Նոր օրենքը՝ եթերը վերահսկելու, թե՞ մեդիադաշտը բարեփոխելու գործիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.04.2020 | 20:12Խաղի նոր կանոններ են առաջարկում իշխանական մի խումբ պատգամավորներ՝ ո՛չ միայն հեռուստառադիոընկերությունների, այլև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար։ Մխիթար Հայրապետյանը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին փոխարինելու եկած «Տեսալսողական մեդիայի և լիցենզավորման» մասին օրենսդրական փաթեթները որակել է լրջագույն բարեփոխում, որ մաքրելու, վարակազերծելու է եթերը։
Փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունն ստորագրել են պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Արման Բաբաջանյանը, Լիլիթ Մակունցը և Մխիթար Հայրապետյանը։ Նրանք զերծ մնացին իրենց նախագծից այսօր խոսելուց, կարտահայտվեն վաղը։ ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը 50 էջանոց փաստաթուղթը երեկ է ստացել՝ դեռ ուսումնասիրել է պետք, բայց ասաց՝ նոր օրենքի կարիք իսկապես կար․ «Որ գործող օրենքը արմատապես պետք էր վերանայել, դրանում կասկած չկա և դրա մասին բազմիցս ենք խոսել։ Թվային դարաշրջանում շատ ավելի առաջադեմ օրենք է պետք պատրաստել»։
Ի՞նչ են առաջարկում նոր օրենսդրությամբ պատգամավորները։ Պահանջ է ներկայացվում լրատվական հաղորդումներին՝ տալ միայն հավաստի և ստուգված նորություններ։ Քաղաքական հաղորդումներում պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, ներկայացվի հակառակ տեսակետը, հաղորդման ժամանակ ընդդիմադիր և իշխանական կողմերը պետք է ունենան ներկայանալու հավասար իրավունք։ Հավասար հնարավորություն ստեղծելու պահանջ կա նաև ընտրությունների փուլում։ Եթե դիցուք՝ քաղաքական գործիչը հրաժարվում է մասնակցել հաղորդմանը, դա մեդիային չի ազատում անկողմնակալություն ապահովելու պարտավորությունից։
Արդյոք սա ռիսկային կարգավորում չէ՞ ու չի տալիս լրատվամիջոցների աշխատանքին միջամտելու հնարավորություն, հետաքրքրվեցինք ԽԱՊԿ ղեկավարից․ «Ես առայժմ չեմ մեկնաբանի, քանի որ ինքս չեմ կարդացել, պետք է նաև կոնտեքստը հասկանալ։ Բայց նմանատիպ պահանջները դա ժուռնալիստիկայի հիմքերի հիմքն է, ստուգված փաստերը, բազմազանության ապահովումը և այլն»,- պատասխանեց Աշոտ Մելիքյանը։
Օրենքի ընդունվելու դեպքում եթեր չեն գնա հաղորդումները, եթե այն վարում են պաշտոնյաները կամ ասենք՝ պատգամավորի թեկնածուն։ Կրթության և գիտության ԱԺ հանձնաժողովում նախագծի թեմայով քննարկում էր։ Եթերը մաքրելու դրված նպատակին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կասկածանքով է մոտենում։
«Մաքրել եթերը ոչ թե պոպուլիստական, այլ ծայրահեղ պոպուլիստական է, չկա այդպիսի հասկացություն, մաքրել ի՞նչը, ինչի՞ց մաքրել, որն է քարոզը, ինձ սահմանումները տվեք, մեկը սեռական փոքրամասնությունների իրավունքները անբարոյականության քարոզ է համարում, մյուսը՝ մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչի՞ց ենք մաքրում, հնդկական, թե հայկական սերիալից։ Եթերը մաքրելու հասկացություն չկա, եթերը պետք է կանոնակարգվի»,- նշեց Տիգրան Հակոբյանը։
Ըստ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի՝ հեռուստատեսությունները նախընտրում են եթեր տալ ռեյտինգ ունեցող հաղորդումները, ինչի արդյունքում ավելի շատ հեռարձակվում են ոչ բարձրաճաշակ երաժշտությունը, սերիալները։ Կարգավորումներ սահմանելիս պետք է նուրբ մոտենալ՝ չվնասելու խոսքի ու արտահայտվելու ազատությունը:
«Հեռուստատեսությունը չի ընդունի ցենզուրայի դրսևորումներ, համամիտ եմ պարոն Հակոբյանի հետ՝ ասպարեզը կանոնակարգման կարոտ է, քան արգելքների։ Վիճակը իմ կարծիքով այդքան վատ չի, շատ մեծ սպառնալիքներ չեմ տեսնում, մեծ բազմազանություն կա հեռուստաալիքների։ Այլ խնդիր է, որ կան որոշակի բացասական երևույթներ, որոնք իսկապես կարելի է արմատախիլ անել՝ քրեական արժեքների, բռնության քարոզչությունը»,- ասաց Դավիթ Ալավերդյանը։
Տեսալսողական մեդիածառայություն կամ տեղեկատվություն տարածողների հիմնադիրները կամ մասնակիցները չեն կարող լինել պաշտոնյաները, կուսակցությունները, դրանց ղեկավար մարմնի անդամները ու նրանց փոխկապակցված անձինք, հասարակական ու կրոնական կազմակերպությունները, դատված անձինք։ Ի դեպ, այս սեկտորին արգելվում է հովանավորել հաղորդումներ, միջամտել մեդիածառայությունների աշխատանքին։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ ՀԿ-ների նկատմամբ այսպիսի արգելքների սահմանումը անհեթեթություն է և չհիմնավորվող։ ՀԿ-ները շահույթ հետապնդող ընկերությունից տարբերվում են միայն մեկ բանով՝ շահույթը չի բաշխվում անդամների միջև, և անհասկանալի է արգելքը։
«Հնարավորություն է սահմանափակում, որ ժողովրդավարական արժեքները կիսող ՀԿ-ները դրամաշնորհներով հեռուստատեսություն կամ ռադիո հիմնադրեն։ Ո՞րն է նպատակը ՀԿ-ներին դա անելու, ցանկացած սահմանափակում պիտի ունենա լեգիտիմ նպատակ, ստեղ չկա այդ լեգիտիմ նպատակը, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի գրելիս կամ հաշվի չեն առել և տեղյակ չեն եղել ՀԿ-ն ՍՊԸ-ից ինչով է տարբերվում, կամ գործել են այն լոբբիստական ուժերը, որոնք աշխատում են Հայաստանում ՀԿ-ների դեմ»,- այսպես մեկնաբանեց Իոաննիսյանը։
Մեդիաներն իրենց հերթին պարտավոր են տարին մեկ անգամ հրապարակել տեղեկություն՝ հիմնադիրների ու մասնակիցների, եկամուտի աղբյուրների մասին։ Հանրային հեռարձակողները, ինչպիսին ասենք՝ Առաջին ալիքն է, իրավունք է ստանում 1 ժամվա ընթացքում 5 րոպեանոց գովազդ հեռարձակել։ Հանրային ռադիոհեռուստաընկերության խորհրդի անդամներին 6 տարով նշանակում է վարչապետը՝ մրցութային կարգով, իսկ նրանք ընտրում են նախագահ։
Որպեսզի հեռուստաընկերությունն իրավունք ունենա հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում, պետք է մրցույթով ստանա լիցենզիա՝ 7 տարի ժամկետով։ Հաղթողին ընտրելիս կարող է վճռական դառնալ, թե օրինակ՝ ինչ խախտումներ է թույլ տվել հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրավունք ունի մինչև անգամ դադարեցնել հեռուստաընկերության աշխատանքը, եթե խախտվել է օրենսդրությունը՝ ինչպես օրինակ այն դեպքում, երբ արտակարգ դրության ժամանակ հայտարարության համար եթեր չի տրամադրել վարչապետին։
Պատգամավորները նախագծի մանրամասներից խոստանում են խոսել վաղը՝ ուղիղ եթերում։
Մանրամասենրը՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան