Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, առողջապահության նախարարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:

«Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակն ու առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Տարբեր բառեր կարող ենք օգտագործել. այդ բառերը կարող են լինել դրամատիկ, պրոֆեսիոնալ, բայց ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛ մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար շատ ցավագին են:

Ձեզնից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում և, հետևաբար, ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև իր մարդկային պարտավորությամբ, որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: «Ամեն օր ես հետևում եմ, թե ինչ է կատարվում և՛ դեղորայքի, և՛ բժշկության ոլորտում, և փորձում եմ իմ փոքր ներդրումը բերել՝ խոսելով պրոֆեսիոնալների հետ,– ասել է Հանրապետության նախագահ: -Կուզենայի՝ մեր զրույցն ընթանար հետևյալ ընդհանուր վերնագրով՝ «Հայաստանում կորոնավիրուսի խնդիրներն այսօր, վաղը», նկատի ունեմ մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց, երկու ամիս անց: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, երբ մենք կորի առավելագույնին կհասնենք և կսկսենք իջնել ցած, կսկսենք մտածել, թե ինչպիսին է լինելու կյանքը կորոնավիրուսից հետո: Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է վերադառնալ այն նույն կյանքին, որ եղել է կորոնավիրուսից առաջ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, չարաչար սխալվում է»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է, ի դեմս քննարկման մասնակիցների, լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ, ինչպե՞ս,-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում:

Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք իրավիճակ, եկեք գնահատենք այն և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու: Նախ և առաջ ուզում եմ առանձնացնել 3 թեմա:

Առաջինը՝ ռազմավարություն՝ սկսած այսօրվանից: Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի, թե որն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որովհետև դրանից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար՝ լինեն քաղաքները, հիվանդանոցները:

Դրան հետևելու է երկրորդ մասը, որը կարևոր է՝ կառավարումը: Սա շատ էական խնդիր է: Ինչու՞ է էական: Եթե ռազմավարությունը հիվանդներին ավելի շատ կամ քիչ թեստ անելն է, կքննարկենք, բայց կառավարման ոլորտում շատ էական խնդիրներ ունենք: Այսօր հիվանդանոցային մահճակալները, որոնք տրամադրված են, մոտ 1700 են կամ ավելի: Համարենք՝ վաղը դառնալու են 2000: Ուզու՞մ ենք ավելի մահճակալային տեղեր, թե՞ չենք ուզում, կարողանալու՞ ենք ավելացնել և ի՞նչ ռեսուրսներից. սա՝ մի հարց: Երկրորդը, որո՞նք են հիմնական բաղադրիչներն այդտեղ: Եթե 2000 մահճակալային տեղ ունենք, և ես զրուցում եմ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպայում ձեր գործընկերների կամ պրոֆեսիոնալների հետ, այնտեղ միջինում մեկ բժիշկը սպասարկում է մինչև 20 հիվանդ: Հիմա թող մեզ մոտ սպասարկի 10 կամ ավելի: Իմ պատկերացմամբ՝ կորոնավիրուսի բուժումը սկզբունքորեն 3 տիպի հիվանդների է վերաբերում: Մեկը՝ որ երիտասարդ են, շատ թեթև են տանում, որոնց պետք է ուղղակի խորհուրդ տալ, որոնք տանը պետք է անցկացնեն, մյուսն՝ ամբուլատոր, մարդիկ են, որ հիվանդանոցում պետք է պառկեն: Սկզբունքորեն արդեն այս ամիսների ընթացքում կան զանազան պրոտոկոլներ, այսինքն՝ բուժման ծրագրեր:

Եթե 2000 է հիվանդների թիվը, և ամեն բժիշկ կարող է մոտավորապես 10 հիվանդ բուժել, ուրեմն խոսում ենք 200 բժշկի մասին: Ինչի՞ համար եմ այս ամենն ասում. քանի որ կան կոչեր, որ մենք կարիք ունենք բժիշկների և բերենք դրսից: Ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը: Ինձ համար դժվար չէ զանգահարել իմ գործընկերներին, օրինակ՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, որ բժիշկ ուղարկեն Հայաստան: Այդ բժիշկը եկավ Հայաստան, ի՞նչ է անելու, որտե՞ղ է ապրելու, ի՞նչ է ուտելու, դա թողնենք մի կողմ, եթե, օրինակ, ֆրանսիացի է, ապա պետք է նաև թարգմանիչ լինի: Ես կարծում եմ, որ այսօրվա պայմաններում, եթե կարիք ունենք բժշկի, ապա կարիք ունենք խորհրդի, մանավանդ, ծանր դեպքերում: Օրինակ՝ եթե երիկամների հետ կապված խնդիր կա, բուժող բժիշկը պետք է դիմի մասնագետի. այդ խորհուրդը կարող է, օրինակ, պրոֆեսոր Բաբլոյանը տալ կապի տարբեր միջոցներով, կամ Միչիգանի բժիշկը կարող է տալ այդ նույն խորհուրդը: Հետևաբար, եթե ես, որպես նախագահ, պետք է օգնություն խնդրեմ, ապա ի՞նչ խնդրեմ, որ 100 բժի՞շկ գա Հայաստան, թե՞ որ կազմակերպենք, որ 100 լավագույն բժիշկներն աշխարհի տարբեր կենտրոններից կապված լինեն մեր կենտրոնների հետ և իրենց պրոֆեսիոնալ փորձը հաղորդեն կամ խորհուրդ տան այդ կամ այն բարդ դեպքերում՝ ըստ իրենց փորձառության:

Երկրորդը, ես պատկերացնում եմ, որ հիմնական դժվարությունը լինելու է օգնող ձեռքերի հետ կապված: Այսինքն՝ նույն սանիտարների, բուժքույրերի, բուժեղբայրների թիվը, հավանաբար, կարող է և չբավարարել: Ես կարծում եմ՝ մենք Հայաստանում ունենք մեծ ռեսուրս, և, օրինակ, ռեսուրսներից մեկը բժշկական համալսարանն է: Եթե մենք ունենք օրդինատուրայում կամ բարձր կուրսերում սովորող երիտասարդ բժիշկներ, բնական է, որ լավագույն փորձառությունը նրանց կյանքի համար կլինի այն, որ այս դժվարագույն պայմաններում մասնակցեն այս գործընթացին: Եթե մենք կարողանանք ամեն բժշկի կցել մեկ երիտասարդ ուսանող, որը լինի զուտ օգնական, դա հոյակապ դպրոց է երիտասարդի համար: Սրանով երկու հարց ենք լուծում՝ բժիշկներին թեթևացնում ենք, ուսանողին կրթություն ենք տալիս: Միակ բանը, որ մենք պետք է սովորեցնենք այդ երիտասարդին՝ ինչպես հագնել և հանել պաշտպանական համակարգը, քանի որ դա ամենաէական խնդիրն է: Մենք ունենք ռեսուրսներ, որոնք կարող ենք ներդնել, որովհետև, ես կարծում եմ՝ բժիշկների կյանքը շատ ծանր է»:

Այս համատեքստում Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է գնահատի իր զավակներին, որոնք այս ծանր օրերին վտանգի տակ են դրել իրենց և իրենց ընտանիքների կյանքը,-ասել է հանրապետության նախագահը, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է:

Ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը: «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները,-ասել է նախագահը: -Հիմա եթե այս բոլորը կան, կա նաև երրորդ հարցը՝ աջակցությունը, մասնավորապես՝ նախագահական ինստիտուտի կողմից: Նախարարը կհաստատի, որ առաջին իսկ օրերից՝ մարտի սկզբից, մենք համագործակցել ենք այն իմաստով, որ ես նախարարին կապի մեջ եմ «դրել» տարբեր ինստիտուտների հետ՝ սկսած Իսրայելից և այլ երկրներից, որտեղ փորձառություն ունեն:

Իմ դերը կապը ստեղծելու մեջ է, նաև դիմել իմ գործընկերներին, որ աջակցեն: Շատերն են պատրաստ, բայց պետք է լինենք շատ հստակ, թե ինչ ենք ուզում: Ուզո՞ւմ ենք, արդյոք, օդափոխիչներ, գուցե բավարար քանակ արդեն ունենք, բայց դրանց լրացուցիչ կարիքը կլինի մեկ ամիս հետո կամ երկու: Ուզո՞ւմ ենք արդյոք դիմակներ կամ չենք ուզում, քանի որ դրանք ինքներս կարող ենք կարել, կամ ձեռնոցներ, քանի որ դրանք էժան են և կարող ենք գնել, հանդերձանք, դեղորայքի որոշակի տեսակներ: Կամ գուցե ամենակարևոր խնդիրն այսօր թթվածի՞նն է…

Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից պատրաստ են մեզ աջակցելու: Սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն:

Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Ես օրինակ բերեմ. մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք, ահագին ավելցուկ ունենք, պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկ տվեց, այսօր առավոտյան Սերբիայի նախագահն ինձ պատասխան գրեց, թե ինչ կարող են ուղարկել և որքան, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը:

Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այստեղ միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ, և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով»:

Քննարկման ժամանակ Հանրապետության նախագահը նաև նշել է, որ աշխարհը կորոնավիրուսից հետո լինելու է տարբեր: «Աշխարհն արդեն իսկ տարբեր էր, պարզապես չէինք նկատում, քանի որ արագացած էր, շատ բաներ փոխվել էին,-ասել է նախագահը: -Կորոնավիրուսն ուղղակի «արագացուցիչ» էր կամ «սառը ցնցուղ», որպեսզի մարդիկ գիտակցեն, որ մենք ապրում ենք մի ուրիշ աշխարհում, և մեր խնդիրները կորոնավիրուսից հետո նույնպես հսկայական են լինելու»:

Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման մասնակիցները ներկայացրել են համավարակի կանխարգելման ու իրավիճակի հաղթահարման իրենց մոտեցումներն ու առաջարկությունները: Բուժհաստատությունների ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել իրավիճակի, ձեռնարկվող քայլերի, առկա խնդիրների ու դժվարությունների մասին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին նախաձեռնության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները՝ նշելով, որ մասնագետների, պրոֆեսիոնալների կարծիքը լսելը միշտ կարևոր է` կատարված գործողությունները գնահատելու, շտկելու և ապագան ծրագրելու տեսանկյունից:

Անդրադառնալով Հանրապետության նախագահի աջակցությանը՝ նախարարը համաձայնել է, որ պահանջարկը պետք է հստակ ձևակերպվի և ներկայացվի: «Իրավիճակի զարգացմանը զուգընթաց՝ մենք կատարում ենք այդ պահանջարկի հստակեցումները»,-նշել է նախարարը՝ ավելացնելով, որ նախկինում թոքերի արհեստական օդափոխության սարքերի պահանջարկ կար, հիմա թթվածնի խնդիրն է, որի պահանջարկը փորձում են ապահովել թե՛ տեղական ուժերով, և թե՛ ներկրումներով:

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է հնչած մի շարք հարցերի: «Համաձայն եմ ձեր այն կարծիքների հետ, որ այս իրավիճակը և՛ ժամանակավոր է, և՛ ժամանակավոր չէ, որովհետև վիրուսային հիվանդություններ ապագայում կրկին լինելու են, և բոլորս հասկացանք, որ կարիք կա մեր առողջապահական համակարգն ավելի բարձր մակարդակի վրա դնել: Հետևաբար, այդ ոլորտում ներդրումներ կատարելուց մենք չենք կորցնելու, այլ շահելու ենք, քանի որ ավելի մեծաթիվ մարդկանց կկարողանանք բուժել և պաշտպանել»:

Նախագահը նշել է, որ այս իրավիճակը, չնայած ցավալի հետևանքներին, ունի նաև առավելություն այն առումով, որ շատ երկրներ արդեն հաղթահարել են համավարակի բարդ փուլը, ռեսուրսներ են ավելացրել և պատրաստ են աջակցելու: «Շուկայում շատ գործիքներ, դեղամիջոցներ լինելու են շատ ավելի մատչելի, և ժամանակն է, որ չվախենանք դրանք գնել: Ես հավատում եմ, որ փոքր երկիրը նաև ունի իր առավելությունը: Մենք փոքր ենք և ավելի կառավարելի ենք: Ժամանակն է օրենքով նաև փոխելու վերաբերմունքը մեր առողջապահական համակարգի նկատմամբ: Ժամանակի ընթացքում մենք գալու ենք մի իրավիճակի, որ կորոնավիրուսը դառնալու է մեր հիվանդություններից մեկը՝ բուժելի, կառավարելի, մեկուսացվող, իր բոլոր պրոտոկոլներով, որոնք պետք է ստանդարտի վերածվեն»:

Նա համակարծիք է եղել հնչած այն դիտարկման հետ, որ վիրուսաբանության ոլորտը պետք է զարգացվի՝ հետագայում նման իրավիճակներին առավել պատրաստ լինելու համար. «Մեր մոտեցումները պետք է լինեն ոչ թե դրվագային՝ այս պահին եղած խնդիրը լուծելու հետ կապված, այլ՝ համակարգված: Սա, իհարկե, վերաբերում է ոչ միայն առողջապահությանը: Մենք պետք է համաշխարհայինից գտնենք յուրօրինակը, գտնենք այն լուծումը, որն այս պահին մեր երկրում աշխատելու է: Այդ դեպքում մենք կհաջողենք»:

Նախագահը համաձայնել է այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է ունենալ վստահություն բոլոր օղակների միջև. «Այստեղ հնչեց «վստահություն» բառը, ինչը շատ էական է: Այն էական է և՛ հանրային, և՛ միջպետական հարաբերություններում: Նույնը ճիշտ է նաև անհատների հարաբերություններում: Եթե կա մի գործոն, որը կոչվում է վստահություն, այդ դեպքում կարող ես նստել և բոլոր խնդիրները լուծել: Վստահությունը և բաց խոսելն է, և որոշ դեպքերում ներողությունը խնդրելը: Ներողություն խնդրում են այն մարդիկ, անհատները և ինստիտուտները, որոնք ուժեղ են: Վստահությունը նաև կրթություն է»:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանն, օգտագործելով առիթը, ևս մեկ անգամ դիմել է մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: «Կորոնավիրուսն այստեղ է՝ Հայաստանում, կորոնավիրուսն ամբողջ աշխարհում է, և պայքարի լավագույն ձևը որոշակի կանոններ պահելն է,-ընդգծել է նախագահը: -Կանոնները ձևակերպվում են կառավարությունների, պետությունների կողմից, դրանք պարտադիր են, բայց խնդրում եմ, օգտագործեք ձեր առողջ տրամաբանությունը և արեք ավելին, քան ձեզանից պահանջում են: Լավագույն դեղամիջոցը կարգուկանոնն է, պատասխանատվությունը»:

Նա շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և բոլոր բժիշկներին, բժշկական ոլորտի բոլոր աշխատողներին. «Դուք եք այսօր առաջնագծում: Սրանք զուտ բառեր չեն: Դուք այսօրվա մեր հերոսներն եք, և մեր բոլորի հույսը կապված է ձեզ և ձեր հիմնարկների հետ, որոնք պետք է լինեն առողջության ամրոցներ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որ լաբորատորիաները, հիվանդանոցները պաշտպանված լինեն հիվանդություններից: Բոլորիդ մաղթում եմ նախ և առաջ առողջություն, հաջողություններ, մաղթում եմ, որ ոչ միայն կազմակերպված լինենք, այլև պահենք կարգուկանոնը: Ուրիշ ճանապարհ չկա»»,-ասել է Հանրապետության նախագահն, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: