Վրաստանին՝ 15% իջեցում, Հայաստանին՝ գնի բարձրացման հայտ․ փորձագետները՝ ռուսական գազի գնի շուրջ իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 13:44
Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:40
«Գլխին էլ 5 հազար փող են տալի»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել, կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:36
Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը
11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:03
Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:56
Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ
11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մինչ ռուսական կողմը մերժում է ռազմավարական դաշնակից Հայաստանի համար նվազեցնել գազի սակագինը՝ այն կապելով Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի հետ, հարևան Վրաստանը ռուսական «Գազպրոմ»-ից կսկսի գազ ստանալ 15%-ով ավելի էժան։

Ռուս-վրացական գազային նոր պայմանագրի մասին տեղեկությունը նախօրեին փոխանցեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, իսկ ավելի ուշ այն հաստատեց նաև «Գազպրոմ»-ը։ Վրացի նախարարը, միաժամանակ, նշել է, որ գազային պայմանագրում գնի փոփոխությունն արվել է՝ հաշվի առնելով ուժգնացող մրցակցությունը և այն, որ գազի և նավթի համաշխարհային գները նվազում են։

Factor.am-ի հետ զրույցում վրացի տնտեսագետ Գիա Խուխաշվիլին նույնպես նշեց, որ գազի գնի նվազման հարցում հաջողության կարողացել են հասնել՝ էներգակիրների շուկայում տիրող իրավիճակի շնորհիվ, և այստեղ ոչ մի քաղաքականություն չկա։

«Սա ընդհանուր կոնյուկտուրա է, առանձնապես քաղաքականություն այստեղ չեմ տեսնում։ Մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում էներգակիրների շուկայում, և որոշակի մրցունակություն պահպանելու համար հարկավոր էր լուրջ զեղչեր անել»,- նշեց նա։

Սակայն, ըստ Խուխաշվիլիի, սա Վրաստանի գազի մատակարարումների կառուցվածքում համակարգային փոփոխությունների չի բերի․ «Չեմ կարծում, որ սա որևէ համակարգային փոփոխությունների կհանգեցնի, քանի որ մեր հիմնական գործընկերը գազի ոլորտում շարունակում է մնալ Ադրբեջանը։ Ամեն դեպքում՝ մատակարարումների դիվերսիֆիկացիան միայն ուժեղացնում է երկրի էներգետիկ անվտանգությունը»։

Նշենք, որ ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին Վրաստանում շուրջ 2.5 մլրդ խորանարդ մետր գազ է սպառվելու, որից ռուսական գազին բաժին կհասնի միայն 170 մլն խորանարդ մետրը։ Մնացյալ պահանջարկը կծածկվի ադրբեջական գազի հաշվին։

Էներգետիկ հարցերով ռուսաստանցի փորձագետ Իգոր Յուշկովը մեզ հետ զրույցում մեկնաբանելով վրաց-ռուսական գազային նոր պայմանագիրը՝ կարծիք հայտնեց, որ Վրաստանին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է գազի գնի նվազման հասնել՝ օգտագործելով եվրոպական շուկայում գազի գնի անկման փաստը։

«Կարծում եմ՝ Վրաստանին հաջողվել է զեղչ ստանալ, քանի որ մեկնարկային գինը համեմատաբար բարձր է եղել՝ եվրոպական շուկայում և ԵՏՄ-ում ներկայում առկա գների համեմատ։ Այստեղ կա նաև Ադրբեջանի գործոնը, որի հետ «Գազպրոմ»-ի մրցակցության փաստն էլ Վրաստանին թույլ է տալիս նվազեցնել ռուսական գազի գինը։ Պետք է նաև հաշվի առնել, որ Վրաստանին գազի մատակարարման ծավալները շատ փոքր են, և «Գազպրոմ»-ը համաձայնում է զիջումների, քանի որ իր համար լրացուցիչ վնասների հարց չի բարձրանում»,- նշեց փորձագետը։

Յուշկովի խոսքով՝ համաձայնության մանրամասներն ամբողջությամբ դեռևս հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, որ համալիր պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ թվում՝ դեպի Հայաստան տարանցման գնի հարցով։

«Հնարավոր է, որ «Գազպրոմ»-ը, օրինակ, նվազեցնում է գազի գինը Վրաստանի համար, իսկ Թբիլիսին նվազեցնում է դեպի Հայաստան գազի տարանցման գինը։ Այս դեպքում «Գազպրոմ»-ը կարող է զիջումների գնալ Հայաստանի պարագայում՝ կա՛մ նվազեցնել գազի գինը սահմանին, կա՛մ չպահանջել սակագնի բարձրացում Հայաստանի ներսում։ Այդ պատճառով, միանգամայն հավանական է, որ խոսքը համալիր համաձայնության մասին է»,- ասաց Իգոր Յուշկովը։

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վրաց-ռուսական բանակցություններում հաջողության արձանագրումը կարևոր է նաև Հայաստանի համար․ «Որովհետև ռուս-վրացական հարաբերությունների ցանկացած բարելավում ուժեղացնում է հյուսիս-հարավ գիծը՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական, ինչը ձեռնտու է Հայաստանին և հակադրվում է արևելք-արևմուտք թուրք-ադրբեջանական՝ մեզ խեղդամահ անող օղակին»։

Արա Մարջանյանի խոսքով՝ թեև ռուսական գազը Հայաստանի համար շարունակում է մնալ տնտեսապես ամենաձեռնտու էներգակիրը, բայց, այնուամենայնիվ, գազային բանակցություններում առկա մոտեցումն այնքան էլ չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական հարաբերությունների տրամաբանությանը։

«Քննարկվում էր, որ այո՛, Հայաստանը գազը ստանում է պրեֆերենցիալ գներով, բայց գնային կոնյուկտուրան որոշակի փոխլրացնող մեխանիզմներ է պահանջում։ Այսինքն՝ երբ գազը թանկ է, ՌԴ-ն Հայաստանին գազ է մատակարարում ավելի էժան, երբ տեղի է ունենում գնանկում, Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է այդ գնանկումը փոխհատուցեն։ Սա, կարծում եմ, այնքան էլ համահունչ չէ դաշնակցային հարաբերություններին, և ավելի ճիշտ կլինի մոտեցումը, որ գազի մատակարարումը դաշնակիցներին պետք է միշտ ավելի ձեռնտու լինի, քան այլ երկրներին»,- ասաց փորձագետը։

Վրաց-ռուսական գազային բանակցություններում Վրաստանի հաջողությունը քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանն օրինաչափ է համարում։ Ասում է՝ Թբիլիսին հաղթաթուղթ ունի, քանի որ գազամատակարարման ուղիներն այնտեղ դիվերսիֆիկացված են, և Մոսկվան չէր կարող Թբիլիսիին նույնպիսի նեղ կացության մեջ դնել, ինչպես անում է Երևանի պարագայում։

«Ռուսաստանի շահերից էլ չէր բխի, եթե Վրաստանն ուղղակի դուռը փակեր «Գազպրոմ»-ի երեսին։ Ես տպավորություն ունեմ, որ սա, այնուամենայնիվ, նախադրյալ է, որպեսզի նույն մոտեցումը ցուցաբերվի Հայաստանի պարագայում, որովհետև այլևս բոլոր փաստարկները, թե «Գազպրոմ»-ի համար տնտեսապես հիմնավորված չէ նվազեցումը կամ այլ դժվարություններ, որոնց վրա հղում է անում Մոսկվան, այլևս չեն լինի»,- ասաց նա։

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ հայ-ռուսական գազային բանակցություններում Մոսկվան ընդամենը «կապրիզներ» է դրսևորում, ինչի վկայությունն են Պուտինի և Լավրովի հայտարարությունները։ Եվ եթե, ըստ նրա, ժամանակին Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ Իրան-Հայաստան գազի խողովակը «չբարակեր» և լիներ տարանցիկ, այսօր մենք էլ Ռուսաստանի հետ բանակցություններում ավելի ամուր դիրքերում կլինեինք։ Նա նաև 2013 թվականին կնքված հայ-ռուսական գազային պայմանագրի վերանայման անհրաժեշտություն է տեսնում։

«Դա ստրկատիրական պայմանագիր է, որը ոչ չի բխում Հայաստանի շահերից, այլև սպասարկում է բացառապես ՌԴ-ի շահերը՝ ի հաշիվ մեր ինքնիշխանության։ Իմ համոզմամբ՝ դա նաև հակասահմանադրական է, և ՍԴ-ի հարցը լուծելուց հետո, այդ հարցը պետք է կրկնակի քննարկվի Սահմանադրական դատարանում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Իսկ հայ-ռուսական գազային բանակցությունները, հիշեցնենք, դեռևս փակուղում են։ Միաժամանակ, ՀԾԿՀ-ն շարունակում է քննել Հայաստանի սպառողների համար գազի սակագինը բարձրացնելու՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը։ Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարից 165 դոլար է՝ 1000 խ.մ.-ի դիմաց։ Սպառողներին գազը հասնում է 285 դոլարով։ «Գազպրոմ-Արմենիա»-ն շուրջ 11%-ով գազի սակագնի թանկացման հայտ է ներկայացրել։

Թամարա Հակոբյան