Իրանական ռազմանավերը խոցելու՝ Թրամփի հայտարարությունն ու Թեհրանի պատասխան սպառնալիքը. ի՞նչ է սպասվում տարածաշրջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 17:31
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
Բոլորը

Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը կրկին սրվում է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ ամերիկյան ՌԾՈՒ-ին հրահանգել է կրակ բացել իրանական նավերի ուղղությամբ:

«Մենք չենք ուզում, որ նրանց հրետանային նավերը շրջապատեն մեր նավերը և անեն այն, ինչ ուզում են։ Ես նման հրաման եմ տվել։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Նրանք վտանգում են մեր նավերը, դրանց հրաշալի անձնակազմը, մեր նավաստիներին։ Նրանք իրենց նավերում զենքեր ունեն, մենք նրանց ուղղությամբ կրակ կբացենք։ Իրանին շատ ուշադիր հետևում ենք, հիմա մենք Իրանի մասին ավելի շատ բան գիտենք, քան իրենք»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ, Պենտագոնը Պարսից ծոցում իրանական պարեկանավերի մանևրումները «սադրանք» էր որակել, Իրանի իշխանություններն իրենց հերթին դատապարտել էին Իսլամական Հանրապետության ծովային սահմաններին շատ մոտ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ու Վաշինգտոնին կոչ արել նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը: Միաժամանակ, Թրամփի հայտարարությանն ի պատասխան՝ Թեհրանը սպառնացել է նոր հրթիռներ տեղակայել Պարսից ծոցում, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը կոչնչացնի ամերիկյան ռազմանավերը, եթե դրանք վտանգ ներկայացնեն երկրի անվտանգությանը:

Փորձագետները կորոնավիրուսի համաճարակի հետևանքով աշխարհում ստեղծված չափազանց բարդ իրավիճակում գնահատում են Թրամփի հայտարարությունն ու դրա հնարավոր հետևանքները: Իրանագետ Վարդան Ոսկանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը միտված է հերթական անգամ ճնշում գործադրել իրանական իշխանությունների նկատմամբ, հաշվի առնելով նաև համաճարակի հետ կապված դժվարությունները, որոնք իրանցիները փորձում են հաղթահարել ծանրագույն պատժամիջոցների պայմաններում: Նրա խոսքով՝ այս պայմաններում, Վաշինգտոնի տրամաբանությամբ, նոր ճնշումների ցանկացած փորձ կարող է թուլացնել իրանական իշխանությունների դիրքերը երկրի ներսում, իսկ ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը միտված է Իրանում վարչակարգի փոփոխությանը:

«Այդ քաղաքականությունն առայժմ անարդյունավետ է, բայց ԱՄՆ-ն շարունակում է նման տրամաբանությամբ քաղաքական ուղեգիծ վարել Իրանի նկատմամբ: Եվ բոլոր այն պնդումները, թե այլ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ն, կարծում եմ՝ չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց իրանագետը:

Սակայն, Վարդան Ոսկանյանի կարծիքով, Թրամփի հայտարարությունն ու Թեհրանի կոշտ արձագանքը հազիվ թե ուղղակի բախման և ռազմական լայնածավալ գործողությունների հանգեցնեն, քանի որ աշխարհն այս պահին զբաղված է բոլորովին այլ համաշխարհային ճգնաժամի կարգավորմամբ, և նոր՝ տեղային ճգնաժամերը ձեռնտու չեն կողմերից որևէ մեկին:

«Ակնհայտ է, որ երկու կողմերին ամենևին ձեռնտու չէ ռազմական ուղղակի բախման գնալ, առանց այն էլ իրանա-ամերիկյան հակամարտություն արբանյակների միջոցով առկա է Մերձավոր Արևելքի գրեթե ամբողջ տարածքում: Ուղղակի բախման հավանականությունը չափազանց փոքր եմ համարում՝ չնայած լարվածության որոշակի ֆոն կա, որը արդեն կտրուկ մոտենում է նաև ուղղակի բախմանը: Մենք նման պահի ականատես ենք եղել: Բայց, կարծում եմ, այս պահի դրությամբ երկու կողմերն էլ դժվար թե հռետորաբանությունից դուրս գնան այլ քայլերի կամ ռազմական բախման»,- համոզված է Վարդան Ոսկանյանը:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս կարծում է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի: Ընդ որում, նրա խոսքով, լարվածության սրացումը ձեռնտու չէ ոչ միայն Իրանին, այլև հենց ԱՄՆ-ին ու, մասնավորապես, Թրամփին, որն ակտիվորեն պատրաստվում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, մինչդեռ արդեն բավական բարդ իրադրության մեջ է:

«Կորոնավիրուսի հետևանքով տնտեսական լուրջ անկում է գրանցվել ԱՄՆ-ում: Եթե նա կարողացավ որպես իր նախագահության հիմնական ձեռքբերում ցույց տալ գործազրկության նվազագույն մակարդակը, հիմա գործազրկությունը պատմական մաքսիմումի վրա է գտնվում: Այնպես որ՝ Թրամփն իրականում շատ խնդիրներ ունի լուծելու, և հիմա լրացուցիչ խնդրի մեկ օջախ ԱՄՆ նախագահին բացարձակ պետք չէ»,- պարզաբանեց Սուրեն Սարգսյանը:

Դա, սակայն, ամենևին չի նշանակում, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Թեհրանի հանդեպ կփոխվի: Թրամփի վերընտրվելու դեպքում, ըստ փորձագետի, ԱՄՆ-ն կշարունակի կոշտ քաղաքականությունը, կուժեղացնի ու կխորացնի պատժամիջոցները: Սա Սուրեն Սարգսյանը պայմանավորում է նաև Իսրայելի հանդեպ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ:

«Թրամփը շատ հստակ քայլեր է ձեռնարկում Իրանի դեմ՝ պաշտպանելու իր երկրի, ինչպես նաև Իսրայելի շահերը: Ըստ էության, մենք գործ ունենք մի նախագահի հետ՝ ի դեմս Թրամփի, ով ԱՄՆ-ի պատմության, թերևս, ամենաիսրայելամետ նախագահն է: Սա շատ հարցերի պատասխան տալիս է, թե ինչու է Թրամփն այդքան կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ»,- ասաց միջազգայնագետը:

Հավելենք, որ Թրամփի հայտարարությանն Իրանը արձագանքել է նաև՝ իր առաջին ռազմական՝ «Նուր» արբանյակը «Քասեդ» հրթիռակրի օգնությամբ ուղեծիր արձակելով: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ուսումնասիրել հրթիռի արձակման համապատասխանությունը 2231 բանաձևին: Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ չկա որևէ միջազգային բանաձև, որն Իրանին կարող է արգելել ռազմական արբանյակներ դուրս բերել ուղեծիր:

Թամարա Հակոբյան