Ապրիլյան պատերազմի չբացահայտված ինտրիգը՝ Կարեն Կարապետյանի շուրջ․ ի՞նչ վնաս է կրել բանակը անորակ դիզվառելիքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահել ինտրիգը տարիներ առաջ ԱԺ-ում արած իր աղմկահարույց հայտարարության վերաբերյալ, թե Ապրիլյան պատերազմում ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել։ Կարեն Կարապետյանն այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով էր ներկայացել։ Հանդիպումից հետո ասաց՝ պատասխանել է դիզվառելիքի մասին հարցին, իսկ թե ինչ է ասել, նախկին վարչապետը գաղտնիք պահեց․ «Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է, քանի որ հանձնաժողովը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավել ասել չեմ կարող»։

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովն ունի պատասխան այն հարցին, թե արդյոք անորակ վառելիքը ռազմական տեխնիկայի չաշխատելու պատճառ է դարձել, նիստից հետո հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների համառ հարցերը, սակայն, հանձնաժողովի նախագահին չստիպեցին մանրամասնել՝ արդյոք Կարեն Կարապետյանը պնդե՞լ է 3 տարի առաջ արած հայտարարությունը։ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ փորձել են սա հասկանալ՝ արդյոք վարչապետ Կարապետյանը հանձնարարական իջեցրե՞լ է իրավապահ մարմիններին բանակին մատակարարված անորակ դիզվառելիքի շուրջ քննություն անցկացնելու հարցով:

«Կարեն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան՝ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում։ Հանձնաժողովը երբ այդ հարցը տալիս է, ինքը ունի նաև ուսումնասիրություններ։ Ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք եղել են մինչև Կարեն Կարապետյանը և շատ կարևոր եմ համարել ՊԲ հրամանատարի բացատրությունները»,- ասաց Քոչարյանը։

Դեռ տարիներ առաջ՝ 2017-ի մարտին, աղմուկ էր բարձրացրել Ապրիլյան պատերազմից հինգ ամիս անց Հայաստանի վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ բանակին մատակարարված անորակ վառելիքը Ապրիլյան պատերազմում ի վնաս մեզ է գործել․ «Դուք շատ լավ հիշում եք, որ Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։

Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը շտապել էր հերքել Պաշտպանության նախարարությունը, նշելով, թե անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ, ներառյալ 2016 թվականը, չեն արձանագրվել։ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Հայաստան դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանից, ով էլ, ըստ որոշ տեղեկությունների, բանակին վառելիք է մատակարարում, սակայն նրա հետ խոսել չհաջողվեց։

Քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ 2016-ին փաստահավաք աշխատանք էր կատարել ՀՔԱՎ գրասենյակը։ Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել էին 61 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Ամիսներ անց իրավապաշտպանները հրապարակեցին զեկույց, որում ներկայացվել էին պատերազմի օրերին բանակում առկա այն բացերը, որ զինծառայողների հարազատները տեսել էին սեփական աչքերով, այդ թվում՝ ականատես եղել անորակ վառելիքի պատճառով  զինտեխնիկայի չաշխատելու փաստերի։ Զեկույցի համահեղինակ Արմինե Սադիկյանը Factor TV-ին պատմում է՝ զոհված զինծառայողների ծնողները չունենալով տվյալներ հարազատի կորստի հանգամանքների վերաբերյալ, իրենք էին մեկնել ծառայության վայրեր ու հավաքել տեղեկություններ. «Առաջնային խնդիրների շարքում էր զինտեխնիկայի պատրաստվածության աստիճանը, անսարքությունը կամ պակասը, ինչպես նաև վառելիքի հետ կապված խնդիրները։ Առնվազն 8 հոգի նշել էր սպառազինության պակասի ու դրա անսարքության մասին, մի քանի հոգի հստակ նշել են՝ տանկերը ճանապարհներին կանգնած են եղել առանց վառելիքի, որոնց մեջ եղել է ջուր և գործարկելու դեպքում սկսել է խափանվել։ Այդ մարդիկ ասում են այն, ինչ-որ իրենք տեսել են»։

Արմինե Սադիկյանը շեշտում է, որ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու մասին իրենց ստացած տեղեկատվությունը հաստատել է հենց վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնի ելույթում։ Հիշեցնելով, որ Ապրիլյան պատերազմից հետո Զինված ուժերում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ եղան, ինչպես օրինակ՝  ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ԶՈՒ Կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը և Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Արմինե Սադիկյանը հարց է բարձրացնում՝ եթե չարաշահումներ ու թերացումներ չէին եղել, ինչո՞ւ այս զինվորականները պաշտոնանկ արվեցին։ Ի դեպ, հավաքագրված չարաշահումների փաստերով ՀՔԱՎ գրասենյակը տարիներ առաջ հաղորդում էր ներկայացրել դատախազություն, սակայն Սադիկյանն ասաց՝ պատշաճ հետաքննություն չի իրականացվել, իսկ իրենց պատասխանել են, թե բաքերում ջուր լինելու վերաբերյալ ենթադրությունները հերքվել են։

Արցախում բնակվող ու գործունեություն ծավալող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ասում է՝ իր ձեռքի տակ փաստեր առկա չեն, սակայն անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու, դիզվառելիքի գողության մասին տեղեկություններ մշտապես շրջանառվել են նաև Արցախում․ «Տարբեր զինվորականների, հիմնականում՝ ցածր սպայական կազմի և շարքային զինվորականների հարյուրավոր վկայություններն առ այն, որ դիզվառելիքի շատ լուրջ խնդիր կար կամ որ դիզվառելիքի գողությունը Հայկական բանակում տասնամյակներով տարածված երևույթ էր, ես այդ կարծիքի ճշմարտացիության վերաբերյալ նվազագույն կասկած չունեմ։ Ռազմական տեխնիկայում վառելիքի պակասը կամ փոխարինումն այլ նյութերով, որոնք կարող են պատճառ դառնալ ռազմական տեխնիկայի վթարվելու, դա լուրջ հանցագործություն է և չէր կարող բացասական հետևանք չունենալ կորուստների իմաստով։ Այն պետք է հաստատվի կամ հերքվի քրեական գործերով, որոնք Ապրիլյան պատերազմի համատեքստում չեն վարվում»։

Անորակ դիզվառելիքով պայմանավորված տեխնիկայի խափանումների հանգամանքը բազմիցս հերքել է Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի ՊԲ-ի հրամանատար Լևոն Մնացականյանը․ «Տարբեր բաներում հնչեցվում ա՝ իբրև ապրիլին ջուր ա եղել, նման բան չի եղել, բոլոր մեխանիկ-վարորդները զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդվեն, իսկ դուք՝ լրագրողներդ, բոլորի տեղն էլ գիտեք, կարող եք նրանցից ճշտել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նման դեպք չի եղել, դրանք շահարկումներ են»։

Մնացականյանն, ի դեպ, վերջերս էր ներկայացել Ապրիլյանի հանձնաժողով։ Հաջորդ բարձրաստիճան հյուրը, սպասվում է, որ կլինի նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ապա՝ ևս երկու-երեք պաշտոնյաներ։ Պատգամավորների հարցերին պատասխանել են նաև Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, հրաժարվում է ներկայանալ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որը պատերազմի օրերին Զինված ուժերի թիվ 1 պաշտոնյան է եղել։ Անորակ դիզվառելիքից ու չաշխատող զինտեխնիկայից զատ, Ապրիլյան պատերազմին հաջորդած չորս տարիներին բազմաթիվ անպատասխան հարցեր են շրջանառվել, օրինակ՝ արդյոք Հայկական բանակն իմացել է ադրբեջանցիների մոտալուտ հարձակման մասին, թե՞ բացակայել են հետախուզական տվյալները, արդյոք Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող ու Ադրբեջանին միլիարդավոր դոլարների չափ զինած Ռուսաստանը տեղյա՞կ էր սպասվելիք պատերազմի մասին ու արդյոք հայտնե՞լ է դաշնակից Հայաստանին, ինչո՞ւ Հայկական բանակը հետ չգրավեց կորցված տարածքները։ Մինչ օրս Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է 25 000 էջից ավելի փաստաթուղթ, 100 ժամից ավելի տեսանյութ։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը կաշխատի մինչև հունիսի 4-ը, որից հետո կհրապարակի զեկույց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան