Վտանգավոր զարգացումներ․ Վանեցյան – Միքայել Մինասյան տանդեմի առճակատումը Փաշինյանի իշխանության հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը թեժ ընթացք է ստացել։ Հայտարարությունների ու բացահայտումների կոշտ փոխհրաձգություն է մի կողմից իշխող ուժի, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ու նրա շրջապատի, ինչպես նաև ԱԱԾ-ի պաշտոնից հեռացված Արթուր Վանեցյանի միջև։ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարելով, որ Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Յուքոմ», «Սպայկա» ընկերություններում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում, հիշատակեց նաև ոչ վաղ անցյալում իշխանական բուրգի գագաթում եղած Արթուր Վանեցյանի անունը, որն ըստ Փաշինյանի խոսնակի, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ ու կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Միքայել Մինասյանի փայաբաժինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Իսկ Վանեցյանի հոր ընկերությունը դարձել է կոմբինատի խոշոր փոխադրող։

«Տպավորություն է՝ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ Վարչապետն ակնկալում է, որ իրավապահ մարմինները պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը»,- նշել է Գևորգյանը։

Factor TV-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց՝ իր անունը շահարկում են, քանի որ վախ կա իրենից։ Իսկ ավելի ուշ տարածած պաշտոնական հաղորդագրությունում Վանեցյանը նշեց, թե կոմբինատին իր առնչությունների լուրերը ընտանիքին վարկաբեկելու փորձ է՝ չկա որևէ իրական հիմք, իր հայրը կոմբինատի հետ սկսել է աշխատել 2014 թվականից, իսկ հետո իր փայաբաժնից խոսելով Վանեցյանը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա  անմիջական գիտությամբ, իսկ ինքը անձնական հետաքրքրություն չունի։ Վերջում Վանեցյանը հարց էր տվել վարչապետին, թե ի՞նչ է բանակցում Ղարաբաղի շուրջ։ ԱԱԾ նախկին տնօրենին պատասխանեց ո՛չ Փաշինյանը, այլ Հրաչյա Հակոբյանը՝ իր հերթին նոր հարցերով։

«Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաև հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի՝ ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»: Ապա Հրաչյա Հակոբյանը ակնարկում է, թե Վանեցյանին չեն բռնում ու դատում, քանի որ չեն ուզում նրան հավաքագրած երկրի հետ հարաբերությունները փչացնել։ Արթուր Վանեցյանից այս հարցով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ վերջինս հեռախոսահամարը ողջ օրը անհասանելի էր։

Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մանրամասներ հայտնեց Միքայել Մինասյանի, Ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից։ Ըստ գլխավոր դատախազի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 100-ավոր ընկերություններ 10-ից 15 տարի շարունակ թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն են իրականացնել, խոսք է գնում 100-ավոր միլիոն դոլարների մասին, դա ղեկավարվել է 1-2 կենտրոններից։ Որոշ անձանց նկատմամբ հետապնդումներ են սկսվել, սակայն հանցագործությունները ծրագրվել են հետքերը թաքցնելով ու այսօր կան խոչընդոտներ բացահայտումներում։ Արթուր Դավթյանին հարց տրվեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի՝ հավաքագրված լինելու հայտարարության վերաբերյալ, ինչին նա պատասխանեց․ «Այդ բնույթի ցանկացած հայտարարություն գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է և ստուգվելու է»։ Իսկ հարցին՝ արդյոք Դավթյանը ինֆորմացիա ուներ, որ ԱԱԾ նախկին տնօրենը գործակալ է եղել, դատախազը պատասխանեց․ «Իմ ինֆորմացիաները պետք է իրենց արտահայտությունը գտած լինեն քրեական գործերում և քրեական վարույթներում, այդպիսի քրեական վարույթ չկա»:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունը պարտավոր է հանրությանը բացատրություն տալ, թե իրականում ինչու են հեռացվել Արթուր Վանեցյանը և այլ առանցքային պաշտոնյաներ, և մանրամասնել՝ Վանեցյանի պարագայում արդյոք հի՞մք է ծառայել օտարեկրյա գործակալ լինելու հանգամանքը, ինչպես Հրաչյա Հակոբյանն է ակնարկել։ Բարսեղյանն ասաց՝ բարեխիղճ իշխանությանը վայել չէ հարցականներով ու ակնարկներով խոսելը, պետք է բերվեն հստակ ու ճշգրիտ փաստեր՝ իրավական ելքով։

«Եթե կա պետական պաշտոնյայի օրինախախտում, հանցագործություն, դավադրություն, դավաճանություն, լավից վատից քրեական օրենսգիրք կա, ճիշտ է, սերժաբարո դատաիրավական համակարգ ունենք դեռ, լավ գոնե իրենք չէ՞ կարող են էդ քրեական գործը հարուցել՝ պատշաճ հիմքերի դեպքում, եթե անգործության են մատնված, իրենց նկատմամբ պիտի հարուցվի»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Ինչո՞ւ միայն հարցեր, և ոչ՝ քրեական գործեր, Factor TV-ն այսօր փորձեց պարզաբանումներ ստանալ սկանդալային հայտարարության հեղինակ Հրաչյա Հակոբյանից․ «Ավելացնելու ոչինչ չունեմ գրառման հետ կապված, որովհետև նույնն եմ ասելու, եթե նրանց մոտ կան հարցեր և հարցերը սկսվել են բացվել, ես էլ ունեմ իմ հարցերը, և հանրությունն էլ պիտի իմանա, որ կան նման հարցեր»,- պատասխանեց իշխանական պատգամավորը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Արցախյան կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշման կոշտացման, համավարակի բերած ֆորս մաժորի պայմաններում Ռուսաստանը հայաստանյան ընդդիմության ձեռքով, որի դերում դիրքավորված է Արթուր Վանեցյան – Միքայել Մինասյան տանդեմը, հարվածներ է հասցնում իշխանություններին՝ օգտվելով նաև նրա սխալներից։

«Բոլոր կողմերից են հարձակվում իշխանության վրա՝ շահարկելով և մարդկանց սոցիալական վիճակը, որն իսկապես ծանր է, շահարկելով արտաքին քաղաքական խնդիրները, Գավառի դեպքը, ամեն ինչ օգտագործվելու է, և ցավոք, իմ կանխատեսումն այն է, որ լարումը գնալով մեծանալու է, մենք էսպիսի բան տեսել ենք 97-98 թվականներին, երբ ծեծկռտուքներ, կրակոցներ էին լինում, լարումը ավելանում էր, ընդգրկված էին ուժայիններ, և արդյունքը եղավ իշխանափոխությունը։ Իրավիճակը բավականին մոտ է դրան»,- ասաց Բաղդասարյանը։

Ըստ վերլուծաբանի՝ այս դիմակայությունում իշխանությունը կպարտվի, եթե շարունակի մնալ ընդդիմության դաշտում, օրինակ՝ հայտարարություններ արվեն Վանեցյանի ու Մինասյանի ենթադրյալ հանցագործությունների մասին, ինչպես՝ օտարերկրյա գործակալ լինելն է կամ կեղծիքով հարստություններ դիզելը, բայց դրանց չհետևեն համարժեք քայեր օրենքի դաշտում։

«Վանեցյան-Մինասյան տանդեմը իշխանությունների դեմ գործող համակարգի միայն երևացող մասն է, կա նաև չերևացող, խորքային մաս։ Այսինքն՝ էդտեղ և օլիգարխիկ համակարգն է, որը թվում է՝ լեզու է գտել իշխանության հետ, բայց դա էդպես չի, էդ համակարգում է կրիմինալը, էն քաղաքական ուժերը, որոնք կարող է առաջին հայացքից թվալ՝ լոյալ են իշխանությանը, բայց դա էդպես չի, պետական կառավարման համակարգում հազարավոր աշխատողներ։ Առաջին իսկ հնարավոր առիթով դուրս են գալու իշխանության դեմ։ Արմատները շատ ավելի խորն են, իրավիճակն էլ շատ ավելի լուրջ է»,- ասաց քաղաքկան վերլուծաբանը։

Թե քաղաքական զարգացումներն ինչ հունով կգնան, այսօր դժվար է կանխատեսել, սակայն արդեն իսկ տեսանելի է մեկ բան․  թե՛ իշխանությունները, թե՛ նրանց քաղաքական  հակառակորդները սկսել են  շատ ավելի բաց խոսել, ինչը կարող է հանգեցնել ներքաղաքական իրավիճակի էլ ավելի թեժացման։

 

Ռոբերտ Անանյան