անփութությունը Լիբանանում հանգեցրեց խոշորագույն ողբերգության։ Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում բռնկված հրդեհին աննախադեպ հզոր պայթյուն հետևեց: Պայթյունի ալիքը ավերեց Բեյրութի կեսը։ Ավելի քան 200 մարդ զոհվեց, 7 հազարից ավելին՝ վիրավորվեց: Իշխանությունների տվյալներով՝ վնասի չափը կազմեց 15 միլիարդ դոլար: 300 հազար մարդ մնաց անտուն։

Կարելի է փաստել, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ, 2020 թվականը տհաճ անակնկալներ մատուցեց գրեթե բոլորին։ Ոմանց համար ճակատագրական եղավ COVID-19- ը, ոմանց համար՝ պատերազմն ու ահաբեկչությունները, ոմանց համար էլ՝ պատժամիջոցները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան