Նախկին ռեժիմի գործակալները՝ ԱԱԾ-ում․ Նիկոլ Փաշինյանը վճռական հարված պիտի հասցնի

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կես տարի պահեց ինտրիգը ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնների շուրջ։ Վեց ամիս պաշտոնավարելով իբրև ուժային կառույցների ղեկավարի պաշտոնակատարներ՝ երեկ Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեցին ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում, իսկ այսօր վարչապետը նրանց ընդունեց կառավարությունում։ Այս վեց ամիսներին ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ Ոստիկանությունում շրջադարձային փոփոխություններ չեն մտցվել, խոստովանել է Նիկոլ Փաշինյանը․ «Բայց ի հայտ ենք բերել պրոբլեմների լայն շրջանակ, որոնք մեզ խանգարում են մեր երազած ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ունենալ»։ Վարչապետը բացահայտել է՝ կա առանձնահատուկ մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել Սարգսյանին ու Մարտիրոսյանին վերանշանակելիս․ «Ես հստակ արձանագրել ու տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել առկա պրոբլեմները, ինչը վստահություն է ներշնչում, որ դրանց լուծման գործում հետևողական կլինեք։ Երկու համակարգերն ունեն լրջագույն բարեփոխումների կարիք»։ Իսկ երկրորդ կարևոր գործոնն, ըստ վարչապետի, ԱԱԾ-ի ու Ոստիկանության միջև անառողջ մրցակցության բացակայությունն է։


Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ թեև Արման Սարգսյանին ու Էդուարդ Մարտիրոսյանին վարչապետն արժանի է համարել բարձր պաշտոններին, այդուամենայնիվ, նրանք անցած վեց ամսում իրականացրել են առավելապես օպերատիվ կառավարում և նրանց գործունեությունում ինքը չի առանձնացնի համակարգային, բարեփոխումներին ուղղված տարրեր․ «Դա սակայն օբյեկտիվ պատճառ ունի, քանի որ նրանք ժամանակավոր պաշտոնակատարներ էին, ինչը հասկանալիորեն սահամանափակում է նրանց գործողությունների ազատությունը։ Առաջիկա մի քանի ամիսները ցույց կտան, թե որքանով են նրանք ադեկվատ արդեն Ոստիկանության ու ԱԱԾ պետի պաշտոններում, իսկ դա առաջին հերթին պետք է արտահայտվի իրենց ղեկավարած համակարգերում արմատական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությամբ, կամքով ու պրոֆեսիոնալիզմով»։


Իսկ ահա  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այս վեց ամսում  ԱԱԾ-ում և Ոստիկանությունում  ոչ միայն տեսանելի փոփոխություններ չի նկատել, այլ հակառակը՝ կարծում է, որ անցյալից եկած խնդիրները պահպանվում են։ 2016թ․ Սարի թաղի իրադարձությունների արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված Ղուկասյանը, որն իր դեմ գործը շինծու է որակում, Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ իր դեմ կեղծ ցուցմունք տված ոստիկաններն ու նրանց գործակալներն այսօր էլ իրենց տեղում են։ Երբ այդ մարդիկ հրաժարվեն կեղծ ցուցմունքներից, ինքը կհամարի, որ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում ինչ-որ բան փոխվում է․ «Ոնց որ հիմա կորոնավիրուսի թեստ են անում, դա էլ մի թեստ է, որը վկայում է, որ այդ համակարգերում շինծու գործեր հարուցելու վիրուսը և անհիմն քրեական հետապնդումներ կազմակերպելու ոճը չի վերացել։ Անպատիժ են մնում նման բաներով զբաղված մարդիկ։ Դա նշանակում է, որ այդ մարմիններն իրենց հիվանդագին ավանդույթներից չեն հրաժարվել և չեն խզել կապերն այդ անցյալի հետ»։

Էդուարդ Մարտիրոսյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում  ղեկավարելու ընթացքում մեղադրանք առաջադրվեց ԱԱԾ բարձրաստիճան մի պաշտոնյայի, որն ըստ ՀՔԾ-ի, տեղեկություններ է հավաքագրել իշխող ՔՊ կուսակցության ղեկավար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ։ Մամուլում հրապարակում է արվել Պապիկյանի դատվածության մասին, այդ փաստը նախարարը կապեց Արթուր Վանեցյանի հետ։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ-ում դեռ կան շերտեր, որոնք ունակ են  այս իշխանության վարկաբեկմանն ուղղված քայլեր կատարել։ Նրա խոսքով, ԱԱԾ-ում բավականին մեծ թիվ են կազմում հեղափոխությունից դժգոհ պաշտոնյաները, որոնք կարոտախտ ունեն նախկինի նկատմամբ, ցանկանում են նրա վերադարձը և աշխատում են այսօրվա իշխանության դեմ:

 

«Սաբոտաժի, վնաս տալու ցանկություն ունեցողները բավականին մեծ թիվ են կազմում և այո, նրանք միշտ թաքուն, ինչ-որ ձևերով փորձելու են խանգարել, վարկաբեկիչ տեղեկություններ շրջանառել, հատկապես, որ լրատվամիջոցների մեծ մասը նախկինների ազդեցության տակ են։ Այդ վտանգը  միշտ կա, լինելու է ու կարծում եմ՝ առաջիկայում այդ հոսանքը, կոմպրոմատների հոսքը՝ նաև հատուկ ծառայությունների աշխատողների կողմից շրջանառության մեջ դրվող, մեծանալու է»,- ասաց քաղաքագետը։

Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ն տարիներ ի վեր զբաղվել է ոչ թե երկիրն արտաքին ազդեցություններից պաշտպանելով, այլ՝ իշխանությունը յուրացրած մի խմբի հանգիստ գոյությունն ապահովելով․ «Մեր երկրում երաշխավորված է եղել խոշոր և համակարգված կոռուպցիան, պետական միջոցների թալանը։ Սակայն իշխանության տրանզիտից հետո այդ մարմիններում լյուստրացիա չեղավ, չփոխվեցին աշխատանքի մեթոդները։ Միակ փոփոխությունը գաղտնալսումների մենաշնորհը ԱԱԾ-ից նաև Ոստիկանությանը բաշխելն էր։ Այս մարմիններում աշխատում են այն նույն մարդիկ ու գործակալները, որոնք ծառայել են նախկին ռեժիմին։ Վարչապետը դրանում խնդիր չի տեսնում և իր համար կոմֆորտ է իրավիճակը։ Վերջին նշանակումները հաստատում են այդ մոտեցումը։ Պապիկյանի դեպքը ևս մեկ օրինակ է, որ թեև ուժայինները հավատարիմ են «նոր տերերին», այդուհանդերձ, նախորդ ղեկավարները ուժային կառույցների ծառայողներին օգտագործում են իրենց նպատակների համար»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանի տեսակետն այս հարցում այն է, որ ԱԱԾ-ից արտահոսք կլիներ, եթե անգամ Էդուարդ Մարտիրոսյանը չլիներ կառույցի տնօրենը՝ դա համակարգային ախտերի ու տասնամյակներով կուտակված արատների արտահայտությունն է։ Պատգամավորը հիշեցնում է, որ նույնիսկ վարչապետն է խոսել ուժայիններում գտնվող այս շերտի գոյության մասին՝ նրանց դավաճան որակելով։ Բայց քանի դեռ ուժային կառույցներում արմատական բարեփոխումներ տեղի չեն ունեցել, քանի դեռ այդ մարմինները չեն զտվել, մաքրվել նախկին իշխանությանը փոխկապակցված պաշտոնյաներից, ըստ Արման Բաբաջանյանի, այդպիսի շերտեր միշտ են լինելու․ «Այդ շերտերը ծառայում են ոչ թե պետությանը, այլ նախկին իշխանության առանձին դեմքերի։ Նրանք ունակ են ամեն ինչի՝ տապալելու իրենց մարմինների աշխատանքը, նրանք կարող են դիմել ներքին սաբոտաժի, նպաստել տեղեկատվության արտահոսքին և այլն։ Բայց այդ խնդիրը, կրկնում եմ, համակարգային է և կարող է լուծվել միայն համակարգային բարեփոխումների միջոցով»,- ասաց անկախ պատգամավորը։

Հեղափոխությունից անմիջապես հետո ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոններում նշանակված Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը պաշտոններից հեռացան կոնֆլիկտով։ Եթե Վալերի Օսիպյանն այսօր պասիվ դիրքում է, ապա Վանեցյանը փորձեր է կատարում մտնելու քաղաքական դաշտ։ Այս ընթացքում ի հայտ են եկել կասկածներ նախկինների հետ նրա կապի մասին։ Իր հանրային խոսքում ոչ բառացի, սակայն Փաշինյանը ևս դա ակնարկել է։ Ի՞նչ երաշխիք կա, որ հանձինս նորանշանակների, չի կրկնվի նախորդների փորձը։ Արման Բաբաջանյանը Վանեցյանի ու Օսիպյանի նշանակումը հեղափոխության ամենամեծ տապալումներից է համարում, ինչը նա վերագրում է հեղափոխական էյֆորիային ու անփորձությանը։ Հիմա արդեն, երբ որոշումները ռացիոնալ դաշտում են կայացվում, և վարչապետը կադրային նշանակումների մեծ փորձ է ձեռք բերել, պատգամավորը հույս է հայտնում, որ ուսումնասիրվել են նորանշանակ պաշտոնյաների հնարավոր կապերն ու բարեվարքությունը․ «Կարծում եմ, նախկինի վատ փորձը հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանն ինքն է անձնապես շահագրգռված եղել դրանում։ Հարյուր տոկոսանոց երաշխիքներ, բնականաբար, չկան, բայց վստահ եմ, նախկինների ազդեցության ռիսկը նոր նշանակված պաշտոնյաների դեպքում նվազագույնն է և ինչպես ընդունված է ասել, կառավարելի»,- ասաց Բաբաջանյանը։

Իսկ ըստ Արմեն Բաղդասարյանի, անցյալի փորձի կրկնության բացառման  որևէ երաշխիք այսօր չկա․ «Որովհետև խնդիրը համակարգային է։ Խնդիրն այն չի, որ համակարգում մեկ-երկու հոգի նախկինների կամ արտաքին ազդեցության տակ են։ Այդ համակարգերը բավականին պահպանողական են և մեծաթիվ են ոչ պրոֆեսիոնալ կադրերը, ու նաև նախկինների հետ համագործակցած ծառայողներին հանել ու փոխարինել այլ մարդկանցով, պարզապես հնարավոր չէ։ Դրա համար էլ ռիսկը բավականին մեծ է»։  Այդ ռիսկի նվազեցման իմաստով չկա՞ այնպիսի օրենքի ընդունման կարիք, որը որը թույլ չի տա օրինակ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձին, հսկայական տեղեկություններ կամ հանրային ճանաչման պաշար հավաքելով, մտնել քաղաքականություն ու դա օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ։ Արմեն Բաղդասարյանը պատասխանում է․ «Բոլոր այն երկրներում, որտեղ հատկապես ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հավակնություն են ունենում, դա վատ հետևանքներ է ունենում։ Ցանկալի կլինի, որ այդ պաշտոնյաներն ընդհանրապես քաղաքականության մեջ չլինեն, զբաղվեն բացառապես պրոֆեսիոնալ գործունեությամբ»։

Անդրիաս Ղուկասյանը բացասական գործոն է համարում այն, որ հեղափոխական իշխանությունը որոշել է ձեռք չտալ ուժային կառույցներին ու լյուստրացիայի չենթարկել։ Նա ցավով արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը փորձում են վերահսկողության տակ վերցնել ու ղեկավարել «նախկին քրեական ռեժիմին ծառայած» պետական մեքենան։ Եվ եթե ուժային կառույցների ղեկավարները կրկին չարդարացնեն իրենց, չափազանց մեծ է լինելու իշխանության մեղքը․ «Բարեփոխումները շատ դանդաղ են իրականացվում կամ նույնիսկ՝ չկան, միայն  խոսակցություններ՝ ծրագրերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը թավշյա մոտեցում ունի պետական ապարատի նկատմամբ և սուր քայլեր ու գործողություններ տրամադրված չի անելու։ Սա մի վարքագիծ է, որը տեսանելի է և կարելի է բնութագրել իբրև կոնսերվատիվ մոտեցումների դրսևորում։ Երևի սա ընդունել է պետք, և այն մարդիկ, որոնք մեծ ու խորքային փոփոխությունների սպասումներ ունեին, տեսնում են, որ տեսանելի ապագայում այդ բարեփոխումների իրականացման հիմքեր չկան»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԱԾ-ում և Ոստիկանությունում մասշտաբային բարեփոխումներ սկսելու  մասին։ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ԱԱԾ-ում բարեփոխումներն ավելի շատ ոչ թե կառուցվածքային պիտի լինեն, այլ ֆունկցիոնալ․ «Ցավոք, նախկինում, նույն ԱԱԾ-ն ներքաղաքական հարցերում է դերակատարում ունեցել՝ իշխանության քաղաքական հակառակորդներին է փորձել վերահսկել կոմպրոմատներով։ ԱԱԾ-ի բուն գործը հիմա պետք է փոխվի՝ չմիջամտելով ներքաղաքական գործընթացներին, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը։ ԱԱԾ-ի՝ քաղաքական գործունեության բաղադրիչը պետք է իսպառ բացառվի։ Եվ ես հույս ունեմ՝ հենց այդ բարեփոխումները նկատի ուներ վարչապետը»։

Հակառակորդ պետությունների հետ ռազմական անհավասար բալանսում գտնվող երկրները, ինչպիսին է Հայաստանը,  որակյալ հետախուզություն ստեղծելու նպատակ պիտի դնեն՝ ընդգծում է Անդրիաս Ղուկասյանը․ ճիշտ ժամանակին ինֆորմացիա ձեռք բերելը ռազմական ուժի պակասը կկոմպենսացնի։ Դա պիտի լինի բարեփոխումների հիմքում։

Ուժային մյուս կառույցի՝ ոստիկանության բարեփոխումների հայեցակարգն արդեն հրապարակվել է, և պատգամավոր Արման Բաբաջանյանի գնահատմամբ՝ իրապես խորքային բարեփոխումներ են սպասվում՝ սկսած ոստիկանության կարգավիճակից, ավարտած այլ փոփոխություններով՝ պարեկային ոստիկանություն, կրթություն և այլն։ Ըստ Բաբաջանյանի, նույնը պետք է տեղի ունենա ԱԱԾ-ի հետ՝ հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները․

«Գաղափարաբանական, փիլիսոփայական իմաստով ԱԱԾ–ն առաջին հերթին պետք է դուրս բերվի անցյալի կաղապարներից։ Անցյալ ասելով ես նկատի չունեմ միայն նորանկախ Հայաստանի անցած տասնամյակները։ ԱԱԾ–ի դեպքում դա վերաբերում է նաև ու գուցե առավելապես խորհրդային անցյալին։ Ցավոք, այդ կառույցում դեռևս աշխատում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են, այսպես ասենք, Դերժինսկու փիլիսոփայությամբ, որոնց համար ուղենիշային է ոչ թե անկախ Հայաաստանի պետական, այլ մետրոպոլիայի, առավելապես Ռուսաստանի կայսերապետական շահը։ Նախ համակարգը պետք է արմատախիլ անել այս մտածողությունից, այս աշխարհայացքը կրող ծառայողներից։ Դա, կարծում եմ, ամենաբարդ խնդիրն է, որի լուծման դեպքում մյուս խնդիրների մեծ մասը կկարգավորվի համապատասխան կառուցվածքային փոփոխությունների, ԱԱԾ-ում փոխզսպումների ու հակակշիռների գործուն ու կենսունակ մեխանիզմների ներդրման միջոցով։ Միարժեք է այն, որ երկու համակարգերում էլ բարեփոխումների արդյունքում պետք է էապես մեծանա դրանց նկատմամբ քաղաքական, հանրային վերահսկողության աստիճանը։ Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք արձանագրել, որ ինչպես Արման Սարգսյանը, այնպես էլ Էդուարդ Մարտիրոսյանը իրենց պաշտոնները ստանձնել են բավական բարդ ու պատասխանատու փուլում և նրանցից զգալի ջանքեր են պահանջվելու իրենց աշխատանքում հաջողելու ու հանրային սպասումներն արդարացնելու համար»։

 

Ռոբերտ Անանյան