Անկարայի հայտարարությունները քաջալերում են Բաքվին՝ շարունակելու ընթանալ սրացման վտանգավոր ուղով․ Լեհաստանում ՀՀ դեսպանի հարցազրույցը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը տեղական «Warsaw Institute Review» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին վերջին լարվածությանը

– Ինչո՞ւ հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կրկին բռնկվեց վերջին օրերին։

– Առկա է բավականին հստակ վկայություն, որ իրավիճակի ամենավերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի հյուսիսային մարզում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր։ Եթե հետևենք Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շաբաթների և ամիսների պատերազմ հրահրող հռետորաբանությանը, որով նրանք հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման, ապա կտեսնենք, որ հուլիսի 12-ից սկսված իրադարձություններին մղող սադրանքը պատահական չէր։ Հայկական կողմը շարունակաբար զգուշացնում էր իր միջազգային գործընկերներին նման իրավիճակի բարձր հավանականության և Ադրբեջանի չարամիտ մտադրությունների եռանդի ու դրանք սանձահարելու քաղաքական ու դիվանագիտական քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ Սակայն, ի հիասթափություն հայկական կողմի, մեր նախազգուշացումներն անտեսվեցին։

– Արդյո՞ք վերջին բախումների պատճառները նման են 1988թ Լեռնային Ղարաբաղի պատերազմի դրդապատճառներին։

– Կարող են լինել որոշակի նմանություններ։ 1988թ․ հակամարտությունը սկսվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն խաղաղ ինքնորոշման իրավունքի շարժումը կոպիտ ռազմական ուժով ճնշելու փորձից։ Այն ժամանակ ադրբեջանցիները տպավորիչ կերպով տապալվեցին։ Դասեր քաղելու փոխարեն, ցավոք սրտի, ադրբեջանական ղեկավարությունն այժմ կեղծ պատմական տարածքային պահանջներ է առաջադրում նաև Հայաստանին։ Դա համապատասխանում է Ադրբեջանի՝ երկար պատմություն ունեցող այն պնդմանը, որ հակամարտությունը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև և Լեռնային Ղարաբաղը՝ իր օրինական ընտրված իշխանություններով, առանձին դերակատարություն չունի։ Նման մոտեցումը և վարքը որևէ հիմնավորում չունեն և ավելի են հեռացնում ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցային լուծում գտնելու հնարավորությունները, ինչը հայկական կողմերի և միջազգային հանրության համար ընդունելի միակ կենսունակ տարբերակն է։

– Որո՞նք են Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունները Կովկասում և ինչպե՞ս են դրանք ազդում վերջին օրերի իրավիճակի վրա։

– Երկու երկրները գործում են բացարձակապես տարբեր կերպով։ Թուրքիայի պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահը և այլ պաշտոնյաներ, անցած շաբաթվա ընթացքում արդեն իսկ արել են մի շարք հայտարարություններ և մեկնաբանություններ՝ արտահայտելով իրենց աներկբա աջակցությունը Ադրբեջանին, այդ թվում և հավանական ռազմական ներգրավմամբ։ Սա ծայրահեղ վնասակար է և ոչ միայն քաջալերում է Ադրբեջանին շարունակելու ընթանալ սրացման վտանգավոր ուղով, այլև առաջ է բերում հիմնարար հարցադրումներ, թե արդյոք այդ երկիրը կարող է որևէ վստահելի և դրական դեր խաղալ Հարավային Կովկասում։ Այս պահին առավել քան հստակ է, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր Հայաստանի անվտանգությանը։ Ավելին, Թուրքիայի փորձերը՝ միջամտելու հարևան այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտություններին արդեն իսկ խարխլել են անվտանգությունն ու կայունությունն այնտեղ։

Այս փաստերն ավելի անհնար են դարձնում Թուրքիայի որևէ դերակատարությունը՝ միջազգային և հատկապես ԵԱՀԿ շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։ Հայաստանը կշարունակի հետևողականորեն աշխատել միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ։ Ի տարբերություն Թուրքիայի՝ Ռուսաստանը, լինելով Հայաստանի դաշնակիցը և կրելով ռազմական անվտանգության համաձայնագրերի պարտավորությունները, ընտրեց առավել հավասարակշիռ մոտեցում և առաջարկեց իր միջնորդական ծառայությունները ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահ, այլև ազգային կարգավիճակով։

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրները Բաքու-Երևան հարաբերությունները կարգավորելու նպատակով։

– Ներկայիս իրավիճակը պահանջում է հնարավորինս արագ ներգրավվում բանակցություններում՝ հիմնված բարի կամքի վրա։ Ադրբեջանը պետք է վերջապես ըմբռնի, որ մենք ապրում ենք նույն տարածաշրջանում և կարիք ունենք կառուցելու ընդհանուր անվտանգության տարածք։ Այդ նպատակին հասնելու համար, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է առանց նախապայմանների հարգվի, միջազգային իրավականորեն պարտադիր մեխանիզմները պետք է գործի դրվեն այդ իրավունքի իրականացման և ԼՂ կարգավիճակի որոշման համար։ Այդ պարագայում Հարավային Կովկասի ողջ ներուժը կիրացվի, որից հավասարապես կշահենք բոլորս։

– Կցանկանայի՞ք, որ միջազգային կազմակերպությունների ներգրավվեին խաղաղության գործընթացում։

– Մենք, ինչպես և միջազգային հանրության մեծամասնությունը, հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է՝ միջնորդելու ԼՂ հակամարտության հարատև կարգավորման հասնելուն ուղղված խաղաղ բանակցությունները։ Ցանկացած այլ սատարող ներգրավում միջազգային կազմակերպությունների կողմից պետք է սերտորեն համադրվի և խորհրդակցվի համանախագահների հետ։ Ցավոք սրտի, մենք անցյալում ականատես ենք եղել այն իրողությանը, որ այլ մոտեցման պարագայում, հաճախ, եթե ոչ միտումնավոր, ապա նույնիսկ առանց դիտավորության, դա կարող է ավելի վնասել, քան օգտակար լինել խաղաղ գործընթացին։

– 2016թ ի վեր, երկու կողմերը հայտարարել են միմյանց ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների մասին։ Կարծու՞մ եք, որ դա դեռ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ինչպե՞ս է հայկական կողմը պաշտպանվում կիբերհարձակումներից։ Արդյո՞ք կիբերանվտանգությունը կարևոր առաջնահերթություն է ներկա իշխանությունների համար։

– Հայաստանը միայնակ չէ։ Համարյա բոլոր երկրները դարձել են խոցելի կիբերսպառնալիքների և իրական կիբերհարձակումների համար։ Նոր որակումներ են դրվել շրջանառության մեջ, ինչպիսիք են կիբեր պատերազմ, խառնածին պատերազմ։ Խիստ մտահոգիչ է այն, որ կիբերսպառնալիքները ապագայում ավելի աճելու են՝ դրա հետ միասին նաև նման հարձակումների քայքայիչ ուժը։ Հայաստանի վրա այդպիսի հարձակումների հիմնական աղբյուրը մեր հարևան Ադրբեջանն է։ Նրանք այդ նպատակով աշխատեցնում են ցանցահենների հատուկ խմբեր և բացահայտ կերպով ներկայացնում հայկական կայքերի թափանցումները։ Իհարկե, մենք շատ բան ենք անում մեզ կիբերտարածքում պաշտպանելու համար՝ կառուցելով պաշտպանական համակարգեր և բարդ համակարգչային ցանցեր։ Միաժամանակ, մենք կարծում ենք, որ, որպես միջազգային հանրություն, մենք պետք է մեկտեղի գանք և մշակենք կիբեր տարածքի համար վարքի կանոնակարգ։ Այլապես, մենք ապրելու ենք շատ վտանգավոր և անկանխատեսելի աշխարհում։

– Արդյո՞ք Հայաստանը եղել է ապատեղեկատվության արշավների թիրախ և ներսում և դրսում։ Ի՞նչ է հատկապես տեղի ունեցել։ Ինչպե՞ս կարելի է պայքարել այդ վտանգի դեմ։

– Ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, առավել լայն որակմամբ ինֆոդեմիան, դարձել է մեր առօրյա կյանքի մասը՝ ցանկանանք դա, թե ոչ։ Դա միշտ եղել է, սակայն թվային դարաշրջանի, սոցիալական ցանցերի նոր իրողությունների պայմաններում այդ երևույթը և նրա կազմաքանդիչ ազդեցությունն աճել են երկրաչափորեն։ Բնականաբար, մենք բոլորս ազդվում ենք դրանից։ Ի՞նչ կարելի է անել հակազդելու և նվազեցնելու վնասը։ Ակնհայտորեն, առավել արդյունավետ գործելաոճը պետք է լինի եռանդորեն և անխոնջ կերպով առաջարկելու ճշմարիտ և օբյեկտիվ տեղեկատվություն, բացահայտելու ապատեղեկատվության հետևում կանգնածների իրական շարժառիթները, կրթելու հանրությանը՝ լինել ավելի «մեդիա գրագետ» և հմուտ՝ տարբերակելու ճշմարտությունը ստից։